Ժամանակով շատ հարուստ մի մարդ է լինում: Այնքան հարուստ, որ քաղաքի իշխաններն ու ազատանին երազում էին նրա հետ սեղան նստել: Կարմրագմբեթ, տաք ջրերի բաղնեպանն ու արքունական պահեստների մառանապետն ախ էին քաշում, որ երբ նա սպիտակ ջորիները լծած կառքով անցներ փողոցով, գոնե գլխի շարժումով իրենց բարևեր:
Մեծահարուստը բազմանդամ ընտանիք՝ եղբայրներ և որդիներ ուներ, որոնք այլևս եկեղեցի չէին հաճախում: Ավագ տղան վաճառական էր, շրջում էր օտար երկրներ, կյանքն անցկացնում էր շվայտության և ցոփության մեջ: Մի օր ընտանիք վերադարձավ բորոտված, հիվանդ:
Միջնեկ տղան շուկայում հարկահավաք էր, կուտակած հարստությունը վատնում էր՝ անառակ կանանց հետ գիշերներ լուսացնելով:
Իր մեծ եղբայրը արքունական քարհանքերի կառավարիչն էր ու արհամարանքով էր վերաբերվում աղքատներին և մուրացկաններին:
Նրա տղաները, եղբայրները, հարսները սկսեցին տանն անընդհատ աղմկել ու վիճել, իրար չլսել: Աղքատությունը հաղթեց, ցիրուցան եղան, ամեն մեկը մի տեղ ծառա դարձավ: Մեծահարուստն էլ ամոթից գլուխը վերցրեց, գնաց օտար տեղեր՝ աշխատանք գտնելու:
Մի գյուղում նրան վարձեցին որպես ջրաղացպան, բայց ջրաղացքարերը հակառակ պտտվեցին: Տիրոջը լուր տարան, եկավ, ասաց. «Իմ ջրաղացները մինչև հիմա ճիշտ էին աշխատում, դու եկար, փչացրիր»: Նրան վռնդեց, քարերը սկսեցին իրենց շիտակ պտույտը տալ:
Աղքատն այդտեղից գնաց հարևան գյուղը, այգեպան դարձավ. եկավ պտղի ժամանակը, ամբողջությամբ բերքը թափվեց, ոտնատակ գնաց: Այգու տերը եկավ, ասաց. «Դու էս ի՞նչ մարդ ես, ոտդ կոտրվեր, չգայիր, տունս քանդեցիր»: Առանց վարձ տալու դուրս արեց:
Աշունն էլ եկավ, արդեն պաղ քամիներ էին փչում, ծառերից տերևներ թռցնում: Ուր գնում էր, նրան չէին վարձում: Գիտեին ջրաղացքարերի թարս պտտվելը, պտղի ոտնատակ գնալը: Գործատերերը խուսափում էին նրանից:
Շատ քաղաքներ ու ավաններ շրջեց. աշնան պաղն արդեն ջրափոսեր էր սառցապատում: Մի գյուղում՝ դռան առաջ, քարին նստած ծերունու տեսավ, ընկավ ոտքերը, ասաց. «Հայրիկ, այս ձմեռ փորհացի վերցրու ինձ, պաղ անձրևներն ու ցրտերն արդեն սկսվել են, այլևս չեմ կարող օտար երկրներ գնալ»: Ծերունին ընդունեց նրան, ասաց. «Իմ տավարը խնամիր, պահիր մինչև Զատիկ, քեզ դրամ էլ կտամ, դու մեղք ես, տեսնում եմ շատ մեղք, հալածված ես»:
Երեք ամիս այդ տան տավարն էր պահում, ծերունին գոհ էր: Մտան Մեծ պասը: Հալևորը մի գայլխեղդ, լավ քած ուներ՝ պիտի ցնկներ: Նրան ասաց. «Գիշերը հանկարծ չքնես, նայիր շանը՝ ցնկնելու ժամանակ լակոտները չխեղդվեն»:
Չափազանց զգույշ էր, բայց լարվածությունից հանկարծ քունը տարավ, արթնացավ, տեսավ քածը ցնկնել է, մի ծերունի էլ կողքին, նոր ծնված լակոտին շան պտուկներին է դրել, կերակրում է: Սարսափած մտածում է, թե էս հալևորն իր տանտերն է, քնով ընկնելու համար իրեն դուրս կանի: Մոտեցավ՝ տանտերը չէր: Հարցրեց նրա ով լինելը:
Ասաց. «Դժվար է ինձ ճանաչելը, ասեմ էլ, չես ճանաչի: Եթե չգայի, հաստատ իմացիր՝ քածը սատկելու էր, և դու կհայտնվեիր փողոցում: Ասաց.
– Ես այս ընտանիքի տավարը, ունեցվածքը, ամենայն բանը՝ ինչը որ փորձության ենթարկվի, հասնում, փրկում եմ: Ես այս տան պահապան հրեշտակն եմ:
Մարդը միանգամից ծնկի իջավ ծերունու առաջ, արցունքն աչքերին պատմեց իր գլխով անցած պատմությունը: Նրա ձեռքերը համբուրեց, խնդրեց, աղաչեց, ասաց. «Ժամանակին իմ ընտանիքն էլ է ունեցել տան պահապան հրեշտակ: Խռովել, մեզանից գնացել է, եթե գիտես նրա տեղը, ասա, գնամ, բերեմ. գերդաստանս կոտորակվել, ցիրուցան է եղել աշխարհով մեկ, փրկեմ երբեմնի իմ արժանապատվությունը, սփոփվեմ այս տառապանքից»: Ծերունին ասաց. «Այո, գիտեմ նրա տեղը. պիտի գնաս Արագած լեռը, քարանձավներից մեկում կգտնես նրան: Խռոված է ձեզանից և վերադառնում է դարերի խորքը, արդեն նրա վրա մի թիզ փոշի է նստել: Գնա փորձիր, որդի, ծունկ իջիր, մազերդ փետիր, մաքրիր թիզ փոշին, աղաչանք արա: Ինչքան որ ինքը զայրանա, դու խնդրիր: Ինչ էլ տա, հանկարծ չասես՝ քիչ է, վերցրու, վերադարձիր»:
Լույսը բացվեց, տանտերը եկավ գոմը, տեսավ՝ քածը ցնկնել է, շատ ուրախացավ: Գրպանից դրամ հանեց, տվեց աղքատին:
Մարդը հավաքեց իր լաթերը, ծերունուն ասաց. «Հայրիկ, քեզանից շնորհակալ եմ, ես պիտի հեռանամ»: Ծերունին խորհուրդ տվեց՝ Զատիկից հետո գնալ, նա չհամաձայնվեց: Խուրջինը հաց դրեց ու ճանապարհվեց դեպի Արագած: Օրեր ու շաբաթներ անցան, հասավ լեռանը: Իջավ ձորերը, քարանձավից քարանձավ անցավ: Արդեն մթնում էր, մտավ մի անձավ ու տեսավ իր տան պահապան հրեշտակին՝ քուրքի մեջ փաթաթված-պառկած, մի թիզ փոշի էլ վրան: Սկսեց մաքրել, նրա անզգույշ շարժումներից հրեշտակն արթնացավ: Բարկացավ, ասաց. «Դե կորիր, լիրբ, հազիվ էի ձեզանից փախել, պրծել, դարձյալ գտար: Հազարավոր տարիներ շարունակ ուղեկցել եմ ձեր տոհմին, սերնդեսերունդ փոխանցվել ու պահապանն եմ եղել ձեր ունեցվածքին, ձեր ընտանիքին, փշուր-փշուր կեցություն եմ ստեղծել եղածների և հաջորդների համար: Ժամանակների մեջ ձերոնցից ով անապատ, ծով է կտրել, նրանց հետ եմ եղել, ով սուր է բռնել ու սրից ընկել, նրանց հետ մեռել ու հառնել եմ: Ես դարերով ընտանիք եմ առաջնորդել ու շինել, որ ձեզանով հայրենիք ստեղծվի, ամուր երկրի հիմք լինեք: Իսկ դուք, գոնե մի անգամ, հարցրեցի՞ք ձեզ, թե ով եք դուք, որ ավերում եք, իրավունք ունե՞ք դարերի խորքից ճանապարհ բռնած ընտանիքը քանդելու: Ընտանիքը հայրենիք է: Դուք, ի՞նչ է, միայն ձեզանո՞վ եք, որ դուք էլ քանդում եք: Պղծում եք, անառակ եք, աղքատին արհամարհում եք, անհավատ եք, հեշտասեր, ցոփության մունետիկներ եք: Ձեզանից հրաժարվում և վերադառնում եմ ժամանակի խորքը՝ որտեղից եկել եմ: Ահա, ինձ վրա իջած փոշին կխտանա, նրա հետ ես էլ քար կդառնամ ու կվերադառնամ սկիզբը՝ մեկ ուրիշ ընտանիք բերելու»:
Ասաց. «Պապի, վերևն Աստված, ներքևը՝ դու, չեմ թողնի, իմ նախնիների սիրուն պիտի գաս, գնանք, արդեն վերջը հասել է: Խոստանում եմ, որ չենք վիճի, չենք հայհոյի, չենք աղմկի, մեր տոհմի ու ընտանիքի արժանապատվությունը կպահենք: Խղճա մեզ, կոտորվում ենք»: Ծերունին ասաց. «Լավ, որ խոստանում ես, առ էս երկու ընկույզը, դու գնա, ես կգամ»:
Նա վերցրեց ընկույզները, ուրախացած վերադարձի ճամփան բռնեց: Դարձյալ օրեր ու շաբաթներ անցան և, երբ անցնում էր մի գյուղի մոտով, տեսավ երկու տղեկներ՝ գետից մի կարմիր քար են հանել, ամեն մեկն ուզում է ինքը վերցնի, չեն համաձայնվում, վիճում և կռվում են: Երեխաներին մոտ կանչեց, քարի դիմաց՝ ամեն մեկին մի ընկույզ տվեց, տղաները հանդարտվեցին, ուրախացած գնացին: Ինքն էլ քարը գրպանը դրեց, շարունակեց ճամփան:
Եկավ, տուն հասավ, տեսավ՝ մեծ ու փոքր մթան մեջ են նստել, անգամ ճրագ չունեն: Քարը հանեց, դրեց լուսամուտի գոգին, ճրագի պես լույս տվեց, զվարթությամբ լցվեց տունը: Մարդ ուղարկեց քաղաքի չորս դին՝ անկյալանոցներից, գոդենոցներից*, եկեղեցու բակի և շուկայի հրապարակի մուրացկանության տեղերց, կավատ ու աստղագուշակ դարձած եղբայրներին, տղաներին, հարսներին՝ բոկոտն ու հագնված, մաքուր ու անլվա, կուշտ ու քաղցածին կանչեն: Գերդաստանով նստեցին լույս տվող կարմիր քարի առաջ, ու ինքը պատմեց իր և տան պահապան հրեշտակի մասին, թե ինչ հանդիմանություններ ու պատվիրաններ է ստացել:
Քանի որ հավաքվածներն այդքան տարիներ թափառականներ, մուրացիկներ ու մերժվածներ էին եղել, ամեն մի խրատ միանգամից էին հասկանում և ընդունում:
Ասացին. «Տոհմի ավագը դու ես, ինչ էլ ասես, կհնազանդվենք, առաջնորդիր մեզ»:
Այդ նույն գիշերը քաղաքի մոտով մի վաճառական էր անցնում, մթան հետ արդեն փակվել էին քաղաքի դարպասները, որոշեց մինչև առավոտ բաց դաշտում սպասել: Քարավանապետերը ուղտերին պառկեցրին, ծառաները վրաններ խփեցին: Արևելքի դեմ երեկոյան աղոթքն արեցին, հացը կերան: Վաճառականը ճանապարհի հոգնությունը թոթափելու համար լիալուսին գիշերին խոտերի մեջ էր շրջում, հեռվից քաղաքի կրակներին էր նայում և թախծում: Աստղերի բոցկլտոցն էլ ավելի տխրեցրեց նրան: Տներից մեկի պատուհաններին մի բոց նկատեց, որ բոլորից պայծառ էր: Լույսը բացվեց, ասաց. «Ես պիտի գնամ էս տունը, տեսնեմ՝ այդ ի՞նչ լույս էր»: Օգնականները, աներորդին, ծառաները խորհուրդ տվեցին չգնալ, օտար քաղաք է, օտար մարդիկ են: Չլսեց: Գնաց, տեսավ՝ մի աղքատ, դատարկ տուն է, ոչինչ չկա, չորս պատերն են, ու մի կարմիր քար պատուհանի գոգին լույս է տալիս:
Հարցրեց. «Էս քարը չե՞ք ծախի, ես վաճառական եմ, լավ գին կտամ»: Ասացին. «Չէ, ճրագի տեղ ենք բանեցնում»:
Ասաց. «Այնքան կվճարեմ, որ ոչ միայն ճրագ, այլ տուն, կահ-կարասի էլ կառնեք, – ասաց, – հազար կտամ»: Ասացին՝ չէ:
Տանտերերը գինը հազարից հացրին հինգ հազարի: Քարը տվեցին, դրամը ստացան:
Վաճառականը աշխարհներ տեսած, փորձված ու խորամանկ մարդ էր: Տանտիրոջն ասաց. «Լավ մարդ ես երևում, եկ ես ու դու եղբայրանանք, պայման դնենք՝ ես շուտ մեռա, իմ ունեցվածքը քեզ դու մեռար, քոնը՝ ինձ: Համաձայնում են, եղբայրական ճաշկերույթ են անում: Վաճառականը վերցնում է կարմիր քարն ու գնում:
Էս մարդն էլ հինգ հազար դրամի ապրանք առավ, լցրեց տուն-տեղը, քիչ-քիչ հասարակության մեջ դիրքը, պատիվը ետ բերեց:
Վաճառականն էլ անապատից անապատ, երկրից երկիր կտրեց, երկու տարի անցավ, լույս տվող քարը վաթսուն հազար դրամով ծախեց: Վերադարձի ճանապարհին մտածեց՝ էն մարդուն հյուր գնա: Այդպես էլ արեց: Ընտանիքի բոլոր անդամներին նվերներ տվեց: Հանդիպման առթիվ բարեկամական ճաշկերույթի սեղան բացեցին:
Վաճառականը թե. «Այ ախպեր, անգամ չհարցրիր՝ քո տված էն քարը քանիսո՞վ եմ ծախել»: Քանի որ նա աշխարհներ տեսած, փորձ ունեցող խորամանկ մարդ էր, մտածում էր՝ եթե ասի վաթսուն հազարով է ծախել, տանտիրոջ սիրտը կպայթի, նրա ունեցվածքը կմնա իրեն: Հենց այդ նպատակով էլ եկել էր:
Տանտերն ասաց. «Այ մարդ Աստծո, ես այդ քարը երկու ընկույզով էի առել»: Վաճառականը երկու ձեռքով գլուխը բռնեց. «Վաթսուն հազարի ապրանքն էլ երկու ընկույզով առնե՞ն», – ասաց, ու սիրտը ճաքեց, մեռավ:
Տանտերն էլ, ինչպես որ պայմանավորվել էին, գնաց քաղաքից դուրս, որտեղ որ վաճառականի վրաններն էին խփված, նրա ունեցվածքը բարձեց ուղտերին, բերեց տուն, էլ ավելի հարստացավ ու բարգավաճեց:
Իսկ նրա ընտանիքը՝ եղբայրները, որդիները, հարսները խոհեմ ու ժուժկալ կյանքով սկսեցին ապրել: