Մենք, բովանդակ անցողիկի հետ, չենք կարողանում շրջանագծից դուրս գալ, խուփը դրված է, մեր դյուցազներգությունը և մահը ոչ մի կետում չընդհատվող փակ համակարգի մեջ ճչում են: Պետությունը և մշակույթը շրջանակի մեջ իրար բռնելու համար անընդհատ իրար են հետապնդում:
Միշտ էլ պետությունը ցանկացել է, որ իր ցնորական ճակատը, քաղաքի փողոցները, պատերազմները, ոտքի տակի գորգերը, գետերի կամուրջները մշակույթը զարդարի: Սակայն արվեստը ոչ թե սոցիալ-քաղաքական պայմանների ծնունդ է, այլ՝ մարդու մետաֆիզիկական կացություն:
Աշխարհի ստեղծման օրից իսկ նրա՝ մարդու համար չար են եղել բոլոր պետությունները, հասարակարգերը: Նրանք մարդու ծնվել և մեռնելու միջակայքում, հանուն հացի և ոսկու, նոր տարածքներ գրավելու համար պատերազմների միջոցով սպանել են քարոզում: Նվաճում, ազատագրում, մեռցնել, հառնեցնել՝ ահա պետությունների էությունը: Պեղումների ժամանակ հողագնդի երեսը բացելիս, շերտ առ շերտ, քաղաք քաղաքի տակ է, այնքան են դարերը, պատերազմները իրար մոտիկ եղել, որ անգամ մեկից մյուսի դեմքին հարկից հարկ հող է ծորում:
Միշտ էլ ժողովուրդը խաբվում է. աշխարհում դեռ չի եղել մի պետություն, կամ որևէ երկրում իրագործված հեղափոխություն, որ լավ կյանք ստեղծի, նրանք հակասում են մարդուն, արվեստին, չնայած արվեստի միջոցով է և գովերգվում նրանց խրոխտ արշալույսները, և հասկանալի դառնում նրանց խորտակիչ ուժը, նաև՝ մարդու ողբերգական լինելը:
Այստեղից է, որ արվեստը թաքնվում է հեռու մի տեղ, խուսափում է պետության հետ հանդիպելուց, վազում է, որովհետև հետապնդվում է:
Արվեստի համար, ոչ թե, մշտական անկատարելությամբ պայծառ, պետությունն է կարևորը, այլ՝ նրա հողը, նրա ժողովուրդը: Իր լավագույն որակը պետությանը չէ՝ նրա մարդուն է տալիս: Փորձում է՝ դեպի պետության մեջ գնացող մարդու միջոցով՝ սփոփելի դարձնել ժողովրդի, պետության կյանքը: Չնայած, իր լավագույն որակով զարդարված, պետության խորքը հասած որդին հակադարձ ուժով նորից վերադառնում է իր մոտ, պետության անունից շղթաներ է բերում, սպառնում է և հասարակարգի հաղթանակները չփառաբանելու, և լռել չկարողանալու համար: Այստեղից էլ առաջ է գալիս արվեստագետի դիմացկունության խնդիրը. որպեսզի նրա մարմինը դիմանա մի արձան, մի գիրք, մի վանք, մի աստղ արարելու չափ՝ ինքնապաշտպանության համար Առյուծի նման է մռնչում՝ անապատների մայրամուտի առաջ: Ինքը հեռանալով այս կյանքից՝ ազգի բովանդակ անցողիկի մեջ, ժողովրդին պահ տալիս արարած իմաստությունը, որ մտցնի ազգային մշակույթ:
Քաղաքակրթությունից քաղաքակրթություն, դարից հազարամյակներ կաթիլ առ կաթիլ մի եկեղեցի է փոխանցվում, մի արձան, մի մագաղաթ, մի աստղ, որ ձևավորել են ազգի դեմքը, ժողովրդի բնավորությունը: Արվեստը, առանց պետության հետ լինելու, ստեղծում է պետության հաջողակ լինելը՝ նրա փողոցը, գետերի կամուրջը, ճակատի զարդը:
Հողը ժողովրդի մաս է կազմում: Մշակույթը հողի բերրիությանը չի նայում: Հողեր կան՝ նավթի խփող շատրվաններ չունեն, արտերը ամբարելու ցորեն ու գարի չեն տալիս, օվկիանոսներից կետաձկներ չեն որսվում, ընդերքում ոսկու հանքեր չեն ծփում, տափաստաններում եղջերուների հոտերը՝ իրար դեմ կռվելով, ջարդված պոզերը գցելով՝ չեն պարարտացնում անծայրածիր տարածքները:
Տիբեթի խորհրդավոր հեռուն, Հիմալայների կապույտ լույսը, Եգիպտոսը՝ անապատի սուլոցով, Արարատ լեռը՝ մերկությամբ՝ երկրագնդի վրա, երկրագնդից հեռու վիթխարի կամքով վայրերը, տիեզերական գերագույն հավասարակշռույթը. այդ կետերի վրա է տրոփում հողագնդի զարկերակը՝ մարդկային կյանքին անընդմիջելի էներգիա ուղարկելով:
Լեռը՝ որի համար բոլոր դարերում կռվում, զարկվում էին: Մեր լեռան վրա, հարահոս քամիների մեջ, մշտական սառույցների վրա, չոր քարերի տակ ամենադիմացկուն գորշ գայլն անգամ մղկտում՝ չի կարողանում ձագ հանել, մենակյաց լեռը խորքից ճառագում է արարվող գերագույն հավասարակշռույթը, մենք ենք մեր լեռան հետ՝ նրա կողքինը:
Մշակույթը ժողովրդի հոգու բովանդակությունն է, լինելը, դարերի միջով մեռնել-հառնելով անցնելու՝ ուսումնասիրության չտրվող բնավորությունը, անհատա- կանությունը, որ անհնար է որևէ մեկից ընդօրինակել կամ նմանակել, այն ազգի խորքում է արարվում, ինչպես որ բերված նեկտարի ամեն մի փոշեհատիկն է մեղր դառնում փեթակի փակ մթության մեջ, այնպես էլ՝ դարերի ընթացքում, անհատների իրարու փոխանցած իմաստության հյուլեն է հունցվում ժողովրդի խորքում, մեղրի պես մշակվում դարերի հոսքում:
Ճանապարհը՝ և էլի ճանապարհներ կլինեն: