Գյուղի ամենագեղեցիկ աղջիկն  ամուսնացավ: Հորեղբորս տղան մեր գյուղի անտառում գառ մորթեց, Ախալքալաքի զինկոմիսարիատից ու կայազորից պաշտոնավոր մարդկանց հրավիրեց, կերան, խմեցին: Սպայի կոչում ստացավ, կամավոր գնաց Աֆղանստան` կռվելու: Այդ օրերին պրոպագանդայի բոլոր միջոցները զօր ու գիշեր խոսում էին այնտեղ ինտերնացիոնալ պարտքը կատարող մեր զորքերի մասին:

Հորեղբորս հաստ նոսր բեղերով կինը գնացել էր գյուղխորհուրդ, որպես պատերազմի մասնակցի ընտանիք, լրացուցիչ` քսանհինգ հար հողաբաժին էր պահանջել: Գյուղխորհրդի նախագահը նրան մերժել էր: Ու երբ բացատրել էր, որ նրան ոչ թե զորակոչել են,  այլ նա ինքն է կամավոր, իր կամքով գնացել, մեր ընտանիքին նոր ահ հասավ, նոր սուգ սկսվեց, նոր հորեղբորս կինը ամբողջ գյուղով ողբը գցեց: Նոր հասկացանք, որ նա այլևս հետ չի գա: Երկու տարվա ծառայության ընթացքում նամակներ էր գրում:

Ուղտերի մեջքին նստած, ուռած փորերով մանչուկներին գրկած, անապատներում` չալմայված դեմքերով մուսուլմանների հետ, սև ակնոցներն  աչքերին` տարբեր զենքերով զինված, նեգատիվներ էր ուղարկում, գյուղում լուսատպում էինք ու հիանում նրանով: Մի օր էլ արձակուրդ եկավ: Մոսկվայից` կտրոնների հատուկ խանութից «Շարպ» մակնիշի մագնիտոֆոն էր առել և տատիս համար նիկելապատ, կուրացուցիչ շողշողացող մի խոշոր գիշերանոթ էր բերել: Տատիս ասաց. «Աբա, էլ զուգարան չես գնա, արտասահմանյան է»: Տատս զարմացած ասաց. «Քա, ի՞նչ կըսես, մանչ, ամոթ է, ի՞նչ է, արտասահմաններում ժողովուրդը տների մե՞ջ է անում»:

Երբ մերոնք գնում էին դաշտային աշխատանքների` տնից մինչև բանջարանոցի ծայրամասում գտնվող զուգարանը մի երկար պարան էին կապում, տատս պարանը բռնած, զուգարան էր գնում-գալիս, ու նրա կուրությունը ոչ մեկին նեղություն չէր տալիս: Երբեմն պատահում էր` պարանը մեջտեղից այծերն էին կրծելով կտրում կամ մենք էինք արձակում զուգարանից ու մեկ ուրիշ բանից կապում: Մոլորված կանգնում-մնում էր ճանապարհի մեջտեղը ու շփոթելով մեր բոլորի անուններն իր հանգուցյալ ծնողների անվան հետ` օգնություն էր կանչում: Նրանից կինո գնալու համար փող էինք պահանջում ու նոր տեղ հասցնում:

Տանեցիները դաշտ էին գնացել` խոտ հավաքելու: Երվանդը, թախտին պառկած, առաստաղին էր նայում ու մագնիտոֆոն լսելով անցկացնում արձակուրդի առաջին օրերը: Տատս ծալապատիկ նստած տերողորմյան էր քաշում: Մենք դռանը խաղում էինք, փոստատար Գաբոն եկավ, մենք նրա հետևից մտանք օդան: Երվանդին նամակ տվեց: Տատիս ասաց. «Մամ, մի պապիլոզ տուր, իմը վերջացել է»: Տատս մի հատ էլ ինքը վառեց, նրանք զրուցում էին: Տատս հարցրեց. «Գաբո ջան, էդ ի՞նչ նամակ էր»:

Գաբոն ասաց. «Չգիտեմ, էնտեղից էր, Աֆղանստանից»: Հետո Երվանդին մոտեցավ. «Երվանդ ջան, մեզ ներող եղեք, քանի՞ մեդալ ունես»: Երվանդը նամակը ձեռքին նստել, լռում էր: Գաբոն ասաց. «Երվանդ ջան, մենք օբսալյուտնո…»: Նա ասաց. «Որ ելա տեղիցս, եկած ճամփադ չես գտնի»: Գաբոն ասաց. «Մենք ներողություն»,- ու տատիս հարցրեց. «Մամ, դու չգիտե՞ս, մեր տղան քանի՞ մեդալ կունենա: Ասում են` վերին գեղերից էնտեղից մի ոտքով եկած մեկն էլ կա, յոթ-ութ հատ ունի, չիդեմ, ընչի սիրտս վկայում է, որ մեր Երվանդը ավելի շատ կունենա»:

Տատս ասաց. «Չգիտեմ, Գաբո ջան, տեսա՞ր խոսելու ձևը: Էս մեր ծռվածը մեզ էդպես բան ասող, ուրախացնողը չէ»: Տատիս խնդրեց, որ թող մի բան անի, իմանա ու ինքը գնաց: Երվանդը նամակը ձեռքին դեռ նստած էր, հետո մոգնիտոֆոնը անջատեց, տատս դեռ ծխում էր, արոտից հետ պահած հիվանդ այծը թափառում էր օդայի մեջ, նա դարձյալ նամակը ձեռքին նստել, մնացել էր: Տատս հարցրեց. «Մանչ, մեջքիս սառը, պաղ քամի է փչում, դուռը խոմ բաց չի՞ մնացել: Խաղ աստղը ինչի՞ լռեց, էդ ի՞նչ նամակ էր, չլինի՞ քեզ հետ են կանչում»: Ասաց` չէ:

Հինգ օր անց փոստատար Գաբոն դարձյալ նամակ բերեց: Հետո` էլի: Տատս ասաց. «Ինչ-որ տեղից մեջքիս սառը քամի է փչում»: Ու այդ օրը հաստատապես հայտարարեց, որ մեր տան մեջ մեզանից բացի էլի մեկը կա: Ասինք. «Սխալվում ես, արոտից հետ պահած այծն է տան շվաքներում թափառում»: Ասաց. «Այծը չի թափառում, այծը խրտնած է ինչ-որ բանից»: Ասաց. «Գոմում մալը ամբողջ գիշեր չորոճաց»: Մնաց հորեղբայրս ասաց. «Մալ է, էլի, վաղը գիշեր կորոճա»:

Տատս ասաց. «Մանչը հետս որ խոսում է, ոնց որ անցյալի միջից խոսա, մի բանըմ կա»: Նրան ասին. «Տեսողությունդ կորցրել ես, մտքով քեզնեն դուրս բաներ ես տեսնում»: «Աստված տա այդպես լինի, բայց տան մեջ թափառողը կին է, փեշերի շրշյունն եմ առնում»: Ասինք. «Կնի՞կ, կարո՞ղ է ջրահարս է մտել տունը…»,- ծիծաղեցինք: Ասինք. «Ծերացել ես, աբա»: «Կատուն խելռած` հինգ օր է տուն չի գալիս, ծիծաղում եք, թե ծերացել եմ: Արդեն տասներորդ գիշերն է գյուղի բոլորը բուն չի կանչում»:

Մնաց հորեղբայրս ասաց. «Տարիքին նայե, խոսացածին նայե, ի՞նչ անենք, որ բուն չի կանչում, սուգ մտնե՞նք: Աբա, ախր հասկացիր, քոռ բու է, կպել է քարին, ծառին սատկել է, չկա»: Տատս ասաց. «Ուր է, թե ձեր ասածը լինի, ախր օդում չղջիկն էլ չի պտտվում..»: Մի օր Երվանդը ձուկ բռնելու էր գնացել, էլի նամակ եկավ: Տատս ասաց. «Մանչը դադարը կորցրել է, մի բացեք, տեսնենք էդ ի՞նչ նամակներ են»: Բացեցինք` փոքրիկ սպիտակ թուղթ էր: Տատս զարմացավ. «Գիր չկա՞, առանց գրի ի՞նչ նամակ»: Ասաց. «Մեկը նստեց անկյունում, էդ ո՞վ էր»: Ասինք. «Մարդ չկա, բարձն էր ծալքից ընկավ»: Ասաց. «Ինչ-որ տեղից սառը, պաղ քամի է փչում»: Ասինք. «Դուռը գոց է»:

Թոշակառու Մարկոսը Ախալքալաքի շրջանային թերթի երբեմնի խմբագիրն էր: Մորս հետ գնացինք նրա մոտ: Ասինք. «Մեր աբան ասում է, չգիտենք ու չենք հասկանում, էս ի՞նչ բան է, տղան ամեն հինգ օրը մեկ էս նամակներից է ստանում»: Խմբագիր Մարկոսը թղթին նայեց, հետո` մեզ. «Էդ երկիրը մտնելուց առաջ, մի հատ թող ուսումնասիրեիք էդ ժողովրդի պատմությունը, տեսնեիք` երբևէ դրանք հնազանդվե՞լ են  որևէ մեկին, հետո թող նոր ավերեիք»:

Նա մեզ հետ այնպես էր խոսում, կարծես ես ու մայրս էինք մտել այդ անհնազադ երկիրը ավերելու: Մինչ նրա կինը` Շուշանը, ակնոցները կբերեր, ականջներս պինդ ձգեց անցյալ օրը իրենց հանդից գազար գողանալու համար: Հետո երկար թղթին նայեց. «Ինչքան իմ գիտելիքները հուշում են, այսպես ասած` սա նամակ է, կսկծից տառապող մոր նամակ: Մուսուլմանների մոտ նամակագրության այս ձևը հետապնդելու միջոց է: Այս սպիտակ թուղթը նշանակում է, թե մայրը  իր ուրվական-ինքնանմանակին ուղարկում է մեզ մոտ` Երվանդին հանգիստ չտալու»:

Տատիս պատմեցինք: Ասաց. «Ինչ-որ տեղից մեջքիս սառը, պաղ քամի է փչում»: Երեսին խաչ հանեց. «Իսոս Քրիստոս, էս ի՞նչ մեծ մեղք է գործվել…»: Հորեղբորս ասաց. «Առավոտյան մի որձ գառ հետ առեք հոտից»: Նա Սուրբ Հովհաննեսի պատվանդանին ուրվական մորից թողություն խնդրեց:

Գառը մատաղեցինք, բաժանեցինք գյուղին: Գյուղը չէր հանգստանում: Նախիր գնացած կովերը հորթ էին գցում, իսկ ցուլը նախիրի մեջ չէր մտնում, ինչ-որ բանից սարսափած` բառաչելով գյուղ էր փախչում: Հետո Քոռ կամրջի մոտ գայլերը Երանոսի երկու ոչխարներին էլ կերել էին: Սատանա Մուկուչը դաշտից տուն գալիս, հին գերեզմանոցից իրեն կանչող օտար կնոջ ձայն էր լսել: Գյուղացիներն ուրվականի իրենց հետապնդելը կապում էին Երվանդի արձակուրդ գալու հետ ու դժգոհում էին:

Երվանդը մնաց հորեղբորս հետ, տան բոլոր անկյուններում ուռկանով թակարդներ էին դնում և կացինն ու գերանդին առած` մարագի գոմի շվաքների մութ տարածություններից ուրվականին քշում էին դեպի ցանցերը: Ու այնքան էին թռչկոտում վեր ու վար, որ հորեղբայրս ասում էր. «Քիչ է մնում միզափամփուշտս կտրվի, ընկնի»: Հետո հարբում էին, համարյա հարբում էին: Մի անգամ խմած ժամանակ, շալվարի փողքը վերև քաշեց, ազդրին ձգած փոկերը արձակեց ու դնովի ոտքը շպրտեց մսուրների ետևը` այն հավանական տեղը, որտեղ կլիներ ուրվականը ու գոռաց. «Առ, շան քած, տես, բա ինչու՞ 41 թվականին իմ մայրը ոչ մեկի հետևից չգնաց…»:

Հորեղբորս կինն ասաց. «Լենինգրադից էդ անտերը ինը հարյուր  ռուբլով բերել տվեցինք, ինչի՞ ես ջարդում, տեսնեմ առավոտ առանց ոտքի ոնց ես քաղի գնալու»,- և սկսեց լացել: Տատս ասաց. «Մանչը դողում է, էդ ո՞վ էր Երվանդիս մոտեցավ…»: Երվանդը ասաց. «Շվաքի դուռը բաց է, քամին է պտտվում»: «Ինձ մի խաբեք, տաք գոմի միջով քամին որ անցներ, մալը կմնչար»:

Երվանդն ասաց. «Կյանքներս կերար, աբա, բան չեղած տեղը վախեցնում ես բոլորիս, էդ ինչի՞ միայն դու ես տեսնում»: «Քա, բալա ջան, բուղան չառած կովը հուզմունքից արդեն երկու օր է ցամաքել է, կովին էլ խոմ ես չե՞մ վախեցրել»: Առավոտյան տատս սնդուկից հինգ հարյուր ռուբլի հանեց, հորեղբորս ուղարկեց Ախալքալաք:

Զինկոմիսարը նրան ասել էր. «Չէ, չեմ կարող: Հասարակ զինվոր լիներ, էլի կարելի էր մի բան հնարել, մի ամիս էլ պահել: Նա սպա է, այն էլ հերոս: Երկու կարմիր աստղ ունի, էնա համարյա հերոս է, էլի, նրա նման սպան այնտեղ պետք է, համ էլ կարող է ինձ էլ ստուգեն…»: Մերոնք չէին իմանում` ինչ անեին: Տատս ասաց. «Ախր մանչուն կրնկակոխ հետևում է, մանչը օտարության մեջ չի կարող գլուխը պրծացնել»: Երվանդին ասին. «Մի գնա, թող դատեն: Մի երկու տարի էլ կնստես»: Ասին. «Մի գնա և վերջ»: Ասաց. «Չեմ վախենում: Այնքան էլ վախենալու բան չէ, կգնամ: Զենքը որ վրաս եղավ, կվախենա, չի մոտենա»:

Հետո ուրվականը սկսեց շրջել գյուղում: Նրա մասին սկսեցին խոսել այստեղ ու  այնտեղ: Նրա ներկայությունը զգում էին բոլորը: Խուճապահար հավերը սկսեցին ձվերը կորցնել` դնում էին որտեղ պատահեր: Կանայք տների շուրջբոլորը թաց ծղոտ ու աթար էին ծխացնում, որպեսզի նա բնակարանները չմտնի ու դժգոհում էին Երվանդի արձակուրդ գալուց: Մի օր, երբ Երվանդը տանը չէր, տատս հորեղբորս կնոջը կանչեց ու ասաց. «Դու մայր ես, պիտի կարողանաս անել…»: Տատս նրա հետ շշուկով խոսեց: Հորեղբորս կինը շշմել, նայում էր նրան: Տատս ծխում էր, ասաց. «Պիտի կարողանաս անել: Դա միայն դու կարող ես անել…»:

Հորեղբորս կինը, երեկոյան թեյի ժամանակ, եռացած թեյնիկը «պատահաբար» ձեռքից գցեց: Բժիշկը Երվանդի գնալը մի ամսով հետաձգեց: Ուսից մինչև ձեռնաթաթը առաջին աստիճանի այրվածք էր ստացել: Նա ոչ մեկին չլսեց, հրաժարվեց հիվանդության թերթիկից, վերցրեց ճամպրուկը ու համբուրվեց բոլորիս հետ: Տատս ասաց. «Ինչ-որ տեղից մեջքիս սառը, պաղ քամի է փչում»:

Չպատասխանեցինք, համարյա չպատասխանեցինք: Ասին. «Աբա, տաք, պայծառ արև է»: Ասաց. «Մեղվի ձայն չեմ առնե, մեղուն փեթակից դուրս չի գա, օդի մեջ կտրող պաղություն կա»: Ասին. «Բացատրություններ տալու տեղ մեջքիդ շալ կապե»: Ասաց. «Մեկը դուրս եկավ մանչուն կրնկակոխ»: Ասինք. «Կատուն էր ոտնատակ ընկնում»: Ասաց. «Կատուն չէ, կատվի քայլվածքը էդքան թեթև ու պաղ չէ»: Հորեղբայր Մնացս բղավեց. «Կրակ խոմ չես, այ կնիկ, խելքդ գլուխդ ժողվե»: Տատս ասաց. «Էն կինն է, տանից դուրս եկավ, գնաց մանչու հետևից»:

    Արձակուրդների օրերին քիչ ժամանակ է մնացել: Ուսուցիչների տունը լուռ է: Բոլոր տուն գնացածները դեռ չեն վերադարձել: Մեր մուտքում ես եմ մնացել ու վերևի հարկում` Աստղիկը: Նա էլ մի տասն օրով գնաց ինչ-որ տեղ ու վերադարձավ: Արձակուրդների սկզբին որոշեցի գնալ գյուղ` ձերոնց մոտ, հետո փոշմանեցի, մտածեցի քեզ սպասել, գուցե գաս:

Շաբաթը մեկ-երկու անգամ աշակերտները գալիս են Աստղիկի մոտ: Դաշտային ծաղիկներ են բերում, երաժշտություն լսում: Գրականության ուսուցչի հետ երեխաները հեշտ են կապվում: Նրանք ֆիզիկան համարում են ոգուց զուրկ առարկա: Նրանց պատճառաբանությունը ես չեմ հասկանում կամ էլ սխալ եմ սկսել դասերը անցկացնել… Հենց սկզբից էլ կասկածում էի, որ ես լավ ուսուցիչ չեմ կարող լինել:

Արձակուրդայինով գործելու մեքենա եմ առել և տնից քիչ եմ դուրս գալիս: Փայլփլուն մեքենաներով տղաները փողոցում կանգնեցնում են ու տհաճ առաջարկություններ անում: Եթե չլիներ նախարարության նշանակումը, այս փոքրիկ քաղաքում երբեք չէի ցանկանա ապրել: Ասում են` ձմռանը նույնիսկ ճանապարհները փակվում են: Սկզբի ամիսներին շատ էի անհանգստանում, վախենում էի` շտապ օգնության մեքենան փոթորիկների պատճառով մեզ չկարողանա հասցնել ծննդատուն: Ավելի ուշ պարզվեց, որ ես սխալվել էի:

Հետո մի օր խոսում էինք, տիկին Բերսաբեն,  հայրենադարձ է հարևան շենքից, ասաց, որ պետք չէ հուսահատվել, իմ մոտ չբերության նշաններ չկան, այլ պարզապես շատ դեպքերում հարսանիքից հետո երեք ամիս մի տղամարդու հետ ապրելը քիչ է: Հաճախ տանը որևէ առարկայից շատ սուր հոտ եմ առնում, օխրա յուղաներկի բուրմունք (կարծեմ շագանակագույնին միշտ օխրա էիր ասում): Ու ինձ թվում  է, թե այդտեղ էլ ամբողջ հանրակացարանը բուրում է շագանակագույնի այդ առանձնահատուկ հոտով: Լսել եմ` Մոսկվայում գեղանկարիչները լավ կրթություն են ստանում: Քո բոլոր ծանոթներն էլ ասում են, որ առանձնահատուկ ոճ ունես ու համոզված պնդում են, որ երեք տարի հետո կվերադառնաս արդեն ճանաչված: Ես էլ եմ հավատում քո տաղանդին:

Մի օր տիկին Բերսաբեին պատմեցի, որ երբ մի երկու բաժակ ոգելից խմիչք եմ խմում. չգիտես ինչու, ինքնաբերաբար, ինձանից անկախ հռհռում եմ: Քեզ չեմ ասել, չէ՞, այդ մասին:  Նա ասաց, որ նման բան պատահում է, երբ կանայք շատ են ցանկանում երեխա ունենալ: Հարկավոր է սուր և գրգռիչ ճաշատեսակներ չօգտագործել: Նրան ես հավատում եմ, շատ բարի է ու կյանքի մեծ փորձ ունի: Այնտեղ մուսուլմանների մեջ է ապրել: Պատմեց, որ մուսուլման մի կին նմանօրինակ պահեր ունեցել է, ոչ սովորական. մի ուրիշ տեսակ լռության մոտեցումն է լսել ու սկսել է ձիու նման խրխնջալ: Ասում է, դա այն լռությունն է, երբ փիլիսոփան սկսում է մտածել, քարը ճաքում է, ամուսինները հեռանում են իրարից կամ սաղմը պտուղ է դառնում: Տիկին Բերսաբեն ասում է, որ կինը պիտի կարողանա տղամարդուն սպասել: Ամաչեցի նրան ասել, որ իմ հետ էլ է այդպես պատահում: Թվում է, թե հեռու մի տեղից լսում եմ  իմ հռհռոցը` ձիու արծաթյա  խրխինջի նման: Ու հաճախ երկար, շատ երկար, հմայվածի պես լսում եմ հեռվից եկող օտար այդ խրխինջը:

Մի քանի անգամ ուզեցի հարցնել տիկին Բերսաբեին տղամարդուն այդպես սպասող մուսուլման կնոջ մասին…

Ակնարկներիս մի տեսակ անորոշ պատասխանեց: Ասում է` մանկամտություն է նման հարցեր տալը:

Գիտե՞ս, նրա խորհրդով էի գործելու մեքենան գնել: Ասում է` գործելը կայունություն կմտցնի բնավորությանդ մեջ: Այսօր հոգնել էի գործելուց: Չգիտեմ, ես էի ցրված, թե՞ մեքենան էր թերություններով գործում, սկսել էր հատեր գցել: Որոշեցի հանգստանալ ու քեզ գրել:

Աստղիկի հետ ուզում էինք ուրախանալ, մի քանի հյուրեր էինք հրավիրել: Վերևի թաղից, տեղացի ուսուցիչներից, մի քանի տղաներ ու աղջիկներ էին եկել: Աստղիկի մոտ մեկն էլ կար, մորուքով, ասում էին` գրում է: Շատ հետաքրքիր պատմել գիտեր: Մենք շամպայն էինք խմում, իսկ նա հացի փափուկ միջուկով ինչ-որ ֆիգուրներ էր սարքում ու, ոչ մեկիս չնայելով, պատմում էր սպիտակ վարդերի մասին: Ինչ-որ հիմնարկում (հիմա անունը չեմ հիշում) ցանկացել է աշխատել, երբ մտել է կադրերի բաժին` փաստաթղթերը ձևակերպելու, այնտեղ աշխատող աղջիկն այքան գեղեցիկ է եղել, որ նա, մի ակնթարթ նայելուց հետո, ինքնամոռաց սիրահարվել է: Ասում էր. «Չգիտեմ ինչու՞, բայց այդ պահին իմ մեջ շատ խիստ ցանկություն առաջացավ նրան փնջով հատկապես սպիտակ վարդեր նվիրել»:

Հաջորդ օրը, երբ աշխատանքի է գնացել, նրա հետ նույն սենյակում աշխատողները հիացմունքով խոսել են կապուտաչյա աղջկա, նրա նվիրած սպիտակ վարդերի մասին: Ասել է, որ նման բան չի պատահել, ինքը ոչ մեկին էլ վարդեր չի նվիրել: Աշխատակիցները նրա հրաժարվելը երկիմաստ են հասկացել` վերագրել են ժլատության: Օրինակով ապացուցել են իրենց աչքով տեսած սպիտակ վարդերի գոյության մասին: Վարդերի մասին նրանց հարցումին կադրերի կապուտաչյա աղջիկն ասել է.

-Չգիտեմ, նրա դուրս գալուց հետո միայն նկատեցի, որ սեղանին են դրված:

Հավատա, նա մեր ներկայությամբ էլ էր երդվում, որ ինքը վարդեր չի նվիրել, այլ միայն մտածել է, այդպես ցանկացել: Գեղեցիկ է չէ՞, ի՞նչ ուժ ու ինչպիսի՞ հավատ…

Բոլորը մոլորված լռում էին: Աստղիկն ասաց. «Վարդերի այդպիսի ծնունդը ամուսնուն սպասող կնոջ նման թույլ էակին, ուշ թե շուտ մեղավորության կհասցնի»: Ես շամպայնի բաժակը ձեռքիս հռհռում էի: Եվ ուժեղ ու ավելի ուժեղ էի լսում ձիու օտար խրխինջը: Իսկ նա, իմ և լսողների դեմքերին չէր նայում: Դեմքը  գունատ էր, հացի միջուկից ֆիգուրներ էր սեղմում, նրա մատները անարյուն էին ու մոմի նման նուրբ: Հետո ես նրան հրավիրեցի պարելու: Բոլորն էլ պարում էին: Երբ նրանք գնացին, ուշ էր,  ցանկացա դարձյալ շամպայն խմել: Հետո հիշեցի, որ տիկին  Բերսաբեն խորհուրդ չէր տալիս նյարդային գրգռվածություն առաջացնող խմիչքներ օգտագործել: Ես նրան հավատում եմ, կյանքի մեծ փորձ ունի:

Նա վերջապես զիջեց ու կցկտուր ակնարկներով որոշ բան պատմեց այն մոլորյալ մուսուլման կնոջ մասին, որը լսում էր արտասովոր լռության քայլքն ու ձիու նման խրխնջում: Պարզվում է՝ վերջում սկսել է օր օրի չաղանալ: Նման պատահարներից խուսափելու համար տիկին Բերսաբեն խորհուրդ տվեց այլևս առաջվա նման կուչ եկած` բռունցքներս ծնկներիս արանքում չքնեմ: Ասում է` կինը գիշերային անմեղությունը պահպանելու համար հարկավոր է, որ քնի ձեռքերն անկողնուց դուրս: Խորհուրդ է տվել քնելուց առաջ «Հայր մերը» արտասանեմ: Ասում է` չնայած չի կարելի, որ սոցիալիզմի ժամանակ ուսուցիչն աղոթք արտասանի, բայց գիշերային խաղաղությունը պահպանելու, մտասևեռումներ չունենալու և սպասելու լավ միջոց է: Խնդրել եմ` ինձ  համար Աստվածաշնչից «Հայր մերը» արտագրի:

Հետո գնացի խոհանոց` սուրճի բաժակները լվանալու, պատկերացնու՞մ  ես, խոհանոցի սեղանին մեծ փնջով սպիտակ վարդեր էին դրված: Մի տարօրինակ, կապկպող բուրմունք էր ծորում, լցվում ննջարանը…

Ախր լավ հիշում եմ. հյուրերը ծաղիկներ չէին բերել:



     Դատավորի մեռնելու երրորդ օրվա լիալուսին գիշերը թաղի թափառական ամենախոշոր Ստեփան անունով կատուն պատուհանից ներս մտավ ու բոլորի աչքի առաջ խփեց մեռելին:

Երկու ամսվա ընթացքում դա արդեն երրորդ հանգուցյալն էր, որոնց դագաղի վրա լիալուսին գիշերներին հարձակվել էր:

Գիշերվա կեսին հրավիրված պաթոլոգոանատոմը գունավոր փոշիներով, օխրայով ու կապույտ մածուկներով սարքեց դատավորի դեմքը:

Տոթից շնչահեղձվում էինք, վիճում էինք: Տարբեր առաջարկություններ կային: Ասում են. «Դատավորը…»: Կարևոր խորհուրդներով են գնում-գալիս: Լապտերները վառած` շտապ օգնությունն էլ եկավ, ներսից «վալիդոլ» է բուրում: Բժշկուհու կոնքերին եմ նայում: Ուշ ժամ է, գնում են տները: Հետո լռություն է:

Վաչիկը կատվի տեղը գիտեր, տրամվայի շրջադարձից այն կողմ` փողոցի ծայրամասում, սև տուֆե տների բակում, աղբյուրի մոտ է տեսել:

Ֆորմալինի հոտ է կանգնել տաք օդի մեջ: Մեկ-երկու հրացան են վերցնում, մի քանի հոգով դուրս են գալիս, դատարանի աշխատակիցներից մեկն էլ է նրանց հետ գնում:

Չորս-հինգ ժամ առաջ, այդպիսի ահարկու հարձակումից սարսափած` դատավորի ութ տարեկան տղան ուշագնաց եղավ, լեզուն կուլ գնաց, հիմա էլ լեզուն է բռնվել, տարել են հիվանդանոց,  կինը` Սուսանն էլ է այնտեղ:

Դատավորը մեր բարեկամն է, մեզ հորեղբոր տղա է գալիս, մի քանի հոգոով մնացինք` վերջին գիշերն էինք նրա հետ անցկացնելու, եթե աղջիկն ու փեսան հասցնեին, հեռագրի համաձայն, Մոսկվայից գային:

Սուրենը` մեր հորեղբոր տղաներից ամենաավագը, մեզանից ոչ մեկի հետ ընդհանրապես համաձայն չէ: Ուզում է հուղարկավորությունը անպայման «պետական գործչին» վայել, փողային երաժշտությունով լինի:

Ասում է. «Տերտեր-մերտեր հրավիրեցինք` ես հաստատ գիտեմ` մարզպետը չի գա»: Ինձ ասում է. «Խոսիր, ի՞նչ ես սուսուփուս նստել, երբ որ խոսել է պետք, միշտ կողք ես կանգնում, մի բան ասա, գոնե ձայնդ լսենք,- ասում է, իսկ եթե տերտեր չհրավիրենք, կարող է մարզպետը գա: Կգա` բոլորիս պատիվն է, միայն ինձ համար չէ: Մի երկու երեխի էլ մի քանի բարձ-մարձ կտանք ձեռները, թող ետևից մեդալները բերեն: Ինձ որ լսեք, մինչև անգամ մարտական զենքը կարելի է բարձի վրա տանել»: Գալիս, կանգ-նում է իմ դիմաց, ասում է. «Հիմա էլ պրծում չկա, սկսիր խոսել,- ասում է,- ես դիպլոմ չունեմ, դիպլոմավորները դուք եք, մեր հավատարմությունը տեսնելով` ձեզ աշխատանք կտան, ինձ` չէ»: Ասում է. «Ի՞նչ վերին գոյություն, չկա բնությունը հավասարակշռող այդպիսի ուժ. չնայած բարձրագույն կրթություն չունեմ, բայց այս հարցի շուրջ դատավորի հետ էլ շատ եմ խոսել, ձեզ էլ ասեմ»: Առարկություն չի ընդունում, մանավանդ իմը, մի բառ անգամ չի թողնում խոսեմ, լռեցնում է: Ոչ մեկիս հետ համաձայն չէ, վիճում է: Ասում է. «Մեր աշխարհը, որտեղ ապրում ենք, խուփով ծածկված է, բնակվում ենք փակ համակարգի մեջ, ինչքան ուզում ես աղաղակիր, օգ-նություն կանչիր, ոչ ոք չի լսի: Ջրհորի միջից որ կանչես, քեզ դրսից կլսե՞ն»:

Պաթոլոգոանատոմն ընդհատում է աշխատանքը, ասում է. «Սուրճ կա՞, թե` չե՞ք կարող մի հատ սուրճ տալ,- Սուրենին թե,- այդպես չեն ասի, այդպիսի բան կասե՞ն»: Քանի որ հացը նման աշխատանքով էր վաստակում, մեր վերաբերմունքը արհամարհական էր, չարձագանքեցինք:

Սուրենը` մեր հորեղբոր տղաներից ամենաավագը, ծխախոտը վառել է, դրսում ցանկապատի երկաթե դուռն է բացվում-փակվում, ասում է. «Չնայած բարձրագույն կրթություն չունեմ, բայց այս հարցի շուրջ դատավորի հետ շատ եմ խոսել, հիմա էլ ասեմ: Նավը ձեզ օրինակ` մեր երկրագունդը օվկիանոսում կորած նավի նման է, միայն թե առանց ղեկի ու շարժիչի սլանում է, ոչ մեկն էլ չգիտի, թե` ուր: Հրեշտակ-մրեշտակ էլ չկա: Մոմ վառել, ծունկ ծալելն էլ իզուր է, երբ պիտի խելքի գանք ունայնության առաջ, դատարկություն, դատարկություն է: Նորիկիս ժամանակ ետառաջ եմ վազվզում գետի երկայնքով, օգնություն եմ կանչում, ձեռք եմ պարզում երկինք, աղաչում եմ, աղոթում եմ, ոչ մի բան… տասը տարեկան էր»: Նորիկին անցյալ տարի Կարմիր գետը տարավ: Երկու անգամ էլ կինը հղիությունը չպահեց, վիժեց, հետո հայտնի մի մարդու սիրուհին դարձավ:

Պաթոլոգոանատոմը օխրայով ու կապտագույն մածուկով դատավորի դեմքն է սարքում, ասում է. «Կռացած էնքան շնչեցի էս ֆորմալինի հոտը, ոնց որ արբած լինեմ, սուրճ չունե՞ք, մի հատ սուրճ տայիք, կամ եթե չկա` թունդ թեյ,- Սուրենին ասում է,- այդպես մի խոսիր, այդպես չեն արտահայտվի»: Սուրենն ասում է. «Քեզ ինչ կա, եղածը իմ հետ է եղել»: Նրա մասնագիտության վերաբերյալ շատ վատ բան է ասում: Ահագին ժամանակ վիճում են իրար հետ:

Ուշացած փողկապավոր տղամարդիկ, ծաղկեփնջերով կանայք են գալիս, մթից լույսի մեջ են հայտնվել, խոնավ պեծկլտացող աչքեր ունեն: Կանգնել են, նորից են գնում մութի մեջ, ասում են. «Դատավորը»: Հենց հեռանում են, Սուրենը շարունակում է իր խոսքը, ասում է. «Չնայած բարձրագույն կրթություն չունեմ, բայց այս հարցի շուրջ դատավորի հետ էլ շատ եմ խոսել»: Կրթության մասին նրա քամահրանքով արտահայտվելը իմ համալսարանական լինելուն էր վերաբերվում: Տանել չի կարողանում խոսելս, առավել ևս` ցանկացած հարցի մասին կարծիք հայտնելս:

Ձևացնում է, թե իրենց վեճին միջամտեցի, դրանից է նյարդայնացել, իրականում կնոջ` հայտնի մարդու սիրուհին լինելուց է անհաշտվողականությունն իմ հետ: Անընդհատ լռում եմ, որ հունից դուրս չգա, խուսափում եմ ուղիղ ինձ վերաբերվող խոսքին պատասխանել:

Հետո նորից է բոլորի հետ վիճում, կրկին անցնում է տիեզերական թեմային: Կնոջ անունն է տալիս, թե նրա միամսյա անհայտ բացակայության ժամանակ, թեկուզ լիներ որևէ առողջարանում բուժման նպատակով, ինքը գիշերուզօր երեսը բարձի մեջ խրած` խոսել է: Ասում է. «Անդունդի պես դատարկ է մեր շուրջբոլորը, և թող մարդը հույս չունենա որևէ տեղից,- ասում է,- ես այս մասին շատ եմ խոսել դատավորի հետ»:

Առարկություններ չի ընդունում, այդ թեմայով արդեն հայտնի, ձևակերպված օրենքներն ու հասկացությունները նույնպես մերժում է: Վեճը կիսատ է թողնում, ասում է. «Ախպեր, այո, եթե այդպես է, դե թող արձագանքի»: Աջ ձեռքի մատները ծալում է, ոսկրոտ մասով երեք անգամ հաստ պատն է ծեծում, ասում է. «Ահա, դե թող պատասխանի ձեր ասածը…»: Քննախույզ` մեր աչքերը դիտում, սպասում է, քմծիծաղ կա ներքևի շրթունքին:

Երեք անգամ, հատ առ հատ ընդմիջվելով, պատասխան թակվում է տան` դրսի, փողոցին զուգահեռ անցնող պատը:

Գիշերվա ժամը հինգին հայտնի լռությունն է, երբ քնում են անգամ ամենազգոն շները, տոթը պաղում է, մոմերի բոցի վրա դեռ գիշերային թիթեռներ են ճտտոցով պայթում:

Աթոռին քնած Հովանը զարթնում է քնից, հարցնում է. «Ի՞նչ»: Սուրենը` մեր ամենաավագ հորեղբոր տղան, ասում է. «Այդքանով պրծավ ու գնա՞ց, մենք էլ հավատացինք»: Հանկարծ ցատկում է տեղից, չորս անգամ դրսի պատն է ծեծում, ասում է. «Եթե կա, դե թող հիմա էլ չորս անգամ պատասխան խփի»:

Այդ պահին Վաչիկն ու նրա հետ գնացածներն են վերադառնում: Ասում է. «Մեծը կուրացած էր, չտեսավ էլ` ինչպես մոտեցանք, երևի դրանց սև կարիճն էր կծել, աղբյուրից չէին հեռանում, անընդհատ խմում էին, չորսին էլ տեղնուտեղը մեխեցինք պատին: Ձագերը շատ սիրուն էին` մեկը կարմիր էր, մյուսը` դեղին, էն մեկը` կապույտ»:

 

    Գործակալը զանգահարեց նրանց տուն ու հայտնեց, որ խաղարկության ժամանակ նրանց խնայդրամարկղի գրքույկը շահել է: Ամուսնության երրորդ ամսին բաժանվել էին ծնողներից ու Ախալքալաքից եկել մայրաքաղաք: Հազար ռուբլի ծնողներն էին տվել, հազար էլ` աներանք: Այստեղ իրար հաջորդող հաջողություններն այնքան շատ էին, Մելիքը զարմացած էր, թե  ոնց էին գյուղում մեծ քաղաքից ահաբեկված, իրեն հորդորում ետ կանգնել մայրաքաղաք գնալու մտադրությունից: Ձեռնափայտին կռթնած ծեր ուսուցիչը լուռ էր, երբ ինքը վերջնական հայտարարեց, որ գնալու է: Նա դարձյալ գլուխը կախ խորհում էր ու ոչ մի բառ չասաց` գնաց տուն:

     Վարձով տունը, հեռախոսն էլ մեջը, այնքան հեշտությամբ գտան, որ նույնիսկ կարելի էր զարմանալ: Մտածում էին, որ մայրաքաղաքում շուտով ծանոթներ կունենան ու իրենց էլ զանգահարողներ կլինեն: Մի թաղամաս այն կողմ իրենց կողմերից մի պաշտոնյա էր բնակվում, երկու օրում կարգավորեց Մելիքի աշխատանքի հարցը, ու նա երկուշաբթվանից պիտի աշխատեր, այն էլ քաղաքի ամենաեկամտաբեր երթուղու վրա: Նինելի աչքերը երջանկությունից շողում էին, խնայդրամարկղում հազար ռուբլի շահել էին, ու իրենց ունեցած գումարը կդառնար երեք հազար: Նա առաջարկեց այդ գումարից մի քիչ առանձնացնել ու իրենց երկրացի պաշտոնյայի լավության տակ չմնալու համար մի լավ նվեր առնել: Կամ նրան կնոջ հետ հրավիրել իրենց տուն` խորովածի, վերջում նվերը մատուցել: Մելիքը մտածեց, հետո ասաց, որ խելացի բան չի խոշոր գումարից մի քանի հարյուր ռուբլի նվերի համար ծախսելը: Նվերը հնարավոր է աշխատավարձից կամ կողքից եկած եկամուտից էլ առնել: Նինելը առաջարկեց գոնե մարդամեջ դուրս գալու համար գնալ դերձակի մոտ ու իրեն կապույտ ու լայն շրջազգեստ պատվիրել: Հետո ինքն էլ հրաժարվեց` մտածելով, որ եղածները կարող է ձևափոխել և լավ մտածելու դեպքում` գնալու տեղ էլ չկար: Մելիքը շատ էր երջանիկ, ականջը սեղմած Նինելի կլորիկ փորին, շշուկով հայտարարեց, որ մինչև գարուն էլի մի հինգ հարյուր ռուբլի ետ կգցեն ու կգնեն ամենաէժան մեքենաներից: Եկող տարի մեքենայով կգնան գյուղ, մինչ այդ երեխան էլ մի տարեկան կդառնա: Նինելն այնքան էլ կապված չէր գյուղի հետ: Մելիքին չտխրեցնելու համար համաձայնեց, մտածելով, որ մեկնելու ժամանակը որ գա, գուցե և ծովափ գնան: Գյուղում Մելիքի սիրած աղջիկը ամուսնացել էր ուրիշի հետ ու նա անձրև օրերին շատ էր տխրում: Դրա համար էլ գյուղից դուրս գալու գաղափարին բոլորից շատ Նինելն էր կողմնակից: Եվ ճիշտ դուրս եկավ, Մելիքը այլևս չէր թախծում արցունքավորվելու աստիճան: Այստեղի անձրևները մի քիչ ուրիշ տեսակ էին` խշշոց ու բուրմունք չունեին, տաք էին և չէին էլ կերպարանավորվում:

     Մինչև երկուշաբթի  մի օր էր մնացել, ու նրանք փորձարկում էին կանգառների անունները, որ Մելիքը բարբառային պայթեղ խուլ բաղաձայնները չխոթի ամեն բառի մեջ ու երթևեկողների մեջ ծիծաղ չառաջացնի: Մելիքը կանգառների անունները ցուցակավորել էր թղթի վրա ու քայլում էր խոհանոցից սենյակ, սենյակից խոհանոց` հայտարարելով կանգառները. «Հարքելի քաղաքացիներ, շամփայն գինիների գործարան, խնդրում եմ տոմսեր վերցրեք, ընգերներ, ով է բանալի կորցրել, թող մոտենա ինձ»: Նինելը մի քանի անգամ ուղղեց, որ արտասանվում է ոչ թե «հարքելի», այլ` «հարգելի», ոչ թե «շամփայն», այլ` «շամպայն», արտասանվում է «ընկերներ», կ-ի շեշտադրությամբ և շատ հնարավոր է, որ բանալիի փոխարեն կորցրած լինեն փողի քսակ, հարկավոր է հայտարարել` «Ով է դրամապանակ կորցրել, թող մոտենա ինձ»: Դրամապանակը արտասանել անպայման պ-ով: Ու հայտարարությունը  հարկավոր է մի քիչ էլ վստահ տոնով անել, որ քաղաքաբնակների կողմից ուշադրության արժանանա: Արդեն երկու շաբաթ էր, որ նրանք ամեն օր, առավոտից մինչև իրիկուն կրկնում էին երթուղու տասնհինգ  կանգառների անունները` զտելով բարբառային պայթեղ բաղաձայններից:

     Նինելը հետո հիշեց շահած հազար ռուբլին, հիշեց, որ բուրմունք և կերպարանափոխություն ունեցող անձրևից կարողացել են խուսափել, սիրտը թրթռաց, համբուրեց Մելիքի այտը: Պատկերացրեց, թե նա ոնց կնստի տոմսավաճառի բարձր աթոռին, մազերը խնամքով փայլեցրած, կողքի սանրած ու առանց բարբառային պայթեղ խուլերի կհայտարարի` «շամպայն գինիների» կանգառը: Այս հաջողությունը, որ իրենց վրա է թափվել, գուցե և օգնի, որ Մելիքը մի տեղ հեռակա բաժին ընդունվի սովորելու ու գիտեր, որ ինքը Մելիքին կօգնի, մարդ կդարձնի:

     Երկուշաբթին` աշխատանքային օրը ավարտվում էր: Մելիքը մի քիչ երջանիկ էր, մի քիչ` հոգնած: Պլանը կատարել էր, մի բան էլ ավելի: Վերջին երթուղին էլ կկատարեին ու տուն կգնար: Սկսեց տաք անձրև տեղալ, մարդիկ շտապով լցվում էին խանութներն ու ավտոբուսը: Այդ պահին տանը Նինելը բազմոցին ննջում էր: Սարսափահար նա վեր թռավ, վախեցած`  մանկան հանկարծակի շարժումից… Մայթերին ծաղիկների նման բացվեցին գունավոր անձրևանոցները: Հետո բարձունքի կանգառներից մեկում Մելիքը նկատեց, որ ներքևում, գույնզգույն լույսերի մեջ փռված քաղաքը անսահմանորեն գեղեցիկ է: Ավտոբուսը ուզում էր շարժվել, հանկարծ մեկը կանչեց, ձայնը շատ էր ծանոթ: Նայեց ավտոբուսում եղածների դեմքին, նայեց շուրջը: Կանչը կրկնվեց, թիկունքից` իրենց գյուղացիների ձայնային ելևէջներով. «Մելիք, Մելիք…» արտասանողը ավտոբուսի մեջ չէր: Գլուխը դուրս հանեց, տեսավ` անձրևն էր: Ավտոբուսի դռները փակվեցին, սլացող բեռնատարը, թափքով հպանցիկ բախվեց դռների արանքից դուրս մնացած Մելիքի գլխին: Խշշացող, տաք ու հորդառատ անձրև էր գալիս:

    Ասում են, թե երբ շիրիմների վրա խոտը և ծաղիկը կանաչ են ու խիտ, դա արցունքներից է: Հայրիկի գերեզմանաթմբի վրա և´ կանաչն էր առատ, և´ փուշը: Թիթեղյա ծաղկեպսակը, որ միակն է նրա գլխավերևում, անընդհատ ժնգժնգում է քամուց, համենայնդեպս, ինձ այդպես է թվում: Գուցե նրանից է, որ նվիրողը շատ էր հարուստ, կին էր, շատ հեռվից էր եկել, փոսը դրած դագաղի վրա մի բուռ հող լցնելուց հետո, դարձյալ շատ հեռուն գնաց:

Երբ ծունկ չոքած խունկ էի ծխում հայրիկի շիրմաթմբի վրա, գերեզմանոցի պահակատան դուռը բացվեց, և կորամեջք Սարգիս քեռին եկավ: Ատամները շուրջ տարին սև ու կանաչ են դեղաբույսեր ուտելուց և հալածական թափառականի տառապանք են վերագրում նրան: Իմ, ամեն անգամ, գերեզմանոց այցելելուց հետո, հայրիկի շիրմաթմբի վրա ավելանում են փշերը, կակաչները պոկոտում եմ թաքուն, որ պահակատան լուսամուտից դիտող Սարգիս քեռին չնկատի, խոթում եմ ծոցս` վերնաշապիկիս տակ, որ հետո մի հարմար տեղ նետեմ: Կակաչները ցանել էր մայրիկը և ամեն օր այցելում էր գերեզմանատուն` օրեցօր բացվող կակաչների հետ խոսելու: Նա ասում էր, թե ամեն մի նոր բացվող կակաչ մի նոր խոսք է հայրիկից եկած, թե այս բոլոր կակաչները նրանից եկած հեքիաթներ են:

Սարգիս քեռին կանգնել էր իմ գլխավերևում, և նրա տեսքն այս շաբաթ ավելի էր տագնապած ու սմքած: Նա տառապում էր մարմնի ինչ-որ մահաբեր հիվանդությունից և հավատացել էր խորհուրդներին, թե օրական չորս-հինգ անգամ կակաչի ցողուն ուտելը կառողջացնի իրեն: Ինձ ասում է. «Քո այստեղ գալուց հետո փշերը շատանում են, կակաչները` պակասում»:

   Ձմեռային արձակուրդների հետ սկսվեց շաբաթներով չդադարող բուքը, ու մայրաքաղաքից Ախալքալաք եկած ուսանողներս տրակտորով հասանք գյուղ: Գիշերները կարճելու և ինձ հետ խոսելու համար` Օվանեսը գալիս էր մեր տուն: Թիթեղյա տուփից ծխախոտներն էր հանում, հատիկ-հատիկ շարում վառարանի արմունկին` չորացնելու: Հետո ռադիոընդունիչի պտուտակն էր շուռումուռ տալիս, կանգնեցնում հեռուներից եկող մի մեղեդու վրա ու կզակը հենած ձեռնաթաթին` լուռ նստում էր, ինձ էր նայում: Կեսգիշերին, նորից երկու մատների արանքում տրորելով մի քանի հատ մնացած ծխախոտները, մեկիկ-մեկիկ հավաքում էր տուփի մեջ, առանց բարի գիշեր ասելու, ձմռան բքի միջով գնում էր տուն: Գուրգեն տացուիս ասելով` նա մեր ինչ-որ բարեկամն էր: Իմ գիրք կարդալու պահին` Օվանեսը նույն դիրքով անշարժ էր. էջերը շրջելիս տեսնում էի նրա անփոփոխ դիրքը: Ռադիոընդունիչի մեղեդին խառնվում էր սեղանի շուրջը թղթախաղով զբաղվածների աղմուկ-աղաղակին: Նրա անշարժ, մոռացկոտ դիրքը, թափառաշրջիկ հայացքը, արդեն յոթերորդ օրը չդադարող գիշերվա մեջ անընդհատ ոռնացող փոթորիկն ինձ համբերությունից հանում էին: Առաջինը ես խոսեցի, ասացի. «Այն ժամանակ Բավականն ինձ հիսուն ռուբլի տվեց»: Աչքերի մեջ զարմանք կար, հետո` վախ: Կակազեց. «Հասցեն հիշո՞ւմ ես, մա´նչ, ներսիս կրակ կա, սիրտս մխում է»: «Եսիմ, շատ տարիներ են անցել»,- ասացի. «Համ էլ այնտեղի բոլոր գյուղերն էլ համարներով էին: Հաստատ հիշում եմ, այն գյուղն անուն չուներ, թիվ էր»: Ասաց. «Մանչ, բուքը որ կանգնի, ինձ հետդ տար»: Ասաց. «Խոսա, ինչո՞ւ ես լռում»: Ես էլի չէի խոսում: Նա մեկ-մեկ, երկու մատների արանքում տրորելով, ծխախոտը հավաքեց տուփի մեջ, գնաց սովորականից շուտ:

Այն ժամանակ, գյուղից հինգ-վեց հոգի հավաքվել, բեռնատար մեքենայով կարտոֆիլ էինք տանում ծախելու: Օվանեսի նոսր բեղիկներով կինը, որի բերանը ծռվել, ականջին էր հասել (նրանց գոմում խաչքար կար, ասում էին` մութն ընկնելուց հետո վախեցել էր ոտաց ճանապարհ դուրս գնալ, սրբի կողքին էր վատ բան արել, գիշերը քնել, առավոտյան զարթնել, տեսել էին բերանը ծռվել, ականջին է հասնում: Գյուղի մյուս կեսն էլ խոսում էր, թե այդ առասպելը Օվանեսի համար է հորինվել), արդեն հարյուրերորդ անգամ ինձ խնդրում էր, որպես բարեկամի, Օվանեսին շուկայում տալ-առնելու գործի մեջ լավ նայեմ, ասում էր. «Դու քո հորեղբորն ինձանից լավ գիտես, երեք իշու գարի չի կրնա բաժանել, շփոթվել գիտե, մա´նչս: Նրա հաշիվը դու արա»:

Երկու օրում հասանք Հայաստան: Շուկայում շեղջերով դիզված կարտոֆիլ կար, բաժանվեցինք երկուս-երկուսի, մեքենա վարձեցինք, սկսեցինք շրջել գյուղերը: Կարմիր կավահողի միջով գնացինք, գնացինք, ոտքներիս տակ տեսնում էինք սև բզեզին` փայլող ինչպես բիբը, երբ խանութի պատի տակ, կշեռքի կողքին դասավորում էինք պարկերը, Օվանեսը զարմացած շուրջը նայեց. «Մանչ, տես ինչ անուշ են ծաղկել, ասես ոչխարի գառներ լինեն»: Առաջին անգամ էինք ծաղկած ծիրանենի տեսնում: Վարորդը վարձի մի մասը ստացավ, երեկոյան էլ պիտի գար մեզ տանելու:                                                                                               

Առևտուրը լավ էր գնում, երկուսիս հաշիվը ես էի անում` թաքուն նայելով թաքցրած   բազմապատկման աղյուսակին: Մի կին մեզանից կարտոֆիլ գնեց, Օվանեսին խնդրեց պարկը տուն հասցնել: Ասացի. «Չէ, չտանես»: Կինը հարցրեց. «Ինչո՞ւ»: Ասացի. «Մենք ծառա չենք: Ծառա էլ չե՞ք ուզի»: Ինձ ասաց. «Էս ո՞վ է: Դու ձենդ կտրի: Մատմ երեխա է, վեց-յոթերորդ դասարանի աշակերտ, չարչու նման գյուղերն ընկած կարտոֆիլ է ծախում: Դու հայր, մայր ունե՞ս, չեն էլ ամաչում, գցել են փողոցները»: Շատ վարժ էր խոսում: Օվանեսի քրտինքը ծորում էր,  ու ճոճվում էր յոթանասուն կիլոգրամանոց պարկի տակ, քստքստացող սապոգները դեղին-դեղին հողի վրա առաջ են գնում, աչքի միջով է քայլում: Վերնաշապիկի թևքի տակ կարը բացվել էր: Կինը, բարակ գարնանային խալաթի մեջ ալիքվելով, գնում էր նրա ետևից, պարզ գծագրվում է հետույքը: Այդ կնոջից վախենում էի, ցանկանում էի, որ նա առաջ անցնի, չմտնի Օվանեսիս կարկատած շալվարի հետևը:

Արդեն վաղուց մեր երկուսի կարտոֆիլն էլ ծախել, վերջացրել էի, Օվանեսը չկար: Խանութի պատի տակ, կշեռքին նստած` մտածում էի, հետո որոշեցի մի քիչ էլ սպասել ու գնալ միլիցիա: Քիչ անց մոծակները պարսերով եկան, չէին թողնում քնել: Կես քուն, կես արթուն հիշում էի` Օվանեսի փողերը ծոցագրպանումս էին: Ցանկանում էի նրա փողերի վրայից հիսուն ռուբլի վերցնել, ահագին ժամանակ չգիտեի այդ հիսուն ռուբլին գողանա՞մ հեծանիվ գնելու համար, թե` ոչ:

Արդեն արևը ծիրանենիների պուրակում էր իջել: Վարորդը եկել էր, մենք Օվանեսին էինք սպասում: Վարորդը մի քանի հատ ծխել էր, ինձ ծխախոտ չէր տալիս: Ասաց. «Քիթդ չես կարողանում մաքրել, ուզում ես ծխե՞լ»,- ասաց. «Ով գիտե` ի՞նչ կնոջ ձեռք է ընկել, խոմ ես չեմ կարող այդքան երկար սպասել: Ես գնում եմ, իմ հասանելիքը տուր, ես գնամ: Մթան միջով, ծառերի կապտավուն խոշոր զանգվածից կովը եկավ, եկավ, մեր դիմաց բառաչեց»: Վարորդն ասաց. «Ձայնդ կտրիր, մի լացի, չեմ գնում, էլի կսպասեմ»: Հետո, կշեռքի վրա դիզված դատարկ պարկերին նստած, ես էլ ծխեցի: Այստեղի մարդիկ շոգից այգիներում ու տների պատուհանները բացած էին քնում: Օվանեսը եկավ, ասաց. «Հաց կերցրին, դրա համար էլ ուշացա»: Դատարկ պարկերը գցեցինք մեքենան, ուզում էինք շարժվել, հանկարծ հիշեց, ասաց. «Փողը մոռացել եմ էնտեղ, դատարկ մեշոկը վերցրել եմ, փողը չեմ վերցրել, գնամ, փողը վերցնեմ, գամ»: Գնաց, էլի ահագին ժամանակ չկար: Եկավ, ինձ կողքի կանչեց, ասաց. «Էստեղ ծաղկած ծառերը գառների նման են: Մա´նչ, դու գնա, ես մնամ»: Ասացի. «Չէ, մեկ է, Գուրգեն տացուս կգա ու քեզ գյուղ կբերի: Համ էլ Բավոն, ձեր Բավականը ասել է` քեզ տիրություն անեմ: Չգաս էլ, կտանեմ»: Խռովեցի: Օվանեսն ասաց. «Սիրտս մխում է, մանչ»: Նա լացեց, ես էլ էի լացում: Բարձրացա մեքենայի թափքը, որ ճանապարհին վարորդն ինձ հետ չխոսի: Մեքենան գնաց, և դատարկ պարկերին նստած` նայում էի մթան մեջ մնացած, ծխախոտի կարմիր կրակին:

Երբ հասանք քաղաքի հյուրանոցը, տղաները բոլորն էլ վերադարձել էին, մահճակալներին նստած` փողերն էին հաշվում: Դրամները դարսեցին, գլխաշորերի մեջ փաթաթած` մեջքներին կապեցին, սխտորահոտ երշիկ ու հաց կերանք, մեկը հարցրեց. «Էս Օվանեսն ո՞ւր է», – ասաց. «Տղերք, Օվանեսը չկա»: «Անհանգստանալու բան չկա», – ասի. «Էն կողմերը Գուրգեն տացուիս ֆռոնտի ընկերոջը հանդիպեցինք, մնաց` գինի բերի, մենք գնանք, մի քանի օրից կբերեն, ավտոբուսը կդնեն, գյուղ կճանապարհեն»: Ասին. «Ափսոս, Օվանեսը լիներ, մի քիչ կուրախանայինք»: Նրանք անցյալ գիշեր քնելիս նրա սավանի տակ պարան էին դրել ու լույսը մարելուց հետո պարանը ձգել: Օվանեսը սարսափահար նետվեց հյուրանոցի միջանցքը` հարկի հերթապահուհու, կենվորների աչքի առաջ, վարտիք-շապիկով կանգնած, աղաղակում էր. «Օձը, օձը»: Մի կուշտ ծիծաղեցինք: Գյուղի ակումբում էլ նրա հետ այդպես էին վարվում. իբրև ձեռները հանկարծ տանում էին գլուխները քորելու, Օվանեսը կուչ էր գալիս, զույգ ձեռներով գլուխը պահում` սպասվելիք հարվածից: Քնելիս տղաներն ասացին. «Փողերդ դիր գլխաշորիդ մեջ, մեջքիդ կապիր, ասում են` գողության դեպքեր կան»:

Երբ վերադարձանք գյուղ, Օվանեսի` կարտոֆիլի վաճառքից ուղարկած փողերը տարա նրանց տուն, Բավոյին ասացի. «Օվանեսն ասում է` մոզին էլ չկապես Դարբինենց չայիրը, ասում է` մոզին բաց արևի տակ արնի կընկնի: Էս էլ կարտոֆիլի փողը, մի կոպեկ էլ իրեն չի պահել, լրիվ ուղարկել է»: Երեկոյան մերոնք` Գուրգեն տացուս ու Բավոն, ասին. «Էդ ո՞ր գյուղն էր, մա´նչ, որ հասնենք Հոկտեմբերյան,  հետո ո՞ւր պիտի գնանք»: Ասի. «Էնտեղ մերի նման չի, էնտեղ բոլոր կոլխոզներն ու սովխոզները համարներով են, անուն չունեն: Գնալն անիմաստ բան է»: Գուրգեն տացուս ասաց. «Իզուր էլ չես ասում, որ ասես, քեզ Բակուրյանի ճամբարը կուղարկենք, ճամբար գնալու համար լացում էիր, չէ՞: Պիոներներն էնտեղ գիշեր ու զօր երգ ասելով ման են գալիս»: Տատս ասաց. «Որ ասես, մի ամբողջ շաբաթ կաթի սերը կքաշեմ, կտամ, որ ուտես»: Ասացի. «Չգիտեմ, էդքան գյուղեր ման եկանք մեքենայով, եսիմ, որ մեկն էր»:

Գուրգեն տացուս ասաց. «Պետք չէ, թող չասի: Մացոն` ֆռոնտավիկ ընկերս, Հոկտեմբերյանի  ուգռոզիսկի նաչալնիկի ընկերն է, գնամ ասեմ, մի ժամում կգտնեն: Էս լակոտի ոտքերն ընկած պիտի խնդրենք, թե` ասա, ասա: Պետք չէ, վեշերս դրեք, առավոտյան գնում եմ»: Ասի. «Էնքան գնա, մեկ է, չես գտնի»:

Բավոն Գուրգեն տացուից ու ինձանից շրջվեց, փեշը հետ տարավ, ներքնաշորի փողքից փող հանեց ու ասաց. «Հուսիկ տղա, եթե ասես, էս կապույտ հիսունանոցը քեզ հալալ: Սելպոն հեծանիվ է ստացել, չորս ռուբլի էլ Հայկուշ տատը կտա, վրան դիր, վաղը գնա հեծանիվն առ ու ֆռֆռա»: Բավոն ասաց. «Էդ ինքն է ասել, չէ՞: Հլը տես, թե մատմ երեխու մոտ ի՞նչ խոսք է ասել: Գետինը մտնես, Օվանես: Բավական, էս ինչ օրի ես հասել»: Հայկուշ տատս Գուրգեն տացուից չորս ռուբլի, Բավոյից հիսունը վերցրեց, դրեց բուռս ու թևս էլ չթողեց, ասաց. «Հայդե, Հուսիկ տղա, բախտդ բերել է, հեծանիվը առ ու փաշի նման գյուղի մեջ ման արի: Էդ ինչ մեծ բան է, որ գյուղի անունը չես ասում: Հա, կախ գլուխ, ասենք թե չասես, Բավոն անմարդ, որբ մնա, բվի պես ավերակների մեջ նստի, նրանց խոտը անհարել մնա, քարթոլը` անջուր, աղունը` անաղալ, ոչխարը` անխուզ, հետո՞, վերջն ի՞նչ է լինելու, անխելք: Առ, փողդ առ, գնա պլպլան հեծանիվդ բեր, մենք էլ ուրախանանք», – ասաց. «Բայց Ներսիկ ախպորդ էլ պիտի տաս, որ քշի»: Ասի. «Չէ»: Ասաց. «Կտաս, բա չորս ռուբլին ինչի՞ եմ տվել, որ չտա՞ս»:

Հետո Գուրգեն տացուս գնաց Հոկտեմբերյան: Հետադարձին Ախալքալաքից լուր էր ուղարկել, թե երեխեքը գան, ճամփաբաժնին սպասեն, վեշով ենք: Երբ վերին գյուղերը գնացող ավտոբուսը հեռացավ, Գուրգեն տացուս, Ներսիկը բեռը կապում էին մեր հեծանիվի վրա: Օվանեսին ասացի. «Բավոյին ասել եմ` մոզին Դարբինենց չայիրը չկապի, լսողն ո՞վ է: Էլի էնտեղ է կապում»: Ասացի. «Ձեր շանը կոլխոզի շները խեղդել են»: Ասացի. «Որ ուզենք, էստեղ էլ ծիրանի ծառ կաճեցնենք»: Նա ամբողջ ճանապարհին Ներսիկ եղբորս հետ խոսում էր, ինձ հետ չէր խոսում:

… Արձակուրդների հետ յոթնօրյա բուքն էլ էր վերջացել: Կոլտնտեսության տրակտորները գիշերը ճանապարհները բացել էին: Առավոտ վաղ, գյուղխորհրդի պատի տակ կանգնած` Ախալքալաքից ժամանող ավտոբուսին էի սպասում: Օվանեսն եկավ, երկու ափերի մեջ «Պրիման» վառեց, պարկը մի ձեռքից մյուսը փոխանցեց, հետո դրեց ճամպրուկների հետ. «Ոչխարի գլուխ պանիր է, մի քիչ էլ արդար յուղ, խոմ դրանք էլ փողով չե՞ս առնելու»: Ասաց. «Հայաստան ես գնում, մանչ, ինձ էլ տար, ներսդիս մխում է, բալքի անցնի»: Ասացի. «Այդքան ժամանակ չկա, որտեղի՞ց այդքան ժամանակ, որ քեզ ման տամ»: Ասացի. «Համ էլ հիմա տարիքդ մեծ է, տարիներ են անցել, տարիքիդ մասին մտածե՞լ ես, ախր ինչո՞ւ չես մտածում»: Ասաց. «Բակում ծաղկած ծիրանի կար, համ էլ, որ լավ նայես, դուրս գալուց դռան վերևը ձիու մի մեծ նալ եմ խփել: Դու իմ խփելը գիտես, իմ խփած մեխը կճանաչես»: Ավտոբուսը եկավ, բաժանվեցինք:

Գյուղից մարդ էր եկել Երևան` հանրակացարան, ասաց. «Ձեր Օվանեսը մեռավ»:

 

     Քամին… պաղ քամին մորուքիս կոշտ մազերի մեջ ամեն անգամ նույն երգն է երգում, որ ինքն ու ճայերը միայնակ են ծովի վրա…

     Սմքեցրել ես ինձ, քամի՛, նույն երգը լսեցնելով: Դա քո երգը չէ, այն խարտյաշ մազերով, կապուտաչյա աղջկանն է, որն ինչ-որ մի հեռու տեղ հեկեկում է, դու գողացել ես նրա երգը: Եղել ես նրա մոտ` արևածաղկի դաշտերում, քանի որ այնտեղ էր նա ինձ սպասելու, երբ ես վերադառնայի իմ թռիչքներից: Այնտեղ` արևածաղկի դաշտերում, հերարձակ նա պարելու էր իմ վերադարձի երգը: Դու թո՛ղ միալարությունդ, քամի՛, և լսի՛ր, թե ինչ կպատմեմ. ճայերը կորցրել են ծովի անսահմանության կանչող կապույտը և ցնորամիտ խաբկանքով թռչում են գետերի վրայով: Ես այլևս ծովի թռչուն չեմ, դու նրան ասա, որ բավ է ինձ սպասի: Արևածաղիկները մի օր կհնձեն, և ինքն անտուն կմնա այրող արևի տակ, դու նրան ասա, թող կինը դառնա պահապան անցորդի, ես էլ դարձել եմ նրանցից մեկը: Մի ճայ է  թռչում գետերի վրա:

 

     Առավոտյան, երբ բացեցի դուռը, շեմի տակից սպիտակ նապաստակներ թռան ու ցրվեցին խնձորի այգում: Իսկ մեկը` կախականջը, թռիչքի պահին կպավ արևածաղկի ցողունին (ասում են, թե նապաստակը, երբ սարից ներքև է վազում, գլուխկոնծի է տալիս, ընկնում, որս է դառնում, բայց դեռ ոչ մի նապաստակ սարից ներքև չի վազել, ո՞վ է հնարել այդ պատմությունը):

Նա դիպավ արևածաղկի ցողունին, ցնցումից մեղուն դեռ ոչինչ չքաղած` թռավ:

Այդ տան ծակ գուլպաներով աղջիկը դեղին-դեղին թելեր էր հանում դարակից, մի կարևոր բան ուներ ձեռագործելու:

Քաթանի վրա կապույտ ծաղիկներ ասեղնագործող աղջիկը իմ կարկամելն ու աչքերիս մեջ պեծկլտացող մորմոքը չէր նկատում:

Մի հաջողակ երիտասարդի հետ գնացել էր` դիտելու այն բարձր ու ձյունոտ լեռը:

Եթե քաթանի վրա ծաղիկներ հյուսելիս մի քիչ խորը մտցներ ասեղը, ապա ծնկների վրա կծակեր ինձ, չէի կարողանում` նրա հետ ամեն տեղ չլինել:

Հաջողակ երիտասարդը նրան մանյակ նվիրեց և վրիպեց: Ճաճանչ մանյակի մեջ սառած կարմրավուն գիծ կար:

Կարմիր ծանրություն էր` օրեցօր կձգի մանյակի շղթան և, տեսնես խեղդվող աղջիկն այդ պահին ինչ կմտածի:

Աղջկանից դժգոհ էր տղան, քանի որ նրա գուլպաները ծակ լինելուց բացի, չկար և կրծկալի ամրակը, չկար և բլուզի կոճակներից մեկը, աղջիկը փնթի էր ու մշուշոտ հայացքով:

Նա դեղին թելերը հանել էր դարակից ու արևածաղիկ էր ձեռագործում: Իսկ նապաստակը, որ թռիչքի պահին կպել էր արևածաղկի ցողունին, չէր կարողանում շտկել կախ ականջը, քամին շոյում էր նրան:

     Ուսանողը սովորություն ուներ ամեն օր դասերից հետո մի ժամ քնելու: Ժամը երեքին արթնանում էր, լվացվում, սանրվում, որովհետև երեքն  անց կեսին նրանց ճաշի ժամն էր: Ճաշում էին: Այնուհետև ուսանողը դասերն էր պատրաստում, իսկ տարեց կինը նստում էր բազմոցին ու խեղդվում լռության մեջ: Թարթիչներն էին, որ մատնում էին նրա կենդանությունը: Դա կանանց մոտ հակասություններով լի այն շրջանն է, երբ վերջանում է դաշտանը, և նրանք թևակոխում են ծերության մատույցները, և ոչ մի կին առանց դրամատիկական փոփոխությունների դուրս չի գալիս, դեռևս արյան հոսքի մեջ մնում է երիտասարդության խելագար ճիչը:

Մանրակրկիտ խստության հասնող տան ամանեղենի մաքրությունը ուսանողին աննպատակ էր թվում, ինչ-որ զայրույթ էր առաջացնում: Մինչև ուսանողի գալը տարեց կինը կարծես ավելի սիրալիր էր ամանեղենի նկատմամբ, իր մենությունը կիսում էր նրանց հետ և դեռևս իր մեջ մնացած ջերմությամբ գուրգուրում նրանց: Հիմա ուսանողի գալուց հետո ավելի զայրացկոտ էր նրանց նկատմամբ ու երբ ամեն անգամ ամանեղեն էր վերցնում ձեռքը, ուսանողին թվում էր, թե նրա ոսկրացած ձեռքերը խեղդում են նրանց` երբեմնի հավատարիմ գաղտնապահներին, ետ պահանջելով տարիներ շարունակ նրանց երկաթյա մարմինների մեջ պահ տված իր ջերմությունը:

Ժամը իննին պառավը մելամաղձոտ ձայնով հայտարարում էր` ջուրը կտրեցին: (Ամեն օր ժամը իննից հետո կտրվում էր ջուրը): Այդ հայտարարությունը անորոշ էր, ոչ ոքի չուղղված` ցավատանջ մի ծնունդ, բարեկամի կորուստ, ողբի անտերություն: Թեև ուսանողը մի ներքին զգացումով գիտեր, որ այդ ժամին կհայտարարվի ջուր չլինելու մասին, բայց ամեն անգամ լսելիս դեմքը քարանում էր, շուրթերը ձգվում էին, ներքին տագնապը հաղթահարելու համար ամբողջ մարմնով լարվում էր: Ու ամեն ինչ լռության էր մատնվում: Եվ լայնատարած  սենյակներում բնակվող ունայնությունը չղջիկի նման դուրս էր թռչում վայրկյանի ծոցից ու կառչում նրանց դեմքերից, որ վերջում հայելիները զվարճանան նրանց կնճիռներով:

Նա, մինչև ուսանողի իր մոտ բնակվելը, ճաշելիս սեղանի մոտ դնում էր ևս մի վերանորոգված աթոռ: Ամուսնունն էր եղել: Նա ամուսնու մասին խոսում էր քնքշությամբ, այնպիսի փաղաքուշ տոնով, որ ուսանողին թվում էր, թե Հայր Գրիգորը (նա այդպես էր կոչում ամուսնուն) գնացել է խանութ, հիմա ուր որ է ներս կմտնի և իրար հետ կծանոթանան: Հայր Գրիգորը տասը տարի առաջ մահացել էր, երբ նրա դագաղը տարան, «Հայր Գրիգորը չգնաց, մտավ իր աշխատասենյակն ու մնաց ներսի սենյակում»: Կինը ապրեցնում էր նրան իր ապրած և չվայելած սերերի կերպարներով, անպտղաբեր ամուսնությունից երազած մանկիկի տեսքով: Ճաշելիս առանց ուսանողին նայելու` ասաց.

– Քո բնավորության տղամարդիկ կնամոլ են լինում:

Այդ օրվա ճաշին նույնիսկ օղի կար, նա մի հոգատար, կանացի ուշադրությամբ օղի լցրեց ուսանողի բաժակը, ներսում արթնացած կինը, իրեն հատուկ բնազդով գտել էր խճճված արահետների արանքում կորցրած անցյալի սկիզբը: Ուսանողի մեջ  տագնապ կար, կինը տեսել էր իրեն: Առավոտյան դասի գնալիս նրան տվեց կարդալու Օմար Խայամի քառյակները: Վրիժառության այս յուրահատուկ ձևը, որ նման էր մահվան խայթոցին, ամբողջ օրը հաճույք պատճառեց տղային:

Երբ նա վերադարձավ, արդեն երեկո էր, գիրքը դրված էր իր սեղանին: Կինը նստած էր մշտական տեղում` բազմոցին, մոռացել էր լույսը վառել: Այլևս կիսաբաց թևերով զգեստ չէր հագած: Մշտապես օգտագործվող շրթներկը չկար: Միաձուլվել էր աղջամուղջի մեջ կապտող ստվերներին: Ուսանողը նկատեց, որ նա սովորականից ավելի էր կծկվել, կուչ եկել, կարծես ներսում մեկը խեղդում էր նրան: Նա վերցրեց դասագիրքն ու տեղավորվեց կնոջ դիմաց` բազկաթոռին` վայելելու հաղթանակը:

Գազի վառարանը, միալար բզզոցով, պայքարում էր ցրտի դեմ: Միայնությունը, որ հաճախ խորհրդատու է բարեկամի նման և դաժան` թշնամու պես, սարդի նման իր ոստայնի թաքստոցում սպասում էր զոհերին: Կինը հանկարծ խախտեց լռությունը, ներքին տառապանքի և հպարտության արտահայտություն կար դեմքին:

– Մենք գնացել էինք ռեստորան, և այնտեղ աղջիկներ կային, ահա այսպես հագնված…

Նա «մենք» ասաց, ու ինքն էլ չիմացավ, թե ինչու այս անգամ ամուսնու անունը կուլ գնաց, խեղդվեց իր մեջ, ու զգեստի փեշը բարձրացրեց վերև: Ուսանողը տեսավ նրա սպիտակ սրունքները, ազդրերը, որոնք չէին կորցրել հմայքը, ջերմությունը վազ տվեց հոդերի մեջ: Կնոջ դեմքը չէր փոխել, սառն արտահայտությունը  պահում էր մշտական լարվածությունը, աչքերի խորքում թույլ առկայծող արցունքանման լույս կար, որը թաքցնում էր նրա տառապանքը: Այն տառապանքը, որը միշտ սիրո հրապարակներում խաթարված դեմքով հուշարձաններ է կերտում: Բայց հաջորդ ակնթարթին ուսանողի հայացքն ընկավ նրա ձեռքերին, որոնց երբեմնի թարմությունը տարել էր ժամանակը, սմքած ձեռնաթաթերի վրա երևում էին կապտավուն երակները, գաղջ ասֆալտի վրա ջղաձիգ հոգեվարք ապրող անձրևաորդերի նման:

Ուսանողն աչքերը փախցրեց կնոջից, որպեսզի մոլոր հայացքի ծանրությունը մատչելի լինի: Կնոջ վերջին ճիգը, որն իր մեջ խեղդում էր վաշխառու անցյալը, այնքան բնական թվաց ուսանողին:

Մի անգամ, երբ փոքր էր (այս պատմությունը հիշելիս միշտ իրեն փոքր էր պատկերացնում, երևի այդպես են նաև աշխարհի բոլոր մարդիկ, երբ գրպաններում փող չեն ունենում, իրենց հիշողության մեջ հետո փոքրի տեսքով են կերպարանավորվում), տնից փախել էր, քաղաքի երկաթուղու կայարանում աշխատել, ու ամբողջ օրվա աշխատանքի դիմաց քսանհինգ կոպեկ էին տվել… Նա կեղտոտ էր, հոգնած: Տակը թրջել էր, թույլ էր, որովհետև երրորդ օրն էր, որ ոչինչ չէր կերել: Սպասարանում ալեհեր մուրացկանը իր մոտ կանչեց: Երբ ինքը կուշտ կերավ նրա կեղտոտ ձեռքերով ու նույնքան կեղտոտ տոպրակից հանված հացը, հետո ամբողջ գիշեր գլուխը դրած մուրացկանի միայն ծնկներից վերև գոյություն ունեցող ոտքերին` քնեց, հաջորդ առավոտվանից նա երբեք մուրացկանների մեկնած գլխարկների մեջ դրամ չգցեց:

– Ձմեռը մի տեսակ սահմռկեցուցիչ է, գայլաձկան փայլ ունի, ձմեռը որ անցնի, գարունը հեշտ կլինի,– ներքին վախին չհավատալով` հայտարարեց պառավը:

Ձայնի այս երանգը ճաք տվեց, զանգակի ողբի նման, հնչեց երկուսին բաժանող տարածության մեջ ու, կախաղանի օղակից կախված մարմնի նման, սովորական չափից ավելի երկարեց, մնաց ուսանողի ներսում: Նա ծանր բարձրացավ տեղից ու գնաց դեպի իր սենյակը:

Գիշերվա կեսն էր, կինը չոր հազաց իր անկողնու մեջ, և նրա հազը հալվեց մենության մեջ ու մեծ հարցականի նման կախվեց ուսանողի վրա: Նա կծկվեց անկողնու տաքության մեջ, ջղաձգվեց իր ներսում, նրա ննջարանը իրենից հեռու չէր, ուզում էր բարձրանալ անկողնուց, բարձրանալ վախից էլ վերև, բայց երկուսի միջև եղած տարածությունը սուտմեռուկ աղվեսի նման դավված էր ծերությամբ:

Միացումը ծնունդ է կամ ավերում:

Ուսանողն ինքն իր ձայնը հազիվ լսեց, ձայնի մեջ թաքնված համաձայնություն զգաց: Վախեցավ, այս անգամ գոռաց հրամայաբար:

Կինը լարվել էր: Չպատասխանեց իր սենյակի մեջ ճչացող ուսանողին: Նա այդ ձայնի մեջ ուրիշ բան էր որոնում: Շատ վաղուց լսողությամբ հատակի տախտակների վրա հետևում էր իր սենյակին մոտեցող տղամարդու բոբիկ ոտքերի շրշյունին և ուժին, որն իր սենյակի շեմին կորցրեց: Սպասեց, նորից որոնեց… հասկացավ, որ քոռկապ ճանապարհը արձակել է պետք: Հագավ գիշերանոցը, ուսանողի հետ նստեցին պատշգամբում: Դրսում թարմ ձյան վրա տղամարդու ոտնահետքեր կային: Տարեց կինը գուցե ուրիշ ժամանակ Ռուզանին դուրս աներ թեկուզ գիշերվա կեսին, քանի որ սենյակը վարձով տալուց առաջ նախազգուշացրել էր նրան` «տղամարդ չբերել»: Բայց այս անգամ հայացքն ընկել էր ձյան վրայի պաղ ոտնահետքերի մեջ ու չէր պոկվում: Մի քանի անգամ աչքերով ոտնահետքերի վրայով ետ ու առաջ գնաց մինչև դարպաս ու հարևան սենյակի դուռը: Ռուզանի մոտ տղամարդ կար:

– Գուցե տղամարդու ոտնահետքե՞ր չեն:

Կինը նայում էր ուսանողին, նրա դեմքի վրա ինչ-որ բան էր որոնում: Ուսանողը նկատեց, որ ժպտալիս կնոջ երկարավուն քիթն ավելի է կախվում շուրթերի վրա: Ուզեց բարձրանալ ու գնալ իր սենյակը:

– Կա, – ասաց ուսանողը:

Կինն իր  երկար որոնածը այդ միակ կարճ բառի մեջ գտավ:

Կանացի նուրբ բնազդը արթնացել էր նրա մեջ, և հասկացավ, որ ուսանողը քիչ առաջ իրեն արթնացնում էր ոչ միայն  ոտնահետքերը ցույց տալու համար, այլ հասել էր ճանապարհի քոռկապին: Հանկարծ վանդակի մեջ գեղեցկուհին թևերը թափահարեց ու կռնչաց.

– Հայռ Գռիգոռը…

Ու խլացուցիչ լռություն տիրեց, ուսանողը չդիմացավ լռությանը:

– Էլի էս բմբլաթափ ապուշը:

– Ամբողջ կյանքն այդտեղ ապրեց, որձ չունենալուց էր, բմբուլները թափվեցին:

Կնոջ ձայնի մեջ մորմոք կար:

Նա պատմում էր, թե թութակը տարիներ առաջ մարդու նման խոսել գիտեր, ինքն էր սովորեցրել, ու Հայր Գրիգորի մահից հետո օր ու գիշեր իրար հետ զրուցում էին: Տարեցտարի բմբուլները թափվեցին, պարանոցը մերկացավ, վերքոտվեց, փետուրների գույնը կորավ: Օր օրի խոսելը մոռացավ: Կինը ասում էր. «Ծերացավ, խելքը թռցրեց»: Միայն մի նախադասություն էր մնացել հիշողության մեջ` «Հայռ Գռիգոռը»: Կինն ամեն անգամ լսելիս մտովի հարցնում էր` «Ի՞նչ, Հայր Գրիգորը, ի՞նչ» ու պատասխանը չէր ստանում, չէր կարողանում գտնել:

Կնոջ տանը չլինելու պահերին ուսանողը հաճախ էր թութակին սովորեցնում «պառավ» արտասանել: Փորձերը զուր էին անցնում: Գեղեցկուհին  նույն  պահին արտասանում էր, երբ կինը տուն էր գալիս, արդեն մոռացած էր լինում` ուսանողին զրկելով հաճույքից:

– Գեղեցկուհուն Հայր Գրիգորը բերեց, որտեղի՞ց, աստված իմ, հիմա չեմ հիշում, սիմպոզիումի էր գնացել, այսօրվա պես հիշում եմ` վանդակը ձեռքին ներս մտավ, կատա՞կ էր, թե՞ լուրջ: Կնիկ, ասավ, քեզ երեխա եմ բերել, խոսել սովորեցրու: Ու մինչև հիմա էլ չեմ հասկացել` կատակ էր, թե լուրջ:

Կինը նստած տեղից վեր կացավ, մտավ իր սենյակը, մի հին ճամպրուկ բերեց:

– Օժիտս է, մայրս է կարել: Տես ինչքան նուրբ է, բատիստե կտորից: Գիշերանոց` մի անգամ եմ հագել: Սրանք չհագա, կոնքաթելերին նայիր, աստիճանաբար լայնացնելու համար էր, մինչև ինն ամիս: Ամեն ինչ տեղը տեղին, երեխայի չամչիկներ, շորեր: Է¯հ, ինչ անեմ:

Ու նորից  սկսեց հերթականությամբ, զգույշ, կարծես մանկիկի էր քնեցնում, դասավորել ճամպրուկի մեջ: Մայրական հոգատարությունը ուսանողին դեռևս նրա կանացիությունն էր հուշում:

– Մարդու մեկը մոտիկ ընկերուհուս էր ուղարկել մոտս: Նրա ընկերներից մեկն էր, վա ̃յ, հողեմ գլուխդ, դու ո՞վ ես, որ քո հետ ամուսնանամ, մի ինձ նայի, հետո` քեզ:     Կամ` նրա հիշատակը կկորցնե՞մ:

Գիշերանոցի փեշը սահեց ծնկից, ուսանողը որսաց շարժման դիտավորությունը: Տարեց կինը, նա էր ասում, չէր տալիս ամուսնու անունը, որ Հայր Գրիգորը դուրս չգա իր աշխատասենյակից, չնստի վերանորոգված աթոռին, գեղեցկուհին արթնացրել էր նրան: Կինը դեռևս մտովի կրկնում էր նրա բառերը` «Հայռ Գռիգոռը»,  «Ի՞նչ, Հայր   Գրիգորը, ի՞նչ թարախոտ լեշ, լեզվիդ տակինն ասա»:

Մինչև ուսանողի գալը, իր տանը բնակվելը, թութակին մի քանի օր չկերակրեց, վանդակը ցուրտ տեղ տարավ, որ այդ միակ բառն էլ ջնջի նրա հիշողությունից. իզուր: Մի օր վանդակը թռչնավաճառի խանութ տարավ, երրորդ օրը` խանութ, սարսափում էր, որ հանկարծ գեղեցկուհուն վաճառած լինեն, վերքոտ թութակին ո՞վ է առնողը: Կինը աչքերը չէր կարողանում պոկել ձյան վրայի ոտնահետքերից: Ուսանողը տեսավ, որ տարեց կինը մթան մեջ կին է, որ բաց ծնկները տաք կլինեն, որ իր արդուկված վերնաշապիկների ու ամեն օր հարդարվող անկողնու մեջ նրանից մնացած կանացի ջերմություն կա:

Ուսանողը տրորվեց բազկաթոռի մեջ, նրա շարժումները ավելի զգաստացրին կնոջը:

– Իբրև ինձ ոսկու մեջ կպահի, վայ, հիմարի մեկը, խաբվող գտար: Ես իմ ունեցածը չգիտեմ` ինչ անեմ: Դու գիտես, չէ, սպասի ծննդյանդ օրը թող գա: Խելացի մեկը լիներ, ես գիտեի` ինչ անեմ:

Ուսանողը  գիտեր, երբ ամեն ամսվա սկզբին ինքն ու Ռուզանը տան վարձն էին տալիս, տարեց կինը գնում էր մոտակա խանութը (նա այդպիսի պահերին էր գեղեցկուհուն սովորեցնում պառավ արտասանել), մեծացնում, քսանհինգանոցներ էր դարձնում, հետո մեծ, սևացած արդուկով  արդուկում էր մեկ-մեկ ու պահում:

– Հիշո՞ւմ ես այն գիշեր անկողնուդ տակ լացում էիր, առավոտյան գնացիր ու երկու օր չկայիր, իսկ ես այդ երկու օրը սպասում էի քեզ, տորթ էի թխել, օղի առել: Եկար մագնիտոֆոն նվիրեցի:

Ուսանողը բազկաթոռի և մթան մեջ կծկվեց, որ չերևա: Ուրեմն կինը գիտեր այն օրվա պատմությունը:

Վերջապես մի օր համարձակվեց գիշերվա կեսին ծեծել հարևան սենյակի դուռը:   Մերկ մարմնի բույրը հասավ ուսանողին, հետո գիշերանոցի տակ տեսավ իրենց ծանրությունից երերացող ստինքների ուրվագիծը: Հետո դռների մեջ կորցրել էր իրեն ու չէր գտնում: Ռուզանի այդչափ մոտիկությունը շատ հեռու էր թվում:

– Ատամիս ցավից չեմ կարողանում քնել, օղի կունենա՞ս` թրջոց դնեմ:

– Երևում է` աչքերդ կարմրած են:

Նա ներս գնաց` բերելու, իսկ ինքը չէր կարողանում շարժվել, գնալ ետևից, միայն հայացքով հասավ Ռուզանին ու նրա հետ ներս մտավ:

Իր սրտի թփթփոցն էր լսում ու ներսում բաժակի մեջ լցվող օղու քլթքլթոցը:

– Առ, ինչ է` նա չունի՞, և գլխով ցույց տվեց տարեց կնոջ մութ պատուհանը:   Ուսանողը հանկարծակիի եկավ, ու չգիտես ինչու ժպտում էր:

– Բամբակ ունե՞ս, թե՞ տամ:

– Գամ ներս, մի բաժակ էլ իրար հետ խմենք:

Ինքն իր դեմքի ապուշ ժպիտի պատճառն էր որոնում, երբ դուռը շրխկաց քթի տակ: Հետո լվացքի պարանից վերցրեց Ռուզանի կրծկալն ու ամբողջ գիշեր պահեց  անկողնու մեջ: Տարեց կինն ասում էր, թե ինքը լացել է այդ գիշեր:

Կինն զգաց, որ ուսանողն ինքն իր ներսում սայթաքում է:

– Ուսանող ու հրշեջ չե՞ս, առածդ փողը հարյուր ռուբլի չէ՞, ես քեզ տրիկո եմ խոսք տվել, ֆիզկուլտ դասերի համար չունես, իսկ նա պաշտոնավոր է:

Բարձրացավ նստած տեղից, մի քիչ աշխուժություն տալով շարժումներին, որ այդպիսի խորամանկության հասնելու համար հոգեկան մեծ տառապանքներ է հասցրել միայնությունը:

– Արի, արի հիմա կտեսնես:

Գեղեցկուհին վանդակի մեջ թափահարեց թևերը, որ կպան ճաղերին, ու կռնչաց հիշողության մեջ մնացած միակ բառը.

– Հայռ Գռիգոռը:

Լռություն տիրեց երկար ու պաղ: Հետո կինը շուռ եկավ դեպի վանդակն ու կյանքի մեջ առաջին անգամ մտովի ասածը բարձրաձայն ասաց.

– Ի՞նչ, ի՞նչ Հայր Գրիգորը, ցնդած: Կրքերից ցնդած: Ի՞նչ, Հայր Գրիգորը, ասա լեզվիդ տակինը:

Ու քիչ մնաց ինքն ասեր իր լեզվի տակինը, անեծքի նման մի բան  ու շշմեց: Կինը մոտեցավ պատին, ուր մի փոքրիկ անցք կար, նրան ձեռքով արեց:

Ներսում` բազմոցի վրա, երկու վառվող ծխախոտի կրակներ երևացին, հետո` աղոտ, երկու մերկ մարմիններ: Ուսանողը կամաց-կամաց պարզ տեսավ տղամարդուն, որը Ռուզանին հաճախ էր մեքենայով զբոսանքի տանում: Հետո նշմարեց աղջկան` ամբողջ իր մերկությամբ: Ու ինչ-որ բան կոկորդին կանգնել, խեղդում էր, կուլ չէր գնում:

Տարեց կինը թեք ընկավ մահճակալին, գիշերանոցը սահեց, ու սպիտակ սրունքները դավեցին ուսանողին:

– Ո՞ր աղջիկը իմ մաքրությունը կունենա, հողեմ դրանց գլուխը, թեկուզ ոտից գլուխ նայենք: Բաղնիքում ինձ նայողները զարմանում են:

Ուսանողը` նրա ոտքերի մոտ, նստեց մահճակալին: Նկատեց, որ անցքին մոտիկ մի փոքր տեղ պատի ներկը թափված է, կինը հաճախ էր ուսով հենվել պատին: Ցերեկները սպառնացել էր Ռուզանին, որ դուրս կանի, իսկ գիշերները նրա երիտասարդ կրքերի թաքուն վկան է եղել ու տանջվել:

Կինը բոլոր ուժերը հավաքեց` թաքցնելու չոր, խեղդող հազը ու խեղդվելով` չոր հազաց:

Ուսանողը ձեռքը երկարեց, նրա ոտնաթաթերը սառն էին: Փշաքաղվեց, ձեռքը կպել էր ոտնաթաթերին ու այլևս չէր բարձրանում վերև, ու մի սահմռկեցուցիչ պաղություն էր լցվում իր երակների մեջ, ծերության նման մի բան… պաղ էր սավանը, սենյակը… պաղ էին տարեց կնոջ արցունքները, որ  թափվում էին իր գլխին…

Իր սենյակը գնալիս` հանկարծ թիկունքում թևերի հարված լսեց վանդակի պատերին ու կռինչը գեղեցկուհու…

– Պառավ…

Ուսանողը սարսուռով շփեց դեմքը, կարծես կնճռոտված լիներ…

Առավոտյան կինը թարմ մեխակներ ու վանդակի մեջ` գեղեցկուհուն էր տանում Հայր Գրիգորի գերեզմանին: Ուսանողը անկողնու կապոցն ու գրքերը թևատակին` նոր տուն էր որոնում:

 

 

    Երեկոյան ժամերին Ախալքալաքից եկող ավտոբուսը ժամանեց: Վերադարձողները ցրվեցին տները: Մենք, աչքներս դպրոցի պատի տակ կանգնած մուշտակավոր կնոջը, սահում էինք դիքից ու սահում: Իրար հրմշտելով ու քաշքշելով մոտեցանք: Նրանից դաշտային ծաղիկների բույր ունեցող օծանելիքի հոտ էր գալիս: Սապոգների ամուր քթերը խփում էինք սառցակալած ճանապարհին ու ձյունը շաղ տալիս միմյանց դեմքերին: Նա ասաց, որ կվճարի, եթե օգնենք նրան ճամպրուկները տանել հարևան գյուղ: Լեզուն մի թեթև սահեցրեց ներքևի շրթունքի վրայով ու գորշագույն շրթներկը խոնավացավ: Ժպտուն աչքերով պատասխանի էր սպասում: Մենք այդպիսի կին Ախալքալաքում էլ չէինք տեսել, միայն ֆիլմերում ու հեռու քաղաքներից արձակուրդներից տուն եկած ուսանողներից էինք լսել նրանց գայթակղիչ գեղեցկության մասին: Ճամպրուկները շատ ծանր էին, խփվում էին մեր ոտներին, ու խճճվում էինք մեր քայլերի մեջ: Ռեվազը նրա աջ կողմից էր քայլում, ես` ձախ: Հանդարտ, մանր ձյուն էր գալիս ու նրա ընձենուց մուշտակին փռված հարթ մազերի վրա հալվում: Ինստիտուտներից արձակուրդ վերադարձած տղաները պատմում էին, որ այդ կանայք օր ու գիշեր ռեստորաններում ու հյուրանոցներում քեֆ են քաշում, որ ընդհանրապես քաղաքի կանայք այդպիսին են: Ու նրանցից լսած պատմությունները մեզ հետ գիշերում էին մեր տաքուկ անկողիններում, բայց նրանց գինի հյուրասիրող տղամարդը միշտ մենք էինք լինում:

Երբ արդեն գյուղից դուրս էինք եկել ասաց. «Ձեզ նեղություն չէի տա, բայց հիվանդանոցից նոր եմ դուրս եկել. կույր աղիքս են հեռացրել, անհոգ եղեք փողն անպայման կտամ»:

Ասինք` փող պետք չէ, էն բանից ենք ուզում: Ասաց. «Ինչի՞ց…»: Ու անմիջապես կասկածոտ լռեց, որովհետև մի քանի քայլ ետ էինք մնացել ու սապոգների քթով ձյունը փորփրելով էինք գնում: Հանդարտ իջնող ձյունը չէր կարողանում ցրել նրանից եկող դաշտային ծաղիկների հոտ ունեցող օծանելիքի բույրը:  Նա կանգնեց, հետո շրջվեց, մի քայլ դեպի մեզ եկավ, մեր աչքերի մեջ նայելով ասաց. «Ինչից, ես ավելի լավ բան չունեմ, ազնիվ խոսք, հավատացեք, տղաներ»: Ռեվազը առաջ անցավ ու առանց ետ նայելու. «Ունես»,-ասաց: Գլուխս ետ գցած ձյան փաթիլներն էի որոնում բերանով, ասի. «Ունես»:

Ձեռքը ընձենուց մուշտակի թևքից հանեց, բարակ ու նուրբ մատը այտին դրեց, մտածկոտ ու ժպտուն նայեց. «Ախր ինչ եք ուզում, որ գլխի չեմ ընկնում, կարգին ասեք, հասկանամ»: Հետևից դժվարությամբ էինք հասնում, ճամպրուկները հարում էին սրունքներս և խճճվում էինք մեր երթի մեջ: Ասինք. «Ամոթ է»: «Ախր մարդ եք գժվեցնում, կարգին ասեք բան հասկանամ»: Ասինք. «Բոլոր կանայք էլ ունեն»: Ռեվազը կանգնած եղունգներն էր կրծում: Ոտքով ձյուն էր հավաքում ու մի հարվածով կրկին շաղ տալիս, զգացի, որ ճամպրուկից այդ նույն օծանելիքի հոտն է գալիս:

Աշխատում էինք ետ չմնալ, կողքերից նրան համաչափ քայլել: «Ուրեմն ձեր ուզածը յուբկա է, գլխների՞դ պիտի քաշեք, ինչ է: Չորս կիլոմետր էլ չի մնացել, դա ինչ է, որ չեք ուզում օգնել»:

Դիմացի սարի լանջին կոլտնտեսության շներն էին թափառում, ասինք. «Որ համաձայն չես, մենք էլ ետ կդառնանք: Վայ թե կողքի ձորում էլ վայրի կատուներ էլ լինեն»: «Չէ, չեմ հասկանում: Ուզածներիցդ ձեր քույրերն ունե՞ն»: Ռեվազը սղղալով առաջ անցավ: Ճամպրուկը ծանրացավ ու ինձ սայթաքեցնում էր: Դաշտի ծաղիկների բույր ունեցող օծանելիքի հոտը այնքան մոտիկից էր գալիս, ասի. «Հա»,- ու լեզվով ձյան փաթիլներն էի որսում, Ռեվազը հազում էր:

-Ձեր մայրերն ունե՞ն դրանից:

Լսեցինք, որ ձյունը ճռճռում էր մեր ոտների տակ: Ու նրա չոր ճռճռոցի մեջ վիրավորանք կար: Չքանդվող լռության մեջ մի կիլոմետրից ավելի էինք քայլել: Ճանապարհի եզրերից բռով ձյուն էինք վերցնում ու խոթում բերաններս: Ճամպրուկները ձեռքից ձեռք փոխանցելով սահում էինք: Նրան հազիվ էինք հասնում, իսկ ձյունը նրա վարսերին հալվում էր կաթիլ-կաթիլ: Ժպտալիս այտի փոսիկը ջրապտույտի նման ձգվում էր ու կլանում, մտածեցի, որ Ռեվազը, հավանաբար, այդ փոսիկը նկատել է ու կհամբուրի այն, դեռ դիքից սահելիս պայմանավորվել էինք, որ սկզբից կինը նրանն է լինելու:

Մտքիս մեջ «հա» ասի, Ռեվազն էլ մտքում այդպես ասավ, դա մատնում էր նրան ոտքերի տակ ճռճռացող ձյունը: Ասինք. «Հա»:

-Բա ինչո՞ւ նրանցից չեք ուզում:

-Կծեծեն:

Ճամպրուկները ծանր էին, քրտնել էինք ու ձյուն էինք լցնում ծոցներս: Ասաց. «Երևի ութերորդ կլինեք, ես էլ ութերին եմ դաս տալիս»: Չասինք, որ գուշակեց: Ռեվազն ասաց՝ ինքն ավարտել է, ընդունելության քննությունների ժամանակ քաղաքի հյուրանոցում է մնացել ու ռեստորան հաճախել: Ասաց. «Դա էլ տասում է սովորում»: Նրա կասկածոտ հայացքը ցրելու համար անհոգ ձևացա ու ատամներիս արանքից թքեցի, առանց շտապելու, թափվող ձյան տակ վարպետորեն վառեցի ծխախոտս: Հետո նստեցինք ճամպրուկներին ու էլ չէինք ուզում գնալ:

Ասաց. «Այդպիսի գործերը ձմռանը չեն անում, միայն գարնանը», երևի մենք դրանից չենք էլ հասկանում: Նորից գնացինք` հետևից ճամպրուկները քաշեքաշ տալով: Պատմեցի, որ մենք անատոմիայից անցել ենք ու այնտեղ մի նկար կա, որ աղջիկները այդ թերթը միշտ ծալում են: Ռեվազն ասաց, որ իր տեսած բոլոր ֆիլմերում այդ գործը ձմռանն էլ է եղել: Եթե համաձայն չէ, մենք ետ կդառնանք: Նա այնքան մոտիկ էր, որ նրա տաք շունչը մեր սառած այտերն էր տաքացնում: Հետո մեր հետևից գոռաց, մենք ետ եկանք ու կրկին ճամպրուկները վերցրինք: Նա մեզանից մի քիչ առաջ անցավ ու ասաց. «Ախր պիտի հասկանաք, ծանրությունից կարող է վիրահատած վերքը բացվել»: Գլուխս ետ գցած` լեզվով ձյան փաթիլներ էի որսում: Ճամպրուկները դրել էինք: Հետո ուսը գցած պայուսակից խոստացած փողը` յոթանասուն կոպեկը հանեց, տվեց ինձ ու հավելում` սկավառակի ձև ունեցող թիթեղյա տուփով կոնֆետներ` Ռեվազին:

Ասաց. «Տեսեք, որ չեմ խաբել»: Նա հիմա ավելի արագ էր քայլում, ու մենք հազիվ էինք հասնում: Ասացինք, որ այդպես է, գոնե թող պատմի, թե դա ոնց է լինում սկզբից, լույսը մարելուց մինչև վերջ, բոլոր մանրամասնություններով: Առանց ետ նայելու ասաց. «Գժվեցի, Աստված իմ, ախր անհնար է»: Լռությունը երկարում ու երկարում էր, մենք սպասում էինք, նա քայլում էր առանց ետ նայելու: Մեր թիկունքում լսվեց նրա հմայիչ ճիչը. «Ետ դարձեք, պատմելու եմ…»:

Տուն էինք վերադառնում իրար ձեռք բռնած, ձյուն էինք շպրտում մեկմեկու դեմքի: Հետո սկսեցինք վազել-վազել ու սահել: Նրա սարսափած ճիչը մի անգամ էլ հեռվում հասցրեց բռնել մեզ: Մթնոտ, ձմեռային երեկոյի մեջ հանդարտ ու մանր ձյուն էր գալիս: Ռեվազը կոնֆետը տվեց ինձ, տուփը իրեն վերցրեց: Ասաց` քրոջն է տալու, որ մեջը կոճակ լցնի: Կոնֆետի թիթեղյա տուփից ծանոթ օծանելիքի` դաշտերի ու ծաղիկների բույրն էր գալիս: Երևի նա խաբեց, թե տուփը քրոջն է տալու: