Արվեստագետը Խորհրդային Միության   ժամանակաշրջանում և այսօր:

Այն ժամանակ մեծ կարգախոսներ կային` գրեթե մեծ օրենքների չափանիշներով գործող, անհատին, արվեստագետին ամլացնող, ամենադժվարը սրանցից փախչելն էր: Շատերն էին այս փախուստի ճանապարհին, և կործանվում, և փրկվում` մեկը Եվրոպա էր հասնում, մյուսը` Ամերիկա, էն մյուսը` Սիբիրի տայգաները: Սա եղել է: Հո չե՞նք կարող հրաժարվել: Ինչ խիզախումներ կային` Սոլժենիցին, Սախարով, Բրոդսկի, Զատիկյան, էլի շատերը, որ անընդհատ ճրագը վառ էին պահում: Իհարկե, կային և պսևդո արվեստագետների տեսակներ, որոնք գովերգում էին ռեժիմը, սիրամարգի փքվածությամբ բացում էին գույնզգույն պոչերը, մոնումենտալ, ահռելի լեռների խոշորությամբ հուշարձաններ էին կանգնեցնում, անհոգի, լայնածավալ կտավներ նկարում, հարյուր հազարների հասնող տիրաժներով գրքեր էին տպագրում և նրանք էլ վայելում էին ռեժիմի «դրախտի» քաղցրահամ պտուղները, իսկ եթե նրանց հարցնեիր. «Ու՞ր է քո եղբայրը», Կայենի նման կձևացնեին, որ չգիտեն, թե ինչու է Սիբիրում իրենց եղբայրը:

Չէի ասի, թե այսօր իրավիճակը շատ բանով փոխված է` ռեժիմից մնացած դեռևս շատ բաներ իներցիայով շարունակվում են: Նախկին Կոմունիստական կուսակցության ծաղիկը` «Կոմսոմոլը», այսօր լուրջ պաշտոններ է զբաղեցնում իշխանական համակարգում և գործը իր իմացածի պես է առաջ տանում:Անցյալի արատավոր հետևանքներից ձերբազատվելու համար, երևի մեզ, դեռ էլի մեկ-երկու սերնդափոխություն է պետք:

Ո՞րն է առաքելությունը արվեստագետի` հատկապես գրողի:

    Գրողը` հողագնդի այդ խանձված քաղաքացին, երկրի հիմնն է, դրոշակը: Հակառակորդը, երբ գրավում է քաղաքը, տանիքից` ամենավերջինը այդ երկրի դրոշակն է իջեցնում: Հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել` շուկայական հարաբերություններ և այլն, որ գրողը կախվածության մեջ է հայտնվել: Գիրքն այնքան սակավ տպաքանակով է լույս աշխարհ գալիս, որ նյութական ոչ մի ապահովություն չի տալիս գրողին: Իմ կարծիքով հենց այստեղից էլ առաջ են գալիս նրա հետագա խարխափումները, դեգերումները: Իմ շփումը ևրոպական երկրների գրողների հետ թույլ է տալիս ասել, որ փոքր երկրների գրողները հովանավորվում են տպարանների կողմից` պատվերներ և բարձր հոնորարներ ստանալու միջոցով, չնայած` հիմա կարծիքներ են հնչում, թե գրողի գոյությունն այնքան էլ նշանակալից չէ, այնքան էլ կարևոր չէ նրա առաքելությունը, կարող է հասարակությունը առանց նրա էլ գոյատևել: Նման հայտարարությունները վաղուց են սկսել հնչել` 5-րդ դարից, թերևս` դրանից էլ առաջ. Մովսես Խորենացին վերադառնալով Բյուզանդիայից` պատմագրությունը համարում էր քաղաքակիրթ ազգ լինելու պայման: Նրան մեղադրեցին արևմտամետության մեջ, պատմագրությունն էլ անվանում էին անպտուղ գիտություն: Ամեն դարաշրջան իր փրփուրն ունի, որ ամենայն լուրջի հակոտնյան է, կործանարարը, իր ճերմակ թեթևության տակ ծածկում է ամեն բան: Սակայն պատմության ընթացքում ցանկացած ազգ ունենում է իր մեկ մութ օրը, ահա այդ ժամանակ է , որ միայն գրողն է տեսնում քաղաքին մոտեցեղ յոթ գլխանի դևին: Նա է արթունը` զանգերը քաշողը:

Հոգևոր կյանքը:

Հայ մարդու հոգևոր կյանքը միշտ ինձ լույս ու ստվեր է թվացել: Կարգախոսներ ենք առաջ քաշում` մեր 1600 ամյա  քրիստոնյա լինելու վերաբերյալ, բայց իրականում այդքան երկար հոգևոր ճանապարհ անցած ազգի վարքագիծ չունենք: Երբեք իմ հիշողությունից չի ջնջվի 1999թ. հոկտեմբերի 27-ին Խորհրդարանում ութ հոգու, հնձած հասկի պես, գետնին թափվելը: Սրա նախադեպը մենք շատ վաղ անցյալում էլ ունենք. Անակը եկավ մեր թագավորին սպանեց` նրա որդուն կարգեցինք մեր երկրի Լուսավորիչ: Լույս ու ստվե՞ր է, թե՞ չէ:

«Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ մշակույթ» իմաստուն միտքը մի՞թե կարգախոսության, աչքակապության նման մի բան չէ, երբ երկու ուղղագրություն ունենք: Երբ չենք կարողանում լիարժեք օգտվել մեր 1600 ամյա մշակույթի հոգևոր հարստությունից, որովհետև նոր ուղղագրության հետ կորցրել ենք նաև հինը յուրացնելու հոգևոր բանալին: Մեզանից իմաստություն և խիզախություն է պահանջվում` ուղղելու 1922թ. կատարված մեծ սխալը, ավանդական ուղղագրության վերականգնումը ազգի համար ոչ միայն հոգևոր նշանակություն ունի , այլ նաև` ֆիզիկական փրկության` թշնամի երկրներով ենք շրջապատված:

Նույն այս հարցի հետ է առնչվում նաև երկու կաթողիկոս ունենալու ծանր խնդիրը, նրանց միասնությունից է սկսվելու ուղղագրության լուծումը: Կարելի է հազար ու մի պատճառաբանությամբ արդարացնել բաժանված լինելու երևույթը, բայց դրանք բոլորն էլ աշխարհիկ պլանի արդարացումներ կլինեն, որովհետև խնդիրը հոգևոր ոլորտին է վերաբերվում: Ազգին խիզախման օրինակ է պետք, այն էլ` հոգևոր առաջնորդներից, տեսնենք երբ կլինի այդ թռիչքը` Աստծո օրհնությամբ:

Հին և նոր երաժշտություն:

Նախ և առաջ պիտի խոսել Կոմիտասի մասին. թե ոնց այդ հանճարն արժևորեց մեր հազարամյա անցյալի ժառանգությունը: Ինչ հզորությամբ մոտեցավ Արևելք և Արևմուտք խնդրին: Ինչ զուլալության հասցրեց հայ գեղջկական երգը, որը հպարտանալու առիթ է տալիս: Սակայն այսօր սահմանները բացվելու հետ Արևելքն է թափանցել` իր կլկլոցներով, մուղամներով, պորտոպարերով. անգամ, նախարարներից մեկի մեքենայի մեջ «Հաբիբի» երգն է լսվում: Էլ ինչ կարելի է ասել երիտասարդության մասին: Շքեղ մեքենաների հետ ընտիր հեռախոսներ են պահում, սակայն դրանցից արևելյան մուղամն է հնչում, ինչի դեմ ամբողջ մի կյանք պայքարեց Կոմիտասը` մերը մաքրեց ու կոկեց, ասաց` ահա ձերը, գնացեք նրա հետևից: Չենք գնում: Հուսանք, որ օտար ներխուժումները մերի մեջ արժեք չի դառնալու` կիրառական ապրանքի գործածության նման է լինելու, արթնանալու է մեր մեջ քնած իմաստությունը, չ՞է որ կարդալ չիմանալով` ազգն իր բարձի տակ Նարեկացի էր դնում, դա իմաստության նկատմամբ պաշտամունքի հասնող բնազդն էր:

Հայրենիքը, մեր բարոյական հատկանիշները պատերազմից առաջ և հետո:

Պատերազմից առաջ ամբողջ ազգն էր ուրիշ: Այնքան վեհանձն էինք, որ անգամ փողոցում ծեծվող շանն էինք տեր կանգնում: Լավ դասեր ունեինք, պատմական գրքեր, որոնցից մեջբերումներ էին կատարում մեր մեծագույն գրողները` Չարենց, Թումանյան, Վարուժան, Սիամանթո, Տերյան, մենք էլ հավատում էինք նրանց, թե մեր փոքր գործերում, թե մեր խոշոր գործերում: Խոշոր գործը պատերազմն էր, որը մղելու համար կանգնեցինք երկրագնդի  չորս ծագերում ապրող մերոնցով: Կարելի է ասել` դարեր շարունակ, ասենք` 14-15 դար, պարտվելուց հետոյի հաղթանակ էր, այսինքն` դարերի կուտակված մղկտոցի հաղթանակ, կարծում եմ` վերլուծել պետք չէ, թե դա ինչ նշանակություն ուներ Արցախի և Հայաստանի համար. սրա մասին այն ժամանակ անգամ մանկապարտեզի երեխան գիտեր: Հաղթանակներ կան, որ ազգային հոգևոր գանձարանում արժեք են դառնում, ասենք ինչպես եկեղեցին, Սևանա լիճը, Սրբազան մեծ լեռը, Ղևոնդ Ալիշանը: Սակայն վատթարը հետո կատարվեց, երբ չկարողացանք ճիշտ քարոզել դրա նշանակությունը, որ երբեմն ուշացումով էինք խոսում նրա մասին, երբեմն էլ` քամահրանքով, իբրև թե այնքան շատ նվաճումներ ենք ունեցել: Հայրենիքի համար զոհված զինվորին, երբ եկեղեցին սուրբ է հայտարարում, իսկ մահկանացու մարդը, ով է որ, նրա հաղթանակը չի արժևորում: Այսպիսին է մեր մշտական ազգային ներքին հակասությունը: Կարող էինք և պարտավոր էինք` հաղթանակը երիտասարդության դաստիարակության դպրոց դարձնել: Բոլոր մեծ ազգերը` ռուսները, ֆրանսիացիները, անգլիացիները, շատ ու շատերը օգտվում են դրանից, մենք ինչու՞ պիտի չօգտվեինք, ի՞նչ  է, Թուրքիան չի՞ օգտվում դրանից:

Կրթության ոլորտը:

Այն, ևրոպական երկրների կրթության բնագավառի հաջողությունների և անհաջողությունների կրկնությունն է, ավելի շատ կապկումը` հիմքում շատ չնչին ազգայինով: Սրանից մի քանի տարի առաջ Խաչատուր Աբովյանի «Նախաշավիղ»-ը կարդացի, զարմացել էի` ազգը պահպանելու ինչ մեծ իմաստությամբ էր գրված: Այդ գիրքը ավելի ժամանակակից էր, քան ևրոպականի այսօրվա կրկնությունը: Չէ որ, անգամ, հին դարերում  համալսարաններ ենք ունեցել, ինչու՞ չի կիրառվում նրանց փորձը, հոգևոր հարստությունը: Մյուս կողմից էլ գիտեմ, որ վատատեսությունն այնքան շատ պիտի չլինի, որ իմ խոսքից հանկարծ պատ փլվի, դրա համար էլ հավատում եմ, որ ավելի լուսավոր ապագա է գալու:

 

Պարոն Խեչոյան, մեր այս զրույցը եկեք համարենք որպես 2004 թվականին  կայացած  «Զանգուլակներով կույր անցորդը» վերնագրով հարցազրույցի շարունակություն: Այն տպագրվեց «Ազատ Արցախ» թերթում և հետո վերահրատարակվեց հայաստանյան ու արտերկրի տարբեր լրատվամիջոցներում: Փորձենք պարզել` ու՞ր  է հասել «կույր ճշմարտատես» անցորդի զանգուլակի ձայնը, ժամանակը ի՞նչ սրբագրում ունեցավ նրա կյանքում: Ի՞նչ հանգրվան գտավ նրա փնտրտուքը: Եվ առհասարակ` ի՞նչ է որոնում

    Ներքնատեսության սահմանը գրողի համար ե՞րբ է ուրվագծվում, ստեղծագործական կյանքի միջօրեին, թե՞Իսկ երբ է նա փակվում իր վերջին չկորսված արահետում: Ձեզ համար տեսանելի՞ են այդ սահմանի եզերքները, թե՞ փորձում եք հեռու մնալ ինքներդ Ձեզնից:

 

– Նախորդ հարցազրույցից  յոթ տարի է անցել, ինչը գրականության համար յոթ վայրկյան է: Մարդու և գրականության ժամանակները նույնը չեն: Առանձին վերցրած` մարդու մի սերունդը իրեն հատկացված մի կյանքով   թույլ, մոռացկոտ, ծերությամբ մահկանացու է,   բայց  իրար շաղկապված սերունդները միասին    տիեզերական հավերժության մեջ մշակութային  հավաքական  հիշողությամբ ուժեղ, անմահ են:

Համենայնդեպս «Գիլգամեշի», «Մհերի դռան», «Վեդաների», սկանդինավյան «Սագաների» համեմատ, ամենախոշոր բանակներ շարժող  կայսրություններ, քաղաքակրթություններ են հող դարձել, օրենսդիր պետություններ են  գետնի տակ անցել, անծայրածիր օվկիանոսների ջրեր են ցամաքել, անհուն երկնքում գալակտիկաներ են հանգել, աստղբաշխ  քարտեզներով և ամենավսեմ անուններով հանդերձ` փիլիսոփայական մատյաններով գրադարաններ են հրո ճարակ դարձել, Բաբելոնյան աշտարակաշինությամբ Աստծո դեմ ըմբոստացած ազգեր են եկել-անցել, այնուամենայնիվ, գրականությունը մշտապես ապրելու կարողություն է ունեցել:

Գրողը ճանապարհ է դուրս գալիս,առավոտ կանուխ, բոլորից առաջ, երբ աքաղաղն անգամ առաջին կանչն արած չի լինում, բայց երբեք որևէ տեղ չի  հասնում, նրա կարևորությունը միշտ գնալու մեջ է:

Երիտասարդ օրերին է` մի առավոտ վանականի կամ դերվիշի նման ուժեղ ոտքերով դուրս գալիս վանքից, գնում է    ճշմարտության խոսքը` թանկագին  քարը որոնելու: Հստակ չգիտե,  միայն գուշակելու, կռահելու նման է ընկալում` ինչ է այն: Ցնորք:

Գուցե տիեզերական  լուսումութ անդունդներով թափառող Զրադաշտը, Բուդդան, Մհերը, Քրիստոսը, Մուհամմեդն էլ ճշմարտության    խոսքն էին որոնում, որ երկիրը երկրին,  մարդը մարդուն պիտի ասեր ու ընդամենը խոսքով պիտի վերանար անհամաձայնությունը, թանկագին քարը մարդկությանը պիտի փրկեր կործանումից:  Գուցե միջնադարում էլ, երբ   ալքիմիկները  փորձում էին անհայտից  թանկագին քարը ձուլել`  ինկվիզիցիայի դեմ ճշմարտության խոսքն էին որոնում:

Ցավոք,  այսօր խոսքը հոգի չէ, ոչ էլ այն խոսքն է, որ «Աստծո մոտ էր», այնքան է հեռացել մարդուց, որ ատոմային ցինիզմն  ընդամենը մի քանի վայրկյանում միլիոնավոր տարիներ ապրող երկրագունդը սառցե բեկորի կվերածի:

Գրողն իր ճանապարհին,  մեկ էլ մի օր, երբ մութը վրա է հասնում, կանգնում է, այդ ժամանակ կարող է արդեն հարյուր,  հարյուր քսան տարեկան` երկրային ժամանակով ծերացած լինի, մորուքը ծնկներին է հասել, միզելուց կոշիկների քթերն է թրջում,  ատամնաթափ է, հիվանդության ախտերը  ներսն են թափանցել, ճանապարհներին բազում քաղաքներն  ու գյուղերը հսկող շները սրունքները, ամայի  անապատներում շնագայլերը հոշոտելով` մարմնի վրա ծառի փչակների նման անցքեր են բացել: Նախկին անաղարտ, գեղեցկատես մարմինը կնճիռներով է պատվել, բայց ծառի փչակների նման անցքերով մարմինը երգում է չորս ծագերից փչող քամիների ժամանակ:

Սա կարևոր է,  երգվող փորձը  ամենախիզախ ճանապարհորդների որոնած` թանկագին քարի ընդամենը չնչին մի փշրանքն է: Սակայն այդ չնչինը, այդ փշրանքն է, որ հայրենիքի սահմանները ոչ միայն հորիզոնական է տեսնել տալիս, քան նրանք կան հիմա, այլ ուղղահայաց` ավելի հեռվին են հասցնում:

Ինչ վերաբերում է «կույր անցորդի զանգուլակի ձայնին», թե հիմա ու՞ր է հասել, չգիտեմ, ձայներ լսողը լսելու է: Մարդը հողագնդի քամիների ու փոթորիկների բերանին գլորվող ավազահատիկն է, գերեզմանի պորտալարը:

Մի անգամ Ծաղկաձորի անտառներում լսեցի`լուցկու չափ մի թռչուն էր երգում, էդ ոնց էր չորս-հինգ գրամանոց ծտի ձայնը ծակծկում երկրագունդը, մաղ էր դարձրել, երգը էդ ուր էր հասնում, գնում, վեց-յոթ կիլոմետր հեռավորության վրա լսելի էր դառնում:

Հազարավոր դարերի հեռավորությունից ձայներ են գալիս, լսելի դառնում` «Երկնէր երկին, երկնէր երկիր,   Երկնէր և ծովն ծիրանի…», կամ «Առավոտ լուսո Արեգակն արդար…», կամ`  Նարեկացի, Չարենց,  Տերյան,Կոմիտաս, Մաթևոսյան:

Ամենազարմանալին գրականությունն է, ամենազարմանալին փափուկի կռիվն է կարծրի դեմ, նման է մարդու` ջրով քար կտրելուն, խոսքով պատերազմի դեմ կռվելուն: Հոգին է դառնում գրականություն:

 

  –Եղե՞լ են պահեր, երբ որոշել եք այլևս չգրել, ի՞նչն  է նման  արգելակման պատճառ եղել, եթե` այո, ապա անիմաստության վիհից ինչպե՞ս խուսափեցիք:

– Չգրելը որոշումով չէ, ինչպես հանկարծազարկ վթարը, պարզապես մի օր այլևս չես կարողանում գրել: Երբեք կողմ չեմ եղել քաղաքականությամբ զբաղվելուն, բայց քաղաքացիական հաստատուն կեցվածքին կողմնակից եմ, երբ զանգերը ղողանջում են, թող այնտեղ լինի: Մարդն ի ծնե կենդանական բնազդային կապվածություն  ունի տարածքների հետ, հողը կորցնելու տագնապները նրան ծագման պահից ի վեր ամենից շատ են  արյուն հեղել տվել:

Վախը 387 թվականից է գալիս` մեկ ընդհանուր Հայաստանի Արևելյան և Արևմտյան մասերի կոտորակումից: Ազդեցությունը` ողնաշարը ջարդված և նորից ապաքինված մարդու ծուռ մեջքով քայլելուն է նման, որ ամեն վայրկյան գիտակցում է ոչ միայն ընկնելու, անգամ սայթաքելու դեպքում ողնաշարը կրկին ջարդելու վտանգը:

Եթե դարերի միջով հետևենք հայրենիքը կորցնելու ենթագիտակցական վախի ելևէջներին, կտեսնենք` սարսափը ընդհանրապես մեզ չի լքել: Ես չեմ հիշում որևէ ժամանակ մեր մեջ եղած լիներ, անգամ, ամենաբարձր մտավոր պայծառությամբ օժտված հանճարեղ մեկը, որ կարողանար խաղաղության մեջ ապրել, չվախենար թաշկինակի չափ մնացած երկիրը կորցնելու մտքից: Նման իրավիճակը ինչքան որ օգնել է պահպանելու մեր ինքնությունը`  նույնքան վնասել է, մեկուսացրել է ինտեգրացումից: Կարծում եմ` երբեք էլ օրենսդիր Հռոմը, Բյուզանդիան, մեր օրերի Եվրոպան մեր որոնող մտքից չեն բացակայել:

Անձնական կորուստների ժամանակ, հեռացողների համար կսկիծը մի առանձնությամբ, մի պատմվածքով, մի մտահղացմամբ սփոփվել է, բայց համընդհանուր աղետալի փորձությունների ժամանակ չեմ կարողացել խույս տալ անզորության և ունայնության զգացողությունից, որ ամիսներով ընկճել, դեպրեսիայի մեջ է պահել: Եվրոպայի ամենամեծ նվաճումներից մեկը, դարերով ինքն իր դեմ մղած կործանարար պատերազմներից հետո, երկիրը երկրին, մարդը մարդուն, մոխիրը մոխրին, գործած մեղքը կարողանալ խոստովանելն էր:

Մինչդեռ այսօր էլ իշխանություն ունենալու համար  խոշոր տերությունների կողմից  Այսրկովկասում   կրակը  բորբոք է պահում մահաբեր բոցը` պատրաստ է ցանկացած պահի լեռներից լեռներ,  մայրաքաղաքից մայրաքաղաք մոլեգնելու, տարածվելու տնից տուն:

Հիմա էլ մեր չորս բոլորը եռում է 80 միլիոնանոց հակառակորդը: Անարդյունք բանակցություններից մի կողմից Ամերիկան է համբերությունը կորցնում, մյուս կողմից` Եվրոպան ու Ռուսաստանը:

Ինձանով լինի` մեր դռան շեմի տակից հեռու պիտի քշենք  անմիաբանությունը,   ողջը պիտի ոգեկոչվի` Բագրատունիների մարգարեական մտահայացությունը, Մամիկոնյանների նահատակության հասցված խիզախությունը, ոտքի պիտի լինի քաղաքացին, հերոսը, զինվորը: Սրբազան ծիսակարգ կատարող Աստվածաշնչի նման  պիտի գործի Սահմանադրությունը, օրենսդիր  մատյանների դեմ հավասար պիտի լինեն առաջիններն ու վերջինները:

Իրավիճակի պահանջով պիտի վերանա օլիգարխների կամայական և իշխանությունների կողմից թելադրվող շահի համագործակցությունը:

Պիտի դադարեցնել մտավոր և աշխատավոր հասարակության բողոքավոր արտահոսքը, կուսակցությունների երկիրը բզկտող անհամաձայնությունը, բոլորս լռելյայն անճարակությամբ մեր կանանց մեզ` համար մեկ հակառակորդի դուռն ուղարկելը,  այդ ամենի հետ միաժամանակ աղետ է  մեր հետամնացությունը, սոցիալական  թուլությունը:

Եթե գերհզոր  տերություններն անգամ, որտեղ դեմոկրատիայի առաջընթացը տասն  արդար պատվիրաններին է մոտեցել, չեն հրաժարվում եկեղեցուց, գնալով զորացնում են իրենց կրոնը, առավել ես, մեզ  նման փոքրաքանակ, տնտեսապես թույլ ազգը իրավունք չունի չարափառ հարձակումներով քայքայելու առաքելական եկեղեցին, որն իր տարիքով ավելի մեծ է, քան պապերի Վատիկանը, քան արևմտյան շատ մայրաքաղաքներ, որտեղից տարատեսակ աղանդներն են գալիս: Սակայն  ևս մի դժվար փորձությունների ժամանակաշրջան անցկացնելու համար մահաբեր լռության  հրապարակի վրա   հասարակությունը կաթողիկոսի բարեփոխումների խոսքին է  սպասում, որովհետև բոլորով մեկ ընդհանուր դարավոր ժամանակի մեջ ենք: Հարևաններին    անհանգստացնող մեր ինտելեկտը կարող ենք առավելություն դարձնել:

Իսրայելն էլ աշխարհագրական տարածքով փոքր, առանց օգտակար հանածոների, նավթի ու գազի,  չորս կողմից մշտական շրջափակման մեջ երկիր է, բայց ինտելեկտը դղրդացնում է աշխարհը. այդ կողմն էլ նայելու բան ունենք:

– Պիկասոն ասում էր. «Ամեն նկարի սկզբում ինչոր մեկը  կա, որ աշխատում է ինձ հետ: Այնինչ վերջում թվում է, թե մենակ եմ աշխատել»: Նման զգացողություն ունեցե՞լ եք:

 

– Ասվածը շատ անհատական է և խոշոր անհատականության զգացողություն է: Կարելի է տասնյակ տեսանկյուններով մեկնաբանել, բայց դարձյալ Պիկասոյի դիտարկումը չի լինի: Այս դեպքում ճիշտ կլինի այն փորձից խոսեմ, ինչն ինձ հետ է առնչվում:

Ստեղծագործական ամեն մի մտահղացում բազմակերպ է` մտքի մեջ այլ է, թղթի վրա ուրիշ: Սկսելուց առաջ դեռևս չկազմակերպված մտքերը, անորոշությունը, չձևավորված կառույցը, վախը ցավեր են  պատճառում: Գրելը երբեմն, նույնիսկ լավ բերքի ժամանակ,  լիքը փորով ջրերի վրայով թռչող մեղվի է նմանվում, որտեղով երբեք պարզ չէ` տեղ կհասնե՞ս, թե  քո ծանրությունը քեզ կխորտակի գետերի վրա: Երևի այդ ծանրությունն է, որ փորձում է խորամանկել Աստծուն կամ էլ չգիտեմ` ում, անգամ գրասեղանին` այդ փայտե կուռքին եմ դիմում օգնի` խոստանալով այս մի գործը ավարտելուց հետո այլևս չգրել:

Սակայն ամիսների աշխատանքից հետո նոր պատմվածքի քնաբեր դյութանքը, հաջողվածության անկասկած հավատն այդ օրերին այնքան հեռուն են տարած լինում, որ արթնացած մարդկային ինքնահավան վստահությունը մոռացնել է տալիս առաջին խնդրանքներն ու պաղատանքները, կամ ով կարող է ասել` էլի մասնակից ինչ ուժերի արդյունք էր այդ ստեղծագործությունը:

Գիտեմ, որ փորձում եք բացել «Մհերի դուռը», այսինքն էպոսի մոտիվներով նոր գործ եք արարում:  2004-ին կայացած մեր զրույցում համարյա նույնացրել եք Ձեր հերոսին ու Փոքր Մհերին: Երկուսն էլ «ոչ մեռնում են, ոչ էլ ծերանում», նրանք պահում են ժամանակը մեզ համար: Ասել է, թե ամեն սերունդ իբրև էպոսի շարունակություն պետք  է ունենա մեր դյուցազնապատումի սեփական մեկնությունը, որ ժամանակի խզում չլինի: Չեզ չի՞ վախեցնում մի ողջ սերնդի պատասխանատվությունը ստանձնելը:

 

– Ճիշտ կլինի այդ գործի մասին չխոսել, չնայած իմ տարիքի լավագույն մասն անցկացրել եմ նրա հետ, և դեռ ավարտված չէ: Պարզ էլ չէ` վերջացնելուց հետո կլինի՞ այն, ինչ ուզում  էի, թե լույս աշխարհ գալու իրավունք չի ունենալու:

Իսկ ինչ վերաբերում է, թե չե՞մ վախենում մի ամբողջ  սերնդի պատասխանատվությունը ստանձնելուց, հարցը բարոյախոսական, հռետորիկ է հնչում:Գրելու ժամանակ նման հարցերի շուրջ մտածելն ամենավտանգավորն է: Գործի հաջողությունը կախված է նաև ստեղծագործական մտքի  առաջին պլանում երբեք նման հարցեր չպահելուց: Էպոսը պարզապես անհատնում կավի այն հանքն է, որ իր ճկունությամբ, իր բաղադրությամբ, կարծրությամբ, հրակայունությամբ, հոգի առնելու պատրաստակամությամբ ամենից շատ է համապատասխանում իմ շինարարությանը:

Աշխարհի չորս գույնի մարդուն հավերժը սպիտակ, սև, դեղին, կարմիր կավից ծեփեց, սակայն ամենակարևորը` գույների հակադրությունից կարողանալ մարդու միևնույն տեսակին կենդանություն տալն էր:

 

 

 

Հարցազրույցը`
Նվարդ Ալեքսանյանի
 

   Գրականությունն ինչի՞  հետ  կապ  ունի` ծնունդն էլ նկատի ունենք, ընթացքն էլ, ամբողջացումն էլ. պահի, օրվա՞թե՞ ժամանակաշրջանի:

-Ենթադրում եմ` գրողը, գրականությունը կապ ունի  անգամ` հազար տարի առաջ, Հայոց  465  թվականին, հնձի օրերին, ցերեկվա պայծառ ժամին երկնքում գիսավոր աստղի երևալու  կամ այդ տարի  առաջին անգամ Առաջավոր Ասիայի դռներին հայտնված` տարօրինակ արտաքինով, աղեղնավոր, կանանց նման հերարձակ, նետողաց ազգի հետ, որ սփռվեցին մեր աշխարհի երեսով մեկ և նրանց ձիերի սմբակները մաշեցին մեր լեռներն ու բլուրները: Արարատյան հարթավայրի հետ էլ է աղերսվում, որտեղ ծանր շոգը խոշոր քարեր հրկիզեց: Գրողի գեղարվեստական հիշողությունը, դեռևս,  լոլիկի դաշտում աշխատող, արևով եփված, կուպրի պես սև, տախտակի նման հարթ կնոջ արգանդը ընկնել` իրենով  հղիացվելուց առաջ արձագանքում, հունցվում էր տիեզերական շշուկների հետ:  Անգամ լսում էր անձրևից հետո ծառի տերևներից ընկնող կաթիլների ձայնը:  Դա, անհասկանալի պատճառներով, անպայման քեզ փոխանցված գեղարվեստի թաքնագիտական ժեստերի պատճառով է, որին միայն դու ես տիրապետելու, այնուհետ` ծիծաղի և մորմոքի հետ հարաբերվելու համար: Ինչպես խուլհամրերն են  իմանում նշանների լեզուն, ինչպես արևն ու լուսինն են առանց խոսքի օգնության  մութուլուս նշանները ցույց տալով  հողագնդին` կատարում շատ դժվարին պարտականություն:

Գրողն էլ հասարակության մեջ ցույց է տալիս թմրամոլին, գողին, պետության մահակի տակ ընկած-ծեծվածներին, մահացու ախտով բռնվածներին, փառապանծ մահապարտ-կամավորականներին, անգամ` մեռել-զոհերին` քաղաքով մեկ շրջող նրանց ուրվականներին, բայց մերժվածների հանդեպ  այս համակրանքը սատանայապաշտություն չէ: Դեպի կրակը թռչող գիշերաթիթեռի նման խավարի հակակշիռն է ստեղծում` բացելով  խելացի տառապանքի ճանապարհը:

   Կա՞  բան, որ կուզենայիր գրած չլինել: Եվ բան, որ անընդհատ ուզում ես, բայց չի գրվում:

-Չէ,  չկա նման գործ: Ոչ թե հնարավոր չէ թերագնահատել ունեցածներս, այլ խնձորի որդի պես ամբողջ մի կյանք իմ ներսում են ապրել, ուտելով` մոտեցրել են ծառից ընկնելու ժամանակը. այդ քաղցր որդը: Ինչպես` քեզանից կատարյալը վերցրած քո  որդին` երազանքներիդ խաչափայտը, որ երբեք հարազատ հոգի չի դառնում, շրջված պատկերը`  սրտիդ մեջ չղջիկի պես գլխիվայր կախված` քո կենսական ուժերով սնվող  հակոտնյա  նմանակդ:

Գիրը մարդու տառապանքների մասին է, այս մենավոր հողագնդի վրա խարխափող, օգնություն կանչող միայնակ մարդու, որ լավ գիտե`  մի խավար ժամանակ խաչմերուկին  շեփորող հրեշտակին  չի հանդիպելու, որովհետև ինքը նրա  զավակը չէ:

Գիշերը, երբ ջրաղացպանի քունը չի տանում, գնում, գլխաբաց կանգնում է մոլորակին համընթաց պտտվող ալրաղաց քարի մոտ:

Անդինում ապրող մի բան էլ կա, որ նրան այդպես էլ  ոչ գրիչն է բռնում, ոչ` միտքը:  Նրա  գոյությունը միայն կռահելի է, խնդության նման դյութանք է, որ ամբողջ մի կյանք տանում է իր հետևից կամ յոթ սարից  այն կողմ ապրող  մի հավք է, որի համար տնից հեռացած  շատերը հեքիաթի հերոսների նման կես ճամփին քար են դարձել:

Կարծում եմ` բոլոր արվեստագետներն էլ գիտեն  ՆՐԱՆ , որ  ապրելու աղն է, սակայն նրա մասին անհնար է հանրության առաջ խոսել: Եվ գուցե նա  է արվեստի հավերժական լինելու գաղտնիքը:

   Գրողի մե՞ջ  է քաղաքացին, թե՞ քաղաքացու մեջ է գրողը: Թե՞ դրանցից ամեն մեկն իր  համար:

-Հարցն ինձ համար բացարձակապես անհասկանալի է: Դրան պատասխանելը նույնն է, թե ներդաշնակության ոլորտում խառնաշփոթություն գցել, բնության փոխարեն գրող արարել, իսկ դա էլ հավասարազոր է` գրողի տեղը նրա ստեղծագործությունները գրելուն:

   Մեր ժամանակների մասին  ե՞րբ էքո կարծիքովլուրջ գործ ստեղծվելու: Հարցնում եմ, որովհետև անգամ 15-ի մասին մինչև օրս լուրջ գործ չկաԴա  ինչի՞ հետևանք է. խնդրի մեծությա՞ն, թե՞ անողի փոքրության:

-Ասել, թե 15-ի վերաբերյալ մեծ գործ չլինելը խնդրի մեծության կամ արվեստագետի փոքրության պատճառով է, կնշանակի կասկածել բնության փորին, հավատալ նրա չբերությանը ու չտեսնելու տալ օվկիանոսների և ծովերի տեղատվություններն ու մակընթացությունները, որոնցով շնչում է տիեզերքը:

Ըստ իս,  կան թեմաներ,  որոնց մասին մարդկային հասկացության ոչ այսօրվա և  ոչ վաղվա չափանիշներով չեն գրվում, ինչպիսին`  15 թվականի  եղեռնագործությունն է: Արվեստը մշտնջենականի ոլորտի արժեք է, ուստի  այսօրն  ու  վաղը նրա խորքում գուցե և մարդկային հասկացության չափանիշներով երկու-երեք հազար տարվա տևողություն ունենա, իսկ  տիեզերական ժամանակի մեջ` երկու-երեք րոպե:  Ինչպե՞ս  է  ծաղկափոշուց  մեղրը հունցվում  առանձնության մեջ, փեթակի մթության խորքում. այդպես էլ 15-ի մորմոքը հեռու մի տեղ` տիեզերքի բանականության մեջ հունցվում է գալիք գրողի շաղախի հետ, որը գուցեև երկու-երեք հազար տարի կամ երկու-երեք  շաբաթ հետո է գալու. սպասենք նրան:

Որ էդպես է` այսօրվան վերաբերող հարցերը միասին տանք 

Ինչպիսի՞ն ես տեսնում այսօրվա երկիրը. գրելու չէ` ապրելու տեսանկյունից:

Մինչև մարտի 1-ը, մարտի 1-ին և դրանից հետո քո զգացողությունները, ընկալումները, բնութագիրը: Եվ վերջապես, ինչպե՞ս ես տեսնում վաղվա օրը. գրողին վաղվա օրվա մեջ, մարդուն, երեխային, պետական գործչին…

-Հարցերի պատասխանները  ոչ միայն այսօրվա, այլ նաև դարերի հեռավորության մեջ պիտի որոնենք մասամբ:

Ի ցավ մեզ, պատերազմներն ու գաղթերը, որ մշտապես ամայացրել են երկիրը, ավերել ու չեն խնայել  նաև մեր հոգևոր  կառույցի   ամբողջականությունը: Իսկ նման ողբալի փլուզումներն   ավելի  մեծ ձախորդությունների են հասցրել,  քան թշնամին` իր  գրաված  գյուղ  ու   քաղաքներով:

Ի՞նչ արեցինք մարտի մեկին և գիշերը: Խավարի մեջ փողոցները, ապակիները,  ասֆալտը ղողանջում էին պղնձի նման: Հրդեհի բոցերը  դեղին կատուների պես ավտոբուսների, տրոլեյբուսների, մարդատարների շալակներն էին ելել: Դպիրի գրի տողաշար ճշգրտությամբ նշանառուի  գնդակի ծանրությունն ուռչում էր բոլոր շերտերի` պատերի,  մարդկային մարմնի,  խաչմերուկների մեջ: Ամեն բան զրնգոցով ճողվեց,  փողոցները լայնացան,   տները հոսեցին իրենց տեղերից, ճեղքերը բացվեցին  և ուղտն անցավ  ասեղի ծակով:

Ահա թե ինչ արեցինք այդ գիշեր,  տասը զոհ տալով,   ուղտին անցկացրինք ասեղի անցքով, համազգային ողբերգությունը հասցրինք մեր տները:

Հիմա այդ հրապարակը պաղպաղակի արկղի պես է` սառույցով լցված, որը չի հալվելու ամռան ամենաթեժ օրերին անգամ, այնտեղից մշտապես սողալու է ցուրտը` արագիլի պես մի ոտքին կանգնած Երևանի վրա:

Այսքանից հետո ճիշտ ժամանակն է` կանգնել, որովհետև  կառուցել`  նշանակում է  կռվել երկրի դատարկության դեմ:

Բանակցությունները, քաղբանտարկյալներին ազատելուց հետո, ԵԽԽՎ-ի   չորս կետերի պահանջների շուրջ,   հենց այսօր շատ կարևոր են: Անդրկովկասյան իրադարձությունների զարգացումները ցույց են տալիս, որ  մեր ազգային ինքնությունը  վտանգված է: Արտաքին թշնամուն դիմակայելու համար մեր փեշերից քար է պետք թափել:  Հուսահատված հասարակության հավատը, միաբանությունը վերականգնելու միտումով մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող անկախ հանձնաժողով է հարկավոր ստեղծել, որտեղ հավասարապես վճռորոշ ձայնի իրավունքով ներառված կլինեն բոլոր կողմերը: Արդեն անհեթեթության է հասնում խորհրդարանի, թերթերի, հեռուստատեսության միջոցով աբսուրդի հասնող այն բանավեճը, որ մեկս ասենք` արևն արևելքից է ծագում, մյուսս ժխտենք, թե` չէ, արևմուտքում է մայր մտնում:

Իսկ ինչու՞ պիտի բանակցություններ չստացվեն, եթե իշխանությունները փորձեն հասկանալ ներկայիս հասարակական պայթունավտանգ տրամադրությունները, որ այն ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի քարոզչությամբ է պայմանավորված, այլ` հասարակության արժանապատիվ կյանքի պահանջով: Ինչքան էլ ասվի, թե ընդդիմադիրները հասարակության քիչ տոկոսն են կազմում, և չտեսնելու տալ երկիրի ջղաձիգ պրկվածությունը, նշանակում է, խաղաղությունը թողած`  մեծամտության կողմը բռնել:

Չէ որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը ժամանակին միասին աշխատելիս խոսել են իրար հետ: Դե, թող հիմա էլ խոսեն մեր ժամանակների և վառված հացի  դառնահամ  լեզվով:

Քամահրել ենք հարևանի տգիտությունը,  միշտ  հպարտացել մեր երեքհազարամյա մշակույթով, առաջին քրիստոնյան լինելով, Անդրկովկասի ազգերի մեջ առաջին գիրը  ունենալով, մեր գործարար, բանիմաց խելքով:

Այո, այս բոլոր արժեքները  անժխտելի են, ունեցել ենք դարերի խորքից եկող  նման առավելություններ, ինչն էլ հիմնարար զորություն  է տվել , որ մինչև 20-րդ դարի կեսերը Անդրկովկասում լինեինք ազգային ինքնագիտակցությամբ օժտված, ամենաաչքի ընկնող  ժողովուրդը, երբ  դեռ այդ ժամանակ մեր հարևանները փորձում էին իրենց ազգային պատկանելությանը վերաբերող հարցեր ճշտել:

Խնդրում եմ, խնդրում եմ հիմա դեպի հյուսիս` Վրաստանին նայեք, արևելք` Ադրբեջանին դիտեք, մեր թիկունքում էլ` թփերի մեջ  յաթաղանով մարդն է նստած: Մի՞թե նկատելի չէ, որ հատուկ պայմանավորվածությամբ, Կարս-Ախալքալաք- Թբիլիսի երկաթուղին շրջանցում է մեզ:

Ինչքան էլ ասեն` նա փոխվել է, այլևս նախկինը չէ, սակայն անժխտելի է, որ   մեր  պետությունը տնտեսական շրջափակման ենթարկելով, 21-րդ  դարի լուսաբացին  ցեղասպանության մեթոդները հղկելով` հասցվել է նրբագույն գիտական չափանիշների: Կամ, Եվրոպայի սրտում այսօր էլ, հայ լինելու համար կացնով սպանեցին սպային: Ցեղասպանությունն էլ ինչպե՞ս է լինում: Մեզ սրանից խոշոր էլ ինչ վտանգ է սպառնալու, որ բանակցենք իրար հետ, այսինքն` խոսենք: Մեծ ու փոքրավորով հիշել է պետք, թե մեծն Չարենցն ինչպես էր մղկտում «Երկիր Նաիրի»-ում` անհեթեթ պատճառներով հայրենիք կորցնելու համար:

Հույսը` դարավոր մեր փորձը, իմաստությունն է լինելու, պիտի որ այն մի բան նշանակի: Մեր խառնակ ժամանակների մեջ է օտարը շահ  փնտրել: Ինչպես հիմա, այնպես էլ վաղնջական ժամանակներում աշխարհի հզորները և կռվել են մեր տան համար, և ձեռք են տաքացրել հրկիզված մեր տան կրակի վրա` ինչպես դա պատահեց ոչ անցյալ` 15 թվականին: Այս ամենը պատճառներ են բոլորիս համար` քենն ու խռովությունը մի կողմ դնելու: Աշխարհի պրակտիկայում նախադեպեր կան, երբ պետություններն իրենց ազգային շահի համար, մեծ խաղաղություն ունենալու նպատակով` խորհրդարաններ, նախագահական պաշտոններ են լուծարել. իսկ ի՞նչն է խանգարում մեզ դա անել:

Հասարակության համար գնահատելի կլինի` կալանքի տակ գտնվող ազատամարտիկների և քաղբանտարկյալների, մինչև դատավարության փուլի ավարտը, խափանման միջոցը փոխելով` ազատ արձակելը: Որովհետև, ինչքան էլ նրանք հայրենասեր միտք, պինդ ոգի ունենան, միևնույն է, բանտը վնասելու է նրանց: Ինչպես որ ազատության մեջ լինելն է վնասելու նրանց, ովքեր նրանց դեմ սուտ ցուցմունքներ են տալիս:

Կալանավորվածների  ողղորդած ցույցերը, Ազատության հրապարակում ժողովրդի բարձրացրած որոտներն ինչքան էլ պախարակվեն հակաքարոզչության միջոցով, այնուամենայնիվ, առաջընթացի (պրոգրես) օրենքով չեն թողնում, որ հասարակությունը վերածվի խոնարհ ու հնազանդ զանգվածի:

Ոչ միայն ազատամարտիկները, այլև նրանց ընտանիքները  մրուր ճաշակեցին պատերազմի դառնությունները: Ժողովրդի ծոցից ելած այդ  խիզախ  ոգիները  ոչ մահվան առաջ կանգ  առան, ոչ էլ Աստծուն ծաղրեցին:  Նրանց դատերին էլ եմ մասնակցում, մասնակցում ու նրանց տեսնելով ձեռնաշղթաներով` ամայանում, մասնակցում եմ ու կծկվում: Երեք փամփուշտի,  մի ատրճանակի, տանկի դեմ կռվելու  նռնակի համար դատվում են, երբ դեռ պատերազմի առաջին օրերին նրանցից շատերն էին ունեցվածքը վաճառում` երեք փամփուշտ կամ մի ատրճանակ ունենալու համար: Եթե ազատամարտիկ են` խուզարկության ժամանակ նրանց տնից  զենք էին գտնելու, հո եղ ու մեղր չէ՞ին գտնելու:

Պատմության բավիղներում բազում դժվարին  հակառակորդներ ենք ունեցել, շատերն են փորձել մեր սեփական տնից քշել, որպես կատվի`  պարկն են  գցել, տարել են գետի ջրերում  խեղդելու :

Այսօր  ամեն մի հայ իր տանը զենք պիտի  ունենա:

Փոքրաքանակ ժողովրդի համար կամավորական-մահապարտի  կարևոր գործոնը դարերի ընթացքում ձևավորված ավանդույթ է, որ  սերնդեսերունդ մինչև մեզ փոխանցված ամենալավն է, ինչ մենք ունենք այսօր` մեր տեսակը պահպանելու համար: Հիշենք` ինչքան էինք ուրախացել, երբ ռազմաճակատում պարտվողական դրությունը փրկելու համար,  ամենաճակատագրական պահին Վազգեն Սարգսյանը հեռուստաելույթով ազգից հինգ հարյուր մահապարտներ խնդրեց և երբ ինը հարյուրը  ստացավ:  Մեզ մոտ իր վաղեմությամբ կամավորական–մահապարտի ավանդույթն ավելի հին է, քան եվրոպական երկրների շատ մայրաքաղաքներ:

Հինգերորդ դարում Վարդան Մամիկոնյանը կամավոր-մահապարտներով, Արաքսից ոչ հեռու, ճակատամարտ տվեց Պարսից պետության դեմ: Ճակատամարտը դեռ չսկսված, ռամիկ զինվորները փախուստի դիմեցին: Երկու հարյուր ութսունյոթ ուխտ կապած կամավորական-մահապարտներ մինչև վերջին շունչը կռվելով` Կարմիր Վարդանի հետ գլուխները  դրեցին հայրենիքի համար:

Իսկ ո՞վ էր Սողոմոն Թեհլերյանը, մյուսները, շատ-շատերը, մարտիրոսվածները:

Զարմանալ կարելի է` Շուշիի հատուկ գնդի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն չշնորհելու, բայց աքսորելու տարբերակներ արծարծելու  տրամաբանության վրա: Լիբանանում իրենց կամքն են թելադրում «Համաս» ու «Հըզբոլլահ» կազմակերպությունների ազգայնականները: Ինչքան էլ նրանք հայկական գաղութների նկատմամբ չեզոք են, բայց դաժան են ցանկացած մահմեդական երկրի դեմ կռված մարդու նկատմամբ. ի՞նչ է, մեր զինվորին աքսոր ենք  ուղարկում, որ նրան այնտեղ գնդակահարե՞ն:

Երբ փորձառու հրամանատարները, հաշմանդամները, մարտական խաչը կրծքին զինվորները փամփուշտ կամ զենք ունենալու համար ազատազրկվում են, դրանով անխոհեմաբար կտրում ենք դարեր շարունակ մշակված մեզ պահպանող ազգային գոյատևության տրամաբանությունը, որը մեր կամային սկիզբն է եղել, նրանով ենք հատուկ պնդությամբ, վստահ, աշխարհի հետ ներդաշնակորեն, բարձր և մարդկային պարզությամբ կյանքի և ապրելու կամք դրսևորել:

 

 

Հարցազրույցը  վարեցին`        Հեղինե Մանուկյան                                                                                                                                                                                                                   Մարինա  Բաղդագուլյան

Ո՞րն էր Սովետի այն զսպաշապիկը, որի բացակայությունից անկախ Հայաստանի մարդը մոլորվեց ազատության մեջ։

-Ջուրը և հայելին մեր առաջին փիլիսոփայությունն են։ Մարդուն չի տրված` իր աչքերով իր դեմքին նայել։ Պետք է մարդկության  փորձի վրա հենվելով` հայելու միջի արտացոլանքին հավատա, որ երևացող  կերպարը և ինքը նույնն են…

Ազատությունը երբեմն շատ հեռու` յոթ ծովից, յոթ սարից այն կողմ է, երբեմն էլ շատ մոտիկ` հոգու մեջ է, ազատությունը մարդու արտացոլանքն է, եթե չհավատանք նրան, չտեսնենք հեռվում բոցկլտացող լույսը, մեր կյանքը կիսատ կմնա։

Կարծում եմ` ֆիզիկական  և հոգևոր կարգում ամենաներդաշնակ, վեհ զգացողությունն է ազատությունը։ Առաջին մարդն անգամ դրախտից դուրս մնաց`  խոստացված անմահությունը փոխարինելով բարին և չարն իմանալու ազատությունով։ Դրանից հետո էր, որ մարդկությունը նկարիչների, բանասացների, երգահանների միջոցով իր լավագույն որդիներին սովորեցրեց` մեծ նահատակությունների արահետներով գնալ ազատությունը որոնելու։ Պրոմեթևսը, Իկարը, Մհերը, Դավիթը, Չարենցը… նրանք էին լույսի զավակները, որ միշտ հայտնվում էին խավարի ճանապարհներին։

Հարցն այնպես չպիտի հնչեցնել, թե արդեն Խորհրդային Միության զսպաշապիկ ասվածը չունենալով` վնասվել ենք։

Մատնագրերով, գնդակահարություններով, հոգեբուժարաններով, ռադիո-լրագրերի մշակված քարոզչական շանտաժի մեթոդներով  միլիոնավոր մարդիկ աքսորի ճանապարհներով,  անծայրածիր ցրտաշունչ Սիբիրի հազարավոր դարերի տայգաներում էին հայտնվում, որտեղ ժամանակը հետ էր հոսում, անհաշիվ «խուլ» բարաքներում, անգամ, իրենց դատապարտվածության ժամկետներն էին մոռանում։ Չնայած բռնության այդ ձևի մեջ  դարձյալ կային խիզախ ոգիներ` Մահարին, Սոլժենիցինը, Բրոդսկին…, որ թանկ գնով Սիբիրի ճանկերից մարդկությանը ազատության  լինելիության մասին լուրեր էին բերում։

Կարծում եմ` իր ստեղծման օրից մարդկության նվաճած ամենախոշոր արժեքը առաջին սահմանադրությունն է, որ արձանագրեց մարդու ազատ լինելը ։ Ինձ թվում է` թերահաս սոցիալիզմի զսպաշապիկը, որ հողագնդի ամենամեծ խոտանն էր, անկախ Հայաստանի մարդը թոթափելով այն` ոչ մոլորվել է ազատության մեջ, ոչ էլ տուժել է։

Ջրի և հայելու փիլիսոփայությունը շատ կարևոր  ճանապարհ է, պարտավոր ենք հավատալ` հողագնդի ազատ երկրների փորձին։

Որպես ՀՀ քաղաքացի և գրող հայթուրքական  արձանագրությունների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունես։

     -Հայ-թուրքական արձանագրությունները մեր ժողովրդի կամքի արտահայտությունը չեն։ Իբրև թե նրա շուրջ քննարկումներ են կատարվում  հասարակական  կազմակերպություններում, մամուլով, հեռուստատեսությամբ, որոշակի հեղինակություն և որոշակի դիրք ունեցող մարդիկ են հանդես գալիս, իրականում իմիտացիա է այդ ամենը, որևէ կերպ չի արտահայտում ժողովրդի ցանկությունները։ Այնպես, ինչպես որ թմբկահարվում է, թե Ազգային ակադեմիան քննարկել է փաստաթուղթը և հավանության է արժանացրել, այդպես չէ։ Այնտեղ էլ իմաստուն, վառ հոգիներ կան. բա ո՞վ  էր սոցիալիզմի 70 տարիներին մեր հոգևոր հայրենիքի մասին կրակը վառ պահում։

Ինքնին հարց է ծագում. եթե արձանագրություններն արդեն ստորագրվել են և նրանցում որևէ բան փոխելն անհնար է (Նալբանդյանի և Էրդողանի վկայությամբ), էլ ինչ հասարակական քննարկումների մասին  կարող է խոսք լինել։ Ասես` այդ ամենն արվում է միայն մի նպատակով` ինչքան շատ լինեն թատերականացված քննարկումներին մասնակից մարդկանց բազմությունը, ապագայում այնքան չքմեղանալը և ապացուցելը հեշտ կլինի, որ  գործած մեղքին ամբողջ ազգն է մասնակից եղել։

Միշտ էլ կողմ եմ եղել, որ Թուրքիան սահմանը  բացի, բայց ոչ այն գնով, որ պահանջում է, ոչ էլ այն շտապողականությամբ, որ գլխապատառ գիրկն ենք նետվում։ Գերմանիան, անգամ, որ Եվրոպայի ամենազարգացած երկրներից մեկն է,  դեմ է նրա` Եվրամիությանը անդամակցելուն, պատճառաբանությամբ, թե ոչ իրենց մշակույթը, ոչ էլ տնտեսությունն է պատրաստ 70 միլիոնանոց Թուրքիայի հետ խաչաձևվելուն։ Հիմա մենք  մեր այս վիճակում մի՞թե ունենք սև հեղեղի դեմն առնելու զորությունը։ Էլ չեմ ասում` ստորագրված  արձանագրությունների  մի քանի կետերի մասին, որոնք ընդհանրապես անընդունելի են։

Մի՞թե կարելի է, որ նա այդպես մեր արժանապատվությունը վիրավորի` ինչ` ջուրը, ինչ` արյունը, հա՞, մեկ ու կես միլիոն  մարդ է երկրի երեսից վերացրել, արդյո՞ք ներողություն է խնդրել մեր ժողովրդից, թեկուզ գաղտնի, մի հայի դեմ ծու՞նկ է չոքել կամ որևէ  գրողի, դրամատուրգի բերանով մի  գեղարվեստական գործում, մի ներկայացման մեջ ասե՞լ է` ես մեղա, ես անարդար էի, կամ թողության խոստովանությու՞ն է արել իր մեջիթի,  կամ դերվիշի առաջ։ (Օ. Փամուկի անունը մեջտեղ չբերես, նա պարզապես Նոբելյան ստանալու համար հայկական հարցը ամենաարհեստավարժ աճպարարի պես խաղացրեց Եվրոպայի աչքի առաջ, այնինչ, այդ ամենաարդար ամբիոնից իր ճառի մեջ պիտի ասեր, որ եղել է ցեղասպանություն։ Գուցե դրանից հետո հասկանալի դառնար այդ ազգը)։ Ինքն է փակել սահմանը, բացելու համար գին պիտի վճարենք, այն էլ` միջազգային ասպարեզներից «ցեղասպանություն» բառը հանելով, Հայ դատի պահանջատիրությունից հրաժարվելով կամ Ղարաբաղի յոթ շրջաններն էլ  պիտի տանք Ադրբեջանին, դեռ պահանջած հանձնաժողովն էլ պիտի փորձի ապացուցել, որ անապատներում թափառող ուրվականներն էլ մերոնք չեն» Որևէ դիվանագիտություն, անգամ` հաղթանակած, ոչ մի արժեք չունի, եթե նման գին է պահանջվում, եթե ազգի ողնաշարը, քրոմոսոմն է տրոհվում…

Բայց փաստն այն է, որ դարձյալ երես առ երես կանգնել ենք Թուրքիայի 900-ամյա դիվանագիտության և «ասկյարի» դիմաց։ Դու էկրանին` Էրդողանին զննիր, քո դեմ փողկապով և ժամանակակից հագով «ասկյարն» է։ Կանգնել է Եվրոպայի պարիսպների տակ, բայց նրա պատերազմը չի ավարտված։ Նա դեռ զինվոր է, մի ձեռքով Եվրոպայի դարպասներն է թակում, մյուսով` մեր պատմական հայրենիքն է վերցրել, էն մեկով` Կիպրոսը, էն մյուսով` Նախիջևանը, մեկով քրդերին է մեռցնում, մյուսով` Իսրայելի նախագահի երեսին է թռնում,  էս մեկով` Անդրկովկասում անկայունություն գցելով է աշխարհին սպառնում, մյուսով` Ամերիկայի նշանակած թիկնապահին է հարվածում, և այլն, և այլն … Զինվոր է, կռվում է։  Եվրոպայի համար` վայրի մեղրի պես դառը, քաղցրահամ …  Ահա, թե ով է մեր  երկիրը մտնելու` զարգացած տնտեսությունով,  բազմաձև ազդեցիկ մշակութային  ծավալներով,  70 միլիոնանոց  մի հզոր պետություն։  Արդյո՞ք մենք, հայտնի փորձություններից հետո, բարոյա-հոգեբանական այսպիսի ճաքով պատրաստ ենք դիմակայելու  նրան` ով դարեր շարունակ մեզ ֆիզիկապես բնաջնջելու իր նպատակը չի էլ թաքցրել։ Իսկ  ո՞վ է ասում, թե կրնկի վրա բաց դռներով մեր երկիրը մտնելուց հետո  մեր որդիների հետ ավելի բարյացակամ է լինելու։ Սկսած ամենահին ժամանակներից, երբ հարցն ազգային անվտանգությանն է վերաբերել` ժողովուրդը աշխարհաժողովների   միջոցով կարողացել է պետությանն իր կամքը թելադրել, անգամ, թագավորների` գահին մնալ-չմնալու խնդիրն է լուծել։ «Հայոց պատմության» մեջ Բուզանդը հիշատակում է, որ  4-րդ դարում ժողովուրդն  Արշակ թագավորին աշխարհաժողովով է  գահից հրաժարեցրել։ Մեկ ուրիշ  աշխարհաժողովի մասին է հիշատակվում`  դարձյալ  չորրորդ դարի 353 թվականին, երբ  Ներսես Մեծին  Ամենայն հայոց կաթողիկոս են  ընտրել։ (Բուզանդ, չորրորդ դպրություն, գլ. ԾԱ և  գլ. Գ)։

Հիմա ևս նույնանման իրավիճակ է` հայ-թուրքական արձանագրություններն  իրենց լուսումութ կողմերով որոշելու են մեր ապագան։ Մի խնդիր, որ համայն հայությանն է վերաբերում և միայն ժողովրդին է տրված` նման արձանագրությունները վավերացնել կամ` նախագահի հրաժարականի գնով կանգնեցնել վտանգավոր գործընթացը։

Երբ հերոսները մոռացվում են ու ստեղծվում են չարդարացված հերոսների կերպարներ, կարո՞ղ ենք արդյոք համարել, որ հասարակությունն արժանի է իր ստեղծած հերոսին։

Ընդհանրապես մարդն ինչպե՞ս է հերոսանում և ի՞նչ չափումներով է ժողովուրդը հերոս ստեղծում։

-Բոլոր ժամանակներում էլ իշխանության և ժողովրդի միջև մրցակցություն է ընթանում։ Իշխանությունները միշտ էլ  ժողովրդական հերոսներին զուգահեռ`  իրենց ստեղծած կեղծ (պսեվդո) հերոսներին են ասպարեզ հանում, որոնք հասարակությանը ուղղորդելու, ցանկացած պահի նրա միակամության մեջ խառնակչություն առաջացնելու, հեշտ կառավարելու ատրիբուտներից մեկն են։ Բայց, ի վերջո, ժողովրդի միջից ելած հերոսն  է ապրում։ Ժողովուրդը չգիտակցված, բայց գոյություն ունեցող մի զգայարանով, որով աստղի ընկնելը, տարվա երաշտ լինելը, կնոջ` տղա կամ աղջիկ բերելն են գուշակում, այդպես էլ հերոսին` Անդրանիկին, Նժդեհին, Մանթաշովին է ճանաչում։ Նրան կորցնելուց` ամբողջ մարմինը տնքում է, ինձ թվում է` հերոս դառնալու խորհուրդը հենց այդ տնքոցի մեջ էլ թաքնված է։ Օրինակը հինգերորդ դարն է, երբ Պարսկական միապետության դեմ կրոնական շարժում սկսվեց, և Վարդանը կար, և Վասակը, որ պարսից շահերն էր պաշտպանում։ 1600 տարի է անցել, բայց ժողովուրդը Կարմիր Վարդանին է հիշում, որ 287 մարդով պարսից կանոնավոր բանակի դեմ ճակատամարտելիս նահատակվեց։ Ճիշտ է, հիշողության մեջ Վասակն էլ կա, բայց եկեղեցականները Վարդանի անունով են կոչվում։

Երբ Սասուն Միքայելյանի ջոկատը գնում էր կռվելու` համարյա ամբողջ քաղաքն էր հավաքվում եկեղեցու դռանը` ճանապարհելու, ջոկատի մեկնելուց հետո ամբողջ քաղաքը մոմ էր վառում։ Հիմա ժողովուրդը տնքում է Սասունի և Արամ Բարեղամյանի համար։

   Ովքե՞ր են այսօրվա հերոսները։  

-Ափսոս, ցավեցնող, բայց տեսանող քննադատությունը, որ չորացած թզենին պիտի ծաղկեցնի, չի ընդունվում։ Այն դասական հասկացությունը, թե ծաղրածուն թագավորի երեսին ճշմարտություն ասելով երկիրը պիտի փրկի` փոխվել է։ Քանի գնում` երեսպաշտությունն է ավելանում, ոսկե կուռքերի տապանակներ են պտտեցնում փողոցներում։ Չեմ էլ կասկածում` գուցե և գա ժամանակը, խոհարարական գիրքը կհռչակվի ամենաբարձրարժեքը։

   ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ ՀՀում մարդը բարձրագույն արժեք է։ Մեր իշխանությունների համար մարդն իսկապե՞ս արժեք է։

-Իսկ ի՞նչ է Սահմանադրությունը, որ ծիածանի նման զվարթ և անկասկածելի յոթ գույն պիտի ունենա, արդյո՞ք գործում է հոգին, որ արժեք ունենար` տասը մարդ կզոհվե՞ր։ Խորհրդարանական հանձնաժողովը, որ պիտի պարզեր` ինչ էր պատահել նրանց հետ և ովքեր են մեղավորները, մեկուկես տարի որոնեց, բայց ոչ մեկին չգտավ, հայացքը փախցրեց ճշմարտության աչքերից։ Գյուղացին կալ անելիս, քսան տոննանոց գարու շեղջի միջից, անգամ, մի քարի հատիկն է գտնում։ Երկրի հեռադիտակները նույնիսկ Մարս մոլորակի ջրերով լցված լճերն են գտնում…  Հիմա տասը զոհվածների հարազատները և նրանց գումարած` բարեկամ-ազգականները, տես` ինչքան կլինեն, կասե՞ն` մարդը Սահմանադրությամբ պաշտպանված բարձրագույն արժեք է…

Մարդու ներսի պատերազմն ի՞նչ ճանապարհով կարող է խաղաղության հանգել, մանավանդ, որ այդ կռիվը սեփական եսի կամ հարևանի հետ չէ, այլ` շրջապատի, երկրի, իշխանությունների։   

-Երբ սահմանադրական կատարյալ երկիր կունենանք, երբ ազգովի օրենքի առաջ հավասար կլինենք, երբ սև ջիպերը  միայն իրենց խոշորության առավելությունով ճանապարհդ չեն կտրի … բանկերը կծաղկեն, մանուկները կչկչալով դպրոց կհաճախեն, ծերերը չեն տնքա հացի պակասից, երբ ընտանիքները      դրամագլուխներ  կունենան ու արդեն ջլապնդվող   արու զավակները հայելիների առաջ   քյանքյուլները ուռեցնելով` կպտտվեն լիքը դրամագրքույկների շուրջը և հարևանից` վախը ծխի պես կչքանա …

Չգրված օրենք կամ աքսիոմա կա. երբեք հասարակությունն իր երկրի իշխանությանը չի սիրում։ Ի՞նչ ես կարծում որևէ լիդերի կամ իշխանության սիրելը մի՞ֆ է։ Հասարակությունիշխանություն փոխհարաբերության մեջ սիրելու գաղափարը ծիծաղելու աստիճան աբսու՞րդ բան է։          

-Պետք չէ հարցն այդքան  կտրուկ դնել։ Եվ   պատմությունն է ապացուցել և ներկա իրականությունը` հին ժամանակներում էլ, հիմա էլ հարյուրավոր երկրներում, և սիրված իշխանություններ, և լիդերներ կան։

Մարդու դրվածքը հետաքրքիր է. ինքը ձգտում է իշխանության, բայց իշխանություն ունեցողին չի սիրում։    

-Շատ ազնիվ մարդիկ կան, նայած` ով …

Լևոնմարտական ընկերներդ բանտում են, գրական ընկերներդ  «արտաքսված»։ Մենա՞կ ես …

-Չգիտեմ` մենակ ասածն ինչքանով է վիճակին բնութագրական։ Տիեզերքի անսահմանության մեջ իր ամբողջ կյանքի ընթացքում մարդը գրելով, երգելով, նկարելով, պատերազմել` հող ազատելով` հարազատ ոգի և հայրենիք է որոնում։ Երբ սկսում են բացակայել շուրջդ եղած մարտական և հոգևոր ընկերներդ, սենյակում լույսը վառել-մարելու պես է` փոխնիփոխ հայտնվում ես ուժեղ ճերմակի, հետո` ուժեղ սևի մեջ … Շատ հաճախ թվում է` գուցե այդ հերոս, մարտի ելած տղաների և խիզախ հոգիների` հայրենիքի համար պատերազմը երազում է շառաչել։  

Էսօր արվեստագետները դարձել են քննադատության թիրախ, որովհետև չեն մասնակցում  երկրում կատարվող իրադարձություններին։ Մտավորականին ո՞ր վարքագիծն է հարիր. գլուխը կախ ստեղծագործե՞լ, թե՞ արտահայտել քաղաքական, քաղաքացիական դիրքորոշում և երկրի համար վճռական քայլերում լինել ուղղորդող։

-Երբ արվեստագետները չեն մասնակցում քաղաքական անցուդարձին, նշանակում է` կատարյալ է տվյալ երկիրը։ Լռության համար ոչ թե պիտի պարսավել նրան, այլ` խրախուսել։ Նրանք լռության մեջ են մասնակցում երկրի շինարարությանը։ Կարծում եմ` լռության ժամանակ է գտնվում ամենահեռավոր լուսապայծառ միտքը, որը և գուցե տասնյակ ոսկեհանքերի, լավ զինված բանակների, հայրենիքի ճակատին փողփողացող մի դրոշակի արժեք ունենա։ Նրա տեսակն է այդպիսին` կապիկի նման մենակ` անծայրածիր ջունգլիներում, բայց միշտ ամենաբարձր ծառերի կատարներին։ Իսկ երկրի համար  կենաց-մահու պահերին մի վճռորոշ ժամանակ կա, որ ոչ միայն արվեստագետի, մտավորականի, այլ բոլորի տունդարձի` հայրենիքի հետ լինելու ժամանակն է։        

Հարցազրույցը վարեց Լուսինե Ստեփանյանը

  Ափսոս… Որովհետև այս հարցազրույցը պետք է տպագրվեր  նրա կենդանության ժամանակ: Սակայն  ուրախալի է, որ ուկրաինացի բազմաթիվ ընթերցողների կողմից (նրանք շատ սիրեցին 2012 թվականին  ուկրաիներեն  թարգմանությամբ լույս տեսած «Խնկի ծառեր» վիպակի ու պատմվածքÝ»ñÇ ժողովածուն) մենք կարողացանք մեր երախտագիտությունը հայտնել պարոն Լևոնին` իր տաղանդավոր ստեղծագործությունների համար: Ինչպես նաև ցանկացանք տալ որոշ հարցեր …. Մի քանի ամիս առաջ գրքի թարգմանիչ Անուշավան Մեսրոպյանի շնորհիվ (նա ապրում է Լվովում և հայ գրականությունը հայտնի է դարձնում Ուկրաինայում) Լևոն Խեչոյանին կարողացա ուղարկել հարցեր, որոնց նա  հասցրեց պատասխանել: Հավանաբար դա գրողի վերջին  հարցազրույցն է: Սակայն ոչ մի խոսք հիվանդության մասին …      

-Պարոն Լևոն, երբ Ուկրաինայում տպագրվեց Ձեր  «Խնկի ծառեր» գիրքը, շատ ընթերցողներ ակտիվորեն հայտնեցին իրենց տպավորությունները: Ոմանք Ձեր արձակը համարեցին «նույնքան թանձր և չպատմվող, որքան Փարաջանովի կոլաժները», ոմանք` «վերք, որը խոսում է բառերով»… Ասվեց նաև, որ  «Խեչոյանի գիրն ասես գուցուլական զուսպ փորագրություն է. ոչ մի անսխալ բառ, ոչ մի ավելորդ մասնիկ»: Ասացե՛ք, ի՞նչ նշանակություն ունեն Ձեզ համար այս մտքերը: Արդյոք Ձեզ հետաքրքի՞ր է, կարևո՞ր է, թե ինչ է ասում Ձեր ստեղծագործությունների մասին ընթերցողը, առավել ևս՝ օտար: Իսկ, ընդհանրապես, Դուք մտածու՞մ եք, թե ովքեր են Ձեր ընթերցողները, և ի՞նչ ազդեցություն են թողնում Ձեր գործերը նրանց վրա: Չէ՞ որ գրողը պատասխանատվություն ունի մարդկանց առջև: Թե՞ միայն Աստծո առջև:

 

-Չէ, կարծում եմ` գրողի համար նշանակություն չունի` ինչ է ասում կամ ինչպես է    գնահատում իր գրականությունն ընթերցողը: Հարյուրավոր ընթերցողներ են և հարյուրավոր կարծիքներ, եթե բոլոր ասվածները գրողի ներսում նստվածք տան և կարևորություն ունենան, նրանից այլևս անհատականություն չի մնա: Դրանք կարող են  հետաքրքիր  լինել, այն էլ շատ, մի պահի համար, ընթերցելու ժամանակ, դրանից հետո գրողը միայնակ է իրեն նախաստեղծող ուժի հետ: Նրա համար նաև այլազգի ընթերցող չկա, կարևոր չէ` Ադամը ինչ գույնի կավից է ստեղծված, այլ նրան կենդանություն տված շունչն է կարևոր, մարդը: Եթե գրականությունը բոցկլտում է վտանգների, աղետների, սովի, պատերազմների անարդարությունների դեմ, ուրեմն այն առանց ազգային պատկանելության համաշխարհային, բայց անսահման տիեզերքում թափառական, Աստծուն որոնող միայնակ մարդու գրականությունն է:

Ձեր արձակն ասես այն կրակն է, որն այրում ու վերք է դառնում…  Ինչպե՞ս եք ապրում այդ ցավի, կարոտի հետ, որոնք Դուք զգում եք դարեր շարունակ ավերված հայրենիքի պատմության, ինչպես նաև ցեղասպանությունից, հալածանքներից, բռնադատումներից տառապած, բնական աղետներից տուժած հասարակ մարդկանց հանդեպ: Արդյոք կարելի՞ է ասել, որ, ճերմակ թղթին հանձնելով Ձեր ապրումները, գոնե մի փշուրի չափ թեթևանում է Ձեր հոգին:

 

– Ինչ աղետներ  որ Դուք թվարկում եք, ոչ թե ես ապրում եմ նրանց հետ, այլ նրանց մասին եմ խոսում գրականության լեզվով, որը ոչ մի ուրիշ լեզվի նման չէ:

2000թ., երբ ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ Եվրոպայի 103 գրողներով ճանապարհորդում էինք ամբողջ Եվրոպայով, այն ժամանակ էլ մի հարցազրույցի  ժամանակ ֆրանսիական հեռուստատեսության լրագրողը գրեթե նույն հարցը տվեց:

Գիտեք, հիմա էլ մենք քաղաքներ ունենք, որոնք շատ ավելի հին են, քան եվրոպական երկրների մայրաքաղաքները: Պարզապես 20-րդ դարի սկզբին աստվածաշնչյան անարդարության նման պատիժ իրականացվեց մեր ժողովրդի և քաղաքների  նկատմամբ, որոնցում  քարի` դեպի տարածություն առաջնորդող յուրահատուկ միստիկ արվեստն ու մշակույթն էր զորանում:

Երբ Աստված ընդունեց Աբելի ընծաները, Կայենն արդեն մտածել էր Աբելի սպանության մասին և անծայրածիր դաշտում իրականացրել էր իր մտահղացումը: Երբ Աստված նրան հարցրեց. «Ու՞ր է քո փոքր եղբայր Աբելը»: Կայենը պատասխանեց. «Չգիտեմ, մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ»: Ահա այդպիսի մի բան էլ մեզ հետ պատահեց. երբ Կայենը մեզ սպանել էր և թաքցրել Դեր-Զորի անապատներում, երբ Եվրոպային հարցնում էր երկինքը. «Ու՞ր է քո փոքր եղբայր հայը, նրա արյան կանչը անապատներից, ժայռերից ու գետերի տակից  բողոքում է ինձ», Եվրոպան պատասխանեց, որ ինքը չգիտի, ինքը նրա պահակը  չէ:

Ասում են` գրելիս Դուք փակվում ու համարյա դուրս չեք գալիս, չեք շփվում առօրյա աշխարհի հետ՝ մինչև չեք ավարտում Ձեր գործըԲացի այդ, Ձեր հարցազրույցներից մեկում Դուք գրելու մասին այսպես եք արտահայտվել. «Դեպի սպիտակ թուղթ գնում ես զինվորի պես. մեռնելհառնելու պահ է »: Դա շատ բարդ հոգեվիճակ է

– Ոչ մի ստեղծագործություն մինչև վերջ քոնը չէ, անընդհատ փախչում է, ինքն անընդհատ հեռանում է քեզանից, անընդհատ կասկածը մեծանում է քո ուժերի նկատմամբ, անանձնական վախ է…Ստեղծագործելը նաև եկեղեցու դռանը տերտերին բարև տալու պես է. օրհնությունը ստանում ես, սակայն թերահավատություն է մնում մեջդ, որովհետև խորամանկություն էիր նկատել ժպտացող շուրթերին …

Եթե նկատել եք` սրբավայրերը միշտ էլ ընդերքից բխող կաթնաղբյուրների, բուժիչ ջրերի վրա են կառուցում, ուրեմն խորհուրդը գրողի ներսի մեջ է:

 

Արդյոք Դուք տվե՞լ եք գնահատական Ձեր ստեղծագործությանը, Ձեր գեղարվեստական խոսքին: Ինչու՞ է հատկապես կարճ արձակը գերակշռում Ձեր գրքերում:

– Գրելուց առաջ երբեք չեմ մտածում` պատմվածքը կարճ, թե՞ երկար է լինելու: Իմ ստեղծագործական միտքն է այդպիսին, ինքն է ընտրում ճանապարհը, նույնիսկ կարելի է ասել` ստեղծագործական ամբողջ գործընթացը ուշաթափության նման է, մեկ էլ վերջում ես զգում, որ պատմվածքը ավարտվել է, իսկ քո ներսում վայրի մեղրի պես դառը և քաղցր մի նստվածք է մնացել …

  – Պարոն Լևոն, իսկ ի՞նչ հարաբերություններ ունեք Ձեր հերոսների հետ: Թե՞ գործն ավարտելուց հետո Դուք էլ չեք հիշում նրանց և ապրում եք` մտածելով նոր հերոսների մասին: Որովհետև մեզ համար, օրինակ, շատ դժվար է մոռանալ գեղանի ուսուցչուհի Նվարդին, բանտարկյալ Մուկուչին, Աֆղանստանում ծառայած Երվանդի կույր տատին, որ տեսնում էր ավելին, քան մնացածները, Մորիկ շանը և Ձեր մյուս հերոսներին, որոնց սիրեցինք սրտանց

-Իհարկե, գրելու ընթացքում գիտեմ` ուր է գնալու հերոսը, ում հետ է հանդիպելու, բայց մի պահից սկսած (հավանաբար հենց այդ պահն էլ ստեղծագործական մայր պահն է)` այլևս անվերահսկելի է: Կարծում եմ` այդ պահին նաև մասնակցում է գրողի քիմիական բաղադրությունը, հոգեկան կառույցը, մտավոր ընդունակությունները, այդ օրվա տրամադրությունը, նախորդ գիշերվա քունը և այլն: Սակայն այս ամենին գումարած` չգիտակցվող ստեղծագործական Մայր ակնթարթն էլ կա… Իսկ պատմվածքը ավարտելուց հետո նրանից բաժանվելու ամենադժվար պահն է սկսվում, մոտավորապես մի ամիս կամ իմ գրասեղանին է մնում, կամ ծոցագրպանս դրած` ինձ հետ ման եմ տալիս: Ինձ համար էլ  շատ տարօրինակ էր, երբ վերջին վեպն ավարտեցի. մի անգամ պայուսակի մեջ դրած` տարա Երևան, մի ամբողջ օր ման տվեցի փողոցներում: Հետո երբ տուն վերադարձա, հիշեցի` երբ իմ երկու տղաները  հինգ-վեց  տարեկան էին դարձել, այդպես տարել էի քաղաքը ցույց տալու և ձեռքները բռնած` իմ կողքով ման տալու: Ահա դրանից հետո` մեքենագրելուց, տպագրելուց կամ գիրք դառնալուց հետո այլևս ոչ այդ պատմվածքն եմ կարդում, ոչ նրա հերոսներին եմ հիշում, նույնիսկ անուններն եմ մոռանում. շատ հաճախ լրագրողները կամ գրաքննադատներն են հիշեցնում նրանց մասին …

Աշխարհը որևէ ժողովրդի ճանաչում է նրա մշակույթի շնորհիվ: Որքան մեծ է մշակույթը, այնքան բարձր է այդ ժողովուրդն ուրիշի աչքում: Ձեր կարծիքով ի՞նչն է այն նշանակալին, որով աշխարհը պետք է ճանաչի հայ ժողովրդին: Ո՞վ է հայը, որի կենսապատումին նվիրել եք Ձեր կյանքը:

-Կարծում եմ, եթե որևէ ազգ ապրում է այս արևի տակ, ճանապարհ է անցել, իրավունք ունի գոյատևելու և հարգվելու մյուս ժողովուրդների կողմից:                                               Հայ ժողովուրդը երկրագնդի ամենահին ազգերից մեկն է: Ֆրանսիացի պատմաբան Լեոն Բլուան ասում է. «Իսկ գիտե՞ք` ով է հայ ժողովուրդը, այդ այն ժողովուրդն է, որն ամբողջ մարդկության մեջ ամենախորհրդավոր պատմությունն ունի …»:

Իսկ ամենախորհրդավոր պատմությունից ես կառանձնացնեի, թե հայ ժողովուրդն ինչ լումա է ավելացրել համաշխարհային հոգևոր գանձարանին. դա մանրանկարչությունն է, երաժշտությունը, գրականությունը և միստիկ վերաբերմունքով քարը. հայը քարի ծնունդ է… Նրա համար չկար մի որևէ արվեստ, որ առավել լիներ, քան խաչքարի մտահղացումը: Այն  պահանջում էր ոգու թռիչք, որը չի խճճվում մտքի փիլիսոփայություններում: Պատմական  հիշողության  կակազումից անցան ճշգրիտ դատողության, քարի վրա` տեսողական բարդ գործողությունների վերլուծության, որոնք համապատասխանեցնում  էին գրական և երաժշտական ավանդույթներին: Նրանք դեպի անսահման տարածություն առաջնորդվելու համար ապավինեցին քարին, ինչպես ամենամութ գիշերին` մարգարեն իր պայծառատեսությանը: Եվ դարեդար քարե տարածությունն առավել միստիկ ու զարմանալի արարում էր դառնում մտքի առավելագույն տիրապետման ներառման  չափերով …

 

  – Որպես շարունակություն ժողովրդավարության թեմայի Պատմելով Եվրոպա կատարած Ձեր շրջագայության մասին` Դուք ասել եք. «Ինչպես որ շատ մարդիկ իրենց հոտով են ճանաչվում, այդպես էլ քաղաքներն են. շատ քաղաքների փողոցներով  քայլեցի, նրանց հոտը շնչեցի, ինչպես սիրո ժամանակ աղջկա բուրմուքն են ծծում ծոծրակից » և Ձեր ուկրաիներեն ստեղծագործությունների թարգմանիչ Անուշավան Մեսրոպյանն ինչոր առիթով պատմել է, որ Դուք եղել եք նաև Լվովում: Ձեր հիշողության մեջ ի՞նչ բուրմունքով առանձնացավ և մնաց այդ քաղաքը: Ի՞նչ տպավորություն թողեցին Ուկրաինան և ուկրաինացիները Ձեզ վրա:

– Օ՜, Լվովը, այդ գեղեցկուհին, իմ հեքիաթային, իմ սիրո քաղաքներից մեկն է:    Կարծեմ առաջին այցելությունից արդեն տասը տարուց ավելի է անցել, բայց իմ մեջ նրա ծոծրակից բուրող բուրմունքը և իմ բարեկամների կարոտը չի անցել: Եվ, ընդհանրապես, մինչև Լվով այցելելս, շատ բարձր կարծիք եմ ունեցել ուկրաինական մշակույթի վերաբերյալ: Կարծում եմ` աշխարհին է հայտնի Ուկրաինայի անկախության,  ազատության մարտիկ, անկրկնելի բանաստեղծ, նկարիչ Տարաս Շևչենկոն: Իսկ հայերիս տաղանդավոր արձակագիր Միխայլո Կոցյուբինսկին հայտնի է մեր հայրենակից Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները»` գուցուլների կյանքը պատմող անզուգական ֆիլմից: Էլ չեմ ասում` արձակագիր Վասիլի Շկլյարի, նկարիչ Իվան Մարչուկի, Եկատերինա Բիլոկուրի, երաժիշտ Միրոսլավ Սկորիկի մասին, որոնք ուկրաինական աշխարհի աղն են: Երախտամոռ չլինելու համար պիտի ասեմ նաև ձեր ժողովրդի բարեսրտության մասին. մենք գիտենք նաև Լվովում և նրա շրջակայքում ժամանակին ապաստան գտած հայ գաղութի մասին:

 

  – Դուք մեզ պատմեցիք ոչ այնքան հասարակ պատմությունը «Խնկի ծառեր» վիպակի ծեր ու անբախտ հերոսի` Օնանենց Խեչոյի, որը տոհմական հին անեծքի պատճառով իրար հետևից կորցնում է եղբայրներին: Հայրական օջախից վեր էին հառնում սիրելի եղբայրների հոգիները, ինչպես խնկի ծուխը, որն այրված ծառերի բներից վեր էր ձգվում` անգամ հետևից բույր չթողնելով Ո՞ր տոհմին է պատկանում հայ անվանի գրող Լևոն Խեչոյանը: Ումի՞ց է ժառանգել ստեղծագործողի շնորհը և ու՞մ է պարտական իր տաղանդի համար:

– Մեր տոհմն Էրզրումից է: Էրզրումն  Արևմտյան Հայաստանի Բարձր Հայքն է` իմ հոգևոր հայրենիքը, միշտ այն նմանեցրել եմ պատը փլված խնձորի այգու: Իմ պապի հայրը թաղված է Էրզրումում, իմ պապը թաղված է Վրաստանում, հայրս` Հայաստանում: Երբ ընդհանուր գերեզմանոց էլ չունես` սա է գենոցիդը, կարծես ուրվականների տոհմ լինի` կա ու չկա, դրա համար էլ այդ ամենը գենոցիդ անվամբ է  կոչվում… Իսկ ստեղծագործելը կարծում եմ`  մայր  բնության ամենաարդար նվերն է, որը ժառանգաբար չես կարող ստանալ, ինչպես գումար վճարելով չես կարող առնել օվկիանոսը, մայրամուտը, արևը, անձրևը… միակ բանն է, որ ծնողներդ, ինչպես բանկում են կուտակած գումարը, մեքենան, տունը ժառանգաբար կտակում, չեն կարող անել, միայն դու, քեզ է տրված դաշտ դուրս եկած հնձվորի, հերկվորի, մշակի նման քրտինք, ծով քրտինք թափելով` տրված շնորհը նվաճել: Եվ ոչ մի ստեղծագործող չի կարող ասել` ինքը տաղանդավոր է, թե ոչ: Եթե կարողանար այդ հարցին պատասխանել, էլ ինչու՞ պիտի մի բառ  գրելուց առաջ տատանվեր, տանջվեր, ամբողջ գիշեր մի գավաթ սուրճով և մի բաժակ կոնյակով որոներ նրա այդ ճշմարտացիությունը: Քանի  չի գրել` ինչու՞ պիտի վախենար սպիտակ թղթի առաջ նստելուց,  ինչպես ձկնորսը` օվկիանոսից

 

  – Եվ որպես վերջաբան մեր «զրույցին», չեմ կարող չհետաքրքրվել` ինչի՞ վրա եք այժմ աշխատում: Ու ի՞նչ է պատճառում Ձեզ սովորական մարդկային բավարարվածությունը:

– Արդեն 13 տարի է` աշխատում եմ «Մհերի դռան գիրքը» վեպի վրա: Հիմքը մեր «Սասունցի Դավիթ» էպոսն է, օրերս կավարտեմ: Շատ վիճելի, կասկածելի, տանջալի սպասումով պիտի սպասեմ իմ ներսի խաղաղվելուն, երբ խաղաղվեցի, այդ ժամանակ էլ կզգամ, որ գիրքը ստացվել է… Ժողովրդի 3000 – ամյա պատմությունն է, իսկ ես, ահա 13 տարում պատմեցի ու վերջ շ… արդյոք ե՞ս էի նա, ով պիտի նորովի պատմեր էպոսը, արդյոք ե՞ս էի… ահա, թե որտեղ է թաղված կասկածի աղբյուրը: Դրանից հետո, դե արի ու խոսի մարդկային բավարարվածության մասին, կլինի՞ …

 

 

Հարցազրույցը `  Ժաննա Կույավայի

 

Եթե  գրողը հաջորդ  օրն  ավելի

հասուն չէ, քան երեկ էր, դա նրա

մահն  է: Նա  ամեն  օր  պետք  է

աշխատի` նախ հասուն  մնալու

համար, ապա ավելի   հասունա-

ցումն արդեն կլինի ինքնաբերա-

բար:

                     Լևոն  Խեչոյան

 

 

 

 

 

     «Խոր գաղափարները նման են այն վճիտ ջրերին, որոնց թափանցիկությունը մթագնած է իրենց իսկ խորությամբ»: Հույն փիլիսոփա  Հելվեցիոսի այս միտքը արդիական է բոլոր ժամանակներում: Գաղափարակիրներն այսօր էլ քիչ չեն, սակայն նրանք միշտ սքողում են իրենց դեմքերը, մարգարտի պես թաքնվում ծովի խորքերում: Փոխարենը նրանք մինչև վերջին կաթիլն իրենց գործերի մեջ են: Այդ գործերը գնահատողները մենք ենք, որ փորձում ենք այդ ստեղծագործությունները ոսպնյակ դարձրած` կարդալ մեր իսկ հոգիները:

 

Հայաստանի ազգային գրադարանում` շատ կարդալուց քայքայվել է գրող Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» գիրքը և չի սպասարկվում: Գրողին այդ մասին տեղեկացնելով` միաժամանակ փորձեցինք պարզել, թե ինչ զգացողություններ են համակում հեղինակին:

– Այս  պահին որևէ զգզցողություն չկա, որովհետև գիրքը գրելիս, քո ամբողջ տառապանքը, ուրախությունն արդեն տալիս ես: Այդ ամենից հետո  ավելի շատ  ունայնության զգացողություն ես ունենում, թեև այդ դատարկության մեջ էլ իհարկե երջանկություն կա: Դու շատ հեռու ես նրանից: Հինգ տարի որևէ գրքի վրա աշխատելով` դու քեզ կաթիլ-կաթիլ սպառել ես. սպառել ես ուրախությունն էլ, երջանկությունն էլ, տխրությունն էլ: Իսկ դրանից հետո գալիս է ունայնությունը և մենակությունը:

Ուրեմն այն, ինչ կար Ձեր ներսում, այլևս Ձերը չէ՞:

 

     -Չես էլ մտածում` ընթերցողի՞նն է արդյոք:   Այդ գիրքը գրելիս դու վստահ էլ չէիր` հաջողվելու՞ է, ընթերցողը հավանելու՞ է: Երբ ավարտում ես, արդեն իրենից էլ ես հեռանում, ինչպես սիրած աղջկանից բաժանվելու ժամանակ, արդեն նա է հեռու, հողն է հեռու, պատմվածքն է հեռու: Դու այնքան ես տալիս, որ այլևս ոչինչ  չունես տալու…

 

     -Իրականի ու անիրականի, համոզիչի ու ապշեցուցիչի հորձանուտում ընթերցողը, այդ թվում նաև ես, կորցնում է հավասարակշռությունը: Դուք դա դիտավորյա՞լ եք անում և արդյո՞ք  մտածում եք  ընթերցողի մասին:

 

-Ոչ, ես տեղյակ չեմ. դա մահվան ու կենդանության եզրին է, այս աշխարհի ու այն աշխարհի եզրը: Կան շատ գրողներ, որոնք հարցազրույցների ժամանակ և ընդհանրապես հաստատուն պնդում են, թե իրենք գրելու ընթացքում մտածում են իրենց ընթերցողների մասին: Գուցե դա իսկապես այդպես է, բայց ոչ ինձ համար: Գրելու ժամանակ ես աշխատում եմ գրել, երևի առաջին հերթին բավարարել ինքս ինձ: Դա մեծ պահանջ է, որ ներսում է կուտակվում:

     -Պատերազմ, ահասարսուռ իրականություն, որի անմիջական մասնակիցն եք եղել նաև դուք, և որոնք  էլ  ծննունդ են տվել  Ձեր ստեղծագործություններից շատերին: Բայց այնուամենայնիվ դաժան իրականությունը արվեստագետին զգացողությունների խառնարանն է նետում, եթե հնարավորություն տրվեր, կյանքի այդ փուլը խաղա՞ղ կապրեիք, թե՞...

 

– «Սև գիրք, ծանր  բզեզ» գիրքն ամբողջությամբ մարդկության հորինած պատերազմի դեմ է, այն մարդկության կենսագրության ամենաողբերգական մասն է, դրանից պետք է խուսափել ամեն գնով: Գիրքն էլ չպետք է արժևորել պատերազմով: Եթե չլիներ այդ գիրքը, այդ հինգ տարիների ընթացքում ավելի հրաշալի գիրք կարող էր լինել, և ողբերգությունն այն է, որ  էն  մի ուրիշ հրաշալի գիրքը չգրվեց ու գրվեց հենց այս մեկը: Պատերազմի մեղքն այդքանով է մեղք:

     -Ձեր ստեղծագործություններում հաճախ հանդիպում ենք պատկերների, որտեղ կինն է` իր ֆիզիոլոգիական պրոցեսների հետ: Ձեզ համար, բացի սերնդի  շարունակորդ  լինելուց, ո՞վ է կինը:

 

-Ինձ համար երբեք չկա կին-տղամարդ առանձին հասկացությունը` հատուկ ընդունակություններով: Կինն այնքանով  է հերոս այս գործում, ինչքանով որ անհրաժեշտ է: Նույնքան էլ տղամարդը: Կինը միաժամանակ գեղեցիկ է, կինը հրաշալի է: Ի վերջո  կնոջ համար է, որ տղամարդը գնում է  զոհվելու:

 

     -Շփում բանականի ու երևակայականի միջև: Արդյունքում սյուժե` ստեղծագործության հող: Ինչպե՞ս է ծնվում, ձուլվում այն:

 

-Այն անդրաշխարհի ու այս աշխարհի, մահվան ու կեդանության եզրով է     գնում:

Դա գրողի խառնվածքն է: Դա ծնվում է քո ներսում տառապանքների, չարչարանքների գնով: Երբեմն գալիս է ոչ մի տեղից, երբեմն գալիս է, երբ օրերով  երաժշտություն ես լսում և պառկած նայում ես առաստաղին: Այդ ժամանակ դու հասունանում ես վերին ոլորտների համար, և հասունացման համար քեզ տրվում է մտահղացումները իրականացնելու ճանապարհը, ինչպես խնձորն ունի ճանապարհ դեղնելու, կարմրելու, ծառից ընկնելու, ուտվելու, վերափոխվելու մեկ այլ գոյի:

    

     –Լինում են դեպքեր, երբ ստեղծագործության սյուժեն հատված է իրական կյանքիցորի հերոսին դուք կարող եք նաև չսիրել, արդյո՞ք ներկայացնում  եք  այն  ձեր    տեսանկյունից, թե՞ օբյեկտիվորեն եք մոտենում:

-Հերոսը գուցե բացասական է, բայց ոչ ինձ համար: Ես իմ ներսում  սիրում եմ նրան:  Անգամ թշնամու գերի ընկած զինվորը մարդ է, որի մահը կամ  խաթարումը ցավ է պատճառում: Ես որևէ  մեկի մահով չեմ ուրախանում:

   

     –Իսկ գուցե նրանից  է , որ հա՞յ եք:

-Ես կարծում եմ, որ  դա ազգային պատկանելություն չի ճանաչում: Աշխարհի բոլոր արվեստագետներն էլ, կամ ցանկացած խիղճ  ունեցող մարդ ցավ է զգում մարդու կործանման համար:

    

     – Երբ կարդում ենք Ձեր որոշ պատմվածքներ, տպավորությունն այնպիսին է, կարծես թե ինչոր թերի բան է մնում, որ ինքներս պիտի ավելացնենք:

-Կյանքն է այդպես: Անգամ սիրած էակը, որ թանկ ու հարազատ է, համբուրում ես, սիրում ես, էլի մի բան է մնում չասված: Այդ «մնացածը» գուցե իմաստության քարն է, որն անընդհատ մշակելու,  լրացնելու կարիք ունի: Նույնն էլ պատմվածքում է, այն պետք է մշակի, ավելացնի ընթերցողը` դարձյալ թողնելով մի չասված բան:

 

     –Կան գործեր, որոնք շփոթության մեջ են գցում ընթերցողին: Չե՞ք վախենում, որ ընթերցողը կարող է Ձեզ չհասկանալ:

 

     –Եթե դու անկեղծ ես սպիտակ թղթի  առաջ, վախենալու ոչինչ չունես: Այդ ընթացքում ուրիշ ուժեր են տրվել, դու մաքրվել ես: Գրելուց հետո, երբ քայլում ես, փողոցում հայտնվող կենդանին  գիտե քո մաքրության մասին, և գալիս է դեպի քեզ:

 

     – Քիչ  առաջ «իմաստնության քարի» օրինակ բերեցիք, իսկ ա՞յս դեպքում:

-Գրելու դեպքում դու նույնանում ես սահմանի ու  անսահմանի հետ: Անկեղծությունը մոտեցնում է անբարոյական կնոջ վարքագծին, նրան, ով  վերջացնում է գործը, գնում եկեղեցի մոմ վառելու:

     –Տասնամյակների իմաստության խորհուրդ կա Ձեր մեջ,  ի՞նչ է փոխվելի՞նչ է մնացել նույնը:

-Չէ մարմինն է ծերանում, իսկ հոգին մնում է  քսան-քսանմեկ տարեկանի:

    

     –Մի՞թե քսանմեկ տարեկանում այդպիսին էիք:

-Բայց այսպես խիզախ էի: Մի՞թե հիմարության սահմաններին հասնող համարձակություն չէ ձեռք զարկել էպոսին, նստել «Արշակ արքա…» գրել, «Սև  գիրք…» գրել: Չկա  իմաստություն, կամ էլ դրան հասնելը շատ դժվար է, գուցե անհնար:

  

     –Կատարելություն գոյություն ու՞նի:

-Կատարյալ է արևը, կատարյալ է օվկիանոսը, գույնը: Անկատար է միայն մարդը:

    

     –Ի՞նչը կարող է  հունից հանել Ձեզ:

-Երբ սկսվում է անքնությունը` շաբաթներով, ամիսներով որոնում ես բառը և չես գտնում:

 

     –Դուք հա՞շտ  եք Ձեզ հետ:

-Ինչ հաշտի մասին է խոսքը, երբ կա գիշեր, կա ցերեկ, կա սպիտակ թուղթ, սև թանաք, երբեմն արևն է քեզ սիրելի, երբեմն լուսինը: Սրանք արդեն անհաշտություններ են: Իմաստությունը պիտի տանի խաղաղության, դա է կարևորը: Բայց չգիտեմ` երբևէ որևէ  իմաստուն  հասե՞լ է խաղաղության: Չէ, ինչ-որ բան էլ եմ թաքցնում… Թաքցնելն ինձ ավելի է օգնում մեծանալու համար:

 

     – Ամենասարսափելի  վիճակը...

-Երբ չեմ գրում: Դա իմ ողբերգությունն է: Երբ խռովում ես քեզանից,  Աստված էլ երես է թեքում քեզանից, լքվածության զգացում է  ու…

Ամեն անգամ, երբ փորձում եմ գրել, Աստծուց ուժ եմ  խնդրում` խոստանալով այլևս երբեք չգրել, որովհետև թվում է` այլևս ուժ չկա: Անցնում է ժամանակ, նորից Աստծո դուռն եմ գնում` աներես երեխայի պես: Երկունքի նման է, երբ կինը երեխա է ունենում, դու փորձում ես օգնել ծնունդին, և երբ երեխան աշխարհ է գալիս, դու փորձում ես այդ աղոթքով արդեն օգնել մարդուն` ապրել երբեմն դաժան, երբեմն տխուր այս աշխարհում:

     Հարցականների ծովում Խեչոյանգրողը  հարց է տալիս ինքն իրեն, կամ գուցե Աստծուն. «Չգրել, իսկ ի՞նչ է նշանակում գրել. երկուսն էլ հավասարազոր են»:

     Բազմաթիվ այլ հարցեր մնացին, բայց դրանք անպատասխան չեն, դրանք մենք կարող ենք գտնել Լևոն Խեչոյանի` «Խնկի ծառեր» (1991թ.), «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» (1995թ.), »Սև գիրք, ծանր բզեզ»  (1999թ.)  «Հունիսի հինգը և վեցը»,  « Հողի դողը»  (2003թ.),  «Տան պահապան հրեշտակը» (2002թ.)  գրքերում և դեռ այն էջերում, որ նոր պետք է լույս աշխարհ  գան:

     «Ինչպես Աստծո կողմից ուղարկված առաքյալները, այդպես էլ արվեստագետներն են գալիս, գալիս են երկրագնդի վրա իրենց աղոթքը անելու, որպեսզի մահկանացուի  կյանքը  թեթևհեշտ, գեղեցիկ լինի:

     Դու աղոթել ես, դու աղոթել ես ծնկաչոք, դու արդեն չգիտես` Աստծուն  կհասնի՞ քո աղոթքը, թե՞ ոչ»:

     Այս հարցի պատասխանը մենք գիտենք մեր մեջ, քանզի մենք այնտեղ ենքորտեղ մեզ տեսնում ենք:

   Հարցազրույցը վարեց   Հասմիկ Վարդանյանը                                                      

 

    Այս հարցազրույցը պետք է կայանար մեկ տարի առաջ, երբ Լևոն Խեչոյանն Արցախում էր: Անկեղծորեն ասած,զրույցի առաջարկը գրողի սրտովը չէր, շարունակվումէր իր կողմից ստեղծված լռությունը` իր և լրատվամիջոցների միջև: Ասել է, թե`այս հարցազրույցը կարող ենք համարել բացառիկ` լռության խախտումը տեսնելով անվանի  արձակագրի և ազատամարտիկի` Արցախի հանդեպ մեծ սիրո հոլովույթում:

Պարոն Խեչոյան, գրականության աշխարհ Ձեր մուտքը եղավ «Խնկի ծառեր» վիպակով, որը տպագրվեց «Գարուն» ամսագրում։ Հայտնությունը ավետիսի էր նման. մեր արձակում նոր անուն էր հայտնվել։ Դա եղավ մեր ազգային-ազատագրական  շարժման տարում։ Ժամանակը նման էր շնչարգելության։ Փոխվել էինք մենք, փոխվել էին մեր գնահատականները։ Ինքնափնտրտուքի ելած մի ողջ ժողովուրդ դարձ էր կատարում դեպի իր ակունքները՝ գտնելու, ամբողջացնելու իրեն։ «Խնկի ծառեր» վիպակը կարողացավ փորձություն բռնել, երևալ այդ դժվարին ժամանակում, քանզի մեր դիմանկարն էր լրացնում, օգնում՝ ազատվել կեղծ գունախաղից։

– «Խնկի ծառեր» վիպակն ավելի վաղ էր գրվել, Գյումրիում, կարծեմ երկու տարվա ընթացքում: Հայրս մահացել էր, հորեղբայրներս մահացել էին, հայտնվել էի անապատի կենտրոնում, այնպիսի վիճակում էի՝ անընդհատ թվում էր՝ անհայտ, չորս կողմից գլխիս հարված եմ ստանալու, զարմացած անհայտին՝ չորս կողմից հարվածողին էի դիտում, որոնում էի, փորձում գուշակել՝ ո՞ր կողմից է զարկելու, ո՞վ է ՆԱ:

Պաշտպանված  լինելու համար գնացի խնձորի այգին մեր հին: Դա Էրզրումն է: Էրզրումն  ինձ համար փլված, քարե ցանկապատով խնձորի այգի է: Չընկնելու համար իմ նախնիների հետ հանդիպեցի, նրանք բարեհաճ գտնվեցին, եկան, ձեռքիցս բռնած՝ անդունդի վրա բացված մազե կամուրջով անցկացրեցին: Արդյունքում «Խնկի ծառեր» վիպակը գրվեց, այնտեղ մի ես՝ մի հերոս կա, որ բոլոր սերունդների հետ ապրում, ոչ մեռնում է, ոչ էլ ծերանում՝ ինչպես ժամանակը: Որ դիտենք, էպոսի Մհերը կերևա, թե արևամուտի մեջ ինչպես էր մենամարտում Աստծո հրեշտակի հետ, իսկ քիչ հեռվում՝ ծփացող Վանա լճի վրա, ձկնորսներն իրենց գործին, ծնկները նավակների կողերին հենած՝ ուռկաններն էին նետում ալիքազարկ, ճերմակ ջրերը…Անգամ Աստծո հրեշտակի հետ պատերազմելուց հետո, չպարտված փակվել էր Ագռավաքարում, այնտեղ է ՆԱ՝ Հայոց Ավետարանը:

Դարեր են տիեզերական հաշվարկից պակասում, սերունդներ են անցնում, քաղաքակրթություններն են ծնվում, ոչնչանում, ինքը՝ ոչ ծերանում, ոչ էլ մեռնում է: Սպասում, հանդիպում է բոլոր սերունդներին: ՆՐԱՆ այնտեղից հանել է պետք, կգան կանչվածները, գալու են… թեպետ կուրորեն խարխափելու վախն էլ կա…

Ժամանակակից մտքի համար հեշտ է ասելը. «Աստծո հրեշտակի հետ կռվեց», միայն հո Մովսեսը գիտեր՝ այդ ինչ հանդիպում էր հրեշտակի հետ. քառասուն տարի մի ժողովուրդ գցած ետևն  անցնում էր անապատով, անապատը ոչ վերջանում, ոչ էլ աճում էր, անապատը մի փակ շրջան էր կամ մի ճահիճ էր, որ ամեն նոր դարի հետ հայրենիքիդ, քաղաքիդ, դռանդ շեմի տակ է հայտնվում, ոչ կուլ է տալիս, ոչ էլ ազատ է արձակում:

Ավագ որդիս, «Խնկի ծառեր» վիպակը միաժամանակ դարձան երկու տարեկան, հիմա երկուսն էլ քսանհինգ են: Եթե իմ կամքով լիներ, շատ բաներ կխմբագրեի երկուսի մեջ էլ, մի բան կպակասեցնեի, մի ուրիշը կավելացնեի: Գիրը, քրոմոսոմն ո՞վ է կարողացել խմբագրել, մի՞թե երբևէ խմբագրվել են զանգուլակներով անցնող այս կույր ճշմարտատես ճամփորդները: Ինձ էլ է մաշելու մարդկության հավերժական կասկածը…

– Արվեստը հայրենիք չունի, բայց արվեստագետը հայրենիք ունի և մշտապես մտահոգված է իր հայրենիքի ճակատագրով։ Արցախյան պատերազմի տարիներին որպես ազատամարտիկ մարտնչելով տարբեր ճակատներում՝ Դուք հաստատեցիք այս իմաստնությունը։ Ծնվեց «Սև գիրք, ծանր բզեզ» գիրքը, որն արժանացավ  ՀՀ «Ոսկե եղեգն» պետական մրցանակի։ Գիրքը փաստագրության և գեղարվեստի համադրությամբ գրվել է, ինչպես ասում են, գրիչն իր մարմնից առնելով, քանզի ուրիշ նյութից ստեղծվածը չի կարող թարգմանել պատերազմում հայտնվածի էությունը։

– «Սև գիրք, ծանր բզեզ»-ի ժամանակն ուրիշ էր: Մի տարիք կա, երբ ծունկդ չի ծալվում հայրենիքիդ ծանրության տակ, եթե ծնկում կամ խրամատում պառկում էլ ես, ինչպես ամենաթանկ կնոջ վրա՝ որդեսերման սերմը տալու:

Մեղքեր գործած էի վերադարձել մեր պատերազմից, այնքան էի հզորացել, ինքնավստահ` շուրջս հոգու աչքով ոչինչ չէի տեսնում, միայն աչքերի լույսով էի տեսնում, դարձյալ ասում էի.» Կանցնեմ բոլոր մեղքերի միջով ու անմեղ կմնամ», հետո, դրանից հետո սկսվեց խելացի տառապանքի ժամանակը: Կարծեմ գրքի վերնագիրն էլ է ինչ-որ բան հուշում. «Սև գիրք, ծանր բզեզ» վերնագիրը կույր աշխարհի սարսափեցնող տեսքն է ընդգրկում, որտեղ կշեռքի նժարներին մշտապես հավասարակշռվում են արարումը և ոչնչացումը: «Ծանր բզեզ»՝ խոսքը փարավոնների բզեզի մասին է, որը նրանց համար հարստության, երջանկության, հզորության սիմվոլ էր: Մի փորձիր հիշել քո տեսած այն երկու կոյաբզեզներին, որոնք դաշտի հողոտ ճանապարհի վրա թրիքից կերտած կլոր գունդն են պտտեցնում, հենց դրանք էլ այն ժամանակ համարվում էին երկրագնդի պտույտը, անվտանգությունը ապահովողը՝ գլորելով առաջ պիտի տանեին հողագնդի հավերժությունը:

Ոչ թե ցանկություն ունեի թշնամուն նսեմացնել, հաղթել, այլ` մերի օրինակով գրել երկրագնդի վրա կատարվող բոլոր պատերազմների դեմ, ընդհանրապես, մարդու փոքրիկ ուղեղում բռնկվող խոշոր պատերազմի դեմ: Չարենցն արել է, չէ՞, «Դանթեականում», ինչ խոշորածավալ համայնապատկեր է, իմ իմացած լավագույն գործերից է՝ գրված պատերազմի դեմ:

Հետո՝ այդ «Ոսկե եղեգն» պետական մրցանակը, եթե իմանայի, կհրաժարվեի, իմ ընկերներից շատերին կորցրեցի, անդունդը բացվեց, պիտի միայնակ մնայի, դա մի իրավիճակ է, երբ անընդհատ կաթացող մի կաթիլ ջուրը չեչաքար է ճաքեցնում:

Հետո, միջավայրը, որի միջով անցնում ես, արվեստում գործող միջավայրի դիտավորյալ դառը անվստահության ժամանակաշրջանն էլ է դրսևորվում դեմ հանդիման, որը 40-50 տարեկան, դեպի կատարելություն ընթացող արարողների է սպանում:

«Հեքիաթները» պատմելուց առաջ դեռ «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը պիտի գրվեր:

Պատմությունը ի՞նչ է գրողի համար. նյո՞ւթ, թե հենք, որի վրա գրողը կառուցում է իր հետագա գործունեությունը։ Հաճա՞խ եք անդրադառնում պատմությանը։

 

-Գրել պատմական  տեսանկյունով՝ ժամանակակից, սթափ և ռացիոնալ մտածող մարդու համար, անկասկած, կթվա անհեռանկար, ապագա չունեցող, ինչ-որ չափով նույնիսկ վտանգավոր գործ: Հիմա աշխարհում անցյալի թեմաներով վեպեր այլևս չեն գրվում: Բայց, եթե ամբողջ պատմության ընթացքում մարդու կատարած աշխատանքը և նրա կողմից ստեղծած մտածողության սիստեմն արդեն գոյություն ունեն ավարտված տեսքով, ինչպես Ամերիկայի, Եվրոպայի երկրների ժողովուրդների դեպքում, հենց դա էլ երևի հնարավորություն է տալիս որոշակի եզրակացություններ անելու՝ պատմության մեջ նրանց և մեր տեղի ու նշանակության մասին:

Նրանք պատմական անցյալում իրենց երկրների սահմանների նշանացույց սեպագիր սյուները կանգնեցրել են, տարածքները քարտեզագրել,  հիմա էլ՝ տիեզերագնացության, անհատականության, ուրբանիզացիայի դարում հրաժարվում են թագավորների վեճերից, բողոք են բարձրացնում ազգերի պատմության վերանայման պահանջի դեմ, որովհետև նրանց համար ժողովուրդների ոգին անհատի ոգու հետ համեմատած`  մոնումենտալ կցորդ գոյություն է: Անհատի ոգին են ուզում  փրկել:

Մեր պատմական անցյալը փակ համակարգ է, ծա՞ղր է՝ ի՞նչ է, ինպես մի ճահիճ, որ ամեն դարի հետ հայրենիքիդ, քաղաքիդ, դռանդ շեմի տակ է բացվում, ոչ կուլ է տալիս, ոչ էլ ազատ է արձակում: Վեճը, ինչպես կար  I-V, IX-XIX դարերում, հարյուրամյակներ կա, մինչև այսօր գալիս է, նրա հետ գալիս է  պատմավեպ գրելը: Իմ կարծիքով՝ լրիվ արդարացի, գուցե մյուս ժողովուրդների պատմական անցյալի մեջ վեճ չկա,  գուցե իրենց պատմությունն ավարտել-ամբողջացրել են, մերը չի ավարտվել, մերը շարունակվում է, թելադրում է՝ պատմական գրքեր, ժողովրդի զանգվածներ, համայնապատկեր, տեղաշարժեր:

Պատմավեպը և անհատական, և մոնումենտալ մտածողություն է: Ինչքան էլ անհատի, մարդու՝ իր խորքերում իրեն որոնելու, քարոզչության ժամանակաշրջան է, ինչքան էլ՝ «ամեն ինչ հոսում է», ամեն տեսակի հավատ կաթվածահար անող այս օրենքն է գործում դարի սրտում, միևնույնն է, չէ՞ որ մեր հոգու խորքում ինչ- որ բան ոչ թե անհատականությունից, այլ ժողովրդից, հասարակությունից, ամենայն մարդկությունից կա:

Ինչ-որ բանում մենք մաս ենք հանդիսանում՝ մեկ- ամբողջական ոգու, մեկ ամբողջական համաշխարհային մտածողության, մեկ-ամբողջական երկրագնդի հողի փոշու, որից կերտվեց մեկ ամբողջական Ադամը, նրա ռունգերի մեջ փչած մեկ ամբողջական շնչից:

Վեպում նկարագրվող ժամանակը նորից ու նորից սեռական ճանապարհով այս աշխարհ վերադարձող մարդու պատմությունն է:

Չկա պատմական կամ ներկա ժամանակ: Ժամանակը Աստծո ժամանակն է, որով ՆԱ սպանում է մեզ: Աստծո հեռավորության չափով, հինգերորդ դարից մինչև այսօր,  մի վայրկյան է անցել: Այդպես՝ հեռավորություն նշելիս մարդն է ասում. «հինգերորդ դար», Անսահմանությունը կամ Աստված ասում է. «Մի ակնթարթ»: Այդտեղից էլ վեպում նկարագրվող դեպքերը, դիպվածներն այսօրվա Հայաստանի իրադարձություններն են: Ինչպես և այն ժամանակ՝ ուժերի գերագույն լարումով   գոյատևել՝ փոքրաքանակ ժողովրդի աշխարհի երեսից չվերանալու գերզարգացած ինքնապահպանման բնազդ՝ դրանից էլ բազմապատկվելու՝ մեկը երկու դառնալու միստիկական գերզգայուն խորհուրդը: Տասնվեց դար է անցել (Աստծո ժամանակով մեկ վայրկյան, գուցե մեկ րոպե) նույն ժողովուրդը՝ նույն չլուծված խնդրով: Շատ և բազում կաթողիկոսներ, եկեղեցիներ է ունեցել, եկեղեցիներում ̀ աստվածներ, տասնվեց դար իր հոգու մաքուր աղոթքը հղել է նրանց, իսկ արհավիրքները եկել ու եկել են: Իր ճանապարհի ընթացքում երբեմն կասկածվել է Աստված, երբեմն՝ եկեղեցին, երբեմն՝ թագավորն ու կաթողիկոսը, իսկ գենետիկորեն իրար փոխանցած ազատության ոգին՝ երբեք, որը թևածում էր Արևելքի և Արևմուտքի միջև՝ պահպանելով իր տեսակի առանձնահատկությունը, այդ տեսակն այս արևի տակ ապրելու իրավունք էր  նվաճում…

  – Դուք արձակագիր եք, պատմավիպասան, և հեքիաթների ժողովածուի երևալը կտրուկ շրջադարձի պես էր։ Ինչո՞ւ հեքիաթներ...

 

-Ահա, հիմա  երբ արդեն հոգին կատարել է հեռավոր ճանապարհորդություն, երբ այս հողագնդի վրա մարմինն էլ սկսել էր ծերանալ, երբ երկրազարկ մարդկային հոգսերը թուլացրել, մաշել էին կառուցվածքս, սպիտակ թուղթը և սև թանաքը պակասեցրել էին աչքերիս լույսը, երբ հիվանդությունները ցավի դռներ էին բացել մարմնիս մեջ, ու լեռներում, տափաստաններում ցրտահարված ոտքերիս պատճառով դողդոջ են դարձել ծնկներս, գիշերները ողնաշարս տնքում է շամփրող ցավերից, երբ գեղասքանչ մարմինս թղթի նման պատառել է  բժշկի դանակը, երբ մարդկային խարդավանքները  սարդոստայնի նման հազար անգամ էին որսացել հոգիս, երբ ամենահարազատներն էին ուրացել ու ես նրանց էի թողել, երբ գործած մեղքերս էին վերադարձել, գիշերները կատվի նման ծնկներիս վրա էին քնում, երբ ոչ թե կարկուտի, ոչ էլ անձրևի, ոչ  կայծակի որոտների զարկերն են հասնում, այլ քնած տեղս տառապանքն է իր լռությամբ ավելի հուժկու խփում, արթնացնում:  Անքնությունից  բարձրացած ճնշման պատճառով` երեկոները ականջներիս մեջ անդրաշխարհից եկող սուլոցներ են լսվում, անքուն սիրտս, շնչառությունս, կաթվածահար են լինում: Մարմինս մաշվում, կորցնում է իր երբեմնի խտությունը, մոտենում էր հոգու  տեսողության լույսին, ահա հիմա էր հեքիաթ պատմելու իմաստությունը բացվել…   Նվարդ, հիմա զգացի՞ր, թե ե՞րբ դարձյալ վերադարձ եղավ Էրզրումին՝ խնձորի այգուն մեր հին, չէ՞ որ այդ հեքիաթները Էրզրումի  նորից վերապատմվող հեքիաթներն էին:

     – Հա՞շտ եք Ձեր հոգու Աստծո հետ...

 

– Հա՞շտ: Ինչպես կարող է քառասունհինգից ավելին թևակոխածը հաշտ լինել: Թույլի կողմից եմ: Երբ փողոցում շանը ծեծում են, մարդուն թողած՝ շան կողմից եմ: Թույլը ժողովուրդն է, պետությանը թողած՝ ժողովրդի կողմից եմ:

Երբեմն շաբաթներ են անցնում, չգիտեմ՝ մոռանում, թե՞ համառում եմ, ամիսներով եկեղեցում մոմ չեմ վառում:

Վրացի ծանոթ ռեժիսոր ունեմ. ամեն ինչից հրաժարվեց, գնաց վանք մտավ, նրանց հայտնի ռեժիսորներից էր, ութ ամիս հետո դանակն առած հարձակվել էր իր սրտի վրա, երեք տեղից կտրել էր:

Քանի անգամ, քանի անգամ ես մտքիդ մեջ  ինքդ քո դեմ սպանության զենքի կոթը բռնում:

Քրիստոնեությունը այս մտքից սարսափում է՝ ինչպես ոտքի տակ հանդիպած օձից: Բայց Եսենինը, Հեմինգուեյը, Ցվետաևան, Փաունդը, Հուդան այս անհաշտ վեճի պատճառով հեռացան, կարծում եմ` Աստծուն շատ էին սիրում:

Հաշտ լինել հնարավո՞ր է, երբ տասներկու ժամ ապրում եմ ցերեկվա, տասներկու ժամ՝ մութի մեջ՝ գիշեր և ցերեկ, խավար և լույս, երբ գրվելիք թուղթդ սպիտակ է, թանաքդ՝ սև: Ընդհանրապես հաշտություն չկա:

Թումանյանը, Տերյանը, Չարենցը, Ջիվանին՝ ի՞նչ անհաշտություն, ներսի հետ ի՞նչ ծավալների վիճաբանություն՝ մինչև տիեզերք ընդգրկող տառապանք:

     – Ձեր ստեղծագործություններն ուղղված են մարդկային էության խորքերը երևացնելու՝ բոլորից անտես պահված հույզերը, զգացումները։ Որքանո՞վ են Ձեզ նման Ձեր հերոսները, ո՞ւմ եք նախանձում, ո՞ւմ կուզենայիք նմանվել։

 

– Սկզբից էր Բանը, և Բանը Աստծո մոտ էր, և Բանը Աստված էր…

Ի՞նչ է այս Բանը, որ այսքան հասկանալի է, միաժամանակ այդքան անըմբռնելի՝ իրար ետևից ասված երեք նախադասության մեջ, երեք անգամ կերպարանափոխ է լինում: Մի՞թե սա մշուշի միջից հայտնվող, չքացող Բանը չէ, որ բռնել էր Չարենցին, որին Նավզիկե  է կոչում.

Մերթ աղջըկա նման, մերթ մանկական տեսքով,

Մերթ որպես կին՝ տեսած երազի մեջ,-

Մերթ որպես կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո-

Պատկերացել է ինձ-իմ Նավզիկեն:

Կարծես ԱՅՆ առեղծվածային յոթ սարի ետևում է գտնվում, մութ աշխարհ՝ ճանապարհին սիրեններն էլ են երգում, ջրահարսներն էլ նավեր են խորտակում: Բայց մարդկությունը, դարձյալ ու դարձյալ, իր լավագույն որդիներին այդ հազարան բլբուլին՝ առեղծվածային թռչունին, բերելու համար այնտեղ է ուղարկում: Մենք  միայն մի Մոցարտի, մի Չարենցի, Տերյանի, Բունյուելի, Մատիսի գիտենք: Չգիտենք՝ քանի-քանիսն են գնացել ԲԱՆԻ ետևից ու չեն վերադարձել, չգիտենք նրանց անունները: Չգիտենք՝ ինչ է ԱՅՆ,  որ մարդու որդիներին՝ լավագույններին, զոհ է վերցնում: Չարենցն անուն էլ է դնում ՆՐԱՆ՝ Սոմա կոչելով փորձում է տեսանելի դարձնել:

Սոմա, ես գիտեմ՝ մի աղջիկ ես դու,

Երկնային մի քույր,

Որ տալիս է մեր սուրբ ծաղիկներին

Թույն, թախիծ ու բույր:

Ի՞նչ է ՆԱ, այդ յոթ սարի ետևում գտնվողը՝ թու՞յն, թախի՞ծ, թե՞ բույր:

Գուցե ԲԱՆԸ մեր կյանքի աղբյուր հանդիսացող սրտի խորքում է  կամ ավելի ճիշտ՝ այդ գաղտնի էությունը մշտապես փակված է այնտեղ, այն տեղում, որտեղ ապրում է մեր սրտի բնական ջերմությունը, որի մեջ է բոլոր գոյերի պտղաբեր ներքին ուժը:

Ինչպես որ ձվի մեջ աներևույթ արևն է ապրում, դա դեղնուցի մեջ գտնվող արևային կետն է՝ ձվի սաղմնային բջիջը, որը սովորական աչքով չի դիտվում, զարմանալի բան է տիեզերածավալ արևը, այնքան փոքր է, որ անգամ չի երևում, բայց նույն ուժով է, նույն զորությամբ:

Այնուամենայնիվ, ահա այստեղ է հրաշքը՝ առեղծվածը, ԲԱՆ-ի ետևից, յոթ սարի ետև, լույս ու մութ աշխարհ գնացած մարդու որդիներից քչերի համար է այդ ձվից հազարան բլբուլը ծնվում, շատերի համար նրանից սովորական թռչուն՝ հավ է դուրս գալիս:

Շատերն են կանչված, քչերը՝ ընտրյալ…

Այսքանից հետո ի՞նչ ասեմ, թե ո՞ր հերոսին եմ նման, թե որի՞ն եմ նախանձում, այսքանից հետո կասվի՞, երբ դեռ յոթ սարի ետևից չես վերադարձել:

Շրջագայել եք աշխարհի տարբեր երկրներում, ծանոթացել այդ ժողովուրդների կենցաղին, գրականությանը։ Ցավոք, տնտեսապես չենք կարող նրանց հետ համեմատվել, բայց, միաժամանակ, մենք սնանկ չենք։ Ինչո՞վ կարող ենք հպարտանալ։

 

– 2000-ին ինձ բախտ վիճակվեց հայկական ԱՕԿՍ-ի և Յունեսկոյի ծրագրով Եվրոպայի 103 գրողների հետ ճեպընթաց գնացքներով 2 ամսում անցնել ամբողջ Եվրոպայի տարածքով: Շատ երկրներ, ազգեր, ժողովուրդներ տեսա: Մշակույթներ: Փողոցներում՝ ճարտարապետություն, պատկերասրահներում   էպոխաների  հին ու նոր նկարչությունը դիտեցի, դահլիճներում  երաժշտությամբ, թատրոնով դյութվեցի: Ինչպես որ շատ մարդիկ իրենց հոտով են ճանաչվում, այդպես էլ՝ քաղաքներն են, շատ քաղաքների փողոցներով ոտքով քայլեցի, նրանց հոտը շնչեցի, ինչպես որ սիրո ժամանակ աղջկա բուրմունքն են ծծում ծոծրակից:

Շոգ, անքուն գիշերներին դուրս էինք գալիս հյուրանոցի մեր սենյակներից, բացօթյա սրճարաններում նստում էինք գարեջրի սեղանների շուրջը, զրուցում էինք աշխարհի ԲԱՆԻՑ, մինչև լուսաբաց: Քանի գնում՝ համոզվում էի, որ մեր մշակույթը, գրականությունը, մանավանդ բանաստեղծությունը ոչ մի բանով չի զիջում նրանցին: Մի կարևոր հանգամանք ևս կա այսպես մտածելու, միայն թե չսխալվեմ, տարիների փորձառությունը հուշում է, որ մի տարածություն, մի ժամանակ էլ կա ժամանակից դուրս, որտեղ մարդու որդիները՝ լինի ակադեմիկոս, աստղագետ, նկարիչ, գրող, հովիվ, թե խառատ, այդ տարածության, այդ ժամանակի մեջ բոլորը հավասարվում են, նույնը՝ ազգերին, ժողովուրդներին, նրանց քաղաքներին է վերաբերվում, որ մի տարածության, մի ժամանակի մեջ, իրենց մշակույթով բոլորը հավասարվում են:

     – Բակունցը ներկայացրել է Գորիսը, Մաթևոսյանը՝ Լոռին, իսկ Դուք ներկայացնում եք Ջավախքը։ Ապրում եք Ջավախքից հեռու, բայց շարունակում քայլել մանկության արահետներով...

     – Ստեղծագործող անհատը պատասխանատու է նախնիների առջև և իր հայրենիքի ապագայի համար...

 

Այս և հաջորդ հարցը շոշափվել են պատասխանների ընթացքում:

     – Ձեզ կոչեմ Ձեր կերտած գրական հերոսներից մեկի՝ Օնանի անունով։ Ինչպիսի՞ տրամադրություն ունի Օնանը հիմա և ինչի՞ վրա է աշխատում։

 

– Հիմա ի՞նչ եմ անում, մոլորվում, սխալվում եմ` ինչպես բոլոր մնացած անգամները: Արդեն երկար ժամանակ է մի գործի վրա եմ աշխատում, գործի անունը չասելու պատճառը ոչ թե գաղտնիք լինելն է, պարզապես կարող է ավարտելուց հետո  պարզվի որ չի ստացվել: Գարնանն ասում եմ՝ աշնանը կվերջացնեմ, աշնանը՝ գարունը: Այսպես արդեն հինգ տարի է այս գործը և տարվա եղանակները շրջագայում են սեղանիս վրայով:

 

 

 

Հարցազրույցը վարեց    Նվարդ Ալեքսանյանը

 

 

 

     Քրիստինե Աղալարյան Ռեժիսոր Սուրեն Բաբայանը Ձեր «Շաբաթ, կիրակի» պատմվածքի հիման վրա ֆիլմ է նկարահանել՝ անվանելով այն «Փուշը»: Ի՞նչ կարծիքի եք ֆիլմի մասին, Ձեր պատմվածքն այնտեղ ամբողջությամբ արտացոլվե՞լ է:

-Դժգոհություններ ունեմ ֆիլմից: Կարծում եմ` գրական ինչ խնդիր որ դրված էր, չի արտահայտվել ֆիլմում, կիսատ բան է մնացել ֆիլմում:

     Ք.Ա.Ի՞նչն է կիսատ: Ձեր հերո՞սը չի ամբողջացել,  թե՞ այլ բան է կիսատ մնացել:

-Կարելի է ասել, որ չի ամբողջացել: Կարելի է ասել՝ գրական խնդիրը, որ դրված էր, մինչև վերջ լուծված չէ, դրա համար ֆիլմը աջ ու ձախ էր ցրված:

     Ք.Ա.Ինչպե՞ս որոշվեց, որ «Շաբաթ, կիրակին»  է  ֆիլմ դառնալու:

-Չգիտեմ, դա ռեժիսորն է որոշել: Սկզբից «Սև գիրք, ծանր բզեզ» վեպն էր ուզում նկարահանել, հետո ֆինանսական խնդիրներ առաջացան: Հաջորդը որոշեց, որ դա է լինելու: Ինքը մի օր ասաց, որ ֆիլմ է ուզում նկարել, ես էլ մտածեցի, որ իրավունք չունեմ բռնանալու, ասելու, թե՝ չէ, այս մեկը պետք է անպայման անես: Մտածեցի՝ եթե դա է անում, ուրեմն իր մոտ հասունացել է այդ ֆիլմն անելու գաղափարը, նպատակը, ինչ-որ նոր բան է տեսնում:

     Ք.Ա.Ֆիլմի նկարահանման ընթացքում համագործակցո՞ւմ կամ խորհրդակցո՞ւմ էր Ձեզ հետ:

-Չէ, երկու-երեք անգամ ինչ-որ հարցեր են տրվել, բայց ֆիլմը նկարահանելու ժամանակ խորհրդակցություններ չեն եղել, ես ներկա չեմ եղել ոչ մի նկարահանման:

     Ք.Ա. –Ապագայում Ձեր գործերից որևէ մեկը  էկրանավորելու մտադրություն կա՞:

-Այո, ինքն արդեն ինձանից նաև պայմանագրով հաջորդ ֆիլմի իրավունքն է վերցրել: Հաջորդ ֆիլմը լինելու է «Խոզը» պատմվածքի հիման վրա: Երևի շուտով կսկսվեն նկարահանումները: Գուցե հարց առաջանա, թե ինչո՞ւ առաջինից դժգոհ լինելով` երկրորդի համաձայնությունն եմ տվել: Որովհետև ինչ-որ տեղ ֆինանսական խնդիրներ կային, և այս անգամ ես հաշվի չառա, որ լավ էր, թե լավ չէր: Այս անգամ փորձեցի ես իմ կողմից լինեմ, ոչ թե ֆիլմի:

     Ք.Ա. – Այս պահին ի՞նչ գործի վրա եք աշխատում:

-Մի քանի օր է, ինչ ավարտեցի «Մհերի դռան վեպը»: Ընթացքում ինչ-որ բաներ չկան: Մի քանի հարցազրույցներ եղան ուկրաինացի լրագրողների հետ, քանի որ իմ գիրքը թարգմանվել էր ուկրաիներեն: Հիմա մի քանի պատմվածքներ կան, որ կուզենայի սկսել, հետո նոր վեպի մասին կմտածեմ:

     Էդիկ ԲաղդասարյանՎեպդ շատ երկար տևեց, ի՞նչն է պատճառը:

-Ժամանակը կարևոր չէ, որովհետև դա մարդկային ժամանակին է վերաբերում: Գործ կա, որ հրաշալի գործ է, մի ամսում է ստեղծվել: Հեղինակ էլ կա, որ 25 տարում է գրել, դա չի արդարացնում գործը: Երկար տևեց, որովհետև դա Սասունցի Դավիթն է, Սասունցի Դավթի 4 ճյուղն է, և պատկերացրեք՝ հայ ժողովրդի 3000 տարվա պատմությունն է: Եթե ես դա գրել եմ 13 տարում, նույնիսկ ամաչում ես, որ դա դու 13 տարում ես գրել: Կարծում եմ՝ գրականության համար ուզում ես մեկ օր աշխատի, ուզում ես՝ 13, ուզում ես՝ 20, գործը պիտի ստացված լինի, ժամանակը ոչ մի նշանակություն չունի: Կարևորը սպասենք, տեսնենք՝ լավ է, թե` չէ: Արդեն պատրաստ է տպագրության: Շուտով, հավանաբար, «Անտարես» հրատարակչությունը պայմանագիր կկնքի և գիրքը կտանի տպագրության:

     Ք.Ա.Այսօր գրականության մեջ ի՞նչն է մոդայիկ:

-Ամեն մեկը մի բան է սիրում. մեկը սիրում է հայհոյանքներով գրել, մեկը՝ չգիտեմ ինչ, բայց իրականում գրականությունը խորքի մեջ է, ինչ ուզում ես` արա: Ընթերցողը բնազդով զգում է՝  որն է լավ գրականությունը, ընթերցողը բնազդով գնում է դեպի լավ գրականությունը: Եթե Եվրոպայում անգամ կա նմանատիպ գրականություն, հորինովի բաներ, այնուամենայնիվ, ամեն ժանր իր տեղն ունի:

     Է.Բ. – Ի՞նչ  է  բառը  քեզ  համար:

-Գիտես, գրականությունում, նախ` որպեսզի հասկանանք, թե ինչ է բառը, պիտի սկսենք էստեղից. Աստվածաշնչում (կարծեմ 4-րդ ավետարանչի մոտ էր) ասվում է՝ Բանը Աստված էր, Բանը Աստծու մոտ էր, Բանը սկզբից էր: Այսինքն՝ առանձնահատուկ տեղ է տալիս Բանին: Երկրորդը՝ ուշադրություն դարձրու և տես, որ գրական խոսքը միակ բանն է, որը ոչ մի ժանրի նման չէ՝ ոչ ժուռնալիստիկային, ոչ թատրոնի խոսքին, ոչ էլ կինոյին: Սա առանձնահատուկ խմորումով ստեղծվող բան է՝ յուրահատուկ, ներսից եկող: Ժուռնալիստիկայում ինչպես է՝ դնում իրար հետևից շարադրում ես: Բայց գրականության մեջ եթե բառը ներսից չեկավ, դրեցիր, էդ նախադասությունն արդեն չի ստացվի, քո ընթերցողը չի հետաքրքրվի էդ բառով: Մեղուն գնում է հեռու տեղից ծաղկափոշի է բերում, և որպեսզի մի կաթիլ, մի կաթիլի կեսը մեղր ստանա, մի քանի տարբեր ծաղիկների վրա է կանգնում: Բառն էլ է էդպես. տարբեր բառերի ընտրությունից, համադրությունից հետո մեկ էլ տեսնում ես՝ սա քո բառն էր: Եվ դրա համար կարող է պատահի դու 10 տարի աշխատես մի գործի վրա, բայց էդ մի բառը գտած չլինես: Էդ մի բառը որոնում ես, որոնում ես, բայց էլի չես գտնում:

     Ք. Ա.Ինչո՞ւ են ձեր կերպարները հիմնականում դրամատիկ:

-Չգիտեմ, ինքս գրելուց առաջ չեմ որոշում, որ սա դրամատիկ պիտի լինի, ուրախ պիտի լինի, կամ ով պիտի լինի: Այդպես գրվում է, այդպես իմ զգացողությունն է, կյանքի զգացողությունն է, մարդու՝ իմ զգացողությունն է այդպես:

     Ք.Ա. – Իսկ հերոսներ ստեղծելիս նախատիպեր կա՞ն, թե՞ հնարովի կերպարներ են:

-Եղել են և նախատիպեր, և հնարովի: Պատմվածքներ կան գրքում, որոնք ունեն իրենց նախատիպերը, կան այնպիսիները, որոնք չունեն:

     Ք.Ա. Գրողի համար ո՞րն է հեշտ՝ նախատիպո՞վ կերպար ստեղծելը,  թե՞ ամբողջական նոր կերպար կերտելը:

-Հեշտ ու դժվար չկա: Եթե պահը եկավ գրելու, ամենաչմտածված բանը դառնում է նյութ:

     Ք.Ա.Պահը ինչպե՞ս եք որսում: Հե՞շտ է ստացվում:

-Նայած`ինչպես ես լեզու գտնում քո գրասեղանի, քո Աստծո հետ: Երբեմն պահ է լինում, որ նյութը պատրաստ է, ներսդ զգում ես, որ հեսա-հեսա պիտի գրես, պահը զգում ես, բայց զորությունդ չի հերիքում: Այդ ժամանակ Աստծուն խնդրում ես՝ էս մի անգամ էլ ուժ տուր էս մեկը գրեմ ու էլ չեմ գրի: Էս մեկը գրում ես, ու հետո նորից: Այդքան հեշտ չի տրվում:

     Ք.Ա.Շատ նուրբ ու հեզ են Ձեր կին կերպարները:

-Երկրագնդի ամենագեղեցիկ երևույթը և բնության, տիեզերքի ամենագեղեցիկ պարգևը կինն է: Պիտի նրան կարողանանք ընդառաջ գնալ: Շատ հաճախ տղամարդիկ չեն կարող կնոջն ընդառաջ գնալ, և դրա պատճառով խաթարումներ են լինում: Նա, կարելի է ասել, պսակն է երկրագնդի: Պատկերացրեք` երեխա , օջախ է ստեղծում, այն գիշերները, որ մութ են, այն գիշերների մեջ, որ մենակությունը ճերմակ օձի պես սավան է դառնում և փաթաթվում քո վզին, միակ օգնականը  քո կինն է, կնոջ տաք մարմինը: Երբ դիպչում ես, արդեն զգում ես, որ էս տիեզերքի վրա մի ուժ էլ կա, որ քեզ է նվիրված, և քո փրկությունը այնտեղ ես որոնում:

Աստվածաշունչն ասում է, որ եթե կինն ընկնի, տղամարդը բռնելու է նրան, եթե տղամարդն ընկնի, կինն է բռնելու նրան: Միաժամանակ տիեզերքի ամենաողբերգական կերպարներից մեկն է կինը, կնոջ կյանքում մի քանի փոփոխություններ են կատարվում, որ իրեն տանում են տխրությունների միջով: Մեկն այն ժամանակ է, երբ կինը կորցնում է կուսությունը, դրա մեջ մտնում է նաև երեխա ունենալը: Պատկերացնու՞մ եք, թե ինչ է նշանակում 9 ամիս երեխա կրելը:

Մյուսն այն է, որ, պատկերացնու՞մ եք՝ 18 տարի դաստիարակվել է մի տեղում և գնում է մեկ այլ տեղ ապրելու՝ ուրիշ օրենքներով, ուրիշ դրվածքով, ուրիշ սովորույթներով: Կնոջ վրա դրանք բոլորը ազդեցություն ունեցող խնդիրներ են:

Հաշվի առեք, թե կնոջն ինչ մեծ առաքելություն է տրված: Երբ տղամարդը զինվոր է, երբ տղամարդը շուտ ընկնող է, շուտ զոհվող է, նրա աչքերը փակողը դարձյալ կինն է՝ իր ուրախության, իր տխրության մեջ:

Գիտեմ` կնոջից ինչ է կախված երկրագնդի վրա:

     Ք.Ա. – Եթե Հայաստանի նախագահը կին լինի, երկրում ինչոր բան կարո՞ղ է փոխվել:

-Ես վստահ եմ, որ կգա ժամանակը, երբ մենք կին նախագահ կունենանք: Թող լինի կին, բայց էս պահին հարցը էդպես դնելն էլ ինձ համար անակնկալ էր:

     Ք.Ա.Ճի՞շտ հասկացանք, որ կնոջը որպես նախագահ դեռ չեք տեսնում, այլ տեսնում եք ջերմություն տվողի, մոր, հեզ կնոջ կերպարում:

-Բայց արդյո՞ք քիչ է էդ ջերմություն տալը: Չէ, ես նախագահ էլ կտեսնեմ, չեմ էլ կասկածում իր խելքին, հնարավորությանը, սրտի տաքությանը, բարությանը: Կարող է լինել, բայց Հայաստանում ժողովուրդը դեռևս պատրաստ չէ կնոջը տեսնել իր նախագահ: Դեռևս կինը լրիվ ազատագրված չէ շատ բաներից:

     Ք.Ա. – Ձեզ երբեմն համեմատում են Մարկեսի հետ, ասում են՝ մեր հայկական Մարկեսն է:

-Ես կուզեի, որ «մեր հայկական Մարկեսն է» ասելու փոխարեն ինձ ասեին՝ մեր հայկական Ագաթանգեղոսն է, մեր հայկական Բուզանդն է: Ինչու եմ էդպես մտածում. որ նայում ես, էդ պատմիչների մոտ էնքան հետաքրքիր անցումներ կան, այսինքն՝ դեռևս 3-րդ, 4-րդ, 5-րդ դարերում նրանք արդեն Մարկեսի նման գրում էին: Շատ հետաքրքիր անցումներ կան, շատ հետաքրքիր փիլիսոփայություն կա, որ ուղղակի պետք է լավ տեղյակ լինել, թե ինչ հրաշքներ են այնտեղ կատարվում, ինչը որ Մարկեսի մոտ է կատարվում:

     Ք.Ա. –  Ձեր հերոսները սկզբում ջավախքցիներն են, հետո՝ պատերազմի մասնակիցները, վերջին շրջանում` պատմական կերպարները: Ձեր պատմվածքներից տպավորություն է ստեղծվում, որ նեղսրտած եք ջավախքցիներից, կամ իրենք են նեղացած:

-Դրանք գեղարվեստական բաներ են, էդպես չի: Երբեք մարդը իրավունք չունի իր ծննդավայրից դժգոհելու, ծննդավայրը և ծնողը նույն բանն են: Դա նույնն է, թե ես իմ հորից ու մորից դժգոհեմ, երբեք չի կարելի, որովհետև դու էնտեղ ծնվել ես, այնտեղից քո գենի մեջ մի բան կա: Ջավախքցի հերոսներ մինչև հիմա էլ կան, նայած, թե նյութն ինչին է վերաբերում: Օրինակ՝ այս վերջին՝ «Մհերի դռան գիրքը», անգամ այնտեղ կան Ջավախքից հատվածներ:

     Ք.Ա. – Վերջին անգամ ե՞րբ եք եղել Ջավախքում: Փոփոխություն նկատե՞լ եք ձեր ապրած տարիների և վերջին ժամանակահատվածի մեջ:

-Երևի մոտ 1.5 տարի առաջ: Շատ վատ վիճակում է Ջավախքը բոլոր առումներով: Իշխանություններ են փոխվում, իշխանություններ են գնում-գալիս, և ամեն իշխանություն իր պայմաններն է թելադրում: Այնտեղ միակ հույսս Վահագն է Չախալյան, որ և մտքով և ուժով պինդ տղա է, որ կարող է ժողովրդին պահել, ժողովրդի հետ լինել:

     Ք.Ա. – Չախալյանին էլ բոլոր կողմերից ճնշում են, իրեն ազատ արձակեցին, ձերբակալեցին եղբորը:

-Դա իշխանությունների մեթոդն է՝ ճշմարտությունը ճզմել: Այդպես է: Այնքան էլ հեշտ չէ: Եթե հեշտ լիներ, ինչու՞ պիտի Ջավախքը 70 տարի այս վիճակում լիներ: Հենց դա է, որ իշխանություններն ուժեղ են, իսկ մեր ազատության համար պայքարողները` 1-2 հոգի: Սա է պատճառը, որ դժվար է առաջ գնում:

     Ք.Ա. – Իսկ ինչպե՞ս եք տեսնում Ջավախքի ապագան:

-Ես կարծում եմ, որ հիմա՝ հենց էս պահին, Ջավախքին ինքնավարություն է պետք: Եվ եթե վրացական իշխանությունները խորաթափանց լինեն, պիտի ընդառաջեն այս հարցում: Եվ խաղաղություն կլինի այնտեղ, երկար ժամանակ խաղաղություն կլինի, մնացածը հետո կերևա:

     Ք.Ա. – Ձեր հերոսներից մեկն ասում է՝ յուրաքանչյուր դարաշրջան իր արատն ունի: Ո՞րն է մեր ապրած դարաշրջանի արատը:

-Մեր դարաշրջանի արատն այն է, որ իսկական արժեքները չեն պահպանվում: Ավելի շատ մակերեսը, ավելի շատ փրփուրը, ավելի շատ մոդայիկն է պահպանվում: Դարերով ստեղծված խորը ավանդույթը, որ կար, հիմա չի պահպանվում: Կարծում եմ՝ սա է մեր ամենամեծ արատը, և դրանից բխում են մնացած խնդիրները. մենք իրար նկատմամբ հարգանքով չենք և էսպիսի շատ բաներ: Կուռք է դառնում նյութը: Մեր «ոսկե հորթը»  հիմա նյութն է՝ մեքենան, փողը, ոսկին, այդպիսի բաների շուրջ ենք պտտվում:

     Ք.Ա. – Ի՞նչը պետք է արժևորենք մեր դարաշրջանում, որ չենք արժևորում:

-Նախ՝ եթե ազգայինի մասին ենք խոսում, պիտի արժևորենք մեր ազգային տրադիցիոն արժեքները: Նայենք մեր «Դատաստանագիրքը», Մխիթար Գոշին, թե ինչ արժեքներ կան, որ մեր ժողովրդին պահում են սահմանի և չափի մեջ. դա շատ կարևոր է: Մի հասարակ բան ասեմ. անգամ «Դատաստանագրքում» օրենքներից մեկն էսպես է եղել` գյուղացին իր բերքը քաղելիս պիտի ծառերը ճռաքաղ չանի, անպայման ծառի վրա թռչունի և պանդուխտ անցորդի փայը պիտի թողնի: Պատկերացրեք, թե ինչ հումանիստական օրենքներ են եղել մեր «Դատաստանագրքում»: Այստեղից կարելի է բխեցնել, որ եթե սա էսպես է, ուրեմն ինչ մեծ արժեքներ է ունեցել մեր ժողովուրդը: Սրանք պիտի մենք պահենք:

Արշակ թագավորի ժամանակից սկսած, Ներսես Մեծից սկսած` ծերանոցներ ենք ունեցել, հյուրանոցներ ենք ունեցել մեծ քաղաքներում: Ինչի՞ համար: Առաջին հերթին շատ կարևոր է, որ ազգը իր ծերերին հարգի, պետության շենությունը այստեղից է սկսվում: Պատահական չէր, որ թագավորներն իրենց հարստությունը զոհաբերում էին ծերանոցների համար, դրանք պետական ունեցվածքով էին հովանավորվում: Սրանք շատ կարևոր արժեքներ են, որոնք չենք կարողանում պահպանել: Եվ դրանից է բխում հարգանքը մեկս մյուսի նկատմամբ: Եվ եթե վերլուծելով գնաս, կտեսնես, թե ինչ մեծ արժեքներ կան դրանց խորքում:

     Ք.Ա.  Հիմա բոլոր ծառերը ճռաքաղ ենք արել և ոչինչ չե՞նք թողել:

-Այո, մենք սկսել ենք պաշտել «ոսկե հորթին», կուռքերին: Տես՝ ինչ են անում մեծահարուստները: Օրենսգրքում օրենք կար, որ հասարակ գյուղացին պիտի ծառի վրա թռչունի և անցորդի համար բերք թողնի, մինչև վերջ պիտի ծառը չքաղի: Մեր մեծահարուստները իրենց ծառերը ճռաքաղ են անում: Իրենք աղքատին չեն տեսնում: Ամենամեծ ամոթն է մեր ամբողջ ազգի համար, երբ հայը աղբարկղից հաց է հանում: Ես համարյա ամբողջ աշխարհը շրջել եմ և ոչ մի օտար երկրում չեմ տեսել, որ հայը աղբարկղից հաց հանի՝ բացի իր հայրենիքից: Սա ազդանշանային երևույթ է, ազդանշան է բոլորիս:

     Ք.Ա. Դրսում հայերը նաև քրեական հեղինակություններ են դառնում, հանցագործություններ անում:

-Դրանք մանր-մունր երևույթներ են: Հակառակը: Ես հիացած եմ. դրսի երկրներում դու տես, թե հայը ոնց է ինտեգրվում իրենց համակարգին: Որ երկիրը որ ճիշտ է սարքված, հայն այդ երկրում հասնում է բարձր պաշտոնների, մշակույթի բնագավառում հասնում է բարձր մշակութային հաջողությունների, որովհետև օրենքը և համակարգը գործում են, իսկ հայը օրենքը սիրում է: Դու այստեղ օրենքով երկիր սարքի, տես էդ հայը ոնց երկրի տերը կդառնա:

     Ք.Ա. – Ուրեմն ինչո՞ւ նույն հայը օրենքը չի հարգում իր երկրում ու ամեն բան անում է՝ շրջանցելու օրենքները:

-Որովհետև հայը տեսնում է, որ իրավական համակարգը ոտնահարում է իր հնարած օրենքները: Ինչից է, որ արտագաղթը մեծ չափերի է հասնում: Առաջին պատճառը անարդարությունն է:

     Է.Բ. Գրողի համար կարծես թե հեշտ է այս վիճակում ստեղծագործելը, անհանգստացնող վիճակում պիտի որ հեշտ լինի ստեղծագործելը:

-Չէ, էդպես երբեմն ասում են, որ ինչքան դժվար է, ինչքան խառն է ժամանակը, այնքան լավ է, բայց դե հիմա, որ պատմությունը նայում ես, տես ամերիկյան ժամանակաշրջանը, ֆրանսիական ժամանակաշրջանը շատ լավ ժամանակաշրջաններ էին, բայց մեծագույն գրողները ստեղծագործում էին: Ասենք՝ Մարկեսին ի՞նչն էր ստիպում, որ հրաշալի վեպ գրեր, կամ Ֆիցջերալդին ու Ուիթմենին ի՞նչն էր ստիպում: Գրողի ներսում է անհանգստությունը: Կարծեմ Հայնեն է ասում՝ երկրագունդը բաժանվել է երկու մասի, և այդ ճաքը անցնում է գրողի սրտի միջով: Ինքն իր ներսում միշտ էլ գտնում է երկրագնդի անհաջող տեղը, միշտ էլ այնպես է, որ դու ծառին նայում ես, գիտես, թե որն է որդնած խնձորը, որի միջով է որդն անցնում, միշտ էլ տեսնում ես` որդը որտեղ է:

     Է.Բ.Ռուսական գրականությունը երբ ընթերցում ես, փայլուն կերպով երևում է՝ ինչպես է եղել իրականությունը, իսկ հայկական գրականությունը կարծես թե հայկական իրականությունից կտրված լինի:

-Չպիտի համաձայնեմ քեզ հետ, որովհետև գրականությունն էնպես բան է, որ չի կարող ժողովրդից կտրված լինել: Գրականությունը մագնիսի նման է, կպած է ժողովրդին, չի կարող առանց ժողովրդի լինել, առանց հայրենիք լինել: Ինչ փորձանք էլ պատահում է մարդու հետ, պատահում է գրականության հետ: Իրենք առանձին-առանձին չեն: Էդպես երբեմն ավելի շատ երևի մամուլն է տարածում, թե գրականությունն ուրիշ տեղ է: Իսկական գրողը միշտ էլ ժողովրդի հետ է: Շուտ-շուտ տպվող վեպերի և հեղինակների մոտ է, որ քեզ թվում է, թե արագ-արագ գրում են, իրական ստեղծագործողը ժողովրդի և պետության հետ է:

     Է.Բ.Հայերի ապագան ինչո՞ւ է էսքան մշուշոտ ու անորոշ:

-Էս դեպքում ես ավելի շատ Մովսես Խորենացուն եմ հավատում, քան էդ ասածին: Մովսես Խորենացին ասում է՝ հայ ազգը Աստծուց է: Ես սրան հավատում եմ, և պատերազմն ապացուցեց դա: Մեր ապագան անորոշ չէ, ես կարծում եմ և հավատացած եմ, որ այս երկրագնդի գեղեցիկ ազգերից մեկը հայ ազգն է` իր խորհրդավոր պատմությամբ: Որևէ ազգ այսպիսի խորհրդավոր, միստիկ պատմություն չունի: Եվ ես մտածում եմ, որ անորոշ չէ, կա էդ ապագան, որ մենք գնում ենք: Նայում ես էս պղնձագույն լեռներին, դեռ հայի ոտքի տակ զրնգում են էս լեռները, հողը խոսում է դեռ էս ժողովրդի հետ, քանի դեռ ստեղծագործություն կա: Տես ինչ լավ գրականություն ունենք, ինչ լավ նկարչություն, երաժշտություն ունենք: Զրնգոց ասելով՝ ես դա նկատի ունեմ, որ մենք աշխարհին պիտի մատուցենք: Եվ դու ուշադրություն դարձրու ու կտեսնես, որ բոլոր տակից բխող կաթնաղբյուրների վրա սրբատներ են կառուցվել և կառուցվում են: Այսինքն՝ Խորենացու խոսքն օդի մեջ չէ նետված: Պատահական չէ, որ առաջին քրիստոնյա ժողովուրդներից մեկն այս ազգն է, և պատահական չէ, որ այդ սրբատունն այդպես է կառուցված:

     Է.Բ.Էդ դեպքում ինչո՞ւ ենք ընդվզում էս ամենի դեմ:

-Դա չի նշանակում, որ եթե Աստծուց է, ուրեմն ձեռքերս ծալած պիտի նստենք:

     Է.Բ.Աստծո դեմ հո չե՞նք ընդվզելու:

-Չէ, Աստված ինչքան էլ իր դեմքով և նմանությամբ մարդուն ստեղծեց, բայց բոլոր դեպքերում ասաց, որ քո ճակատագրի տերը դու ես:

     Է.Բ. – Աստված կատարյալ չէ՝ կարծում եմ:

-Աստված կատարյալ է: Աստված ասելով՝ դու պիտի նկատի ունենաս ամբողջ տիեզերքը, որովհետև էդ ուժով է տիեզերքը լցված: Բայց դու տես` տիեզերքն ինչ կատարյալ է: Էս երկրագնդի վրա եթե մի բողոքող լինի, ես եմ լինելու, հասկանում ես` ինչ նկատի ունեմ՝ էս իմ վիճակով, էս իմ հիվանդությամբ: Բայց ես ի լուր ամբողջ տիեզերքի ասում եմ՝ էս աշխարհի ամենաերջանիկ մարդկանցից մեկը ես եմ:

     Է.Բ.Ինչո՞ւ ես երջանիկ:

-Որովհետև իմ ամենասիրած բանը մտածելն է գրասեղանի առաջ, փորձել գրելն է, ստեղծագործելն է: Ինձ հնարավորություն տրվեց օրերով, ժամերով, մթնով, ցերեկով մտածել և գրել, ստեղծագործել: Մարդը ե՞րբ է երջանիկ, երբ ոչ թե մի հոգու, այլ զանգվածների համար է փորձում ստեղծագործել: Դու լրագրող ես, ներսդ քննի, տես, թե երբ ես դու երջանիկ լինում, երբ լավ հոդված ես գրում շատերի համար, բայց կարող է այդ օրը քո տուն 5, 10 կամ 20 կիլոգրամ միս տանես, զգաս, որ երջանիկ չես, 2000 դոլար փող տանես, զգաս, որ երջանիկ չես:

     Է.Բ. – Մեր իշխանավորները ինչո՞ւ մեր երկիրը չեն սիրում:

-Դա էնքան դժվար հարց է: Իրենց որ հարցնես, իրենք կասեն, որ ավելի շատ հայրենասեր են: Երկրի վիճակով, երկրում եղած աղքատներով, մարդաթափությամբ պիտի գնահատվի: Երկիրը հիմա մարդաթափվում է: Մի քիչ առաջ էինք խոսում՝ աղբարկղերից հաց հանողներ կան, փողոցում միտինգավորներ կան, փողոցում մեր մարտական ընկերներն են, որոնց ոտքերի տակ մի ժամանակ ոռնում էին ադրբեջանական հողերը: Հիմա այդ տղաները փողոցում են, դժգոհում են: Որ սիրեին, այդպես չէր լինի:

     Է.Բ. – Բայց մեր զինվորը, միևնույն է, ամենալավ զինվորն է:

-Էս երկրում, եթե առանձնացնելու լինենք, ես ամենից շատ սիրում եմ մեր բանակը, որովհետև եթե նայես պատմությունը, կտեսնես, թե որ դարից բանակ չենք ունեցել: Հիմա որ մենք բանակ ունենք, դա հպարտություն է: Հիմա մենք անընդհատ պիտի ոգի տանք բանակին, անընդհատ պիտի զորացնենք բանակը, դա մեր անկախության միակ երաշխքին է, իմ ու քո հպարտությունը` չնայած բոլոր դժգոոհություններին: Եվ առաջին դժգոհողը ես եմ՝ բանակում զոհվող զինվորների համար, բանակում կատարվող անիրավությունների համար, բայց հպարտանում եմ, որ մենք բանակ ունենք:

 

 

Զրուցեցին՝  Էդիկ Բաղդասարյանը և Քրիստինե Աղալարյանը

 

 

 

Voske_Khndzory

    – Ինչու՞  փոփոխություններ չեն լինում Հայաստանում, պատճառները որոնք են:

 

 

– Կարծում եմ` նշանակալից փոփոխությունների համար նախ մարդը, հետո ժողովուրդը, նաև երկիրը պիտի պատրաստ լինեն:

Որևէ անհատ, կուսակցություն, իշխանություն գործում է այն չափով, ինչքանով ընկալում է ազգային կառույցի միջուկը: Ժողովրդի հասունության չափը, ապագայի խորություններին հայացք գցելու կարողությունը, փորձի վերլուծությունը, հենց սրանք են, որ վճռում, ուղեգծում են ազգերի պատմության սահմանները: Շատերը նույնիսկ չգիտեն` սիրում են արդյոք իրենց երկիրը, թե հենց այնպես ապրում են այնտեղ:Այնինչ ամենախորքային հասկացությունն է, ահավոր խորհրդավոր է  «հայրենիք» բառն  իր զորությամբ:

Հին դարերից մինչև մեր օրերը թանկագին կորստի այնպիսի հիշատակներ կան թիկունքներիս, ինչքան էլ նրանք կանչում, աղաղակում են, անգամ վախենում եմ հետ նայել` առասպելի հայտնի հերոսի պես քար չդառնալու համար:

Հենց այդ թանկագին,  բացակա հիշատակներն են մեղրի թունդ անուշի պես այրում մեր ներսը: Այդքանից հետո փորձը, թեկուզ գուշակության չափ, մի բան սովորեցրած պիտի լիներ: Գիտեք չէ՞, մեր բարի, հին հեքիաթների վերջում ինչ է ասվում. «Երկնքից երեք խնձոր ընկավ. մեկը` լսողին, մյուսը` ականջ դնողին, էն մեկը` պատմողին»: Լսողի և ականջ դնողի միջև մեծ տարբերություն կա, այսինքն, ականջ դնողը պատմության իմաստնությունը սովորողն է, մարդկության` փորձով նվաճված արժեքները առաջ տանողը: Սակայն  իմաստություն տվողը խնձորներից մեկն է, բայց երեքի ներդաշնակ միասնությունից է հեքիաթի խնձորը իմաստության ոսկե խնձոր դառնում:

Ազգային թերության պես մի բան է  դեպքերից առաջ ընկնելը,  իրադարձություններին խոտորնակի, համընթաց չքայլելը:

Իշխանությունն էլ պակաս չէ, փոփոխություններ առաջարկողների դեմ մահակը լավ է օգտագործում, օրինակ` այդքան մեծ աղմուկ կար     գնաճի` էլեկտրաէներգիա, ջուր, գազ և այլնի պատճառով, էլ չեմ ասում սահմանամերձ գոտիների թշվառության, օրեցօր հողը կորցնող գյուղացու մասին, հողը էլ չի խոսում գյուղացու հետ` ահա և ունենք իմաստնությունը կորցրած գյուղացիություն, եթե դեմոկրատիան այս վիճակում է, էլ փոփոխություն որտեղից լինի: Ազատության արդյունք է, և փոփոխությունը, և սպասումը:

     –Ասում ես համակարգն է պատճառը, իսկ ինչպես պետք է լինեն այդ փոփոխությունները  նման համակարգում:

 

– Եթե հենվեմ պատմական անցյալի օրինակների վրա, նման իրավիճակներում, երբ երկիրը ճգնաժամի մեջ է հայտնվել, ազգը աշխարհաժողովներ է հրավիրել, նույնն է, թե այսօր էլ  ներքևից վերև նոր ընտրությունների կարիք կա: Բայց այս դեպքում էլ հարց է առաջանում. ժողովուրդը, իշխանությունը  պատրա՞ստ են այդ նոր ընտրություններին: Կարծում եմ` չէ, մեր չորս կողմը աշխարհներ են ծաղկում, կանաչ-կարմիր նորանոր արևներ են ծագում, իսկ մենք պտտվում ենք դեռևս ի շրջանս յուր: Մեր վարքը նման է պղպեղին` այն կանաչ,  մուգ կանաչին, այն բարակ երկարին, որ ինչքան բերանդ այրում է` հետը կռիվ տալու պես կրկին ուտում ես:

Իսկ վերևներից հնարավոր չէ՞ անել բեկումնային փոփոխություններ:

 

– Ինչու չէ, այդպիսի բան հնարավոր է, նման փուլերով անցնող երկրներ էլ կան, մեզ մոտ էլ փոխվում են բաներ, սակայն այն չափով, ինչ չափով փոփոխությունները վտանգավոր չեն  իշխանական  բուրգի համար: Կարծում եմ` նշանակալից փոփոխություններ  գրեթե անհնար  են:

Երբ հասարակության ինչոր խմբեր ակտիվ են լինում, սկսում են ազդել իշխանության վրա, կարողանում են ստիպել փոփոխություններ անել, այդպե՞ս է:

 

    – Պարբերաբար, եթե ոչ ամբողջ ժողովուրդը, ապա  մի ստվար մասը մասնակցում է ազգային նշանակություն ունեցող կարևոր իրադարձություններին: Բողոքում, ցույցեր է կազմակերպում «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի վերակառուցման, լրագրողներին զսպելու նպատակով  ԱԺ-ում քննարկված  զրպարտության և վիրավորանքին վերաբերվող օրինագծերի փաթեթների,  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնության դեմ: Երբ հասարակությունը միասնական, միակամ է լինում, հասնում է հաջողությունների:

Բայց այս խնդիրներից ամենակարևորը լեզվի խնդիրն  է: Փոքրից մեծ  շատ սրբազան մի բան պիտի իմանանք` ով քուրմ չէ, ով չգիտի  լեզվի արարողակարգը, ուրեմն տաբու է դրված, երբեք չպիտի փորձի նրան մոտենալ, առավել ևս, օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնությամբ հանդես եկողները:

Նրանք  իրենց գիտեցած հայերենով են չափում հայերենը:

Համաշխարհային լեզվաբանության մեծանուն ներկայացուցիչներ`  հայագետներ Մարկվարտը, Հյուբշմանը և մյուսներն  ասում են, որ հայերենը իր թարգմանական հնարավորություններով երբեք չի զիջում բնագրին, դրա վկայությունն է Մաշտոցի, Սահակի և աշակերտների 5-րդ դարի «Աստվածաշնչի» թարգմանությունը, մի՞թե մեզ սրանից ավելի ապացուցելի վկայություն էլ է պետք:

Մեր լեզուն մենք չենք հորինել, մինչև գրավոր դառնալն այն կար, Աստված էր տվել: Իսկ պետություն և եկեղեցի հաստատություններն ինքնապաշտպանության համար ազգն է ստեղծել: Լեզուն է, որ ժողովրդի արյան մեջ որպես ոգի է բոցկլտում:

 

Իսկ կա՞ ինչոր բան, որը կարող է հանգեցնել ժողովրդի ըմբոստությանը:

 

– Ես քաղաքագետ չեմ, գրողի տեսանկյունով եմ նայում: Ավելի շատ խղճի անունից եմ խոսում. ժողովրդի խոշոր հատվածը քաղցած է, պետությունը պիտի խոհանոցները մտնի, ժողովրդին օգնել է պետք, իսկ ըմբոստությունը շղթա կտրել է, ժողովուրդը պատրա՞ստ է, վախեցած չէ՞, կցանկանա՞ ազատագրվել: Բայց հարցը մյուս երեսն էլ ունի` երկիրը կդիմանա՞ ևս նման մի ցնցումի…չէ որ մարտի մեկի տասը հոգու հանգիստ  չառած  ուրվականները  դեռևս  թափառում  են  քաղաքում…

     – Ես միշտ մտածում եմ, որ այս ամենի պատճառը արտագաղթն է, որովհետև ակտիվ հատվածը լքում է Հայաստանը, այսինքն լիցքը չի մնում երկրում, իսկ պարպված երկրում փոփոխություններ չեն կարող լինել:

– Կարծում եմ` պետության  ամբողջականությունն է ծնում ազգային հոգեբանություն, քաղաքական տրամադրություններ և ուղեգիծ: Արտագաղթը սմքեցնում է երկիրը, մանավանդ, երիտասարդ մտավորականների և կանանց դուրս գալը: Ինձ միշտ սարսափեցրել և դաղել է աղջիկների մայրացու գենոֆոնդի և  մտավորական տղաների մատրիցայի զորության` համար մեկ հակառակորդի դուռը գնալը: Մեր այս երկու չափազանց մեծ արժեքները  պետականորեն պաշտպանված չեն:

Կարելի է կարծել` դա էլ է քաղաքականություն, այստեղ աշխատանք չկա.  աղքատների,  հագնել-ուտել ուզողների, բողոքավորների թիվը մեծ է, ինչքան շատ դուրս գան,  այնքան հեշտ կլինի մնացողներին կառավարելը, վերջիվերջո, նաև արժույթներ կուղարկեն երկրում մնացած հարազատներին: Նման մտայնությունը, ասել է թե` աչք փակել ազգային անվտանգության մեծ հարցի հանդեպ:

     – Ընկերներիցս մեկն ասում է` հայը իր հայրենիքում չի կարողանում հանգիստ ապրել: Միշտ այդպես է եղել, միշտ լքել են երկիրը:

 

– Մենք ունենք նաև գնացողների ենթագիտակցական մեղքի զգացողության ինքնաարդարացման փիլիսոփայություն: Ինչքան էլ ճշմարտությանը մոտիկ լինի, ես նման ըմբռնումը չեմ արդարացնում: Հիվանդոտ է, ունայնություն է, երբ մտածում ես. «Միշտ այդպես է եղել, միշտ լքել են երկիրը, դու քո երկրում տեղ չունես»: Հավատացած եմ` անհատը միշտ իր հայրենիքում է ծաղկում, ամբարները, յուղի կարասները լցնում, ծիծաղկոտ աչքերով երեխաներ ունենում, տնտեսությունը առաջ մղում: Ծաղկեցրու քո հայրենիքը, տես` տեղ կունենա՞ս, թե` ոչ, տես` օտար ափերում հեծող քո արյունակիցները կվերադառնա՞ն, թե` ոչ: Ասել. «Հայը իր հայրենիքում չի կարող ապրել», նման մտածելակերպը անաստվածության, անխղճության, ինքնասպանության պես բան է: Բա որտե՞ղ է կարողանում ապրել, բա այս լեռների խորքերում չէ՞, որ սկսած վաղնջական ժամանակներից, որպես իմաստուն տեր, ուժեղ և դիմացկուն  ապրում է, այդպիսին կոչվելու իրավունք ստացել է, այս ամենի բանալին ոչ թե մեր բանականության, այլ բնազդի մեջ է:

– Էդ ո՞նց է, որ թուրքը, վրացին իրենց երկրներում կարող են երջանիկ լինել, իսկ մենք` ոչ: Պետք է երկրում իշխանությունը խղճով բանեցնել, որ բոլորս տեղ ունենանք, այդ ինչպե՞ս է` վեց-յոթ տոկոսը շքեղության մեջ ծփում է, մնացածը փոր հացով է օրն անցկացնում, ի ամոթ մեզ, աղբարկղներից էլ ուտելիք վերցնողներ կան:

Այդ ինչպե՞ս է` հրեան իր ունեցած-չունեցածը դնում, չի թողնում մի հավաքարար, մի կոշկակար, մի մուրացկան լինի իր ազգից:

Ինչպես որ պետություն ունենալը, այնպես էլ մեծահարուստ լինել` դրամագլուխ ունենալն է մշակույթ, առավել ևս, նրա ծախսելը: Տունդարձի ճանապարհին մեր մեծահարուստը պիտի վիրավորվի աղբարկղներին ձեռք գցողների համար:

 

     – Ինձ թվում է, որ հայերը իրենց իրավունքների համար պայքարող ազգ չեն:

 

– Չէ, ես այդպես չեմ մտածում, հենց նրանց եմ տեսել պատերազմի դաշտում` ինչպես էին պայքարում և ընկնում իրենց հայրենիքի, օջախի, զավակների, նախնիների հողերն ազատագրելու համար… Դարձյալ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի մասին պիտի ասեմ, թե ոնց էր ջոկատը, հանուն հայրենիքի, տանում պատերազմի քաոսի միջով:

Պատերազմ ասելը բերանով է հեշտ` ժամանակակից տեխնիկայի դեմ կռվել և արյուն չմիզել, հողի խորհուրդը հասկացողներին է տրված… Սասունի հարցը լուծված չէ. որքան էլ դատապարտված լինի` ութ տարի, տասը տարի, ցմահ, միևնույն է, հարցը լուծված չէ, միշտ մեկը լինելու է հիմա և երկուսը կլինի եկող սերունդների մեջ` պատասխան պահանջող:

Նորից սկսել ենք խոսել պատերազմի մասին, հողերը տալու մասին, ու՞ր են քո ասած տղերքը:

 

      – Այո, ինչքան էլ ԵԽԽՎ-ն, ԱՄՆ-ն, Ռուսաստանը և այլ երկրներ փորձեն պատերազմի դեմն առնել, կարծում եմ սպառնալիքը կա, ավելի շատ Թուրքիայի դարավոր ուխտադրուժ հնարամտություններից եմ վախենում, քան նրանց լավատեսական հույսերին եմ հավատում:

Որպեսզի ժողովուրդը պատրաստ լինի պատերազմի, նախ պիտի արձակել բոլոր տասնհինգ քաղբանտարկյալներին: Մեր մյուս թուլությունը` աղքատությունը, թշվառությունը, անհպարտ մարդն է, որոնք երբևէ չեն եղել հաղթանակ խմորողներ: Միայն ինքնությունն զգացող, խղճով քաղաքացին և արժանապատիվ պետությունը կարող են  հայրենիքի համար պատերազմ մղել:

Ինչ վերաբերվում է հողերի վերադարձին` ժողովուրդն իր լավագույն զավակների զոհողության գնով է ազատագրել, այս դեպքում ժողովրդին էլ պետք է հարցնել. համաձայն է տալուն, թե` չէ:

Քսաներորդ դարի վերջին իրականացավ ժողովրդի երազանքը: Հայաստանի մի հատվածը, փոքր, բայց կարևոր մասը` դեռևս ինքնությունը չկորցրած Արցախն ազատագրվեց ադրբեջանական լծից:

Այն արյունը, որ նրա համար վերջին անգամ Սյունիք-արցախյան ազատագրական պատերազմների  ժամանակ Դավիթ Բեկ-Մխիթար Սպարապետի և  Եսայի Հասան-Ջալալյանի ու Ավան հարյուրապետի (յուզբաշի) գլխավորությամբ թափել էին հայերը,  արդեն երեք դար է անցել: Եվ դեռևս այն ժամանակ` 1720-ական թվականներին, Արացախն իրավունք ուներ  լիակատար անկախության:

Նրանք ոչ միայն իրանապատկան հյուսիսային Ադրբեջանի խաներին էին ջախջախել, այլև հաջողակ հաղթանակներ էին տարել Հալիձորում` օսմանյան թուրքերի դեմ:

Մի՞թե հին ժամանակների քաղաքական կողմնորոշումները ուղեցույցներ չեն նոր ժամանակների համար: Ուզում եմ հարցնել` քաղաքական այս մեծ հարցի հանդեպ ազգային մտադրությունը արդյո՞ք էլ հավատարիմ չէ նախնյաց ավանդներին:

Մենք` ինքնապաշտպանվող: Մենք` հայրենասեր: Մենք` մեծապետական:

     – Ի՞նչը պետք է դառնա էս երիտասարդության համար իդեալ:

    – Շատ բարդ և պատասխանատու բան է նման հարցադրման պատասխանելը. ամեն մի դարագլուխ (էպոխա) իր պաշտամունքային արժեքն է բերել, բայց պատմության խորքերը նայելով` համընդհանուր մարդկության համար դարձյալ հայրենքն է մնում որպես ամենանվիրական իդեալ: Երիտասարդությունը հոգևոր և ֆիզիկական կառույցով պորտալարով  կապված է պետության մարմնի հետ: Ցնցումները, որ պետությունն է կրում, կրում է երիտասարդությունը:

Քիչ եմ գնում հանդիպումների. Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում, «Գլաձոր»  համալսարանում, Վ. Բրյուսովի  անվան պետական լեզվաբանական  համալսարանում եմ եղել: Երիտասարդները հարց ու պատասխանով, գրականության իմացությամբ արթուն, երկրի ցավին տիրապետող էին: Կարծում եմ` նրանց համար առաջին հերթին պիտի կարողանանք մասնագիտական աշխատատեղեր, կայուն աշխատավարձ, բնակարան ունենալու հնարավորություն ստեղծել, այն ամենը, ինչ Եվրոպայում ապրող նրա հասակակիցն ունի:

Գերմանիայի Հաննովեր քաղաքում, աչքով եմ տեսել, մի աղջիկ գնացքում ուզում էր ոտքերը դիմացի ազատ նստարանին դնել` հագի բաճկոնը հանեց, գցեց նստարանին, ոտքերը  նոր դրեց: Դա է իդեալը, հայրենասիրությունը, երբ քո բաճկոնից ավելի շատ ես սիրում գնացքը, որ քո հայրենիքն է:

 

Հարցազրույցը վարեց`  Էդիկ Բաղդասարյանը

 

 

 

 

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ ՀԵՏ

 

Ո՞վ է գրողը: Բանաստեղծի մասին ասում են, թե նա Աստծո քարտուղարն է: Կարո՞ղ ենք նույնը կրկնել արձակագրի պարագայում:

Ինչո՞վ է զբաղված գրողը: Ամբողջ կյանքում գրելգրելԵթե ընդունենք, որ յուրաքանչյուր մարդու կյանքի ողջ տևողության ընթացքում կատարած յուրաքանչյուր ֆիզիկական կամ մտավոր շարժում ճշմարտություն հայտնագործելու ճիգ ու մղում է, ապա գրողի ինչի՞ն է պետք անընդհատ նույն մտավոր ու ֆիզիկական շարժում անելը` գիր գրելը: Չէ՞ որ առանց դրա էլ պիտի հասներ կամ չհասներ կյանքի ճշմարտությանը կամ ճշմարտություններին, ասենք, օրինակ, ուտելով, խմելով, շնչելով, փորելով, ծառ տնկելով, սիրելով, երեխա ունենալով, հիվանդանալով, ատելով, մեռնելով, վերջապեսԻնչու՞ է գրում, գրում

 

– Ինքս էլ չգիտեմ` ի՞նչ է գրականությունը: Երբ նրա վերաբերյալ կարճ, ավարտուն ձևակերպմամբ նման հարց են տվել, միշտ զայրույթ է առաջացրել: Իսկ ի՞նչ է մարդկային ԴՆԹ-ի միայն մեկ մոլեկուլում հարյուր միլիարդ ատոմ պարունակվելը, ի՞նչ է պատերազմը, իսկ ի՞նչ են աստղերը կամ աստղը, որ արդեն հանգել է նախաստեղծ աշխարհարարման օրերին, բայց հազարավոր տարիներ առաջ ճանապարհ ընկած նրա լույսն այսօր է մեզ հասնում, քանի՞ սերունդներ են այդ ընթացքում եկել-գնացել, քանի՞ քաղաքակրթություններ են կործանվել, քանի՞սն են ծաղկել: Խավար գիշերներին բաց օվկիանոսներում հայտնված քանի՞ նավավարներ են այդ պատրանքային աստղով կողմնորոշվելով` մարդկության լավագույն գանձերով լցված թանկագին նավերը ափ հասցրել, նրանցից քանի՞սն են իրականում չեղած աստղի խաբկանքին հավատալով ճանապարհ ընկել, բախվելով խութերին` խորտակվել:

Իսկ ի՞նչ է` սկզբից էր Բանը, և Բանը Աստծո մոտ էր… Ծագում և ավարտ չունեցող առեղծվածային նախադասությունը: Գուցե Բանը որպես Հավիտենությունը ճանաչելու իղձ է դրվել գրողի սրտի մեջ, որ ողջ կյանքի ընթացքում ընկնել-ելնելով` բոլոր շրջադարձերին, ջրհորների մոտ մոգական այդ միակ խոսքն է փնտրում, որը զորություն պիտի ունենար` ազդելու իրականության վրա, մեղմելու աշխարհից` մարդուն հեղեղող, հալումաշ անող վախերը, մահվան հետ դեմառդեմ միայնակ մնալու սարսափը, մինչև դրախտի դռները հասնելը ամայի ճանապարհներին ուղեկցող ոչ մի հրեշտակի չհանդիպելու զարհուրանքը: Այդ խոսքին հանդիպելու նպատակով է գրիչ վերցրած օրվանից նա դերվիշի նման թափառումների ելնում` մի ոտքը Ադամի արարման կավին է լինում, մյուսը` երկնքում, որտեղ Բանից ծագող սկիզբն է:

Իսկ ի՞նչ է պատերազմը:

– Պատերազմն այն ժամանակ է սկսվում, երբ շուրջդ` երկնքին, ծառին, ջրին, թռչունին ես նայում, այդ պահին ականանետի բեկորը տանում է գլխիդ կեսը, բոլորը` երկինքը, ծառը, թռչունը, մարդը, կոծող տանեցին գիտեն, որ դու մեռել ես, բացի քեզանից բոլորը գիտեն:

Այս տարածաշրջանում գոյատևելու համար, մեզ նման փոքրաքանակ ազգը, ինքնապահպանության բնազդով երեք ձեռք պիտի ունենա: Երրորդ ձեռքը զենքն է: Դարերի փորձը ապացուցել է` ժողովուրդը, երբ զենք է պահել գոտկատեղին կամ տանը, միայն այդ դեպքում են քրիստոնյա կամ մահմեդական հարևանները նրան հանգիստ թողել: Այսօր էլ աշխարհի գոյատևման համար դարի միտումը զենքն է:

Եթե ավտոմատը համեմատենք լվացքի մեքենայի կամ համակարգչի հետ, կտեսնենք` այնքան է պարզեցվել ոչնչացնելու մեխանիզմը, որ որևէ ուսում, կրթություն պետք չէ, ընդամենը ավտոմատի մեն մի ապահովիչն է պետք իջեցնել, որը կարող է անգամ քաղաքակրթություն չտեսած վայրենին էլ կատարել: Այնինչ, համակարգիչ կիրառելը դասընթացներ է պահանջում, մարդասպանության հետ համեմատած ավելի է բարդացված, տասնյակ կոճակներ է պետք սեղմել` Վան Գոգի «Արևածաղիկները», Հոմերոսի «Իլիականը» գտնելու կամ ամենալուսավոր միտքը նրա կայքերում տարածելու համար:

 – Ուրիշների նման դու ևս կարծու՞մ ես, որ այս ունայն կյանքից դժգոհ գրողը իր երազած, պատկերացրած կյանքն է իր գրչով ստեղծագործումստեղծում:

Եթե այո, ապա չէ՞ որ դա միայն իր երևակայած կյանքն է, ինքն է այնտեղ, ի վերջո, իրեն լավ զգում: Հապա ո՞րն է նրա ստեղծածի, գրածի հասարակական անհրաժեշտությունն ու, բարձրագոչ ասած, հնչեղությունը:

– Հիմա ուրիշ գրականության, մարդկանց ուրիշ պահանջների ժամանակներ են: Երկրագնդի, հայրենիքի, ընտանիքի համար համընդհանուր բռնած ոչնչացման վախն էլ քո ասած ունայնությունն է ծնում: Կարծում եմ` ոչ թե նրանից վախենալով վիրտուալ աշխարհ է պետք գնալ, այլ ունայնության մեջ ապրելով` նրանից չվախենալու մասին է պետք գրելով խոսել: Երկրաշարժը, պատերազմը, իմաստուն մարդը, անհամաձայնությունը, մեծահարուստը գալիս, ունայնության միջով են անցնում` առաջացնելով նրա շարժումը ու հանկարծ` դատարկ, սառն այդ ոչ մի բանը հավերժական կյանքը վերարտադրող արգանդ է դառնում:

Միշտ կարծում էի` մարդիկ աղքատությունից, իրար հաջորդող աղետներից են ավտոբուսներն ու ինքնաթիռները կահ-կարասիներով բարձած` հանուն տան, հանուն սերնդի, մերը թողած` փախչում օտար բարեկեցիկ երկրներ, հետո հասկացա` այդ ենթադրությունը միակողմանի է, որ կասկածում եմ, եթե այդպես էր, եթե միայն աղքատությունը, ապահովությունն ու աղետն էին պատճառը, այդ դեպքում, ապահով կյանք ձեռք բերելուց հետո ինչու՞ են նորից վերադառնում հարազատ բնակավայրերը: Ինչու՞ է մի սերունդը փախչելով երկրից` ազատվում երկրաշարժից, մյուս սերունդը վերադառնալով` տունը կրկին կառուցում երկրաշարժի ճանապարհին, երբ միանգամայն պարզ է, որ ավերիչ ալիքը ուղենշված` միևնույն երակով է գալիս նրանց տանելու:

Մի՞թե Գյումրիի 1926 թվականի խոշոր և 1988 թվականի ավերիչ երկրաշարժերից հետո քաղաքը դարձյալ նույն տեղում վերակառուցելը դա չի հաստատում:

Նորից ու նորից կրկնվող իրավիճակները հուշում են. կարծես մարդկությունը տիեզերքի խավար ունայնության մեջ խարխափելով` իր գոյության պատասխանն է որոնում: Ինձ թվում է` նման հուսահատ կեցության պատճառով է գրողը արարում կնոջ երկնային կերպարը, որ զորեղ է երկրաշարժից, պատերազմից, գիտությամբ իմաստնացածից, անհամաձայնությունից, ոսկեբեր մեծահարուստից, հողագնդին հակառակորդ, խարխլող բոլոր ուժերից: Կարողանում է տղամարդուն տանել` հանդիպեցնելու ունայնության իր իսկական ճակատագրի` միայնության հետ:

 

 – Ինչպե՞ս ես գրում, հե՞շտ է, թե դժվար, օրը մի է՞ջ, տա՞սը, թե մի լավ տողի համար էլ Աստծուն շնորհակալ ես լինում: Ո՞վ է կամ ի՞նչն է գրիչդ առաջ տանում: Ինչպե՞ս է գալիս մտահղացումը. մուսա՞ն է թևերը մեղմիկ թափահարելով իջնում քո ուսին` քո աշխատասենյակում սավառնելով պտույտներ գործելուց հետո, թե ներսի, հոգու ճռինչներ  ու «դանակահարություններ» ես զգում

– Գրելու համար հեշտ ու դժվար չկա. կամ գրվում է, կամ` ոչ: Մի բառն էլ է գրվել նշանակում, տասը էջն էլ: Անգամ լինում է` օրական յոթ-ութ ժամ նստում ես գրասեղանի առաջ, ուղեղիդ մեջ, պարբերաբար, դեմդ դրված թղթի երեսից ճերմակի ալիքն է բռնկվում: Մի կյանք ուղեկցող, քաղցր, մահացու ճերմակ:

Լուսաբացը դեռ չի բացել երկինքը: Սուրճից, ծխախոտից, անքնությունից առաջացած ուժասպառության սրտխառնուքին են միախառնվում ամայությունն ու թախծոտ տխրությունը: Արդեն օրեր, շաբաթ են անցել, առանց որևէ բառի նստած ես թղթի առաջ, աչքերիդ մեջ բռնկվող ճերմակ առեղծվածային կրակը խոցում է ուղեղդ, թևի ժամացույցի կաթկթոցով աշխատելն անտանելի է դարձել, օրերով կախված ուռուցքված ոտքերիդ երակների մեջ սրտիդ զարկերը քանի գնում, հարթվում, թելանման են դառնում, իսկ դու դեռ առաջին նախադասությունն էլ չես գտել. այդպիսի չգրելն էլ գրել է: Պիտի կարողանալ լռության հետ աշխատել: Պատմվածքի, վեպի մեջ լռությունը օգտագործելն ինձ դուր է գալիս: Չէ՞ որ մարդու մարմինը, վերջիվերջո, լռության մեջ հանգչելով է ավարտվում: Գեղարվեստական հիշողությունն ինչքան որ երկնային է, այդքան էլ երկրային է: Անգամ նախորդ օրվա հարբածությունը նշանակություն ունի կամ թե սպասվելիք հոնորարդ չստանալուց հետո հանապազօր հացի համար ումից ես պարտք ուզել, աղիներդ գիշերը իրենց սովորական ռիթմով են գործել, թե ոչ, դիվահարի պաղ քրտինքը ճակատիդ` քանի՞ անգամ ես քնից վեր թռել, կամ թե երեկ տասը մարդ են սպանել, արդյո՞ք լռել ես, թե` մորմոքացել հրապարակավ:

 Դու ասում ես, դու մի տեղ գրել ես. «Միակ բանը, որ գրողը կարող է անելազնիվ խոսք ասելն է: Գրողի զենքը իր ազնիվ խոսքն էԱյսօր ազնիվ խոսքի կարիք կա»: Այս կարճ մտքիդ դեմ մի քանի առարկություն ունեմԴեմ չե՞ս