Մարդկությունը` ստեղծման օրվանից ի վեր, պետությունների, ազգությունների, ժողովուրդների տեսակն ու ինքնությունն իր իսկ ծանր մոլուցքներից պաշտպանելու համար, որ արճճի նման ոտքերից կախված անընդհատ օվկիանոսի անդունդն է քաշում, դեռևս ավելի արդյունավետ միջոց չի գտել, քան` բանակն է:
Եկող դարաշրջանների ընթացքում մարդկության համար ավելի ընդունելի դարձավ իր էվոլյուցիոն ծաղկումն ապահովող հունա-հռոմեկան մենթալիտետը, որ սովորեցնում էր` ազատության հասնելու ձգտում, ռացիոնալ օրենքներ, կյանքի ներդաշնակեցում նյութական օգտակարության ու հաշվենկատ մտքերի հետ, նաև` դաժանության վարժեցված բանակի կիրառում:
Այնինչ, մեկ ուրիշ ճանապարհով էլ գնալու հնարավորություն կար, որ քրիստոնեական վարդապետության կրոնա-էթիկական ամենախոշոր նվաճումն էր` ոսկե պատվիրանը` հարգանք աշխարհաքաղաքացու կյանքի նկատմամբ. «Մի սպանիր»:
Սակայն պատմության ընթացքը ցույց է տալիս, որ նախաստեղծ ժամանակներից թագավորությունների ու պետությունների համար ավելի հեշտ է տարիներով պատերազմներ վարել, նույնիսկ` հարյուրամյա, քաղաքակրթություններ, մշակույթներ խորտակել, ժողովուրդներ, ազգեր բնաջնջել հողագնդի երեսից, քան` բանակցելով, մտքի զորությամբ փրկել միմյանց:
Նրանք բոլորն էլ, որոնց բանականությունը աշխարհն է ցնցել` Զրադաշտը, ինչպես վեդայական բրահմաները, քրմերը, հրեա մարգարեները, Պլատոնը դարեր շարունակ մոգական այն խոսքն էին որոնում, որ զորություն պիտի ունենար` ազդելու իրականության վրա և մարդկությանը պիտի փրկեր ինքնակործան, աղետալի պատերազմներից:
19-20-րդ դարերում, Հայաստանի` ամենահինավուրց երկրի, առաջնային նպատակն է եղել` ճանաչվել որպես ազգ, որպես պետություն, թերունեցվածքային բանակով պաշտպանվել հոգևոր և պատմական հայրենիքում, թույլ չտալ` հանգի հայ ժողովրդի դարավոր ճրագը:
Մինչև հիմա էլ Հայաստանը փորձում է դուրս պրծնել Անդրկովկասում իրենց շահերը որոնող և ազդեցության գոտիներ ծավալող խոշոր տերությունների քաղաքական թնջուկից, որոնք իրենց նպատակները հաջողեցնելու համար շատ անգամ են մեր մոխրացած փլատակների վրա միմյանց հետ համբուրվել ու իրար ձեռք սեղմել:
Այսօր միայն բանակը չէ, որ պիտի ապահովի մեր պետության անվտանգությունը և առաջընթացը: Քաղաքական գործիչները ազգային համաձայնության գալու վերաբերյալ ոչ թե անորոշ գաղափարախոսություններով և աղոտ ճարտասանություններով ճառեր պիտի արտասանեն, այլ ժողովրդին միասնության տանող իրական քայլեր պիտի կատարեն:
Ցավոք` ներկա պետական քաղաքականությունն էլ է անարդյունավետ, աննպատակ լողում է հոսանքին համընթաց: Արցախի ժողովրդի ինքնորոշման դարավոր իղձերը ի կատար ածելու համար հարկավոր է և պետական, և բանակի անկատար համակարգը վերափոխել, ունենալ քաղաքական-մշակութային միասնական մի ծրագիր, վերջ տալ կեղծավորությանը, հաստատել հայկականության տրամաբանությունը, արթնացնել աշխարհասեր առաքելությունը և բարոյականութ- յունը:
Սակայն երկու հակառակորդ բանակները դեռ կանգնած են դեմ դիմաց` ատամն ընդ ատամ, ակն ընդ ական և հենց առաջին բախման հետ ամբողջ Անդրկովկասը` քուն թե արթուն, դարձյալ տնքալու է, երբեք չի գալու ապրելու ժամանակը:
Ես տեսել եմ` տիեզերքի հավերժ խաղաղության մեջ փքված, կլոր փորի նման երկրագունդը, նրա բիբլիական Անդրկովկասն ինչպես էր ցնցվում, թպրտում, և այդ պորտի բաց վերքի վրա էր մշտապես ու դարձյալ աղը ցանվում: Չոր հողի երեսը առատորեն թրջած, դեռ պղպջացող արյունը Կովկասի բնակչի համար բնաջնջման սարսափ սփռող անասնական վախ է դարձել:
Հիմա, այստեղ պատերազմները և դիպվածները այնպես չեն, երբ գալիս էին արգոնավորդները՝ ոսկե գեղմը տանելու: Եթե պատահեր, որ զինվորը նետից կամ սրից խոցված ընկնում էր, պատահականորեն այդ կողմերով թռչող մի հրեշտակ տեսնելով նրան՝ իջնում էր երկնքից, խոտի տերև կամ փետուր քսելով վերքին՝ փրկության լույսն էր վառում:
Հայկական ավանդապատումներում պահպանված տեղեկություններն էլ ասում են, թե վիրավոր մարտիկը, երբ հայրենի հողից մի պտղունց բերանում ծամելով՝ շաղախ դարձրած դնում էր կտրվածի վրա, դադարում էր արյունահոսությունը, վերքի բացվածքից հեռանում էր մահը:
Բիբլիական աշխարհը կողմնակից էր մարդու ապրելուն:
Հիմա այլ են պատերազմները Անդրկովկասում: Այստեղի կապույտ, պսպղուն երկնքով անցնող հրեշտակներն այլևս չեն կարողանում իջնել այրվող հողին կամ եթե իջնում են, իրենք էլ զինվորի հետ մեռնում են անօգնական:
Ես ինքս, որպես այդ պատերազմի ականատես, գիտեմ և շատ անգամ եմ լսել Աստծո ձայնը, և թիկունքից, և դեմից, թե ինչպես էր կանչում երկրագնդի երեսից գիշերվա մի ակնթարթում կորած իր լեռանը, իր լճին, իր քաղաքին, խնձորի այգուն, իր մարդուն, կորած իր հրեշտակին:
Այս մղձավանջի, մենության ու քաոսի խորքից ամեն մի պետության և ցեղի առաջնորդ իր երաժշտությունն է հնչեցնում, ժողովուրդներ են նետում հրդեհների մեջ և պարեցնում են իրենց իսկ հորինած մեղեդու տակ:
Մարդկային միտքն այսպես մոլոր, կույր, թափառական, դարեր շարունակ հանձնված կարմրածուփ սատանայի ճշտապահ խաղի օրենքին, նորից ու նորից վերադառնում է և իր վերադարձով դարձյալ հետ է գալիս և կանգնում իր սկզբի վրա. դարեր շարունակ պատահած նույն պատերազմներն ու նույն խաղաղությունը, այս կրկնությունից, ինքն իրենից չի փրկվում այս մարդը…
Անդրկովկասը, աշխարհագրական դիրքի պատճառով, հազարամյակներ է արդեն իսկ, որ դեպի ճրագակրակը նետվող գիշերային թիթեռի նման թռչկոտում է Արևելքի և Արևմուտքի միջև: Եվ այս հանգամանքով է, որ չստեղծվեց Անդրկովկասի միաբանությունը:
Տակավին դեռ այդպես չէ:
Բերանում ծամված, շախաղ դարձրած, վերքին դրվող հայրենի հողն էլ այլևս չի փրկում այս պատերազմներից:
Հիմա գրողի խնդիրը հայրենիքի կառույցը անառիկ պահելու համար ոչ թե պաթետիկ ոճով հերոսական վեպեր գրելով՝ զինվոր դաստիարակելու գործն է լինելու, այլ` մեկ ազգի, մեկ պետություն ոչնչանալը երկրագնդի կործանում համարելը: Գրականությունը կարողանալու հնարավորություն է՝ պատերազմը ատել տալու` առանց նշանակության, թե ու՞մ, ո՞ր երկրի, ո՞ր գերտերության պատերազմն է: Այս մոլորակի, այս մարդու փրկության ճանապարհն անցնում է այն երկրի միջով, որտեղ նրա բնակիչը տուն է կառուցում, որտեղ պահում է իր արվեստագետին, իր գործարանները, իր կնոջը, իր զավակներին, որտեղ բազմանում են բանկերը, ծաղկում է առաքինությունը, որտեղ բորբ արևի տակ ծփում են ցորենի դաշտերը, լճերում խայտում են ձկները, առատությունից շունը կտուրին՝ խոտի դեզի տակ, կատուն պատուհանի գոգին է մեջքը ուռեցնելով ուրախանում, երբ զավակները ուսանում են ցնծությամբ, կույսը հրճվում է, գազօջախի կրակը չի մարում և կյանքի օրհնությունն է թափվում մշտապես :