Աքաբ  Թագավոր

     Ժամանակին Աքաբ թագավորը իր պալատականներին, մեծամեծ նվերներով, խնամախոսության ուղարկեց արաբների երկիրը՝ նրանց արքա Աբդյուլ Ազիզի աղջկան ուզելու:

     Թագավոր Աբդյուլ Ազիզը վերցրեց ուղարկված նվերները՝ ոսկու ձուլածո սալիկները, եղնիկի մորթուց կարված տոպրակներով ադամանդները, վայրի քամիների ու հովերի մեջ մեծացած սպիտակ նժույգները, ձայն հանող կարմիր փայտը, ոսկերիզ երկանիվ ռազմական կառքն ու ասաց. «Ես պայման ունեմ», և պայման դրեց խնամախոսների առաջ. «Եթե ձեր թագավորը կարողանա հավքերի ոսկորներով մի պալատ շինել, իմ աղջկան կտամ նրան»:

     Երբ խնամախոսները վերադարձան և հաղորդեցին առաջարկվող պայմաննե րը, ամբողջ գիշեր չքնեց Աքաբ թագավորը. նա մտածում էր արժանապատվության և արաբների թագավորի գեղեցկուհի աղջկա մասին:

     Առավոտյան աշխարհի չորս ծագերի վրա մունետիկները փող հնչեցրին, պալատական դպիրները հրաման կարդացին, և բոլոր հավքերը եկան, հավաքվեցին նրա դիվանում: «Գիտե՞ք՝ ես ձեզ ինչու եմ կանչել»:

     Ոչ մեկը չխոսեց: Սու-Թավուղն ասաց. «Չգիտենք՝ ինչի՞ ես կանչել»: Աքաբ թագավորն ասաց. «Արաբների թագավոր Աբդյուլ Ազիզի աղջկան ուզելու համար խնամախոսներ էի ուղարկել, նա էլ իմ առաջ պայման է դրել, թե որ թռչունների ոսկորներով պալատ կառուցեմ, նոր իր աղջկան կտա, և ասում է, և ես էլ ձեզ կանչել եմ, որ բոլորիդ կոտորեմ՝ ձեր ոսկորները շինարարության համար անհրաժեշտ են»:

     Սու-Թավուղը, թե. «Աքաբ թագավոր, ոնց որ դու ես մարդկանց թագավորը, մենք էլ մեր թագավորն ունենք»: Հարցրեց. «Իսկ ո՞վ է ձեր թագավորը»:

     Ասում է. «Զմրուխտի Անղան է, պիտի գնանք նրանից իրավունք վերցնենք»:

     Թագավորը՝ թե. «Մեկ էլ ձեր գնալու կարիքը չկա»:

     Հավաքված թռչունների մեջ հզոր արծիվներ կային, Աքաբ թագավորը նրանց հրամայեց, ասելով. «Գնացեք, Զմրուխտի Անղային բերեք»:

     Արծիվները գնացին, Զմրուխտի Անղայի թևերի տակն անցան, բերեցին դիվան:

     Երկու թագավորները լուռ իրար էին զննում, ճանաչեցին մեկմեկու ուժեղ և թույլ կողմերը:

     Աքաբ թագավորը Զմրուխտի Անղային ասաց. «Եկար, բարով ես եկել, հիմա ես կխոսեմ, դու պատասխանիր»:

     Պատմեց արաբների թագավոր Աբդյուլ Ազիզի պայմանի մասին: Ասաց. «Ես էլ թռչուններին այդ պատճառով եմ հավաքել»: Զմրուխտի Անղան ասում է. «Թագավոր ապրած կենա, ես երեք խոսք կասեմ, հրաման տուր»:

     Ասում է. «Խոսիր»:

     Զմրուխտի Անղան՝ թե.

     -Ես որ հինգ հարյուր տարեկան դարձա, մեջս ցանկություն առաջացավ ամբողջ աշխարհը շրջագայել և բարձրացա երկինք, երբ շատ բարձրացա և շատ վերևում էի, տեսա, որ երկրագնդի վրա՝ աշխարհի մեջ մի բան է փայլփլում, ասացի իջնեմ, տեսնեմ՝ այդ շլացնողն ի՞նչ է: Իջա և տեսա, որ մարդիկ մի բարձր, շատ բարձր աշտարակ են կառուցել՝ ոսկե գմբեթով, ու իրենք մտել են մեջը, ես էլ կանգնել էի գմբեթին ու նրանց էի դիտում, նրանք էլ ինձ տեսան, որ նայում եմ իրենց, մեկն ասաց. «Այս ի՜նչ գեղեցիկ հավք է, մենք հողագնդի վրա այդքան գեղեցիկ բան չենք տեսել: Բոլորը դուրս եկան և զմայլված էին իմ գեղեցկությամբ,և ասացին, և շատ հնարավոր է, որ նա մեզանից ինչ-որ բան է ուզում, եկեք մի ուղտ մորթենք, թող սնվի, զորանա»: Մարդիկ մորթեցին ուղտը՝ զորացած վերադարձա իմ երկիրը: Կրկին հինգ հարյուր տարի անցավ, դարձյալ ցանկացա շրջագայել աշխարհով մեկ և բարձրացա երկինք, երբ շատ բարձրացա և շատ վերևում էի, տեսա, որ երկրագնդի վրա՝ աշխարհի մեջ, մի բան է բոցկլտում, ասացի իջնեմ, նայեմ՝ փայլփլողն ի՞նչ բան է: Իջա և ինչ տեսնեմ՝ նույն աշտարակն է, բայց գմբեթն ամբողջությամբ դարձել է արծաթ, մարդիկ էլ այն մարդիկը չէին, ուրիշներն էին եկել: Աշտարակի գմբեթին նստած՝ դիտում էի նրանց: Ներսից դուրս եկան մի քանի հոգի, կանգնած դիտում էին ինձ ու ասացին. «Այդպիսի հավք չէինք տեսել, ինչ լավ թռչուն է»:

     Բերեցին, մի խոյ մորթեցին, իջա, կերա, զորացած վերադարձա իմ երկիրը: Հինգ հարյուր տարի էլ անցավ, ցանկացա աշխարհը մի անգամ էլ տեսնել և բարձրացա երկինք և շատ բարձրացա, երբ շատ վերևում էի, տեսա, որ երկրագնդի վրա՝ աշխարհի մեջ, մի բան է փայլփլում, ասացի իջնեմ, նայեմ՝ այդ ճերմակին տվողն ի՞նչ է: Իջա, տեսա, որ կրկին նույն աշտարակն է, բայց գմբեթը վերածվել է չուգունի, մարդիկ էլ այն մարդիկը չեն, ուրիշներն էին եկել: Աշտարակի գլխին նստած՝ ես մարդկանց էի դիտում, նրանք՝ ինձ, հետո ներսից դուրս եկան, մեկը մյուսին սկսեց հրամաններ տալ, թե. «Օղեր բերեք», թե՝ «Երեներ որսալու ցանցեր բերեք», թե՝ «Նետ ու աղեղ բերեք, զարկենք հավքին»: Նրանք քո մարդիկ էին, արքա, ինձ իջեցրին չուգունե գմբեթից: Ու դու, Աքաբ թագավոր, լսեցի՞ր արդյոք՝ ոսկին արծաթ եղավ, արծաթը՝ չուգուն, մարդն էլ, չուգունե գմբեթի տակ ապրելով, փոքրացավ:

     Ես հիմա քեզ ասում եմ, որ ոսկին արծաթ եղավ, արծաթը չուգուն դարձավ, քո ցանկացածն արդյոք շատ չէ՞. այսքան կենդանի արարածներ պիտի ոչնչացնես մի աղջկա և քո գոռոզության պատճառով»:

     Աքաբ թագավորը գահի վրա ետ ընկավ, մտածեց, խորհեց, որ իր կայացրած որոշումը կռապաշտի գործ է: Զմրուխտի Անղային ասաց. «Դու քո հավքերով ազատ ես, դարձյալ թռեք հինգ հարյուր տարիների միջով և կրկին այցելեք մարդկանց»: