Acab Tagavor

     Ժամանակին Աքաբ թագավորը իր պալատականներին, մեծամեծ նվերներով, խնամախոսության ուղարկեց արաբների երկիրը՝ նրանց արքա Աբդյուլ Ազիզի աղջկան ուզելու:

     Թագավոր Աբդյուլ Ազիզը վերցրեց ուղարկված նվերները՝ ոսկու ձուլածո սալիկները, եղնիկի մորթուց կարված տոպրակներով ադամանդները, վայրի քամիների ու հովերի մեջ մեծացած սպիտակ նժույգները, ձայն հանող կարմիր փայտը, ոսկերիզ երկանիվ ռազմական կառքն ու ասաց. «Ես պայման ունեմ», և պայման դրեց խնամախոսների առաջ. «Եթե ձեր թագավորը կարողանա հավքերի ոսկորներով մի պալատ շինել, իմ աղջկան կտամ նրան»:

     Երբ խնամախոսները վերադարձան և հաղորդեցին առաջարկվող պայմաննե րը, ամբողջ գիշեր չքնեց Աքաբ թագավորը. նա մտածում էր արժանապատվության և արաբների թագավորի գեղեցկուհի աղջկա մասին:

     Առավոտյան աշխարհի չորս ծագերի վրա մունետիկները փող հնչեցրին, պալատական դպիրները հրաման կարդացին, և բոլոր հավքերը եկան, հավաքվեցին նրա դիվանում: «Գիտե՞ք՝ ես ձեզ ինչու եմ կանչել»:

     Ոչ մեկը չխոսեց: Սու-Թավուղն ասաց. «Չգիտենք՝ ինչի՞ ես կանչել»: Աքաբ թագավորն ասաց. «Արաբների թագավոր Աբդյուլ Ազիզի աղջկան ուզելու համար խնամախոսներ էի ուղարկել, նա էլ իմ առաջ պայման է դրել, թե որ թռչունների ոսկորներով պալատ կառուցեմ, նոր իր աղջկան կտա, և ասում է, և ես էլ ձեզ կանչել եմ, որ բոլորիդ կոտորեմ՝ ձեր ոսկորները շինարարության համար անհրաժեշտ են»:

     Սու-Թավուղը, թե. «Աքաբ թագավոր, ոնց որ դու ես մարդկանց թագավորը, մենք էլ մեր թագավորն ունենք»: Հարցրեց. «Իսկ ո՞վ է ձեր թագավորը»:

     Ասում է. «Զմրուխտի Անղան է, պիտի գնանք նրանից իրավունք վերցնենք»:

     Թագավորը՝ թե. «Մեկ էլ ձեր գնալու կարիքը չկա»:

     Հավաքված թռչունների մեջ հզոր արծիվներ կային, Աքաբ թագավորը նրանց հրամայեց, ասելով. «Գնացեք, Զմրուխտի Անղային բերեք»:

     Արծիվները գնացին, Զմրուխտի Անղայի թևերի տակն անցան, բերեցին դիվան:

     Երկու թագավորները լուռ իրար էին զննում, ճանաչեցին մեկմեկու ուժեղ և թույլ կողմերը:

     Աքաբ թագավորը Զմրուխտի Անղային ասաց. «Եկար, բարով ես եկել, հիմա ես կխոսեմ, դու պատասխանիր»:

     Պատմեց արաբների թագավոր Աբդյուլ Ազիզի պայմանի մասին: Ասաց. «Ես էլ թռչուններին այդ պատճառով եմ հավաքել»: Զմրուխտի Անղան ասում է. «Թագավոր ապրած կենա, ես երեք խոսք կասեմ, հրաման տուր»:

     Ասում է. «Խոսիր»:

     Զմրուխտի Անղան՝ թե.

     -Ես որ հինգ հարյուր տարեկան դարձա, մեջս ցանկություն առաջացավ ամբողջ աշխարհը շրջագայել և բարձրացա երկինք, երբ շատ բարձրացա և շատ վերևում էի, տեսա, որ երկրագնդի վրա՝ աշխարհի մեջ մի բան է փայլփլում, ասացի իջնեմ, տեսնեմ՝ այդ շլացնողն ի՞նչ է: Իջա և տեսա, որ մարդիկ մի բարձր, շատ բարձր աշտարակ են կառուցել՝ ոսկե գմբեթով, ու իրենք մտել են մեջը, ես էլ կանգնել էի գմբեթին ու նրանց էի դիտում, նրանք էլ ինձ տեսան, որ նայում եմ իրենց, մեկն ասաց. «Այս ի՜նչ գեղեցիկ հավք է, մենք հողագնդի վրա այդքան գեղեցիկ բան չենք տեսել: Բոլորը դուրս եկան և զմայլված էին իմ գեղեցկությամբ,և ասացին, և շատ հնարավոր է, որ նա մեզանից ինչ-որ բան է ուզում, եկեք մի ուղտ մորթենք, թող սնվի, զորանա»: Մարդիկ մորթեցին ուղտը՝ զորացած վերադարձա իմ երկիրը: Կրկին հինգ հարյուր տարի անցավ, դարձյալ ցանկացա շրջագայել աշխարհով մեկ և բարձրացա երկինք, երբ շատ բարձրացա և շատ վերևում էի, տեսա, որ երկրագնդի վրա՝ աշխարհի մեջ, մի բան է բոցկլտում, ասացի իջնեմ, նայեմ՝ փայլփլողն ի՞նչ բան է: Իջա և ինչ տեսնեմ՝ նույն աշտարակն է, բայց գմբեթն ամբողջությամբ դարձել է արծաթ, մարդիկ էլ այն մարդիկը չէին, ուրիշներն էին եկել: Աշտարակի գմբեթին նստած՝ դիտում էի նրանց: Ներսից դուրս եկան մի քանի հոգի, կանգնած դիտում էին ինձ ու ասացին. «Այդպիսի հավք չէինք տեսել, ինչ լավ թռչուն է»:

     Բերեցին, մի խոյ մորթեցին, իջա, կերա, զորացած վերադարձա իմ երկիրը: Հինգ հարյուր տարի էլ անցավ, ցանկացա աշխարհը մի անգամ էլ տեսնել և բարձրացա երկինք և շատ բարձրացա, երբ շատ վերևում էի, տեսա, որ երկրագնդի վրա՝ աշխարհի մեջ, մի բան է փայլփլում, ասացի իջնեմ, նայեմ՝ այդ ճերմակին տվողն ի՞նչ է: Իջա, տեսա, որ կրկին նույն աշտարակն է, բայց գմբեթը վերածվել է չուգունի, մարդիկ էլ այն մարդիկը չեն, ուրիշներն էին եկել: Աշտարակի գլխին նստած՝ ես մարդկանց էի դիտում, նրանք՝ ինձ, հետո ներսից դուրս եկան, մեկը մյուսին սկսեց հրամաններ տալ, թե. «Օղեր բերեք», թե՝ «Երեներ որսալու ցանցեր բերեք», թե՝ «Նետ ու աղեղ բերեք, զարկենք հավքին»: Նրանք քո մարդիկ էին, արքա, ինձ իջեցրին չուգունե գմբեթից: Ու դու, Աքաբ թագավոր, լսեցի՞ր արդյոք՝ ոսկին արծաթ եղավ, արծաթը՝ չուգուն, մարդն էլ, չուգունե գմբեթի տակ ապրելով, փոքրացավ:

     Ես հիմա քեզ ասում եմ, որ ոսկին արծաթ եղավ, արծաթը չուգուն դարձավ, քո ցանկացածն արդյոք շատ չէ՞. այսքան կենդանի արարածներ պիտի ոչնչացնես մի աղջկա և քո գոռոզության պատճառով»:

     Աքաբ թագավորը գահի վրա ետ ընկավ, մտածեց, խորհեց, որ իր կայացրած որոշումը կռապաշտի գործ է: Զմրուխտի Անղային ասաց. «Դու քո հավքերով ազատ ես, դարձյալ թռեք հինգ հարյուր տարիների միջով և կրկին այցելեք մարդկանց»:

 

     Ժամանակին, սեղանին կարտոֆիլ ու թթու դրած կաղամբ, ճաշի էր նստած մի ընտանիք: Հանկարծ տղան դադարեցրեց ուտելը, կիսակծած կարտոֆիլը դրեց սեղանին, դրսում թթենու տերևներից կաթկթացող անձրևի կաթիլներին լսեց, լսեց ու հորն ասաց. «Ցանկանաս, թե չցանկանաս, թագավորի աղջկան ինձ համար պիտի ուզես»:

Հայրն ու մայրը շվարած՝ ծպտուն չէին կարողանում հանել, վախեցած աչքերով տղային էին նայում, մայրը տնքալով ծնկներին էր խփում: «Որդի, և ասաց հայրը, և խելքդ գլուխդ հավաքիր, ոտքդ վերմակիդ չափով երկարացրու, մե՞նք ով, դո՞ւ ով, թագավո՞րն ով: Արքունիքը մեզ աղջիկ կտա՞»:

Հայրը տեսնում է, որ տղան գիշերներն անքուն, լուսնոտի նման շրջում է դաշտերում, կինն էլ տղային խղճալուց միացել է նրան, ու երկուսով, արդեն մի քանի օր է, հանգիստ չեն տալիս, հոգին ազատելու համար համաձայնվում է և արդեն չորս օր անդադար թափվող անձրևի միջով, թաց կավացեխի վրա սայթաքելևելնելով, գնում, նստում է արքունի խնամախոսության քարին:

Անցնող-դարձող իշխանները, պալատական երեցը, կառապաններն ու ազատանին ծիծաղում են նրա վրա: Թագավորն էլ, մի երեք օր անդադար եկող անձրևի տակ այդպես՝ քարին նստած թողնելուց հետո, գլխից ռադ անելու համար ասում է. «Եթե տղադ սև ու ճերմակը բերեց, աղջկաս կտամ…»:

Հայրը, տխուր և հուսահատված, գալիս է տուն: Տղային ասում է. «Քեզ ասացի, որ մեր և թագավորի միջև բարեկամություն չի կարող լինել»: Նա մեզանից այնպիսի բան է ուզում, որ մենք դրա մասին պատկերացում էլ չունենք: Ո՞վ կասի, թե ի՞նչ է սև ու ճերմակը»: «Լավ, և ասում է տղան, և եկ, ինձ տար մի տեղ արհեստի տուր, աշխատեմ, սև ու ճերմակը բերեմ»: Դարձյալ երկար վիճում են, չեն համաձայնում, հետո հանդարտվում են: Ճանապարհի համար մայրը հաց է դնում, աղոթարանը բացվելուն պես հայր ու տղա վաճառականների քարավանների հետ ճամփա են ընկնում. անապատ են կտրում, այնտեղից էլ, քարե ճանապարհացույց նշաններով քաղաքներ են անցնում:

Երբ ճանապարհորդությունից հոգնած, մի անգամ էլ, ժայռերի միջից վազող աղբյուրի մոտ նստած՝ հաց են ուտում, ջուր խմում, դաշտերի փոշուց մաքրվում և գիշերատեղի քողտիկ են պատրաստում, հանկարծ քարափի միջից, որ նման էր խարազնազգեստ ճգնակյացների խորշի, որտեղից աղբյուրի ջուրն էր թափվում, մի ծերունի է դուրս գալիս, խոսում է նրանց հետ, թե. «Ամենուր խաղաղություն է, իսկ դուք այդքան աղմկում եք»:

Արմանք-զարմանք են կտրում հայր ու որդի: «Դե, լավ,և ասում է ծերունին, և իմ անունը Օխխայ է, և դիմում է հորը, և այդ տղային ո՞ւր ես տանում»: Թե. «Գնում ենք մեծ քաղաքը՝ մեկի մոտ ծառայության, արհեստ սովորելու»: «Ինձանից լավի մոտ չես կարող տալ, և ասում է ալևորը, և արդեն ծնկներս ու ձեռներս թուլացել են, մեջքս ծռվել է, ինձ էլ ծառայող է պետք»:

Հայրը համաձայնվում է, կտրում-կապում են աշխատավարձը, թողնում է Օվակին ծերունու մոտ, ինքը վերադառնում է տուն:

Տղան բարձրանում է թափվող ջրերի անձավը, անցնում է ծառայության:

Ալևորը համարյա ամբողջ օրը նստում էր քարե սեղանի առաջ, որի վրա շրջանագիծ էր փորագրված, իսկ նրա մեջ տարբեր գույնի ներկերով երկնային մարմինների նշաններ էին պատկերված, լուռ և մտասուզված նայում էր այդ նշաններին, հետո Օվակին ասում էր. «Դիմացի թարեքից աստղաբաշխության թղթերը բեր, դրա հարևան դարակից երկրաչափության պապիրուսը հասցրու, մյուս խորշից լուսնային փուլերի աղյուսակը տուր, հմայիլը հասցրու, այսինչն ու այնինչը բեր»: Տղան անտրտունջ, ճարպկությամբ գտնում և բերում էր նրա ցանկացած կաշեգիրն ու նշանների բանալի գրությունները:

Ծերունին աղյուսակներին նայելով՝ բարձրաձայն կարդում էր խորհուրդը և մի առարկան փոխակերպում էր մեկ ուրիշի՝ անագն արծաթ էր սարքում, արծաթը՝ ոսկի: Շառաչող օձը մտրակ էր դարձնում, մտրակը՝ հյուսքեր, հյուսքերը՝ ծաղկած բալենի: Տղան ցույց չէր տալիս, բայց ծերունու կարդացած, ամեն մի երկնային մարմնի և աղյուսակների բանալու խորհուրդը միտքն էր պահում:

Օխխայը մի գեղեցիկ աղջիկ ուներ՝ սիրահարված էր տղային: Մի օր, երբ նրանք միասին նայում էին արևածագի դեղինի մեջ իր պոչի հետ խաղացող աղվեսի ձագին, աղջիկն ասում է. «Հայրս որ մի օր հարցնի, թե իր՝ այդքան բարձրաձայն կարդալուց ինչ-որ բան սովորե՞լ ես, իսկ քո աչքերից օր-օրի զգացվում է, որ նրա ամեն մի կարդացած թուղթ մտապահում, անգիր ես անում, չլինի, թե հանկարծ ասես՝ այո: Ալքիմիկները չեն սիրում իրենց իմաստությունը որևէ մեկին փոխանցել, այդ պատճառով կարող է քեզ վնաս տա»:

Օվակը անում է աղջկա ասածի պես՝ սովորում և ոչինչ ցույց չի տալիս:

Երբ լրանում է պայմանավորվածության հինգ տարվա ժամկետը, և օգոստոսի քսաներեքին հալվում է փոքր Մասիսի գագաթի վերջին ձյունը, վերադառնում է հայրը, որ որդուն տանի:

Հրաժեշտի ճաշկերույթից հետո ծերունին տղային է հարցնում. «Որդի, մի՞թե այսքան տարի ոչինչ չես սովորել»:

Տղան՝ թե. «Ի՞նչ սովորեցրիր, որ ինչ սովորեի»: Ծերունի ուսուցիչն ասում է. «Որ այդպես է, ել գնա, եթե մինչև հիմա բան չես սովորել, այլևս չես սովորի»:

Երբ նրանք արդեն վերադարձի ճանապարհն են գալիս, տղան մի պատճառ բռնած՝ հորից քիչ ետ է մնում, վերափոխվում է հրեղեն ձիու, գալիս, հող ու ավազ ծեծելով՝ պտտվում է նրա առաջ: Հայրը. «Օվակ, Օվակ, և ձայն է տալիս, և որդի, եկ, այս հրաշք ձին որսանք»:

Ձին թռչում-գնում է, նորից տղա է դառնում, հասնում է հորը: Նա էլ զայրանում է, թե. «Ո՞ր գրողի ծոցն էիր կորել, մի հրեղեն ձի էր եկել, եթե երկուսով լինեինք, անպայման կբռնեինք»:

Այսպես հերթականությամբ՝ կարմիր կով է դառնում, հետո՝ փայլփլուն աչքերով մի գեղեցիկ ոչխար: Հայրը, շատ չարչարվելուց հետո, ոչ մեկին էլ չի կարողանում որսալ: Մի քիչ էլ որ ճանապարհ են գալիս, վերջում Օվակն ասում է, որ ինքը վերափոխվել գիտե, ու քիչ առաջվա բոլոր կենդանիներն էլ ինքն էր ու այդ հունարն էլ սովորել է ծերունի դերվիշից: Հայրը շատ է զարմանում, շշմած նայում է որդուն: Տղան նրան բացատրում է, որ իր իմացած գիտելիքների շնորհիվ իրենք կարող են մեծ ունեցվածքի տեր դառնալ, կլինեն քաղաքի մեծահարուստներից մեկը, պալատական երեցը, ազատանին ու կառապաններն այլևս չեն համարձակվի ծաղրել իրենց: Ասում է. «Միայն թե ճիշտ պիտի կատարես իմ բոլոր հրահանգները: Ես ձիու, կովի, ոչխարի կվերափոխվեմ, տար շուկա, ծախիր, բայց չլինի, թե սանձը, կրկալը կամ կապը հետը վաճառես, եթե իմ ասածի նման անես, դարձյալ տուն կգամ, թե հակառակն անես, ես այլևս պրծած եմ, ինձ փրկություն չի լինի, կոչնչանամ»:

Հասնում են տուն, երկու օր բարեկամներով, հարազատներով ուրախանում, նրա վերադարձի խնջույքն են անում: Երրորդ օրվա առավոտյան նա հրեղեն ձի է դառնում, հայրը սանձը բռնած տանում է բաղնիքների մոտ՝ շուկայի հրապարակը՝ ծախելու: Հազար տեղից, գյուղերից ու ագարակներից եկած գնորդներ են թափվում, ձին մի քանի վայրկյանում լավ գնով ծախվում է, սանձը վերցնում, գալիս է տուն: Հենց մութն ընկնում է, մեկ էլ տղան մտնում է ներս:

Մյուս օրը կարմիր կով դարձավ, հայրը դարձյալ տարավ շուկայի հրապարակ, շատ բարձր գնով ծախեց, կրկալն առավ, եկավ: Տղան, իրիկունը հենց աստղերը երևացին, կրկին ետ՝ տուն եկավ: Էն մյուս օրը մի գեղեցիկ, պեծկլտացող աչքերով ոչխար դարձավ: Հայրը կապը գցեց վիզը, տարավ շուկա: Ժողովուրդը եկավ, հավաքվեց ոչխարի շուրջը,

սակարկեց, գին առաջարկեց, այն էր՝ պիտի վերջին գնի վրա լեռնցու հետ կապեին-կտրեին, մի մորուքավոր ծերունի եկավ ու մեկին տասը գին տվեց, առավ ոչխարը: Հայրն ուզեց, որ կապը քանդե, հալիվորը չթողեց: «Բայց, չէ, – ասաց մարդը, – կապը չեմ ծախում»: «Ահա, քեզ այսքան էլ ավել, – ասաց ծերունին, – կապն էլ տուր»:

Հայրը քրտնել էր, հազից խեղդվում էր: Մի կերպ թոքերում շունչը ետ բերեց, ասաց՝ չէ՛: Ծերունին նրա հետ վիճեց, ասաց. «Ժլատ ես ու գծուծ»: Ասաց՝ ինքն այդքան դրամ որ տվել է, կապի արժեքն էլ է մեջը: Ժողովուրդն էլ վրա թափվեց, թե. «Այդ կապն ի՞նչ է, որ դողում ես դրա վրա, երկու լումայի բան է, ամոթ է, աշխարհի դրամն է տալիս էս մարդը, տուր, թող գնա»: Տղայի հոր ձեռքից պարանը վերցրին, տվեցին ծերունու ձեռքը: Հայրը այս անգամ խաբվեց՝ ոչխարի կապը հետը տվեց, գինը ոսկով վերցրեց, եկավ տուն: Ծերունին էլ առավ ոչխարը, գնաց աղբյուրի քարանձավը՝ իր խորշը: Նա դերվիշն էր:

Ոչխարի աչքերի մեջ է նայում, ասում է. «Դեռ այն ժամանակ ես գիտեի, որ դու անգիր ես անում իմ բարձրաձայն կարդացածը, բայց քեզ փորձելու համար ձևացրի, թե չեմ հասկանում և թողեցի, որ վերադառնաս ժողովրդի մեջ, բայց ես քեզ իրերի խորհուրդը չսովորեցրի, որ խաբես, թալանես, աշխարհը քանդես: Ես քեզ եմ հարցնում, ինձանից հեռանալուց հետո քարը դրե՞լ ես քարին, աճեցրե՞լ ես հատիկը, վառե՞լ ես մոմը: Մահկանացուների մեջ դու էիր, որ գիտեիր խավարի և լույսի գաղտնիքը, դու էիր, որ հասկանում էիր սևի և ճերմակի խորհուրդը: Դու չես գերազանցել քո ուսուցչին»: Ձայն է տալիս դռան կողմը, աղջկան է կանչում, թե. «Կացինը բեր, ես սրա գլուխը պիտի կտրեմ»:

Աղջիկը հասկանում է, որ սիրած տղան փորձանքի մեջ է ընկել, վազում, դանակներն ու կացինը վերցնում, գցում է քարափից ներքև՝ եղինջի խիտ թփերի մեջ, ինքն էլ այս ու այն կողմ ընկնում, իբրև թե որոնում է. ահագին ժամանակ է անցնում, ասում է. «Հայր, չկա, չգիտեմ՝ ուր ես դրել»: «Այսօր ոնց որ կույր լինես, և ասում է, և եկ, եկ դու ոչխարը պահիր, ես կգտնեմ»: Նա որ գնում է կացինը որոնելու, աղջիկը, իբրև թե ուզում է ոչխարին սյանը կապել, բաց է թողնում: Ոչխարը միանգամից աղավնի է դառնում, թռչում է: Ծերունին այդ պահին բակում էր. օդ բարձրացող աղավնուն որ տեսնում է, գուշակում է եղելությունը, ինքն էլ կարմրավուն բազեի է վերափոխվում, ընկնում է նրա ետևից, քիչ է մնում, որ հասնի. այդ պահին նրանք թռչում էին արքունի պալատների վրայով, աղավնին վարդ է դառնում, ընկնում է Տիրան թագավորի գահին: Օխխայն էլ իջնում, գուսանի է վերափոխվում: Սազն է նվագում, երգով իմաստուն խոսքեր ասելով՝ վարդն է խնդրում Տիրան թագավորից: Երբ քիչ է մնում՝ թագավորը վարդը տա, ծաղիկն ութ հատիկ կորեկ է դառնում, կտկտոցով թափվում է հատակին, շաղ է գալիս, գուսանն էլ վերափոխվում է աքլորի, սկսում է կորեկն ուտել: Այնպես է պատահում՝ մի կորեկ թագավորի փեշի մեջ է մնացած լինում, աքլորը որ յոթ կորեկն էլ ուտում է, այս մի կորեկը դուրս է գալիս Տիրան թագավորի փեշից, աղվես է դառնում, խեղդում է աքլորին:

Թագավորը զարմանում և շշմում է: Աքլորին խեղդելուց հետո աղվեսը տղայի է վերափոխվում, կանգնում է թագավորի առաջ: Ասում է. «Ես էն տղան եմ, որ գնացել էի սև ու ճերմակը բերելու»: Թագավորը ճանաչում է նրան:

Ասում է. «Իսկապես, որ սև ու ճերմակը բերեցիր, աղջիկս քեզ վայել է, քոնն է ու քոնը»:

Դրանից հետո յոթ օր ու յոթ գիշեր հարսանիք արեցին, և հարսնքավորների ձայները մինչև խաղողի այգիների հնձաններն էին հասնում:

 

      Մի հարուստ մարդ առավոտյան, երբ երկնքում արևն սկսում է ծաղկել, սայլն է լծում, գնում է շուկա՝ տան համար առևտուր անելու: Էս ունևոր մարդը գրպանում մի ոսկի և մի կոպեկանոց է ունենում: Երբ սայլը կանգնեցնում է կայանատեղին, ուզում է շուկա մտնել, դռան մոտ նստած մուրացկանը նրանից ողորմություն է խնդրում: Համբոն ձեռքը գրպանն է տանում, որ մի կոպեկանոցը հանի տա, սակայն ոսկին է ձեռքը ընկնում, չի նկատում, տալիս է, քանի որ այդ օրը լուր էր ստացել, որ Ֆրանգստանի ճանապարհին ավազակները առևտրական քարավաններ են թալանել: Համբոյի հաշվարկներով` տարվա այդ ամսին իր քարավաններն էլ պիտի որ առևտրական այդ մեծ ճանապարհով անցնեին, ուստի ուշքն ու միտքը այս հարցերի շուրջն էին: Շուկայում առևտուր անելիս, երբ ուզում էր ոսպի արժեքը վճարել, տեսնում է ոսկին չկա: Գլխի է ընկնում՝ ինչ է պատահել:

Անմիջապես գալիս է շուկայի դռան պատի տակ, գտնում է մուրացկանին, ասում է. «Այ հայրիկ, էն ժամանակ շշկլվեցի, մի կոպեկանոցի փոխարեն ոսկի տվեցի, չի՞ լինի՝ վերադարձնես»: Մուրացկանը երդում, կրակն է ընկնում, թե չէ, իրեն ոսկի չի տվել: Համբոն խնդրում, աղաչում է, որ ոսկին վերադարձնի, ասում է, որ ինքը լուր է ստացել, որ Ֆրանգստանի առևտրական մեծ ճանապարհի վրա իր քարավանները թալանել են, ու մի ոսկին չկորցնելը իր համար շատ կարևոր նշանակություն ունի: Մուրացկանն ասում է՝ ինքը չի հիշում, որ իրեն ոսկի են ողորմություն տվել, ասում է. «Հրես, ուզո՞ւմ ես, նայիր, իմ հավաքած դրամների մեջ ոսկի կգտնես, վերցրու քեզ»:

Մաղախի մեջ հավաքած դրամները շրջում է հարուստի առաջ: Համբոն էլ բան չի ասում, լուռ հեռանում, թաքնվում է դիմացի ծառերի տակ, որ տեսնի, թե մուրացկանն ուր է գնալու:

Երեկոյան, երբ արևն արդեն մայր է մտնում, քամին էլ փոշին է պտտեցնում փողոցներում, աղքատը վեր է կենում պատի տակից, օրվա հաջող ողորմությունից ուրախ-ուրախ գնում է իր քողտիկը, Համբոն հետևում է նրան:

Մուրացկանը խրճիթի դռնակը պինդ փակում է, հողե պատի միջից՝ փալաս-մալասի տակից, երեք կճուճ է հանում: Համբոն, որ դռան ճեղքից էր նայում, մնում է զարմացած: Մուրացկանը մաղախի միջի փողերը դասդասում է՝ սև փողը գցում է մի կճուճի մեջ, սպիտակը՝ մյուսի ու նոր բերած ոսկին էլ ծլնգալեն գցում մյուս կճուճի մեջ ու խոսում է ոսկիների հետ, թե՝ վերցրեք, այսօր, ահա, ձեզ մի նոր ընկեր եմ բերել: Ժամերով զրուցում է նրանց հետ, համբուրում, շոյում է, ասում.

– Դուք իմ երեխեքն եք, մեծ տառապանքով, արևահարվելով, կարկտի ու անձրևի տակ մնալով, ցրտահարվելով եմ ձեզ ունեցել, – ասում է, – վաղը ջուր եմ տաքացնելու, որ բոլորիդ լողացնեմ:

Երկար մենախոսելուց հետո կճուճները դնում է տեղը, ծածկում, ինքն էլ փալաս-փուլուսի մեջ, հողե հատակին քնում է:

Մեծահարուստն էլ սպասում է մի քանի ժամ, երբ գիշերվա այն պահն է գալիս, որ քունը ավելի պինդ ու ինքնամոռաց է դառնում, անգամ շներն ու կատուներն էլ են քնում, դուրս է գալիս թաքստոցից, դանակով բացում է դռան սողնակը, մտնում, վերցնում է բոլոր կճուճներն ու հեռանում:

Լիալուսնի լույսի մեջ նրա ստվերը կապույտ-կապույտ էր:

Երբ աղոթարանը բացվում է, մուրացկանը դարձյալ գնում է ողորմություն հավաքելու, երեկոյան վերադառնում է, ցանկանում է բերած դրամները դասդասել, փալաս-փուլուսները ետ է տալիս, ուզում է կճուճները հանել, մնում է սառած. տեսնում է այնտեղ ոչինչ չկա: Սկսում է լացել, գլխին խփել, մազերը պոկել, ամբողջ գիշերը անցկացնում է աղիողորմ հեծկլտոցով:

Մի շոգ օր էս մուրացկանը շուկայի դռանը, դարձյալ իր տեղը նստած, ողորմություն էր հավաքում: Համբոն՝ մեծահարուստը, հենց նրան տեսավ, տառապյալի ու տանջվածի անքուն գիշերներ անցկացրած մարդու տեսքով, խղճահարվեց: Մանավանդ, որ հեռուներից եկած լրաբերները ավետիս էին հասցրել, որ ճիշտ է, տարվա այդ ամսին Ֆրանգստանի այդ ճանապարհի վրա թալանվել են քարավաններ, բայց այդ քարավանները նրանը չեն եղել. ավետիսը նրան ավելի բարի ու գորովալից էր դարձրել: Գնաց, մուրացկանին հրավիրեց ճաշարան, նրա համար համադամ խորտիկներ պատվիրեց, մի աման ճաշ էլ իրեն վերցրեց, դեմ դիմաց նստած՝ սկսեցին ճաշել:

Սակայն աղքատն ինչ անում, չէր անում, ինչքան չարչարվում էր, կերակուրը կոկորդով չէր իջնում:

Մուրացկանն ինքն իրեն միտք է անում. «Երևի սա իմ դրամն է, որ կուլ չի գնում: Կա, չկա՝ էս մարդն է կճուճներս գողացել»: Տեղից ցատկում, մեծահարուստի օձիքից է կախվում.

– Ախպեր, – ասում է, – իմ դրամները դու ես գողացել, տուր:

– Այ մարդ, այ Աստծու ստեղծած, – ասում է Համբոն, – ես քեզ լավություն եմ անում, կերակրում, իսկ դու դրա փոխարեն օձիքի՞ցս ես կախվում:

Աղքատը գոռում, աղաղակում է, գլուխը պատերին է խփում, ինքն իր երեսն է ճանկռոտում, բռունցքի հարվածներով իր քիթ ու բերանից արյուն է հանում և հեծկլտում է, թե.

– Չէ, իմ դրամները դու ես տարել, որ դու ես տարել:

Այդ պահին արքունի հազարապետության գործակալության[1] պաշտոնյաները շրջում էին շուկայում և պետական հարկերն էին գանձում: Մոտենում են նրանց՝ տեսնեն այդ ինչ է պատահել, ժողովուրդն ինչի՞ է հավաքվել: Երբ իմանում են եղելությունը, երկուսին էլ տանում են արքունիք, թագավորի ողորմածությանը հանձնում:

Թագավորը հարցնում է մուրացկանին, թե. «Ի՞նչ ես ուզում: Ի՞նչն էր քո աղմկելու պատճառը»: Մուրացկանը խոնարհվում է.

– Թագավորն ապրած կենա, էս մարդը գողացել է իմ դրամները, չի տալիս:

– Մուրացկան, իսկ դու որտեղի՞ց գիտես, որ ինքն է գողացել, չէ՞ որ նա հարգված մեծահարուստ է, վայել չէ, որ դու նրան այդպիսի մեղադրանք ներկայացնես:

– Թագավորն ապրած կենա, ես չեմ սխալվում, քանի որ առաջներում էլ, երբ ես իմ դրամով կերակուր էի վերցնում, կոկորդովս ցած չէր իջնում: Այսօր էլ, երբ էս մեծահարուստը ինձ տարավ շուկայի ճաշարանը՝ կերակրելու, չկարողացա ուտել, կուլ չգնաց, դրանից էլ հասկացա, որ ինձանից գողացած դրամները նրա մոտ են:

– Թե որ քո դրամները քեզ կուլ չեն գնում, – ասում է թագավորը, – գոնե մտածե՞լ ես, թե ինչից կլինի, կամ էլ քո ինչի՞ն են պետք, եթե չեն գործածվելու: Թող նա գործածի, ով բարիք կանի: Դու գնա, մուրացկան, գնա քո ողորմությանն սպասիր, այդ դրամները այս մարդը ճիշտ կօգտագործի, -ասում է թագավորը, կապած դատը համարում է ավարտված ու դուրս է գալիս:

 

 

[1] Հազարապետության գործակալություն – խնդիրը պետական հարկերը հավաքելն էր: Նրան էին ենթարկվում հարկահավաքները:

     Ժամանակով շատ հարուստ մի մարդ է լինում: Այնքան հարուստ, որ քաղաքի իշխաններն ու ազատանին երազում էին նրա հետ սեղան նստել: Կարմրագմբեթ, տաք ջրերի բաղնեպանն ու արքունական պահեստների մառանապետն ախ էին քաշում, որ երբ նա սպիտակ ջորիները լծած կառքով անցներ փողոցով, գոնե գլխի շարժումով իրենց բարևեր:

Մեծահարուստը բազմանդամ ընտանիք՝ եղբայրներ և որդիներ ուներ, որոնք այլևս եկեղեցի չէին հաճախում: Ավագ տղան վաճառական էր, շրջում էր օտար երկրներ, կյանքն անցկացնում էր շվայտության և ցոփության մեջ: Մի օր ընտանիք վերադարձավ բորոտված, հիվանդ:

Միջնեկ տղան շուկայում հարկահավաք էր, կուտակած հարստությունը վատնում էր՝ անառակ կանանց հետ գիշերներ լուսացնելով:

Իր մեծ եղբայրը արքունական քարհանքերի կառավարիչն էր ու արհամարանքով էր վերաբերվում աղքատներին և մուրացկաններին:

Նրա տղաները, եղբայրները, հարսները սկսեցին տանն անընդհատ աղմկել ու վիճել, իրար չլսել: Աղքատությունը հաղթեց, ցիրուցան եղան, ամեն մեկը մի տեղ ծառա դարձավ: Մեծահարուստն էլ ամոթից գլուխը վերցրեց, գնաց օտար տեղեր՝ աշխատանք գտնելու:

Մի գյուղում նրան վարձեցին որպես ջրաղացպան, բայց ջրաղացքարերը հակառակ պտտվեցին: Տիրոջը լուր տարան, եկավ, ասաց. «Իմ ջրաղացները մինչև հիմա ճիշտ էին աշխատում, դու եկար, փչացրիր»: Նրան վռնդեց, քարերը սկսեցին իրենց շիտակ պտույտը տալ:

Աղքատն այդտեղից գնաց հարևան գյուղը, այգեպան դարձավ. եկավ պտղի ժամանակը, ամբողջությամբ բերքը թափվեց, ոտնատակ գնաց: Այգու տերը եկավ, ասաց. «Դու էս ի՞նչ մարդ ես, ոտդ կոտրվեր, չգայիր, տունս քանդեցիր»: Առանց վարձ տալու դուրս արեց:

Աշունն էլ եկավ, արդեն պաղ քամիներ էին փչում, ծառերից տերևներ թռցնում: Ուր գնում էր, նրան չէին վարձում: Գիտեին ջրաղացքարերի թարս պտտվելը, պտղի ոտնատակ գնալը: Գործատերերը խուսափում էին նրանից:

Շատ քաղաքներ ու ավաններ շրջեց. աշնան պաղն արդեն ջրափոսեր էր սառցապատում: Մի գյուղում՝ դռան առաջ, քարին նստած ծերունու տեսավ, ընկավ ոտքերը, ասաց. «Հայրիկ, այս ձմեռ փորհացի վերցրու ինձ, պաղ անձրևներն ու ցրտերն արդեն սկսվել են, այլևս չեմ կարող օտար երկրներ գնալ»: Ծերունին ընդունեց նրան, ասաց. «Իմ տավարը խնամիր, պահիր մինչև Զատիկ, քեզ դրամ էլ կտամ, դու մեղք ես, տեսնում եմ շատ մեղք, հալածված ես»:

Երեք ամիս այդ տան տավարն էր պահում, ծերունին գոհ էր: Մտան Մեծ պասը: Հալևորը մի գայլխեղդ, լավ քած ուներ՝ պիտի ցնկներ: Նրան ասաց. «Գիշերը հանկարծ չքնես, նայիր շանը՝ ցնկնելու ժամանակ լակոտները չխեղդվեն»:

Չափազանց զգույշ էր, բայց լարվածությունից հանկարծ քունը տարավ, արթնացավ, տեսավ քածը ցնկնել է, մի ծերունի էլ կողքին, նոր ծնված լակոտին շան պտուկներին է դրել, կերակրում է: Սարսափած մտածում է, թե էս հալևորն իր տանտերն է, քնով ընկնելու համար իրեն դուրս կանի: Մոտեցավ՝ տանտերը չէր: Հարցրեց նրա ով լինելը:

Ասաց. «Դժվար է ինձ ճանաչելը, ասեմ էլ, չես ճանաչի: Եթե չգայի, հաստատ իմացիր՝ քածը սատկելու էր, և դու կհայտնվեիր փողոցում: Ասաց.

– Ես այս ընտանիքի տավարը, ունեցվածքը, ամենայն բանը՝ ինչը որ փորձության ենթարկվի, հասնում, փրկում եմ: Ես այս տան պահապան հրեշտակն եմ:

Մարդը միանգամից ծնկի իջավ ծերունու առաջ, արցունքն աչքերին պատմեց իր գլխով անցած պատմությունը: Նրա ձեռքերը համբուրեց, խնդրեց, աղաչեց, ասաց. «Ժամանակին իմ ընտանիքն էլ է ունեցել տան պահապան հրեշտակ: Խռովել, մեզանից գնացել է, եթե գիտես նրա տեղը, ասա, գնամ, բերեմ. գերդաստանս կոտորակվել, ցիրուցան է եղել աշխարհով մեկ, փրկեմ երբեմնի իմ արժանապատվությունը, սփոփվեմ այս տառապանքից»: Ծերունին ասաց. «Այո, գիտեմ նրա տեղը. պիտի գնաս Արագած լեռը, քարանձավներից մեկում կգտնես նրան: Խռոված է ձեզանից և վերադառնում է դարերի խորքը, արդեն նրա վրա մի թիզ փոշի է նստել: Գնա փորձիր, որդի, ծունկ իջիր, մազերդ փետիր, մաքրիր թիզ փոշին, աղաչանք արա: Ինչքան որ ինքը զայրանա, դու խնդրիր: Ինչ էլ տա, հանկարծ չասես՝ քիչ է, վերցրու, վերադարձիր»:

Լույսը բացվեց, տանտերը եկավ գոմը, տեսավ՝ քածը ցնկնել է, շատ ուրախացավ: Գրպանից դրամ հանեց, տվեց աղքատին:

Մարդը հավաքեց իր լաթերը, ծերունուն ասաց. «Հայրիկ, քեզանից շնորհակալ եմ, ես պիտի հեռանամ»: Ծերունին խորհուրդ տվեց՝ Զատիկից հետո գնալ, նա չհամաձայնվեց: Խուրջինը հաց դրեց ու ճանապարհվեց դեպի Արագած: Օրեր ու շաբաթներ անցան, հասավ լեռանը: Իջավ ձորերը, քարանձավից քարանձավ անցավ: Արդեն մթնում էր, մտավ մի անձավ ու տեսավ իր տան պահապան հրեշտակին՝ քուրքի մեջ փաթաթված-պառկած, մի թիզ փոշի էլ վրան: Սկսեց մաքրել, նրա անզգույշ շարժումներից հրեշտակն արթնացավ: Բարկացավ, ասաց. «Դե կորիր, լիրբ, հազիվ էի ձեզանից փախել, պրծել, դարձյալ գտար: Հազարավոր տարիներ շարունակ ուղեկցել եմ ձեր տոհմին, սերնդեսերունդ փոխանցվել ու պահապանն եմ եղել ձեր ունեցվածքին, ձեր ընտանիքին, փշուր-փշուր կեցություն եմ ստեղծել եղածների և հաջորդների համար: Ժամանակների մեջ ձերոնցից ով անապատ, ծով է կտրել, նրանց հետ եմ եղել, ով սուր է բռնել ու սրից ընկել, նրանց հետ մեռել ու հառնել եմ: Ես դարերով ընտանիք եմ առաջնորդել ու շինել, որ ձեզանով հայրենիք ստեղծվի, ամուր երկրի հիմք լինեք: Իսկ դուք, գոնե մի անգամ, հարցրեցի՞ք ձեզ, թե ով եք դուք, որ ավերում եք, իրավունք ունե՞ք դարերի խորքից ճանապարհ բռնած ընտանիքը քանդելու: Ընտանիքը հայրենիք է: Դուք, ի՞նչ է, միայն ձեզանո՞վ եք, որ դուք էլ քանդում եք: Պղծում եք, անառակ եք, աղքատին արհամարհում եք, անհավատ եք, հեշտասեր, ցոփության մունետիկներ եք: Ձեզանից հրաժարվում և վերադառնում եմ ժամանակի խորքը՝ որտեղից եկել եմ: Ահա, ինձ վրա իջած փոշին կխտանա, նրա հետ ես էլ քար կդառնամ ու կվերադառնամ սկիզբը՝ մեկ ուրիշ ընտանիք բերելու»:

Ասաց. «Պապի, վերևն Աստված, ներքևը՝ դու, չեմ թողնի, իմ նախնիների սիրուն պիտի գաս, գնանք, արդեն վերջը հասել է: Խոստանում եմ, որ չենք վիճի, չենք հայհոյի, չենք աղմկի, մեր տոհմի ու ընտանիքի արժանապատվությունը կպահենք: Խղճա մեզ, կոտորվում ենք»: Ծերունին ասաց. «Լավ, որ խոստանում ես, առ էս երկու ընկույզը, դու գնա, ես կգամ»:

Նա վերցրեց ընկույզները, ուրախացած վերադարձի ճամփան բռնեց: Դարձյալ օրեր ու շաբաթներ անցան և, երբ անցնում էր մի գյուղի մոտով, տեսավ երկու տղեկներ՝ գետից մի կարմիր քար են հանել, ամեն մեկն ուզում է ինքը վերցնի, չեն համաձայնվում, վիճում և կռվում են: Երեխաներին մոտ կանչեց, քարի դիմաց՝ ամեն մեկին մի ընկույզ տվեց, տղաները հանդարտվեցին, ուրախացած գնացին: Ինքն էլ քարը գրպանը դրեց, շարունակեց ճամփան:

Եկավ, տուն հասավ, տեսավ՝ մեծ ու փոքր մթան մեջ են նստել, անգամ ճրագ չունեն: Քարը հանեց, դրեց լուսամուտի գոգին, ճրագի պես լույս տվեց, զվարթությամբ լցվեց տունը: Մարդ ուղարկեց քաղաքի չորս դին՝ անկյալանոցներից, գոդենոցներից*, եկեղեցու բակի և շուկայի հրապարակի մուրացկանության տեղերց, կավատ ու աստղագուշակ դարձած եղբայրներին, տղաներին, հարսներին՝ բոկոտն ու հագնված, մաքուր ու անլվա, կուշտ ու քաղցածին կանչեն: Գերդաստանով նստեցին լույս տվող կարմիր քարի առաջ, ու ինքը պատմեց իր և տան պահապան հրեշտակի մասին, թե ինչ հանդիմանություններ ու պատվիրաններ է ստացել:

Քանի որ հավաքվածներն այդքան տարիներ թափառականներ, մուրացիկներ ու մերժվածներ էին եղել, ամեն մի խրատ միանգամից էին հասկանում և ընդունում:

Ասացին. «Տոհմի ավագը դու ես, ինչ էլ ասես, կհնազանդվենք, առաջնորդիր մեզ»:

Այդ նույն գիշերը քաղաքի մոտով մի վաճառական էր անցնում, մթան հետ արդեն փակվել էին քաղաքի դարպասները, որոշեց մինչև առավոտ բաց դաշտում սպասել: Քարավանապետերը ուղտերին պառկեցրին, ծառաները վրաններ խփեցին: Արևելքի դեմ երեկոյան աղոթքն արեցին, հացը կերան: Վաճառականը ճանապարհի հոգնությունը թոթափելու համար լիալուսին գիշերին խոտերի մեջ էր շրջում, հեռվից քաղաքի կրակներին էր նայում և թախծում: Աստղերի բոցկլտոցն էլ ավելի տխրեցրեց նրան: Տներից մեկի պատուհաններին մի բոց նկատեց, որ բոլորից պայծառ էր: Լույսը բացվեց, ասաց. «Ես պիտի գնամ էս տունը, տեսնեմ՝ այդ ի՞նչ լույս էր»: Օգնականները, աներորդին, ծառաները խորհուրդ տվեցին չգնալ, օտար քաղաք է, օտար մարդիկ են: Չլսեց: Գնաց, տեսավ՝ մի աղքատ, դատարկ տուն է, ոչինչ չկա, չորս պատերն են, ու մի կարմիր քար պատուհանի գոգին լույս է տալիս:

Հարցրեց. «Էս քարը չե՞ք ծախի, ես վաճառական եմ, լավ գին կտամ»: Ասացին. «Չէ, ճրագի տեղ ենք բանեցնում»:

Ասաց. «Այնքան կվճարեմ, որ ոչ միայն ճրագ, այլ տուն, կահ-կարասի էլ կառնեք, – ասաց, – հազար կտամ»: Ասացին՝ չէ:

Տանտերերը գինը հազարից հացրին հինգ հազարի: Քարը տվեցին, դրամը ստացան:

Վաճառականը աշխարհներ տեսած, փորձված ու խորամանկ մարդ էր: Տանտիրոջն ասաց. «Լավ մարդ ես երևում, եկ ես ու դու եղբայրանանք, պայման դնենք՝ ես շուտ մեռա, իմ ունեցվածքը քեզ դու մեռար, քոնը՝ ինձ: Համաձայնում են, եղբայրական ճաշկերույթ են անում: Վաճառականը վերցնում է կարմիր քարն ու գնում:

Էս մարդն էլ հինգ հազար դրամի ապրանք առավ, լցրեց տուն-տեղը, քիչ-քիչ հասարակության մեջ դիրքը, պատիվը ետ բերեց:

Վաճառականն էլ անապատից անապատ, երկրից երկիր կտրեց, երկու տարի անցավ, լույս տվող քարը վաթսուն հազար դրամով ծախեց: Վերադարձի ճանապարհին մտածեց՝ էն մարդուն հյուր գնա: Այդպես էլ արեց: Ընտանիքի բոլոր անդամներին նվերներ տվեց: Հանդիպման առթիվ բարեկամական ճաշկերույթի սեղան բացեցին:

Վաճառականը թե. «Այ ախպեր, անգամ չհարցրիր՝ քո տված էն քարը քանիսո՞վ եմ ծախել»: Քանի որ նա աշխարհներ տեսած, փորձ ունեցող խորամանկ մարդ էր, մտածում էր՝ եթե ասի վաթսուն հազարով է ծախել, տանտիրոջ սիրտը կպայթի, նրա ունեցվածքը կմնա իրեն: Հենց այդ նպատակով էլ եկել էր:

Տանտերն ասաց. «Այ մարդ Աստծո, ես այդ քարը երկու ընկույզով էի առել»: Վաճառականը երկու ձեռքով գլուխը բռնեց. «Վաթսուն հազարի ապրանքն էլ երկու ընկույզով առնե՞ն», – ասաց, ու սիրտը ճաքեց, մեռավ:

Տանտերն էլ, ինչպես որ պայմանավորվել էին, գնաց քաղաքից դուրս, որտեղ որ վաճառականի վրաններն էին խփված, նրա ունեցվածքը բարձեց ուղտերին, բերեց տուն, էլ ավելի հարստացավ ու բարգավաճեց:

Իսկ նրա ընտանիքը՝ եղբայրները, որդիները, հարսները խոհեմ ու ժուժկալ կյանքով սկսեցին ապրել: