Ջրերի Վրայով Թռչող Մեղուն

 

     Պարոն Խեչոյան, մեր այս զրույցը եկեք համարենք որպես 2004 թվականին կայացած  «Զանգուլակներով կույր անցորդը» վերնագրով հարցազրույցի շարունակություն: Այն տպագրվեց «Ազատ Արցախ» թերթում և հետո վերահրատարակվեց հայաստանյան ու արտերկրի տարբեր լրատվամիջոցներում: Փորձենք պարզել` ու՞ր  է հասել «կույր ճշմարտատես» անցորդի զանգուլակի ձայնը, ժամանակը ի՞նչ սրբագրում ունեցավ նրա կյանքում: Ի՞նչ հանգրվան գտավ նրա փնտրտուքը: Եվ առհասարակ` ի՞նչ է որոնում

    Ներքնատեսության սահմանը գրողի համար ե՞րբ է ուրվագծվում, ստեղծագործական կյանքի միջօրեին, թե՞Իսկ երբ է նա փակվում իր վերջին չկորսված արահետում: Ձեզ համար տեսանելի՞ են այդ սահմանի եզերքները, թե՞ փորձում եք հեռու մնալ ինքներդ Ձեզնից:

 

– Նախորդ հարցազրույցից  յոթ տարի է անցել, ինչը գրականության համար յոթ վայրկյան է: Մարդու և գրականության ժամանակները նույնը չեն: Առանձին վերցրած` մարդու մի սերունդը իրեն հատկացված մի կյանքով   թույլ, մոռացկոտ, ծերությամբ մահկանացու է,   բայց  իրար շաղկապված սերունդները միասին    տիեզերական հավերժության մեջ մշակութային  հավաքական  հիշողությամբ ուժեղ, անմահ են:

Համենայնդեպս «Գիլգամեշի», «Մհերի դռան», «Վեդաների», սկանդինավյան «Սագաների» համեմատ, ամենախոշոր բանակներ շարժող  կայսրություններ, քաղաքակրթություններ են հող դարձել, օրենսդիր պետություններ են  գետնի տակ անցել, անծայրածիր օվկիանոսների ջրեր են ցամաքել, անհուն երկնքում գալակտիկաներ են հանգել, աստղբաշխ  քարտեզներով և ամենավսեմ անուններով հանդերձ` փիլիսոփայական մատյաններով գրադարաններ են հրո ճարակ դարձել, Բաբելոնյան աշտարակաշինությամբ Աստծո դեմ ըմբոստացած ազգեր են եկել-անցել, այնուամենայնիվ, գրականությունը մշտապես ապրելու կարողություն է ունեցել:

Գրողը ճանապարհ է դուրս գալիս,առավոտ կանուխ, բոլորից առաջ, երբ աքաղաղն անգամ առաջին կանչն արած չի լինում, բայց երբեք որևէ տեղ չի  հասնում, նրա կարևորությունը միշտ գնալու մեջ է:

Երիտասարդ օրերին է` մի առավոտ վանականի կամ դերվիշի նման ուժեղ ոտքերով դուրս գալիս վանքից, գնում է    ճշմարտության խոսքը` թանկագին  քարը որոնելու: Հստակ չգիտե,  միայն գուշակելու, կռահելու նման է ընկալում` ինչ է այն: Ցնորք:

Գուցե տիեզերական  լուսումութ անդունդներով թափառող Զրադաշտը, Բուդդան, Մհերը, Քրիստոսը, Մուհամմեդն էլ ճշմարտության    խոսքն էին որոնում, որ երկիրը երկրին,  մարդը մարդուն պիտի ասեր ու ընդամենը խոսքով պիտի վերանար անհամաձայնությունը, թանկագին քարը մարդկությանը պիտի փրկեր կործանումից:  Գուցե միջնադարում էլ, երբ   ալքիմիկները  փորձում էին անհայտից  թանկագին քարը ձուլել`  ինկվիզիցիայի դեմ ճշմարտության խոսքն էին որոնում:

Ցավոք,  այսօր խոսքը հոգի չէ, ոչ էլ այն խոսքն է, որ «Աստծո մոտ էր», այնքան է հեռացել մարդուց, որ ատոմային ցինիզմն  ընդամենը մի քանի վայրկյանում միլիոնավոր տարիներ ապրող երկրագունդը սառցե բեկորի կվերածի:

Գրողն իր ճանապարհին,  մեկ էլ մի օր, երբ մութը վրա է հասնում, կանգնում է, այդ ժամանակ կարող է արդեն հարյուր,  հարյուր քսան տարեկան` երկրային ժամանակով ծերացած լինի, մորուքը ծնկներին է հասել, միզելուց կոշիկների քթերն է թրջում,  ատամնաթափ է, հիվանդության ախտերը  ներսն են թափանցել, ճանապարհներին բազում քաղաքներն  ու գյուղերը հսկող շները սրունքները, ամայի  անապատներում շնագայլերը հոշոտելով` մարմնի վրա ծառի փչակների նման անցքեր են բացել: Նախկին անաղարտ, գեղեցկատես մարմինը կնճիռներով է պատվել, բայց ծառի փչակների նման անցքերով մարմինը երգում է չորս ծագերից փչող քամիների ժամանակ:

Սա կարևոր է,  երգվող փորձը  ամենախիզախ ճանապարհորդների որոնած` թանկագին քարի ընդամենը չնչին մի փշրանքն է: Սակայն այդ չնչինը, այդ փշրանքն է, որ հայրենիքի սահմանները ոչ միայն հորիզոնական է տեսնել տալիս, քան նրանք կան հիմա, այլ ուղղահայաց` ավելի հեռվին են հասցնում:

Ինչ վերաբերում է «կույր անցորդի զանգուլակի ձայնին», թե հիմա ու՞ր է հասել, չգիտեմ, ձայներ լսողը լսելու է: Մարդը հողագնդի քամիների ու փոթորիկների բերանին գլորվող ավազահատիկն է, գերեզմանի պորտալարը:

Մի անգամ Ծաղկաձորի անտառներում լսեցի`լուցկու չափ մի թռչուն էր երգում, էդ ոնց էր չորս-հինգ գրամանոց ծտի ձայնը ծակծկում երկրագունդը, մաղ էր դարձրել, երգը էդ ուր էր հասնում, գնում, վեց-յոթ կիլոմետր հեռավորության վրա լսելի էր դառնում:

Հազարավոր դարերի հեռավորությունից ձայներ են գալիս, լսելի դառնում` «Երկնէր երկին, երկնէր երկիր,   Երկնէր և ծովն ծիրանի…», կամ «Առավոտ լուսո Արեգակն արդար…», կամ`  Նարեկացի, Չարենց,  Տերյան,Կոմիտաս, Մաթևոսյան:

Ամենազարմանալին գրականությունն է, ամենազարմանալին փափուկի կռիվն է կարծրի դեմ, նման է մարդու` ջրով քար կտրելուն, խոսքով պատերազմի դեմ կռվելուն: Հոգին է դառնում գրականություն:

 

     –Եղե՞լ են պահեր, երբ որոշել եք այլևս չգրել, ի՞նչն  է նման  արգելակման պատճառ եղել, եթե` այո, ապա անիմաստության վիհից ինչպե՞ս խուսափեցիք:

 

– Չգրելը որոշումով չէ, ինչպես հանկարծազարկ վթարը, պարզապես մի օր այլևս չես կարողանում գրել: Երբեք կողմ չեմ եղել քաղաքականությամբ զբաղվելուն, բայց քաղաքացիական հաստատուն կեցվածքին կողմնակից եմ, երբ զանգերը ղողանջում են, թող այնտեղ լինի: Մարդն ի ծնե կենդանական բնազդային կապվածություն  ունի տարածքների հետ, հողը կորցնելու տագնապները նրան ծագման պահից ի վեր ամենից շատ են  արյուն հեղել տվել:

Վախը 387 թվականից է գալիս` մեկ ընդհանուր Հայաստանի Արևելյան և Արևմտյան մասերի կոտորակումից: Ազդեցությունը` ողնաշարը ջարդված և նորից ապաքինված մարդու ծուռ մեջքով քայլելուն է նման, որ ամեն վայրկյան գիտակցում է ոչ միայն ընկնելու, անգամ սայթաքելու դեպքում ողնաշարը կրկին ջարդելու վտանգը:

Եթե դարերի միջով հետևենք հայրենիքը կորցնելու ենթագիտակցական վախի ելևէջներին, կտեսնենք` սարսափը ընդհանրապես մեզ չի լքել: Ես չեմ հիշում որևէ ժամանակ մեր մեջ եղած լիներ, անգամ, ամենաբարձր մտավոր պայծառությամբ օժտված հանճարեղ մեկը, որ կարողանար խաղաղության մեջ ապրել, չվախենար թաշկինակի չափ մնացած երկիրը կորցնելու մտքից: Նման իրավիճակը ինչքան որ օգնել է պահպանելու մեր ինքնությունը`  նույնքան վնասել է, մեկուսացրել է ինտեգրացումից: Կարծում եմ` երբեք էլ օրենսդիր Հռոմը, Բյուզանդիան, մեր օրերի Եվրոպան մեր որոնող մտքից չեն բացակայել:

Անձնական կորուստների ժամանակ, հեռացողների համար կսկիծը մի առանձնությամբ, մի պատմվածքով, մի մտահղացմամբ սփոփվել է, բայց համընդհանուր աղետալի փորձությունների ժամանակ չեմ կարողացել խույս տալ անզորության և ունայնության զգացողությունից, որ ամիսներով ընկճել, դեպրեսիայի մեջ է պահել: Եվրոպայի ամենամեծ նվաճումներից մեկը, դարերով ինքն իր դեմ մղած կործանարար պատերազմներից հետո, երկիրը երկրին, մարդը մարդուն, մոխիրը մոխրին, գործած մեղքը կարողանալ խոստովանելն էր:

Մինչդեռ այսօր էլ իշխանություն ունենալու համար  խոշոր տերությունների կողմից  Այսրկովկասում   կրակը  բորբոք է պահում մահաբեր բոցը` պատրաստ է ցանկացած պահի լեռներից լեռներ,  մայրաքաղաքից մայրաքաղաք մոլեգնելու, տարածվելու տնից տուն:

Հիմա էլ մեր չորս բոլորը եռում է 80 միլիոնանոց հակառակորդը: Անարդյունք բանակցություններից մի կողմից Ամերիկան է համբերությունը կորցնում, մյուս կողմից` Եվրոպան ու Ռուսաստանը:

Ինձանով լինի` մեր դռան շեմի տակից հեռու պիտի քշենք  անմիաբանությունը,   ողջը պիտի ոգեկոչվի` Բագրատունիների մարգարեական մտահայացությունը, Մամիկոնյանների նահատակության հասցված խիզախությունը, ոտքի պիտի լինի քաղաքացին, հերոսը, զինվորը: Սրբազան ծիսակարգ կատարող Աստվածաշնչի նման  պիտի գործի Սահմանադրությունը, օրենսդիր  մատյանների դեմ հավասար պիտի լինեն առաջիններն ու վերջինները:

Իրավիճակի պահանջով պիտի վերանա օլիգարխների կամայական և իշխանությունների կողմից թելադրվող շահի համագործակցությունը:

Պիտի դադարեցնել մտավոր և աշխատավոր հասարակության բողոքավոր արտահոսքը, կուսակցությունների երկիրը բզկտող անհամաձայնությունը, բոլորս լռելյայն անճարակությամբ մեր կանանց մեզ` համար մեկ հակառակորդի դուռն ուղարկելը,  այդ ամենի հետ միաժամանակ աղետ է  մեր հետամնացությունը, սոցիալական  թուլությունը:

Եթե գերհզոր  տերություններն անգամ, որտեղ դեմոկրատիայի առաջընթացը տասն  արդար պատվիրաններին է մոտեցել, չեն հրաժարվում եկեղեցուց, գնալով զորացնում են իրենց կրոնը, առավել ես, մեզ  նման փոքրաքանակ, տնտեսապես թույլ ազգը իրավունք չունի չարափառ հարձակումներով քայքայելու առաքելական եկեղեցին, որն իր տարիքով ավելի մեծ է, քան պապերի Վատիկանը, քան արևմտյան շատ մայրաքաղաքներ, որտեղից տարատեսակ աղանդներն են գալիս: Սակայն  ևս մի դժվար փորձությունների ժամանակաշրջան անցկացնելու համար մահաբեր լռության  հրապարակի վրա   հասարակությունը կաթողիկոսի բարեփոխումների խոսքին է  սպասում, որովհետև բոլորով մեկ ընդհանուր դարավոր ժամանակի մեջ ենք: Հարևաններին    անհանգստացնող մեր ինտելեկտը կարող ենք առավելություն դարձնել:

Իսրայելն էլ աշխարհագրական տարածքով փոքր, առանց օգտակար հանածոների, նավթի ու գազի,  չորս կողմից մշտական շրջափակման մեջ երկիր է, բայց ինտելեկտը դղրդացնում է աշխարհը. այդ կողմն էլ նայելու բան ունենք:

 

     – Պիկասոն ասում էր. «Ամեն նկարի սկզբում ինչոր մեկը  կա, որ աշխատում է ինձ հետ: Այնինչ վերջում թվում է, թե մենակ եմ աշխատել»: Նման զգացողություն ունեցե՞լ եք:

 

– Ասվածը շատ անհատական է և խոշոր անհատականության զգացողություն է: Կարելի է տասնյակ տեսանկյուններով մեկնաբանել, բայց դարձյալ Պիկասոյի դիտարկումը չի լինի: Այս դեպքում ճիշտ կլինի այն փորձից խոսեմ, ինչն ինձ հետ է առնչվում:

Ստեղծագործական ամեն մի մտահղացում բազմակերպ է` մտքի մեջ այլ է, թղթի վրա ուրիշ: Սկսելուց առաջ դեռևս չկազմակերպված մտքերը, անորոշությունը, չձևավորված կառույցը, վախը ցավեր են  պատճառում: Գրելը երբեմն, նույնիսկ լավ բերքի ժամանակ,  լիքը փորով ջրերի վրայով թռչող մեղվի է նմանվում, որտեղով երբեք պարզ չէ` տեղ կհասնե՞ս, թե  քո ծանրությունը քեզ կխորտակի գետերի վրա: Երևի այդ ծանրությունն է, որ փորձում է խորամանկել Աստծուն կամ էլ չգիտեմ` ում, անգամ գրասեղանին` այդ փայտե կուռքին եմ դիմում օգնի` խոստանալով այս մի գործը ավարտելուց հետո այլևս չգրել:

Սակայն ամիսների աշխատանքից հետո նոր պատմվածքի քնաբեր դյութանքը, հաջողվածության անկասկած հավատն այդ օրերին այնքան հեռուն են տարած լինում, որ արթնացած մարդկային ինքնահավան վստահությունը մոռացնել է տալիս առաջին խնդրանքներն ու պաղատանքները, կամ ով կարող է ասել` էլի մասնակից ինչ ուժերի արդյունք էր այդ ստեղծագործությունը:

 

     Գիտեմ, որ փորձում եք բացել «Մհերի դուռը», այսինքն էպոսի մոտիվներով նոր գործ եք արարում:  2004-ին կայացած մեր զրույցում համարյա նույնացրել եք Ձեր հերոսին ու Փոքր Մհերին: Երկուսն էլ «ոչ մեռնում են, ոչ էլ ծերանում», նրանք պահում են ժամանակը մեզ համար: Ասել է, թե ամեն սերունդ իբրև էպոսի շարունակություն պետք  է ունենա մեր դյուցազնապատումի սեփական մեկնությունը, որ ժամանակի խզում չլինի: Չեզ չի՞ վախեցնում մի ողջ սերնդի պատասխանատվությունը ստանձնելը:

 

– Ճիշտ կլինի այդ գործի մասին չխոսել, չնայած իմ տարիքի լավագույն մասն անցկացրել եմ նրա հետ, և դեռ ավարտված չէ: Պարզ էլ չէ` վերջացնելուց հետո կլինի՞ այն, ինչ ուզում  էի, թե լույս աշխարհ գալու իրավունք չի ունենալու:

Իսկ ինչ վերաբերում է, թե չե՞մ վախենում մի ամբողջ  սերնդի պատասխանատվությունը ստանձնելուց, հարցը բարոյախոսական, հռետորիկ է հնչում:Գրելու ժամանակ նման հարցերի շուրջ մտածելն ամենավտանգավորն է: Գործի հաջողությունը կախված է նաև ստեղծագործական մտքի  առաջին պլանում երբեք նման հարցեր չպահելուց: Էպոսը պարզապես անհատնում կավի այն հանքն է, որ իր ճկունությամբ, իր բաղադրությամբ, կարծրությամբ, հրակայունությամբ, հոգի առնելու պատրաստակամությամբ ամենից շատ է համապատասխանում իմ շինարարությանը:

Աշխարհի չորս գույնի մարդուն հավերժը սպիտակ, սև, դեղին, կարմիր կավից ծեփեց, սակայն ամենակարևորը` գույների հակադրությունից կարողանալ մարդու միևնույն տեսակին կենդանություն տալն էր:

 

 

 

Հարցազրույցը`
Նվարդ Ալեքսանյանի

Leave a Reply

Your email address will not be published.

You may use these <abbr title="HyperText Markup Language">html</abbr> tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>