Արձակուրդների օրերին քիչ ժամանակ է մնացել: Ուսուցիչների տունը լուռ է: Բոլոր տուն գնացածները դեռ չեն վերադարձել: Մեր մուտքում ես եմ մնացել ու վերևի հարկում` Աստղիկը: Նա էլ մի տասն օրով գնաց ինչ-որ տեղ ու վերադարձավ: Արձակուրդների սկզբին որոշեցի գնալ գյուղ` ձերոնց մոտ, հետո փոշմանեցի, մտածեցի քեզ սպասել, գուցե գաս:
Շաբաթը մեկ-երկու անգամ աշակերտները գալիս են Աստղիկի մոտ: Դաշտային ծաղիկներ են բերում, երաժշտություն լսում: Գրականության ուսուցչի հետ երեխաները հեշտ են կապվում: Նրանք ֆիզիկան համարում են ոգուց զուրկ առարկա: Նրանց պատճառաբանությունը ես չեմ հասկանում կամ էլ սխալ եմ սկսել դասերը անցկացնել… Հենց սկզբից էլ կասկածում էի, որ ես լավ ուսուցիչ չեմ կարող լինել:
Արձակուրդայինով գործելու մեքենա եմ առել և տնից քիչ եմ դուրս գալիս: Փայլփլուն մեքենաներով տղաները փողոցում կանգնեցնում են ու տհաճ առաջարկություններ անում: Եթե չլիներ նախարարության նշանակումը, այս փոքրիկ քաղաքում երբեք չէի ցանկանա ապրել: Ասում են` ձմռանը նույնիսկ ճանապարհները փակվում են: Սկզբի ամիսներին շատ էի անհանգստանում, վախենում էի` շտապ օգնության մեքենան փոթորիկների պատճառով մեզ չկարողանա հասցնել ծննդատուն: Ավելի ուշ պարզվեց, որ ես սխալվել էի:
Հետո մի օր խոսում էինք, տիկին Բերսաբեն, հայրենադարձ է հարևան շենքից, ասաց, որ պետք չէ հուսահատվել, իմ մոտ չբերության նշաններ չկան, այլ պարզապես շատ դեպքերում հարսանիքից հետո երեք ամիս մի տղամարդու հետ ապրելը քիչ է: Հաճախ տանը որևէ առարկայից շատ սուր հոտ եմ առնում, օխրա յուղաներկի բուրմունք (կարծեմ շագանակագույնին միշտ օխրա էիր ասում): Ու ինձ թվում է, թե այդտեղ էլ ամբողջ հանրակացարանը բուրում է շագանակագույնի այդ առանձնահատուկ հոտով: Լսել եմ` Մոսկվայում գեղանկարիչները լավ կրթություն են ստանում: Քո բոլոր ծանոթներն էլ ասում են, որ առանձնահատուկ ոճ ունես ու համոզված պնդում են, որ երեք տարի հետո կվերադառնաս արդեն ճանաչված: Ես էլ եմ հավատում քո տաղանդին:
Մի օր տիկին Բերսաբեին պատմեցի, որ երբ մի երկու բաժակ ոգելից խմիչք եմ խմում. չգիտես ինչու, ինքնաբերաբար, ինձանից անկախ հռհռում եմ: Քեզ չեմ ասել, չէ՞, այդ մասին: Նա ասաց, որ նման բան պատահում է, երբ կանայք շատ են ցանկանում երեխա ունենալ: Հարկավոր է սուր և գրգռիչ ճաշատեսակներ չօգտագործել: Նրան ես հավատում եմ, շատ բարի է ու կյանքի մեծ փորձ ունի: Այնտեղ մուսուլմանների մեջ է ապրել: Պատմեց, որ մուսուլման մի կին նմանօրինակ պահեր ունեցել է, ոչ սովորական. մի ուրիշ տեսակ լռության մոտեցումն է լսել ու սկսել է ձիու նման խրխնջալ: Ասում է, դա այն լռությունն է, երբ փիլիսոփան սկսում է մտածել, քարը ճաքում է, ամուսինները հեռանում են իրարից կամ սաղմը պտուղ է դառնում: Տիկին Բերսաբեն ասում է, որ կինը պիտի կարողանա տղամարդուն սպասել: Ամաչեցի նրան ասել, որ իմ հետ էլ է այդպես պատահում: Թվում է, թե հեռու մի տեղից լսում եմ իմ հռհռոցը` ձիու արծաթյա խրխինջի նման: Ու հաճախ երկար, շատ երկար, հմայվածի պես լսում եմ հեռվից եկող օտար այդ խրխինջը:
Մի քանի անգամ ուզեցի հարցնել տիկին Բերսաբեին տղամարդուն այդպես սպասող մուսուլման կնոջ մասին…
Ակնարկներիս մի տեսակ անորոշ պատասխանեց: Ասում է` մանկամտություն է նման հարցեր տալը:
Գիտե՞ս, նրա խորհրդով էի գործելու մեքենան գնել: Ասում է` գործելը կայունություն կմտցնի բնավորությանդ մեջ: Այսօր հոգնել էի գործելուց: Չգիտեմ, ես էի ցրված, թե՞ մեքենան էր թերություններով գործում, սկսել էր հատեր գցել: Որոշեցի հանգստանալ ու քեզ գրել:
Աստղիկի հետ ուզում էինք ուրախանալ, մի քանի հյուրեր էինք հրավիրել: Վերևի թաղից, տեղացի ուսուցիչներից, մի քանի տղաներ ու աղջիկներ էին եկել: Աստղիկի մոտ մեկն էլ կար, մորուքով, ասում էին` գրում է: Շատ հետաքրքիր պատմել գիտեր: Մենք շամպայն էինք խմում, իսկ նա հացի փափուկ միջուկով ինչ-որ ֆիգուրներ էր սարքում ու, ոչ մեկիս չնայելով, պատմում էր սպիտակ վարդերի մասին: Ինչ-որ հիմնարկում (հիմա անունը չեմ հիշում) ցանկացել է աշխատել, երբ մտել է կադրերի բաժին` փաստաթղթերը ձևակերպելու, այնտեղ աշխատող աղջիկն այքան գեղեցիկ է եղել, որ նա, մի ակնթարթ նայելուց հետո, ինքնամոռաց սիրահարվել է: Ասում էր. «Չգիտեմ ինչու՞, բայց այդ պահին իմ մեջ շատ խիստ ցանկություն առաջացավ նրան փնջով հատկապես սպիտակ վարդեր նվիրել»:
Հաջորդ օրը, երբ աշխատանքի է գնացել, նրա հետ նույն սենյակում աշխատողները հիացմունքով խոսել են կապուտաչյա աղջկա, նրա նվիրած սպիտակ վարդերի մասին: Ասել է, որ նման բան չի պատահել, ինքը ոչ մեկին էլ վարդեր չի նվիրել: Աշխատակիցները նրա հրաժարվելը երկիմաստ են հասկացել` վերագրել են ժլատության: Օրինակով ապացուցել են իրենց աչքով տեսած սպիտակ վարդերի գոյության մասին: Վարդերի մասին նրանց հարցումին կադրերի կապուտաչյա աղջիկն ասել է.
-Չգիտեմ, նրա դուրս գալուց հետո միայն նկատեցի, որ սեղանին են դրված:
Հավատա, նա մեր ներկայությամբ էլ էր երդվում, որ ինքը վարդեր չի նվիրել, այլ միայն մտածել է, այդպես ցանկացել: Գեղեցիկ է չէ՞, ի՞նչ ուժ ու ինչպիսի՞ հավատ…
Բոլորը մոլորված լռում էին: Աստղիկն ասաց. «Վարդերի այդպիսի ծնունդը ամուսնուն սպասող կնոջ նման թույլ էակին, ուշ թե շուտ մեղավորության կհասցնի»: Ես շամպայնի բաժակը ձեռքիս հռհռում էի: Եվ ուժեղ ու ավելի ուժեղ էի լսում ձիու օտար խրխինջը: Իսկ նա, իմ և լսողների դեմքերին չէր նայում: Դեմքը գունատ էր, հացի միջուկից ֆիգուրներ էր սեղմում, նրա մատները անարյուն էին ու մոմի նման նուրբ: Հետո ես նրան հրավիրեցի պարելու: Բոլորն էլ պարում էին: Երբ նրանք գնացին, ուշ էր, ցանկացա դարձյալ շամպայն խմել: Հետո հիշեցի, որ տիկին Բերսաբեն խորհուրդ չէր տալիս նյարդային գրգռվածություն առաջացնող խմիչքներ օգտագործել: Ես նրան հավատում եմ, կյանքի մեծ փորձ ունի:
Նա վերջապես զիջեց ու կցկտուր ակնարկներով որոշ բան պատմեց այն մոլորյալ մուսուլման կնոջ մասին, որը լսում էր արտասովոր լռության քայլքն ու ձիու նման խրխնջում: Պարզվում է՝ վերջում սկսել է օր օրի չաղանալ: Նման պատահարներից խուսափելու համար տիկին Բերսաբեն խորհուրդ տվեց այլևս առաջվա նման կուչ եկած` բռունցքներս ծնկներիս արանքում չքնեմ: Ասում է` կինը գիշերային անմեղությունը պահպանելու համար հարկավոր է, որ քնի ձեռքերն անկողնուց դուրս: Խորհուրդ է տվել քնելուց առաջ «Հայր մերը» արտասանեմ: Ասում է` չնայած չի կարելի, որ սոցիալիզմի ժամանակ ուսուցիչն աղոթք արտասանի, բայց գիշերային խաղաղությունը պահպանելու, մտասևեռումներ չունենալու և սպասելու լավ միջոց է: Խնդրել եմ` ինձ համար Աստվածաշնչից «Հայր մերը» արտագրի:
Հետո գնացի խոհանոց` սուրճի բաժակները լվանալու, պատկերացնու՞մ ես, խոհանոցի սեղանին մեծ փնջով սպիտակ վարդեր էին դրված: Մի տարօրինակ, կապկպող բուրմունք էր ծորում, լցվում ննջարանը…
Ախր լավ հիշում եմ. հյուրերը ծաղիկներ չէին բերել: