Արվեստագետը Խորհրդային Միության ժամանակաշրջանում և այսօր:
Այն ժամանակ մեծ կարգախոսներ կային` գրեթե մեծ օրենքների չափանիշներով գործող, անհատին, արվեստագետին ամլացնող, ամենադժվարը սրանցից փախչելն էր: Շատերն էին այս փախուստի ճանապարհին, և կործանվում, և փրկվում` մեկը Եվրոպա էր հասնում, մյուսը` Ամերիկա, էն մյուսը` Սիբիրի տայգաները: Սա եղել է: Հո չե՞նք կարող հրաժարվել: Ինչ խիզախումներ կային` Սոլժենիցին, Սախարով, Բրոդսկի, Զատիկյան, էլի շատերը, որ անընդհատ ճրագը վառ էին պահում: Իհարկե, կային և պսևդո արվեստագետների տեսակներ, որոնք գովերգում էին ռեժիմը, սիրամարգի փքվածությամբ բացում էին գույնզգույն պոչերը, մոնումենտալ, ահռելի լեռների խոշորությամբ հուշարձաններ էին կանգնեցնում, անհոգի, լայնածավալ կտավներ նկարում, հարյուր հազարների հասնող տիրաժներով գրքեր էին տպագրում և նրանք էլ վայելում էին ռեժիմի «դրախտի» քաղցրահամ պտուղները, իսկ եթե նրանց հարցնեիր. «Ու՞ր է քո եղբայրը», Կայենի նման կձևացնեին, որ չգիտեն, թե ինչու է Սիբիրում իրենց եղբայրը:
Չէի ասի, թե այսօր իրավիճակը շատ բանով փոխված է` ռեժիմից մնացած դեռևս շատ բաներ իներցիայով շարունակվում են: Նախկին Կոմունիստական կուսակցության ծաղիկը` «Կոմսոմոլը», այսօր լուրջ պաշտոններ է զբաղեցնում իշխանական համակարգում և գործը իր իմացածի պես է առաջ տանում:Անցյալի արատավոր հետևանքներից ձերբազատվելու համար, երևի մեզ, դեռ էլի մեկ-երկու սերնդափոխություն է պետք:
Ո՞րն է առաքելությունը արվեստագետի` հատկապես գրողի:
Գրողը` հողագնդի այդ խանձված քաղաքացին, երկրի հիմնն է, դրոշակը: Հակառակորդը, երբ գրավում է քաղաքը, տանիքից` ամենավերջինը այդ երկրի դրոշակն է իջեցնում: Հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել` շուկայական հարաբերություններ և այլն, որ գրողը կախվածության մեջ է հայտնվել: Գիրքն այնքան սակավ տպաքանակով է լույս աշխարհ գալիս, որ նյութական ոչ մի ապահովություն չի տալիս գրողին: Իմ կարծիքով հենց այստեղից էլ առաջ են գալիս նրա հետագա խարխափումները, դեգերումները: Իմ շփումը ևրոպական երկրների գրողների հետ թույլ է տալիս ասել, որ փոքր երկրների գրողները հովանավորվում են տպարանների կողմից` պատվերներ և բարձր հոնորարներ ստանալու միջոցով, չնայած` հիմա կարծիքներ են հնչում, թե գրողի գոյությունն այնքան էլ նշանակալից չէ, այնքան էլ կարևոր չէ նրա առաքելությունը, կարող է հասարակությունը առանց նրա էլ գոյատևել: Նման հայտարարությունները վաղուց են սկսել հնչել` 5-րդ դարից, թերևս` դրանից էլ առաջ. Մովսես Խորենացին վերադառնալով Բյուզանդիայից` պատմագրությունը համարում էր քաղաքակիրթ ազգ լինելու պայման: Նրան մեղադրեցին արևմտամետության մեջ, պատմագրությունն էլ անվանում էին անպտուղ գիտություն: Ամեն դարաշրջան իր փրփուրն ունի, որ ամենայն լուրջի հակոտնյան է, կործանարարը, իր ճերմակ թեթևության տակ ծածկում է ամեն բան: Սակայն պատմության ընթացքում ցանկացած ազգ ունենում է իր մեկ մութ օրը, ահա այդ ժամանակ է , որ միայն գրողն է տեսնում քաղաքին մոտեցեղ յոթ գլխանի դևին: Նա է արթունը` զանգերը քաշողը:
Հոգևոր կյանքը:
Հայ մարդու հոգևոր կյանքը միշտ ինձ լույս ու ստվեր է թվացել: Կարգախոսներ ենք առաջ քաշում` մեր 1600 ամյա քրիստոնյա լինելու վերաբերյալ, բայց իրականում այդքան երկար հոգևոր ճանապարհ անցած ազգի վարքագիծ չունենք: Երբեք իմ հիշողությունից չի ջնջվի 1999թ. հոկտեմբերի 27-ին Խորհրդարանում ութ հոգու, հնձած հասկի պես, գետնին թափվելը: Սրա նախադեպը մենք շատ վաղ անցյալում էլ ունենք. Անակը եկավ մեր թագավորին սպանեց` նրա որդուն կարգեցինք մեր երկրի Լուսավորիչ: Լույս ու ստվե՞ր է, թե՞ չէ:
«Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ մշակույթ» իմաստուն միտքը մի՞թե կարգախոսության, աչքակապության նման մի բան չէ, երբ երկու ուղղագրություն ունենք: Երբ չենք կարողանում լիարժեք օգտվել մեր 1600 ամյա մշակույթի հոգևոր հարստությունից, որովհետև նոր ուղղագրության հետ կորցրել ենք նաև հինը յուրացնելու հոգևոր բանալին: Մեզանից իմաստություն և խիզախություն է պահանջվում` ուղղելու 1922թ. կատարված մեծ սխալը, ավանդական ուղղագրության վերականգնումը ազգի համար ոչ միայն հոգևոր նշանակություն ունի , այլ նաև` ֆիզիկական փրկության` թշնամի երկրներով ենք շրջապատված:
Նույն այս հարցի հետ է առնչվում նաև երկու կաթողիկոս ունենալու ծանր խնդիրը, նրանց միասնությունից է սկսվելու ուղղագրության լուծումը: Կարելի է հազար ու մի պատճառաբանությամբ արդարացնել բաժանված լինելու երևույթը, բայց դրանք բոլորն էլ աշխարհիկ պլանի արդարացումներ կլինեն, որովհետև խնդիրը հոգևոր ոլորտին է վերաբերվում: Ազգին խիզախման օրինակ է պետք, այն էլ` հոգևոր առաջնորդներից, տեսնենք երբ կլինի այդ թռիչքը` Աստծո օրհնությամբ:
Հին և նոր երաժշտություն:
Նախ և առաջ պիտի խոսել Կոմիտասի մասին. թե ոնց այդ հանճարն արժևորեց մեր հազարամյա անցյալի ժառանգությունը: Ինչ հզորությամբ մոտեցավ Արևելք և Արևմուտք խնդրին: Ինչ զուլալության հասցրեց հայ գեղջկական երգը, որը հպարտանալու առիթ է տալիս: Սակայն այսօր սահմանները բացվելու հետ Արևելքն է թափանցել` իր կլկլոցներով, մուղամներով, պորտոպարերով. անգամ, նախարարներից մեկի մեքենայի մեջ «Հաբիբի» երգն է լսվում: Էլ ինչ կարելի է ասել երիտասարդության մասին: Շքեղ մեքենաների հետ ընտիր հեռախոսներ են պահում, սակայն դրանցից արևելյան մուղամն է հնչում, ինչի դեմ ամբողջ մի կյանք պայքարեց Կոմիտասը` մերը մաքրեց ու կոկեց, ասաց` ահա ձերը, գնացեք նրա հետևից: Չենք գնում: Հուսանք, որ օտար ներխուժումները մերի մեջ արժեք չի դառնալու` կիրառական ապրանքի գործածության նման է լինելու, արթնանալու է մեր մեջ քնած իմաստությունը, չ՞է որ կարդալ չիմանալով` ազգն իր բարձի տակ Նարեկացի էր դնում, դա իմաստության նկատմամբ պաշտամունքի հասնող բնազդն էր:
Հայրենիքը, մեր բարոյական հատկանիշները պատերազմից առաջ և հետո:
Պատերազմից առաջ ամբողջ ազգն էր ուրիշ: Այնքան վեհանձն էինք, որ անգամ փողոցում ծեծվող շանն էինք տեր կանգնում: Լավ դասեր ունեինք, պատմական գրքեր, որոնցից մեջբերումներ էին կատարում մեր մեծագույն գրողները` Չարենց, Թումանյան, Վարուժան, Սիամանթո, Տերյան, մենք էլ հավատում էինք նրանց, թե մեր փոքր գործերում, թե մեր խոշոր գործերում: Խոշոր գործը պատերազմն էր, որը մղելու համար կանգնեցինք երկրագնդի չորս ծագերում ապրող մերոնցով: Կարելի է ասել` դարեր շարունակ, ասենք` 14-15 դար, պարտվելուց հետոյի հաղթանակ էր, այսինքն` դարերի կուտակված մղկտոցի հաղթանակ, կարծում եմ` վերլուծել պետք չէ, թե դա ինչ նշանակություն ուներ Արցախի և Հայաստանի համար. սրա մասին այն ժամանակ անգամ մանկապարտեզի երեխան գիտեր: Հաղթանակներ կան, որ ազգային հոգևոր գանձարանում արժեք են դառնում, ասենք ինչպես եկեղեցին, Սևանա լիճը, Սրբազան մեծ լեռը, Ղևոնդ Ալիշանը: Սակայն վատթարը հետո կատարվեց, երբ չկարողացանք ճիշտ քարոզել դրա նշանակությունը, որ երբեմն ուշացումով էինք խոսում նրա մասին, երբեմն էլ` քամահրանքով, իբրև թե այնքան շատ նվաճումներ ենք ունեցել: Հայրենիքի համար զոհված զինվորին, երբ եկեղեցին սուրբ է հայտարարում, իսկ մահկանացու մարդը, ով է որ, նրա հաղթանակը չի արժևորում: Այսպիսին է մեր մշտական ազգային ներքին հակասությունը: Կարող էինք և պարտավոր էինք` հաղթանակը երիտասարդության դաստիարակության դպրոց դարձնել: Բոլոր մեծ ազգերը` ռուսները, ֆրանսիացիները, անգլիացիները, շատ ու շատերը օգտվում են դրանից, մենք ինչու՞ պիտի չօգտվեինք, ի՞նչ է, Թուրքիան չի՞ օգտվում դրանից:
Կրթության ոլորտը:
Այն, ևրոպական երկրների կրթության բնագավառի հաջողությունների և անհաջողությունների կրկնությունն է, ավելի շատ կապկումը` հիմքում շատ չնչին ազգայինով: Սրանից մի քանի տարի առաջ Խաչատուր Աբովյանի «Նախաշավիղ»-ը կարդացի, զարմացել էի` ազգը պահպանելու ինչ մեծ իմաստությամբ էր գրված: Այդ գիրքը ավելի ժամանակակից էր, քան ևրոպականի այսօրվա կրկնությունը: Չէ որ, անգամ, հին դարերում համալսարաններ ենք ունեցել, ինչու՞ չի կիրառվում նրանց փորձը, հոգևոր հարստությունը: Մյուս կողմից էլ գիտեմ, որ վատատեսությունն այնքան շատ պիտի չլինի, որ իմ խոսքից հանկարծ պատ փլվի, դրա համար էլ հավատում եմ, որ ավելի լուսավոր ապագա է գալու: