«Քամու բերանն ընկած թղթի մի կտոր, որի վրա գրված լինի երեք տող, թեկուզ ուրիշի ձեռքով, եթե դրանք պատկանում են Դեմիրճյանի գրչին, ուշադիր ընթերցողը կճանաչի Դեմիրճյանի ոճն ու լեզուն, այնքան ինքնատիպ Է նա»:
Ե. Չարենց
Դարաշրջանը այն դարաշրջանն էր, որ արյունը շուրթերին էր եկել: Հեքիաթի վիշապի նման ձգվել, գլուխը գեղեցկուհի Արևմուտքի ծնկներին էր դրել` ականջալուր իմաստունների գիտության և փիլիսոփայության վերջին ճշմարտությանը, պոչով էլ` հակառակություններով բռնկված Արևելքն էր սրբում: Հողը ճեղքվում էր, անդունդները ժողովուրդներ էին հափշտակում, մահի բերանն ընկած` ազգեր էին կորչում երկրի երեսից, պետություններ էին փշրվում հիմնահատակ` թափվում ճենապակե սկուտեղների նման, անապատները ճահիճների պես ժողովուրդներ էին ներծծում: Պատմական իրադարձությունների հողմապտույտը թափ էր տալիս բոլոր քարտեզները, տերություններ էր մարդաթափ անում, սահմաններ էր վերաձևվում: Աստվածաշնչի խարան` ամենահին Բաբելոնի պատերին բիրերի սեպագրով հաստատված` աշխարհագրական ամենաառաջին մեծ քարտեզն ամենահինավուրց երկրներով աղյուս առ աղյուս փլուզվում, առ ոչինչ էր դառնում: Կարծես Քսենոֆոնը դեռ երեկ այստեղ, այս երկրում` Հայաստանում չէր էլ եղել, դարը քարե դամբարանի սև դռները բացել` գլորվում էր իր իսկ հանած` հողի երեսին պղպջացող արյան միջով: Հյուսիսի կողմից էլ անծայրածիր ստեպների վրա հեղափոխություններ էին անում, Մոսկվայից Սիբիր, մինչև Չուկոտկա ամբոխները հինավուրց պատմությունն էին հրո ճարակ դարձնում, ժողովուրդների կենսական կորիզը այրում` հող էր, հող էին դարձնում: Սապոգներով ծեծում էին պետությունների երկաթե դարպասները, թագավորական դարավոր դինաստիաներ էին անհայտության մեջ փոշիանում, բարքեր էին խաթարվում: Դարաշրջանը դեռ Չարենցին, Բակունցին, Զապել Եսայանին, Խանջյանին, Բլոկին, Գումիլովին կուլ չէր տվել, բայց մղձավանջն արդեն պար էր բռնել նրանց շուրջբոլորը: Նրանց միտքն ու բանաստեղծությունն էին, որ աշխարհն էին դղրդացնում. այդ ժամանակ բանաստեղծությունը գեղեցիկ էր, մարդը` դժբախտ:
Դեմիրճյանի ժամանակը հասունացել էր, ահա այդ դարաշրջանում եկավ: Մենակյաց էր, բայց որոնողի հոգով, տեսանողի աչքով: Ոչ ցարիզմի փոշի դառնալը, ոչ էլ հեղափողությունը միանգամից չընկալեց: Կասկածկոտ, կասկածամիտ էր, սպասում, ճշտում էր իրադարձությունները: Միտքը զննող էր, բնավորությունը` հեռու քաշված, համարյա հոռետես: Խորաթափանց էր, պատմական ժամանակաշրջանների լաբիրինթոսներում կռահումների հետևից գնացող և վերլուծական եզակի կարողություններով:
Նրան գուցե և կարելի է միայն Չարենցի հետ համեմատել, ում իմացությունն ուղղակի դարերի թնջուկն էր մաղում` փնտրելով ազգի զորության կենսական կորիզը:
Դեմիրճյանը տասնյակ տարիներ բանաստեղծություններ էր գրում, գրքեր հրատարակում, կասկածում, տապալվում: Երկար որոնումներից հետո Դեմիրճյանն անցավ պատմվածքների ժանրին: Միանգամից հաջողվեց խորը, կյանքի զարկերակը շոշափող հոգեբանական գործեր ստեղծել, կարողանում էր տեսնել այն ամենը, ինչն անմատչելի էր սովորական աչքին: Չնայած որ այդ ժամանակաշրջանում համաշխարհային գրականությունն արդեն իր գանձարանում ուներ վերլուծական արձակի գոհարներ` մեծագույն վարպետներ Էդգար Պոն, Բալզակը, Զոլան, Դրայզերը, Գոգոլը, սակայն նրանց ֆոնին չէր նսեմանում Դեմիրճյանի մուտքը մեծ արձակի ասպարեզ: Նա իր երկերում աշխատում էր հասու լինել ժողովրդի էությանը, մոտենալ դարավոր գոյության խորհրդին, բացահայտել արարելու կարողության առեղծվածը, փորձում էր մտնել հազարամայա ավանդույթի փակ դռներից ներս:
Կարողացավ հազարամյակների քողը հետ տանել և ճանաչել մեր ժողովրդի հեռուներից բերած ամենախորհրդավոր պատմությունը: Կռահել էր ազգային կերպի առանձնահատուկ շնորհը, որ անվանեց «հայկական համամարդկայնություն»: Գտել էր նախնյաց ոսկե հանճարը, ի դեմս Խորենացու, Կորյունի, Եղիշեի: Նարեկացու, Ֆրիկի, Երզնկացու, Քուչակի գլուխգործոցներում բացահայտել էր հայկական վերածնության խոյանքները: Անպճնազարդ ճարտարապետության, շարականների, մանրանկարչության շերտերում էր հայտնաբերել հայկական համամարդկայնության խորհուրդը, նշում էր նրա առանձնակի կարևորությունը ապագա սերունդների համար: Դեմիրճյանն իր ստեղծագործություններում փորձում էր հինավուրց մեծ ժառանգության, հայ մտքի և ոգու կրողը լինել, փորձում էր նորովի մեկնաբանել նախնյաց բոլոր նվաճումների ոգին:
Եղիշե Չարենցը տեսավ և շատ բարձր գնահատեց նրա երկերը նորագույն գրականության ասպարեզում` «Հոգեբանական անալիզի նոր խոսք, թափանցող խորը միտք, յուրահատուկ լեզու, անհատական ոճ, հումոր և ինքնուրույն պատկերներ, անսպասելի մետաֆորներ և թևավոր դարձվածքներ, թարմություն և գեղեցկություն»:
Պատմության խորապես ուսումնասիրելը Դեմիրճյանին ինքնավստահություն հաղորդեց սեփական ուժերի նկատմամբ: Գրեց ոչ թե փլատակների, մահվան մասին, այլ ազգի անցած ուղու, մեծ սխրանքների, մեծ փորձառության գիրք` «Վարդանանքը»: Նրա գեղարվեստական միտքը կռահումներով վերականգնեց նախնյաց սերը հայրենիքի, հողի, արյան, ժողովրդի ոգու մեծ տառապանքի նկարագիրը մեզ և եկող սերունդների համար, որպես օրինակ բացահայտեց ազգային հոգևոր ուժի ամենաէական արժեքը` բարոյական վսեմությունը:
Այնուհետև գրեց հռչակավոր «Քաջ Նազար» կատակերգությունը: Իբրև իսկական արվեստագետ` ճշմարտությունը իշխանությունների երեսին ասելու համար արևելյան հեքիաթը վերածել էր կատակերգության` փոխել էր սյուժեն, ասելիքը: Չարենցը միանգամից նկատեց, ողջունեց բացառիկ այդ գործը, անմիջապես նախաձեռնեց տպագրությունը «Նորք» ամսագրում:
Վերլուծական համարձակությամբ, իր ենթատեքստով, նորարարությամբ գլուխգործոց էր ծնվել, այն շատ բարձր գնահատեց նաև Թումանյանը, Իսահակյանը, Շիրվանզադեն:
Սակայն այնպես չէր, թե Դեմիրճյանի ստեղծագործությունները չունեին թերություններ: Վրիպումներ են նկատվում և պատմվածքների, և պատմական դրամաների և «Վարդանանք» վեպում: Գրեթե բոլոր երկերում էլ նկատվում են սյուժետային կառուցվածքի սխալներ, որ հանգեցնում է երկարաբանությունների: Իրավիճակը փրկելու համար երբեմն չարդարացված` հեղինակային միջամտությունները հասնում են լրագրային մակարդակով արտահայտված հոգեբանական նկարագրությունների:
Բայց նրա ստեղծագործությունները ամբողջությամբ վերցված` թե նորարարությամբ, թե գեղարվեստական կառույցով, թե համարձակությամբ այնքան լիակատար էին, որ թվարկված վրիպումներն աննկատելի են դառնում, չեն արժեզրկում նրա երկերի գեղեցկությունը և կարևորությունը:
Դեմիրճյանն այսուհետ ևս լինելու է մեր գրականության համար կամակոր, բայց պահանջված ներկայություն:
Ազգի ապրել կարողանալու ջանքերը, հոգևոր կամքը, քաղաքացիական կեցվածքը, պատասխանատվությունը սերնդեսերունդ է փոխանցվում մշակութային ոգու ճանապարհով: