Քրիստինե Աղալարյան – Ռեժիսոր Սուրեն Բաբայանը Ձեր «Շաբաթ, կիրակի» պատմվածքի հիման վրա ֆիլմ է նկարահանել՝ անվանելով այն «Փուշը»: Ի՞նչ կարծիքի եք ֆիլմի մասին, Ձեր պատմվածքն այնտեղ ամբողջությամբ արտացոլվե՞լ է:
-Դժգոհություններ ունեմ ֆիլմից: Կարծում եմ` գրական ինչ խնդիր որ դրված էր, չի արտահայտվել ֆիլմում, կիսատ բան է մնացել ֆիլմում:
Ք.Ա. – Ի՞նչն է կիսատ: Ձեր հերո՞սը չի ամբողջացել, թե՞ այլ բան է կիսատ մնացել:
-Կարելի է ասել, որ չի ամբողջացել: Կարելի է ասել՝ գրական խնդիրը, որ դրված էր, մինչև վերջ լուծված չէ, դրա համար ֆիլմը աջ ու ձախ էր ցրված:
Ք.Ա. –Ինչպե՞ս որոշվեց, որ «Շաբաթ, կիրակին» է ֆիլմ դառնալու:
-Չգիտեմ, դա ռեժիսորն է որոշել: Սկզբից «Սև գիրք, ծանր բզեզ» վեպն էր ուզում նկարահանել, հետո ֆինանսական խնդիրներ առաջացան: Հաջորդը որոշեց, որ դա է լինելու: Ինքը մի օր ասաց, որ ֆիլմ է ուզում նկարել, ես էլ մտածեցի, որ իրավունք չունեմ բռնանալու, ասելու, թե՝ չէ, այս մեկը պետք է անպայման անես: Մտածեցի՝ եթե դա է անում, ուրեմն իր մոտ հասունացել է այդ ֆիլմն անելու գաղափարը, նպատակը, ինչ-որ նոր բան է տեսնում:
Ք.Ա. –Ֆիլմի նկարահանման ընթացքում համագործակցո՞ւմ կամ խորհրդակցո՞ւմ էր Ձեզ հետ:
-Չէ, երկու-երեք անգամ ինչ-որ հարցեր են տրվել, բայց ֆիլմը նկարահանելու ժամանակ խորհրդակցություններ չեն եղել, ես ներկա չեմ եղել ոչ մի նկարահանման:
Ք.Ա. –Ապագայում Ձեր գործերից որևէ մեկը էկրանավորելու մտադրություն կա՞:
-Այո, ինքն արդեն ինձանից նաև պայմանագրով հաջորդ ֆիլմի իրավունքն է վերցրել: Հաջորդ ֆիլմը լինելու է «Խոզը» պատմվածքի հիման վրա: Երևի շուտով կսկսվեն նկարահանումները: Գուցե հարց առաջանա, թե ինչո՞ւ առաջինից դժգոհ լինելով` երկրորդի համաձայնությունն եմ տվել: Որովհետև ինչ-որ տեղ ֆինանսական խնդիրներ կային, և այս անգամ ես հաշվի չառա, որ լավ էր, թե լավ չէր: Այս անգամ փորձեցի ես իմ կողմից լինեմ, ոչ թե ֆիլմի:
Ք.Ա. – Այս պահին ի՞նչ գործի վրա եք աշխատում:
-Մի քանի օր է, ինչ ավարտեցի «Մհերի դռան վեպը»: Ընթացքում ինչ-որ բաներ չկան: Մի քանի հարցազրույցներ եղան ուկրաինացի լրագրողների հետ, քանի որ իմ գիրքը թարգմանվել էր ուկրաիներեն: Հիմա մի քանի պատմվածքներ կան, որ կուզենայի սկսել, հետո նոր վեպի մասին կմտածեմ:
Էդիկ Բաղդասարյան – Վեպդ շատ երկար տևեց, ի՞նչն է պատճառը:
-Ժամանակը կարևոր չէ, որովհետև դա մարդկային ժամանակին է վերաբերում: Գործ կա, որ հրաշալի գործ է, մի ամսում է ստեղծվել: Հեղինակ էլ կա, որ 25 տարում է գրել, դա չի արդարացնում գործը: Երկար տևեց, որովհետև դա Սասունցի Դավիթն է, Սասունցի Դավթի 4 ճյուղն է, և պատկերացրեք՝ հայ ժողովրդի 3000 տարվա պատմությունն է: Եթե ես դա գրել եմ 13 տարում, նույնիսկ ամաչում ես, որ դա դու 13 տարում ես գրել: Կարծում եմ՝ գրականության համար ուզում ես մեկ օր աշխատի, ուզում ես՝ 13, ուզում ես՝ 20, գործը պիտի ստացված լինի, ժամանակը ոչ մի նշանակություն չունի: Կարևորը սպասենք, տեսնենք՝ լավ է, թե` չէ: Արդեն պատրաստ է տպագրության: Շուտով, հավանաբար, «Անտարես» հրատարակչությունը պայմանագիր կկնքի և գիրքը կտանի տպագրության:
Ք.Ա. – Այսօր գրականության մեջ ի՞նչն է մոդայիկ:
-Ամեն մեկը մի բան է սիրում. մեկը սիրում է հայհոյանքներով գրել, մեկը՝ չգիտեմ ինչ, բայց իրականում գրականությունը խորքի մեջ է, ինչ ուզում ես` արա: Ընթերցողը բնազդով զգում է՝ որն է լավ գրականությունը, ընթերցողը բնազդով գնում է դեպի լավ գրականությունը: Եթե Եվրոպայում անգամ կա նմանատիպ գրականություն, հորինովի բաներ, այնուամենայնիվ, ամեն ժանր իր տեղն ունի:
Է.Բ. – Ի՞նչ է բառը քեզ համար:
-Գիտես, գրականությունում, նախ` որպեսզի հասկանանք, թե ինչ է բառը, պիտի սկսենք էստեղից. Աստվածաշնչում (կարծեմ 4-րդ ավետարանչի մոտ էր) ասվում է՝ Բանը Աստված էր, Բանը Աստծու մոտ էր, Բանը սկզբից էր: Այսինքն՝ առանձնահատուկ տեղ է տալիս Բանին: Երկրորդը՝ ուշադրություն դարձրու և տես, որ գրական խոսքը միակ բանն է, որը ոչ մի ժանրի նման չէ՝ ոչ ժուռնալիստիկային, ոչ թատրոնի խոսքին, ոչ էլ կինոյին: Սա առանձնահատուկ խմորումով ստեղծվող բան է՝ յուրահատուկ, ներսից եկող: Ժուռնալիստիկայում ինչպես է՝ դնում իրար հետևից շարադրում ես: Բայց գրականության մեջ եթե բառը ներսից չեկավ, դրեցիր, էդ նախադասությունն արդեն չի ստացվի, քո ընթերցողը չի հետաքրքրվի էդ բառով: Մեղուն գնում է հեռու տեղից ծաղկափոշի է բերում, և որպեսզի մի կաթիլ, մի կաթիլի կեսը մեղր ստանա, մի քանի տարբեր ծաղիկների վրա է կանգնում: Բառն էլ է էդպես. տարբեր բառերի ընտրությունից, համադրությունից հետո մեկ էլ տեսնում ես՝ սա քո բառն էր: Եվ դրա համար կարող է պատահի դու 10 տարի աշխատես մի գործի վրա, բայց էդ մի բառը գտած չլինես: Էդ մի բառը որոնում ես, որոնում ես, բայց էլի չես գտնում:
Ք. Ա. – Ինչո՞ւ են ձեր կերպարները հիմնականում դրամատիկ:
-Չգիտեմ, ինքս գրելուց առաջ չեմ որոշում, որ սա դրամատիկ պիտի լինի, ուրախ պիտի լինի, կամ ով պիտի լինի: Այդպես գրվում է, այդպես իմ զգացողությունն է, կյանքի զգացողությունն է, մարդու՝ իմ զգացողությունն է այդպես:
Ք.Ա. – Իսկ հերոսներ ստեղծելիս նախատիպեր կա՞ն, թե՞ հնարովի կերպարներ են:
-Եղել են և նախատիպեր, և հնարովի: Պատմվածքներ կան գրքում, որոնք ունեն իրենց նախատիպերը, կան այնպիսիները, որոնք չունեն:
Ք.Ա. –Գրողի համար ո՞րն է հեշտ՝ նախատիպո՞վ կերպար ստեղծելը, թե՞ ամբողջական նոր կերպար կերտելը:
-Հեշտ ու դժվար չկա: Եթե պահը եկավ գրելու, ամենաչմտածված բանը դառնում է նյութ:
Ք.Ա. – Պահը ինչպե՞ս եք որսում: Հե՞շտ է ստացվում:
-Նայած`ինչպես ես լեզու գտնում քո գրասեղանի, քո Աստծո հետ: Երբեմն պահ է լինում, որ նյութը պատրաստ է, ներսդ զգում ես, որ հեսա-հեսա պիտի գրես, պահը զգում ես, բայց զորությունդ չի հերիքում: Այդ ժամանակ Աստծուն խնդրում ես՝ էս մի անգամ էլ ուժ տուր էս մեկը գրեմ ու էլ չեմ գրի: Էս մեկը գրում ես, ու հետո նորից: Այդքան հեշտ չի տրվում:
Ք.Ա. – Շատ նուրբ ու հեզ են Ձեր կին կերպարները:
-Երկրագնդի ամենագեղեցիկ երևույթը և բնության, տիեզերքի ամենագեղեցիկ պարգևը կինն է: Պիտի նրան կարողանանք ընդառաջ գնալ: Շատ հաճախ տղամարդիկ չեն կարող կնոջն ընդառաջ գնալ, և դրա պատճառով խաթարումներ են լինում: Նա, կարելի է ասել, պսակն է երկրագնդի: Պատկերացրեք` երեխա , օջախ է ստեղծում, այն գիշերները, որ մութ են, այն գիշերների մեջ, որ մենակությունը ճերմակ օձի պես սավան է դառնում և փաթաթվում քո վզին, միակ օգնականը քո կինն է, կնոջ տաք մարմինը: Երբ դիպչում ես, արդեն զգում ես, որ էս տիեզերքի վրա մի ուժ էլ կա, որ քեզ է նվիրված, և քո փրկությունը այնտեղ ես որոնում:
Աստվածաշունչն ասում է, որ եթե կինն ընկնի, տղամարդը բռնելու է նրան, եթե տղամարդն ընկնի, կինն է բռնելու նրան: Միաժամանակ տիեզերքի ամենաողբերգական կերպարներից մեկն է կինը, կնոջ կյանքում մի քանի փոփոխություններ են կատարվում, որ իրեն տանում են տխրությունների միջով: Մեկն այն ժամանակ է, երբ կինը կորցնում է կուսությունը, դրա մեջ մտնում է նաև երեխա ունենալը: Պատկերացնու՞մ եք, թե ինչ է նշանակում 9 ամիս երեխա կրելը:
Մյուսն այն է, որ, պատկերացնու՞մ եք՝ 18 տարի դաստիարակվել է մի տեղում և գնում է մեկ այլ տեղ ապրելու՝ ուրիշ օրենքներով, ուրիշ դրվածքով, ուրիշ սովորույթներով: Կնոջ վրա դրանք բոլորը ազդեցություն ունեցող խնդիրներ են:
Հաշվի առեք, թե կնոջն ինչ մեծ առաքելություն է տրված: Երբ տղամարդը զինվոր է, երբ տղամարդը շուտ ընկնող է, շուտ զոհվող է, նրա աչքերը փակողը դարձյալ կինն է՝ իր ուրախության, իր տխրության մեջ:
Գիտեմ` կնոջից ինչ է կախված երկրագնդի վրա:
Ք.Ա. – Եթե Հայաստանի նախագահը կին լինի, երկրում ինչ–որ բան կարո՞ղ է փոխվել:
-Ես վստահ եմ, որ կգա ժամանակը, երբ մենք կին նախագահ կունենանք: Թող լինի կին, բայց էս պահին հարցը էդպես դնելն էլ ինձ համար անակնկալ էր:
Ք.Ա. – Ճի՞շտ հասկացանք, որ կնոջը որպես նախագահ դեռ չեք տեսնում, այլ տեսնում եք ջերմություն տվողի, մոր, հեզ կնոջ կերպարում:
-Բայց արդյո՞ք քիչ է էդ ջերմություն տալը: Չէ, ես նախագահ էլ կտեսնեմ, չեմ էլ կասկածում իր խելքին, հնարավորությանը, սրտի տաքությանը, բարությանը: Կարող է լինել, բայց Հայաստանում ժողովուրդը դեռևս պատրաստ չէ կնոջը տեսնել իր նախագահ: Դեռևս կինը լրիվ ազատագրված չէ շատ բաներից:
Ք.Ա. – Ձեզ երբեմն համեմատում են Մարկեսի հետ, ասում են՝ մեր հայկական Մարկեսն է:
-Ես կուզեի, որ «մեր հայկական Մարկեսն է» ասելու փոխարեն ինձ ասեին՝ մեր հայկական Ագաթանգեղոսն է, մեր հայկական Բուզանդն է: Ինչու եմ էդպես մտածում. որ նայում ես, էդ պատմիչների մոտ էնքան հետաքրքիր անցումներ կան, այսինքն՝ դեռևս 3-րդ, 4-րդ, 5-րդ դարերում նրանք արդեն Մարկեսի նման գրում էին: Շատ հետաքրքիր անցումներ կան, շատ հետաքրքիր փիլիսոփայություն կա, որ ուղղակի պետք է լավ տեղյակ լինել, թե ինչ հրաշքներ են այնտեղ կատարվում, ինչը որ Մարկեսի մոտ է կատարվում:
Ք.Ա. – Ձեր հերոսները սկզբում ջավախքցիներն են, հետո՝ պատերազմի մասնակիցները, վերջին շրջանում` պատմական կերպարները: Ձեր պատմվածքներից տպավորություն է ստեղծվում, որ նեղսրտած եք ջավախքցիներից, կամ իրենք են նեղացած:
-Դրանք գեղարվեստական բաներ են, էդպես չի: Երբեք մարդը իրավունք չունի իր ծննդավայրից դժգոհելու, ծննդավայրը և ծնողը նույն բանն են: Դա նույնն է, թե ես իմ հորից ու մորից դժգոհեմ, երբեք չի կարելի, որովհետև դու էնտեղ ծնվել ես, այնտեղից քո գենի մեջ մի բան կա: Ջավախքցի հերոսներ մինչև հիմա էլ կան, նայած, թե նյութն ինչին է վերաբերում: Օրինակ՝ այս վերջին՝ «Մհերի դռան գիրքը», անգամ այնտեղ կան Ջավախքից հատվածներ:
Ք.Ա. – Վերջին անգամ ե՞րբ եք եղել Ջավախքում: Փոփոխություն նկատե՞լ եք ձեր ապրած տարիների և վերջին ժամանակահատվածի մեջ:
-Երևի մոտ 1.5 տարի առաջ: Շատ վատ վիճակում է Ջավախքը բոլոր առումներով: Իշխանություններ են փոխվում, իշխանություններ են գնում-գալիս, և ամեն իշխանություն իր պայմաններն է թելադրում: Այնտեղ միակ հույսս Վահագն է Չախալյան, որ և մտքով և ուժով պինդ տղա է, որ կարող է ժողովրդին պահել, ժողովրդի հետ լինել:
Ք.Ա. – Չախալյանին էլ բոլոր կողմերից ճնշում են, իրեն ազատ արձակեցին, ձերբակալեցին եղբորը:
-Դա իշխանությունների մեթոդն է՝ ճշմարտությունը ճզմել: Այդպես է: Այնքան էլ հեշտ չէ: Եթե հեշտ լիներ, ինչու՞ պիտի Ջավախքը 70 տարի այս վիճակում լիներ: Հենց դա է, որ իշխանություններն ուժեղ են, իսկ մեր ազատության համար պայքարողները` 1-2 հոգի: Սա է պատճառը, որ դժվար է առաջ գնում:
Ք.Ա. – Իսկ ինչպե՞ս եք տեսնում Ջավախքի ապագան:
-Ես կարծում եմ, որ հիմա՝ հենց էս պահին, Ջավախքին ինքնավարություն է պետք: Եվ եթե վրացական իշխանությունները խորաթափանց լինեն, պիտի ընդառաջեն այս հարցում: Եվ խաղաղություն կլինի այնտեղ, երկար ժամանակ խաղաղություն կլինի, մնացածը հետո կերևա:
Ք.Ա. – Ձեր հերոսներից մեկն ասում է՝ յուրաքանչյուր դարաշրջան իր արատն ունի: Ո՞րն է մեր ապրած դարաշրջանի արատը:
-Մեր դարաշրջանի արատն այն է, որ իսկական արժեքները չեն պահպանվում: Ավելի շատ մակերեսը, ավելի շատ փրփուրը, ավելի շատ մոդայիկն է պահպանվում: Դարերով ստեղծված խորը ավանդույթը, որ կար, հիմա չի պահպանվում: Կարծում եմ՝ սա է մեր ամենամեծ արատը, և դրանից բխում են մնացած խնդիրները. մենք իրար նկատմամբ հարգանքով չենք և էսպիսի շատ բաներ: Կուռք է դառնում նյութը: Մեր «ոսկե հորթը» հիմա նյութն է՝ մեքենան, փողը, ոսկին, այդպիսի բաների շուրջ ենք պտտվում:
Ք.Ա. – Ի՞նչը պետք է արժևորենք մեր դարաշրջանում, որ չենք արժևորում:
-Նախ՝ եթե ազգայինի մասին ենք խոսում, պիտի արժևորենք մեր ազգային տրադիցիոն արժեքները: Նայենք մեր «Դատաստանագիրքը», Մխիթար Գոշին, թե ինչ արժեքներ կան, որ մեր ժողովրդին պահում են սահմանի և չափի մեջ. դա շատ կարևոր է: Մի հասարակ բան ասեմ. անգամ «Դատաստանագրքում» օրենքներից մեկն էսպես է եղել` գյուղացին իր բերքը քաղելիս պիտի ծառերը ճռաքաղ չանի, անպայման ծառի վրա թռչունի և պանդուխտ անցորդի փայը պիտի թողնի: Պատկերացրեք, թե ինչ հումանիստական օրենքներ են եղել մեր «Դատաստանագրքում»: Այստեղից կարելի է բխեցնել, որ եթե սա էսպես է, ուրեմն ինչ մեծ արժեքներ է ունեցել մեր ժողովուրդը: Սրանք պիտի մենք պահենք:
Արշակ թագավորի ժամանակից սկսած, Ներսես Մեծից սկսած` ծերանոցներ ենք ունեցել, հյուրանոցներ ենք ունեցել մեծ քաղաքներում: Ինչի՞ համար: Առաջին հերթին շատ կարևոր է, որ ազգը իր ծերերին հարգի, պետության շենությունը այստեղից է սկսվում: Պատահական չէր, որ թագավորներն իրենց հարստությունը զոհաբերում էին ծերանոցների համար, դրանք պետական ունեցվածքով էին հովանավորվում: Սրանք շատ կարևոր արժեքներ են, որոնք չենք կարողանում պահպանել: Եվ դրանից է բխում հարգանքը մեկս մյուսի նկատմամբ: Եվ եթե վերլուծելով գնաս, կտեսնես, թե ինչ մեծ արժեքներ կան դրանց խորքում:
Ք.Ա. – Հիմա բոլոր ծառերը ճռաքաղ ենք արել և ոչինչ չե՞նք թողել:
-Այո, մենք սկսել ենք պաշտել «ոսկե հորթին», կուռքերին: Տես՝ ինչ են անում մեծահարուստները: Օրենսգրքում օրենք կար, որ հասարակ գյուղացին պիտի ծառի վրա թռչունի և անցորդի համար բերք թողնի, մինչև վերջ պիտի ծառը չքաղի: Մեր մեծահարուստները իրենց ծառերը ճռաքաղ են անում: Իրենք աղքատին չեն տեսնում: Ամենամեծ ամոթն է մեր ամբողջ ազգի համար, երբ հայը աղբարկղից հաց է հանում: Ես համարյա ամբողջ աշխարհը շրջել եմ և ոչ մի օտար երկրում չեմ տեսել, որ հայը աղբարկղից հաց հանի՝ բացի իր հայրենիքից: Սա ազդանշանային երևույթ է, ազդանշան է բոլորիս:
Ք.Ա. –Դրսում հայերը նաև քրեական հեղինակություններ են դառնում, հանցագործություններ անում:
-Դրանք մանր-մունր երևույթներ են: Հակառակը: Ես հիացած եմ. դրսի երկրներում դու տես, թե հայը ոնց է ինտեգրվում իրենց համակարգին: Որ երկիրը որ ճիշտ է սարքված, հայն այդ երկրում հասնում է բարձր պաշտոնների, մշակույթի բնագավառում հասնում է բարձր մշակութային հաջողությունների, որովհետև օրենքը և համակարգը գործում են, իսկ հայը օրենքը սիրում է: Դու այստեղ օրենքով երկիր սարքի, տես էդ հայը ոնց երկրի տերը կդառնա:
Ք.Ա. – Ուրեմն ինչո՞ւ նույն հայը օրենքը չի հարգում իր երկրում ու ամեն բան անում է՝ շրջանցելու օրենքները:
-Որովհետև հայը տեսնում է, որ իրավական համակարգը ոտնահարում է իր հնարած օրենքները: Ինչից է, որ արտագաղթը մեծ չափերի է հասնում: Առաջին պատճառը անարդարությունն է:
Է.Բ. –Գրողի համար կարծես թե հեշտ է այս վիճակում ստեղծագործելը, անհանգստացնող վիճակում պիտի որ հեշտ լինի ստեղծագործելը:
-Չէ, էդպես երբեմն ասում են, որ ինչքան դժվար է, ինչքան խառն է ժամանակը, այնքան լավ է, բայց դե հիմա, որ պատմությունը նայում ես, տես ամերիկյան ժամանակաշրջանը, ֆրանսիական ժամանակաշրջանը շատ լավ ժամանակաշրջաններ էին, բայց մեծագույն գրողները ստեղծագործում էին: Ասենք՝ Մարկեսին ի՞նչն էր ստիպում, որ հրաշալի վեպ գրեր, կամ Ֆիցջերալդին ու Ուիթմենին ի՞նչն էր ստիպում: Գրողի ներսում է անհանգստությունը: Կարծեմ Հայնեն է ասում՝ երկրագունդը բաժանվել է երկու մասի, և այդ ճաքը անցնում է գրողի սրտի միջով: Ինքն իր ներսում միշտ էլ գտնում է երկրագնդի անհաջող տեղը, միշտ էլ այնպես է, որ դու ծառին նայում ես, գիտես, թե որն է որդնած խնձորը, որի միջով է որդն անցնում, միշտ էլ տեսնում ես` որդը որտեղ է:
Է.Բ. – Ռուսական գրականությունը երբ ընթերցում ես, փայլուն կերպով երևում է՝ ինչպես է եղել իրականությունը, իսկ հայկական գրականությունը կարծես թե հայկական իրականությունից կտրված լինի:
-Չպիտի համաձայնեմ քեզ հետ, որովհետև գրականությունն էնպես բան է, որ չի կարող ժողովրդից կտրված լինել: Գրականությունը մագնիսի նման է, կպած է ժողովրդին, չի կարող առանց ժողովրդի լինել, առանց հայրենիք լինել: Ինչ փորձանք էլ պատահում է մարդու հետ, պատահում է գրականության հետ: Իրենք առանձին-առանձին չեն: Էդպես երբեմն ավելի շատ երևի մամուլն է տարածում, թե գրականությունն ուրիշ տեղ է: Իսկական գրողը միշտ էլ ժողովրդի հետ է: Շուտ-շուտ տպվող վեպերի և հեղինակների մոտ է, որ քեզ թվում է, թե արագ-արագ գրում են, իրական ստեղծագործողը ժողովրդի և պետության հետ է:
Է.Բ. – Հայերի ապագան ինչո՞ւ է էսքան մշուշոտ ու անորոշ:
-Էս դեպքում ես ավելի շատ Մովսես Խորենացուն եմ հավատում, քան էդ ասածին: Մովսես Խորենացին ասում է՝ հայ ազգը Աստծուց է: Ես սրան հավատում եմ, և պատերազմն ապացուցեց դա: Մեր ապագան անորոշ չէ, ես կարծում եմ և հավատացած եմ, որ այս երկրագնդի գեղեցիկ ազգերից մեկը հայ ազգն է` իր խորհրդավոր պատմությամբ: Որևէ ազգ այսպիսի խորհրդավոր, միստիկ պատմություն չունի: Եվ ես մտածում եմ, որ անորոշ չէ, կա էդ ապագան, որ մենք գնում ենք: Նայում ես էս պղնձագույն լեռներին, դեռ հայի ոտքի տակ զրնգում են էս լեռները, հողը խոսում է դեռ էս ժողովրդի հետ, քանի դեռ ստեղծագործություն կա: Տես ինչ լավ գրականություն ունենք, ինչ լավ նկարչություն, երաժշտություն ունենք: Զրնգոց ասելով՝ ես դա նկատի ունեմ, որ մենք աշխարհին պիտի մատուցենք: Եվ դու ուշադրություն դարձրու ու կտեսնես, որ բոլոր տակից բխող կաթնաղբյուրների վրա սրբատներ են կառուցվել և կառուցվում են: Այսինքն՝ Խորենացու խոսքն օդի մեջ չէ նետված: Պատահական չէ, որ առաջին քրիստոնյա ժողովուրդներից մեկն այս ազգն է, և պատահական չէ, որ այդ սրբատունն այդպես է կառուցված:
Է.Բ. – Էդ դեպքում ինչո՞ւ ենք ընդվզում էս ամենի դեմ:
-Դա չի նշանակում, որ եթե Աստծուց է, ուրեմն ձեռքերս ծալած պիտի նստենք:
Է.Բ. – Աստծո դեմ հո չե՞նք ընդվզելու:
-Չէ, Աստված ինչքան էլ իր դեմքով և նմանությամբ մարդուն ստեղծեց, բայց բոլոր դեպքերում ասաց, որ քո ճակատագրի տերը դու ես:
Է.Բ. – Աստված կատարյալ չէ՝ կարծում եմ:
-Աստված կատարյալ է: Աստված ասելով՝ դու պիտի նկատի ունենաս ամբողջ տիեզերքը, որովհետև էդ ուժով է տիեզերքը լցված: Բայց դու տես` տիեզերքն ինչ կատարյալ է: Էս երկրագնդի վրա եթե մի բողոքող լինի, ես եմ լինելու, հասկանում ես` ինչ նկատի ունեմ՝ էս իմ վիճակով, էս իմ հիվանդությամբ: Բայց ես ի լուր ամբողջ տիեզերքի ասում եմ՝ էս աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկը ես եմ:
Է.Բ. – Ինչո՞ւ ես երջանիկ:
-Որովհետև իմ ամենասիրած բանը մտածելն է գրասեղանի առաջ, փորձել գրելն է, ստեղծագործելն է: Ինձ հնարավորություն տրվեց օրերով, ժամերով, մթնով, ցերեկով մտածել և գրել, ստեղծագործել: Մարդը ե՞րբ է երջանիկ, երբ ոչ թե մի հոգու, այլ զանգվածների համար է փորձում ստեղծագործել: Դու լրագրող ես, ներսդ քննի, տես, թե երբ ես դու երջանիկ լինում, երբ լավ հոդված ես գրում շատերի համար, բայց կարող է այդ օրը քո տուն 5, 10 կամ 20 կիլոգրամ միս տանես, զգաս, որ երջանիկ չես, 2000 դոլար փող տանես, զգաս, որ երջանիկ չես:
Է.Բ. – Մեր իշխանավորները ինչո՞ւ մեր երկիրը չեն սիրում:
-Դա էնքան դժվար հարց է: Իրենց որ հարցնես, իրենք կասեն, որ ավելի շատ հայրենասեր են: Երկրի վիճակով, երկրում եղած աղքատներով, մարդաթափությամբ պիտի գնահատվի: Երկիրը հիմա մարդաթափվում է: Մի քիչ առաջ էինք խոսում՝ աղբարկղերից հաց հանողներ կան, փողոցում միտինգավորներ կան, փողոցում մեր մարտական ընկերներն են, որոնց ոտքերի տակ մի ժամանակ ոռնում էին ադրբեջանական հողերը: Հիմա այդ տղաները փողոցում են, դժգոհում են: Որ սիրեին, այդպես չէր լինի:
Է.Բ. – Բայց մեր զինվորը, միևնույն է, ամենալավ զինվորն է:
-Էս երկրում, եթե առանձնացնելու լինենք, ես ամենից շատ սիրում եմ մեր բանակը, որովհետև եթե նայես պատմությունը, կտեսնես, թե որ դարից բանակ չենք ունեցել: Հիմա որ մենք բանակ ունենք, դա հպարտություն է: Հիմա մենք անընդհատ պիտի ոգի տանք բանակին, անընդհատ պիտի զորացնենք բանակը, դա մեր անկախության միակ երաշխքին է, իմ ու քո հպարտությունը` չնայած բոլոր դժգոոհություններին: Եվ առաջին դժգոհողը ես եմ՝ բանակում զոհվող զինվորների համար, բանակում կատարվող անիրավությունների համար, բայց հպարտանում եմ, որ մենք բանակ ունենք:
Զրուցեցին՝ Էդիկ Բաղդասարյանը և Քրիստինե Աղալարյանը