Պաղ քամի

    Գյուղի ամենագեղեցիկ աղջիկն  ամուսնացավ: Հորեղբորս տղան մեր գյուղի անտառում գառ մորթեց, Ախալքալաքի զինկոմիսարիատից ու կայազորից պաշտոնավոր մարդկանց հրավիրեց, կերան, խմեցին: Սպայի կոչում ստացավ, կամավոր գնաց Աֆղանստան` կռվելու: Այդ օրերին պրոպագանդայի բոլոր միջոցները զօր ու գիշեր խոսում էին այնտեղ ինտերնացիոնալ պարտքը կատարող մեր զորքերի մասին:

Հորեղբորս հաստ նոսր բեղերով կինը գնացել էր գյուղխորհուրդ, որպես պատերազմի մասնակցի ընտանիք, լրացուցիչ` քսանհինգ հար հողաբաժին էր պահանջել: Գյուղխորհրդի նախագահը նրան մերժել էր: Ու երբ բացատրել էր, որ նրան ոչ թե զորակոչել են,  այլ նա ինքն է կամավոր, իր կամքով գնացել, մեր ընտանիքին նոր ահ հասավ, նոր սուգ սկսվեց, նոր հորեղբորս կինը ամբողջ գյուղով ողբը գցեց: Նոր հասկացանք, որ նա այլևս հետ չի գա: Երկու տարվա ծառայության ընթացքում նամակներ էր գրում:

Ուղտերի մեջքին նստած, ուռած փորերով մանչուկներին գրկած, անապատներում` չալմայված դեմքերով մուսուլմանների հետ, սև ակնոցներն  աչքերին` տարբեր զենքերով զինված, նեգատիվներ էր ուղարկում, գյուղում լուսատպում էինք ու հիանում նրանով: Մի օր էլ արձակուրդ եկավ: Մոսկվայից` կտրոնների հատուկ խանութից «Շարպ» մակնիշի մագնիտոֆոն էր առել և տատիս համար նիկելապատ, կուրացուցիչ շողշողացող մի խոշոր գիշերանոթ էր բերել: Տատիս ասաց. «Աբա, էլ զուգարան չես գնա, արտասահմանյան է»: Տատս զարմացած ասաց. «Քա, ի՞նչ կըսես, մանչ, ամոթ է, ի՞նչ է, արտասահմաններում ժողովուրդը տների մե՞ջ է անում»:

Երբ մերոնք գնում էին դաշտային աշխատանքների` տնից մինչև բանջարանոցի ծայրամասում գտնվող զուգարանը մի երկար պարան էին կապում, տատս պարանը բռնած, զուգարան էր գնում-գալիս, ու նրա կուրությունը ոչ մեկին նեղություն չէր տալիս: Երբեմն պատահում էր` պարանը մեջտեղից այծերն էին կրծելով կտրում կամ մենք էինք արձակում զուգարանից ու մեկ ուրիշ բանից կապում: Մոլորված կանգնում-մնում էր ճանապարհի մեջտեղը ու շփոթելով մեր բոլորի անուններն իր հանգուցյալ ծնողների անվան հետ` օգնություն էր կանչում: Նրանից կինո գնալու համար փող էինք պահանջում ու նոր տեղ հասցնում:

Տանեցիները դաշտ էին գնացել` խոտ հավաքելու: Երվանդը, թախտին պառկած, առաստաղին էր նայում ու մագնիտոֆոն լսելով անցկացնում արձակուրդի առաջին օրերը: Տատս ծալապատիկ նստած տերողորմյան էր քաշում: Մենք դռանը խաղում էինք, փոստատար Գաբոն եկավ, մենք նրա հետևից մտանք օդան: Երվանդին նամակ տվեց: Տատիս ասաց. «Մամ, մի պապիլոզ տուր, իմը վերջացել է»: Տատս մի հատ էլ ինքը վառեց, նրանք զրուցում էին: Տատս հարցրեց. «Գաբո ջան, էդ ի՞նչ նամակ էր»:

Գաբոն ասաց. «Չգիտեմ, էնտեղից էր, Աֆղանստանից»: Հետո Երվանդին մոտեցավ. «Երվանդ ջան, մեզ ներող եղեք, քանի՞ մեդալ ունես»: Երվանդը նամակը ձեռքին նստել, լռում էր: Գաբոն ասաց. «Երվանդ ջան, մենք օբսալյուտնո…»: Նա ասաց. «Որ ելա տեղիցս, եկած ճամփադ չես գտնի»: Գաբոն ասաց. «Մենք ներողություն»,- ու տատիս հարցրեց. «Մամ, դու չգիտե՞ս, մեր տղան քանի՞ մեդալ կունենա: Ասում են` վերին գեղերից էնտեղից մի ոտքով եկած մեկն էլ կա, յոթ-ութ հատ ունի, չիդեմ, ընչի սիրտս վկայում է, որ մեր Երվանդը ավելի շատ կունենա»:

Տատս ասաց. «Չգիտեմ, Գաբո ջան, տեսա՞ր խոսելու ձևը: Էս մեր ծռվածը մեզ էդպես բան ասող, ուրախացնողը չէ»: Տատիս խնդրեց, որ թող մի բան անի, իմանա ու ինքը գնաց: Երվանդը նամակը ձեռքին դեռ նստած էր, հետո մոգնիտոֆոնը անջատեց, տատս դեռ ծխում էր, արոտից հետ պահած հիվանդ այծը թափառում էր օդայի մեջ, նա դարձյալ նամակը ձեռքին նստել, մնացել էր: Տատս հարցրեց. «Մանչ, մեջքիս սառը, պաղ քամի է փչում, դուռը խոմ բաց չի՞ մնացել: Խաղ աստղը ինչի՞ լռեց, էդ ի՞նչ նամակ էր, չլինի՞ քեզ հետ են կանչում»: Ասաց` չէ:

Հինգ օր անց փոստատար Գաբոն դարձյալ նամակ բերեց: Հետո` էլի: Տատս ասաց. «Ինչ-որ տեղից մեջքիս սառը քամի է փչում»: Ու այդ օրը հաստատապես հայտարարեց, որ մեր տան մեջ մեզանից բացի էլի մեկը կա: Ասինք. «Սխալվում ես, արոտից հետ պահած այծն է տան շվաքներում թափառում»: Ասաց. «Այծը չի թափառում, այծը խրտնած է ինչ-որ բանից»: Ասաց. «Գոմում մալը ամբողջ գիշեր չորոճաց»: Մնաց հորեղբայրս ասաց. «Մալ է, էլի, վաղը գիշեր կորոճա»:

Տատս ասաց. «Մանչը հետս որ խոսում է, ոնց որ անցյալի միջից խոսա, մի բանըմ կա»: Նրան ասին. «Տեսողությունդ կորցրել ես, մտքով քեզնեն դուրս բաներ ես տեսնում»: «Աստված տա այդպես լինի, բայց տան մեջ թափառողը կին է, փեշերի շրշյունն եմ առնում»: Ասինք. «Կնի՞կ, կարո՞ղ է ջրահարս է մտել տունը…»,- ծիծաղեցինք: Ասինք. «Ծերացել ես, աբա»: «Կատուն խելռած` հինգ օր է տուն չի գալիս, ծիծաղում եք, թե ծերացել եմ: Արդեն տասներորդ գիշերն է գյուղի բոլորը բուն չի կանչում»:

Մնաց հորեղբայրս ասաց. «Տարիքին նայե, խոսացածին նայե, ի՞նչ անենք, որ բուն չի կանչում, սուգ մտնե՞նք: Աբա, ախր հասկացիր, քոռ բու է, կպել է քարին, ծառին սատկել է, չկա»: Տատս ասաց. «Ուր է, թե ձեր ասածը լինի, ախր օդում չղջիկն էլ չի պտտվում..»: Մի օր Երվանդը ձուկ բռնելու էր գնացել, էլի նամակ եկավ: Տատս ասաց. «Մանչը դադարը կորցրել է, մի բացեք, տեսնենք էդ ի՞նչ նամակներ են»: Բացեցինք` փոքրիկ սպիտակ թուղթ էր: Տատս զարմացավ. «Գիր չկա՞, առանց գրի ի՞նչ նամակ»: Ասաց. «Մեկը նստեց անկյունում, էդ ո՞վ էր»: Ասինք. «Մարդ չկա, բարձն էր ծալքից ընկավ»: Ասաց. «Ինչ-որ տեղից սառը, պաղ քամի է փչում»: Ասինք. «Դուռը գոց է»:

Թոշակառու Մարկոսը Ախալքալաքի շրջանային թերթի երբեմնի խմբագիրն էր: Մորս հետ գնացինք նրա մոտ: Ասինք. «Մեր աբան ասում է, չգիտենք ու չենք հասկանում, էս ի՞նչ բան է, տղան ամեն հինգ օրը մեկ էս նամակներից է ստանում»: Խմբագիր Մարկոսը թղթին նայեց, հետո` մեզ. «Էդ երկիրը մտնելուց առաջ, մի հատ թող ուսումնասիրեիք էդ ժողովրդի պատմությունը, տեսնեիք` երբևէ դրանք հնազանդվե՞լ են  որևէ մեկին, հետո թող նոր ավերեիք»:

Նա մեզ հետ այնպես էր խոսում, կարծես ես ու մայրս էինք մտել այդ անհնազադ երկիրը ավերելու: Մինչ նրա կինը` Շուշանը, ակնոցները կբերեր, ականջներս պինդ ձգեց անցյալ օրը իրենց հանդից գազար գողանալու համար: Հետո երկար թղթին նայեց. «Ինչքան իմ գիտելիքները հուշում են, այսպես ասած` սա նամակ է, կսկծից տառապող մոր նամակ: Մուսուլմանների մոտ նամակագրության այս ձևը հետապնդելու միջոց է: Այս սպիտակ թուղթը նշանակում է, թե մայրը  իր ուրվական-ինքնանմանակին ուղարկում է մեզ մոտ` Երվանդին հանգիստ չտալու»:

Տատիս պատմեցինք: Ասաց. «Ինչ-որ տեղից մեջքիս սառը, պաղ քամի է փչում»: Երեսին խաչ հանեց. «Իսոս Քրիստոս, էս ի՞նչ մեծ մեղք է գործվել…»: Հորեղբորս ասաց. «Առավոտյան մի որձ գառ հետ առեք հոտից»: Նա Սուրբ Հովհաննեսի պատվանդանին ուրվական մորից թողություն խնդրեց:

Գառը մատաղեցինք, բաժանեցինք գյուղին: Գյուղը չէր հանգստանում: Նախիր գնացած կովերը հորթ էին գցում, իսկ ցուլը նախիրի մեջ չէր մտնում, ինչ-որ բանից սարսափած` բառաչելով գյուղ էր փախչում: Հետո Քոռ կամրջի մոտ գայլերը Երանոսի երկու ոչխարներին էլ կերել էին: Սատանա Մուկուչը դաշտից տուն գալիս, հին գերեզմանոցից իրեն կանչող օտար կնոջ ձայն էր լսել: Գյուղացիներն ուրվականի իրենց հետապնդելը կապում էին Երվանդի արձակուրդ գալու հետ ու դժգոհում էին:

Երվանդը մնաց հորեղբորս հետ, տան բոլոր անկյուններում ուռկանով թակարդներ էին դնում և կացինն ու գերանդին առած` մարագի գոմի շվաքների մութ տարածություններից ուրվականին քշում էին դեպի ցանցերը: Ու այնքան էին թռչկոտում վեր ու վար, որ հորեղբայրս ասում էր. «Քիչ է մնում միզափամփուշտս կտրվի, ընկնի»: Հետո հարբում էին, համարյա հարբում էին: Մի անգամ խմած ժամանակ, շալվարի փողքը վերև քաշեց, ազդրին ձգած փոկերը արձակեց ու դնովի ոտքը շպրտեց մսուրների ետևը` այն հավանական տեղը, որտեղ կլիներ ուրվականը ու գոռաց. «Առ, շան քած, տես, բա ինչու՞ 41 թվականին իմ մայրը ոչ մեկի հետևից չգնաց…»:

Հորեղբորս կինն ասաց. «Լենինգրադից էդ անտերը ինը հարյուր  ռուբլով բերել տվեցինք, ինչի՞ ես ջարդում, տեսնեմ առավոտ առանց ոտքի ոնց ես քաղի գնալու»,- և սկսեց լացել: Տատս ասաց. «Մանչը դողում է, էդ ո՞վ էր Երվանդիս մոտեցավ…»: Երվանդը ասաց. «Շվաքի դուռը բաց է, քամին է պտտվում»: «Ինձ մի խաբեք, տաք գոմի միջով քամին որ անցներ, մալը կմնչար»:

Երվանդն ասաց. «Կյանքներս կերար, աբա, բան չեղած տեղը վախեցնում ես բոլորիս, էդ ինչի՞ միայն դու ես տեսնում»: «Քա, բալա ջան, բուղան չառած կովը հուզմունքից արդեն երկու օր է ցամաքել է, կովին էլ խոմ ես չե՞մ վախեցրել»: Առավոտյան տատս սնդուկից հինգ հարյուր ռուբլի հանեց, հորեղբորս ուղարկեց Ախալքալաք:

Զինկոմիսարը նրան ասել էր. «Չէ, չեմ կարող: Հասարակ զինվոր լիներ, էլի կարելի էր մի բան հնարել, մի ամիս էլ պահել: Նա սպա է, այն էլ հերոս: Երկու կարմիր աստղ ունի, էնա համարյա հերոս է, էլի, նրա նման սպան այնտեղ պետք է, համ էլ կարող է ինձ էլ ստուգեն…»: Մերոնք չէին իմանում` ինչ անեին: Տատս ասաց. «Ախր մանչուն կրնկակոխ հետևում է, մանչը օտարության մեջ չի կարող գլուխը պրծացնել»: Երվանդին ասին. «Մի գնա, թող դատեն: Մի երկու տարի էլ կնստես»: Ասին. «Մի գնա և վերջ»: Ասաց. «Չեմ վախենում: Այնքան էլ վախենալու բան չէ, կգնամ: Զենքը որ վրաս եղավ, կվախենա, չի մոտենա»:

Հետո ուրվականը սկսեց շրջել գյուղում: Նրա մասին սկսեցին խոսել այստեղ ու  այնտեղ: Նրա ներկայությունը զգում էին բոլորը: Խուճապահար հավերը սկսեցին ձվերը կորցնել` դնում էին որտեղ պատահեր: Կանայք տների շուրջբոլորը թաց ծղոտ ու աթար էին ծխացնում, որպեսզի նա բնակարանները չմտնի ու դժգոհում էին Երվանդի արձակուրդ գալուց: Մի օր, երբ Երվանդը տանը չէր, տատս հորեղբորս կնոջը կանչեց ու ասաց. «Դու մայր ես, պիտի կարողանաս անել…»: Տատս նրա հետ շշուկով խոսեց: Հորեղբորս կինը շշմել, նայում էր նրան: Տատս ծխում էր, ասաց. «Պիտի կարողանաս անել: Դա միայն դու կարող ես անել…»:

Հորեղբորս կինը, երեկոյան թեյի ժամանակ, եռացած թեյնիկը «պատահաբար» ձեռքից գցեց: Բժիշկը Երվանդի գնալը մի ամսով հետաձգեց: Ուսից մինչև ձեռնաթաթը առաջին աստիճանի այրվածք էր ստացել: Նա ոչ մեկին չլսեց, հրաժարվեց հիվանդության թերթիկից, վերցրեց ճամպրուկը ու համբուրվեց բոլորիս հետ: Տատս ասաց. «Ինչ-որ տեղից մեջքիս սառը, պաղ քամի է փչում»:

Չպատասխանեցինք, համարյա չպատասխանեցինք: Ասին. «Աբա, տաք, պայծառ արև է»: Ասաց. «Մեղվի ձայն չեմ առնե, մեղուն փեթակից դուրս չի գա, օդի մեջ կտրող պաղություն կա»: Ասին. «Բացատրություններ տալու տեղ մեջքիդ շալ կապե»: Ասաց. «Մեկը դուրս եկավ մանչուն կրնկակոխ»: Ասինք. «Կատուն էր ոտնատակ ընկնում»: Ասաց. «Կատուն չէ, կատվի քայլվածքը էդքան թեթև ու պաղ չէ»: Հորեղբայր Մնացս բղավեց. «Կրակ խոմ չես, այ կնիկ, խելքդ գլուխդ ժողվե»: Տատս ասաց. «Էն կինն է, տանից դուրս եկավ, գնաց մանչու հետևից»: