Լուսեղենի Հեքիաթը

    Ժամանակով մի տղա է լինում, նրան բախտը չէր ժպտում. ինչքան մայրը գնում էր աղջիկ ուզելու, չէին տալիս, ծաղրում, ծիծաղում էին, թե. «Ինչի՞, մեր աղջիկը քո տղայի՞ն է արժանի»:

Այսպես ժամանակի հետ տղան ընկնում է տխրության և թախծի մեջ: Ոչ հաց է ուտում, ոչ էլ կարգին խոսում է. գիշերները դուրս է գալիս, լուսնոտի նման սկսում է շրջել դաշտերում, ձորերում: Նիհարում, կաշի ու ոսկոր է դառնում: Մայրը տեսնում է որդու վիճակը, սիրտը կտոր-կտոր է լինում, բայց ի՞նչ կարող է անել, ոչ մեկի աղջկան էլ զոռով հարս չի տանի: Անիծում է իր բախտը, իր աղքատությունը:

Մի քիչ էլ որ ժամանակ է անցնում, գիշերային իր հերթական թափառումների ժամանակ տղան մտածում է, որ ինքը կործանման եզիրն է, ու իր այս տեսակ տառապանքները ոչինչ չեն տալիս, իսկ թշնամիներին ուրախացնում են: Որոշում է գնալ օտար երկրներ, այնտեղ փնտրել այն աղջկան, որը կդառնա իր կինը: Հաջորդ օրը մայրը մի քանի հաց է թխում, դնում է տոպրակը, տղան ճանապարհվում է՝ որոնելու նրան, ում պատկերը ստեղծել էր իր ներսում՝ գիշերները լուսնի կապույտ լույսով շրջելիս:

Նա երկու-երեք տարի թափառում է երկրից երկիր և ոչ մի տեղ չի հանդիպում այն աղջկան, որին ինքն էր հորինել: Մի անգամ էլ, ճամփորդության ընթացքում, երբ անձրևից թաքնվել էր ժայռերի արանքում և ծիածանի յոթ գույներին էր նայում, հանկարծ հասկանում է, որ այդպիսի աղջիկ չկա, ինքը փնտրում է մեկին, որն իր ներսում է ապրում, որոնվածը հորինվածք է, իր հոգու տեսիլքն է: Այս գաղտնիքը հասկանալուց հետո ավելի է տխրում և որոշում հեռանալ աշխարհից, մի անապատում ճգնակյաց վանական դառնալ:

Մի անգամ էլ շատ հոգնած, լեռնային հովիտներով անցնելիս, նստում է մի աղբյուրի մոտ հանգստանալու: Երբ ջուր է խմում, հանկարծ աներևույթ մեկի ձայնն է լսում: Տղային սկզբում թվում է, թե կանացի այդ ձայնը իր՝ արդեն ցնորվող մտքի ծնունդն է, վախեցած շուրջն է նայում: Ասում է. «Այդ ո՞վ էր, որ ինձ հետ խոսեց: Դու ո՞վ ես, ձայնդ կա, դու չկաս»: «Իմ անունը Լուսեղեն է, ջրերի թագավորի աղջիկն եմ, բնակվում եմ այս աղբյուրի մեջ, դու իմ կերպարով ես ապրել, այդ տեսիլը առաջնորդել, պահպանել է քեզ: Հանուն ինձ փորձություններ ես հաղթահարել: Վերդարձիր տուն, մորդ ուղարկիր, գա ծնողներիս մոտ՝ ձեռքս խնդրելու»:

Տղան դարձյալ չի հավատում, որ այդ ձայնն իրականում լսում է, մտածում է, որ ինքը, երկար թափառումների ու որոնումների ընթացքում միևնույն բանի մասին շատ մտածելուց արդեն ցնորվում է: Ասում է. «Որ այդպես է, մի անգամ երևա՝ տեսնեմ»: Աղջիկն ասում է. «Չեմ կարող, դու հետո կիմանաս, թե՝ ինչու»: Նա թերահավատորեն շուրջն է դիտում, աղբյուրին է նայում՝ ոչ մարդ, ոչ կենդանի, միայն քչքչոցով ջրերն են վազում քեղի թփերի միջով: Ասում է. «Չէ, հաստատ իմ աչք ու ականջ ինձ խաբում են, թե չէ, ո՞վ է տեսել ու լսել, որ մարդ խոսի, նրա ձայնը գա, բայց ինքը անտես լինի: Չէ, արդեն ես ցնորվում եմ, և ճիշտ կլինի իմ անապատ գնալը»:

Աղբյուրից Լուսեղենը ձայն է տալիս. «Ես քեզ չեմ խաբում, կասկածամիտ մի եղիր, վերադարձիր տուն և թարեքին կտեսնես իմ գիշերանոցի ոսկե կոճակը, եթե այդպես չեղավ, նոր հավատա, որ ինքդ քո մտքերից խաբվել ես: Հիմա վերադարձիր, որ տեսնես, կհավատաս»:

Տղան վերադառնում, հասնում է տուն: Իսկապես, որ տան թարեքին ոսկե կոճակ է տեսնում, սեղանին առատ ու տեսակ-տեսակ կերակուրներ, որպիսիք ծնված օրվանից չէին եղել իրենց տանը:

Նոր հավատում է, որ աղբյուրի մոտ իր հետ պատահածը ճշմարիտ էր: Մորը պատմում է ջրերի թագավորի Լուսեղեն աղջկա մասին, որ նա ապրում է աղբյուրի մեջ և անտեսանելի է, թե իրենց տան այս բարիքները նա է ուղարկել:

Ճանապարհն է նկարագրում, աղբյուրի տեղն է սովորեցնում, ծնկաչոք աղաչում է, որ գնա, ծնողներից Լուսեղենի ձեռքը խնդրի:

Մայրը գալիս է աղբյուրի մոտ, կանչում է աղջկան: Ձայնի վրա ջրերի թագավորը՝ ոսկե թագով, փրփուր շորերով, կանաչ աչքերով ու կանաչ մամուռ մորուքով, սադափե գավազանը ձեռքին՝ դուրս է գալիս աղբյուրի միջից: Բարևում են իրար: Մայրը հայտնում է երկար ճանապարհ կտրելու, իր գալու պատճառը: Ջրերի թագավորն ասում է. «Իմ աղջկան միայն մի պայմանով կտամ քո տղային»: «Ի՞նչ պայմանով, խնամի թագավոր», – հարցնում է զարմացած: «Եթե քո տղան կարողանա իմ թշնամի Անտառի թագավորից աղջկաս շորերի սնդուկը բերել, կտամ, չբերեց՝ մերկ աղջկան հարս չեն տալիս, չեմ տա: Գնա, ձեր դռանը, քո տղայի ձին՝ սադափե թամքով, արծաթե սանձով, ոսկե պայտերով ու թամքից էլ կախված պողպատե սրով, կանգնած սպասում է»:

Պառավը վերադառնում է տուն, տեսնում է ջրերի թագավորի նկարագրածի պես ձին ասպազեն կանգնած է բակում: Տղային ասում է աղջկա հոր դրած պայմանի մասին: Նրա լեզուն լալկվում է, չի իմանում՝ ինչ անի: Ասում է. «Ախր, ես երբեք ոչ ձի եմ հեծել, ոչ էլ սուր եմ բռնել, ի՞նչ անեմ»: Մայրն ասում է. «Որդի, դու իզուր ես վախենում, եթե հրեղեն ձի է ուղարկվել, այս ձին էլ կփրկի քեզ: Նստիր և թամքի վրա պինդ մնա: Լուսեղենն էլ այսպիսի խորհուրդ տվեց, հիշիր՝ անտառի թագավորը տգեղ, սարսափազդու է, բոլոր մութ ուժերին իր մեջ է պահում:Երբ որ սնդուկը վերցնես, նա կփորձի քեզ վախեցնել, կգոռա. «Հողեղեն, ետ նայիր, ինչ ուզես, կտամ, – ետ չնայես, թե չէ շատերի նման դու էլ ծառ կդառնաս»:

Տղան հեծնում է ձին, գնում-հասնում է անտառի մութ խորքը: Բոլոր ծառերը տգեղ, սարսափազդու մարդիկ են՝ ծուռ ու մուռ ոտք ու ձեռներով, ահռելի գլուխներով, սև դեմքերով, հենց տղային տեսնում են, իրար զարկվում, գոռում են: Նրանց թագավորն էլ խաչափառ հազարան ոտք ու ձեռներն է շարժում, մյուս ծառերին է գոռում. «Բռնեք, բռնեք, ծառեր, դրան բռնեք»:

Դղրդոց, աղմուկ-աղաղակից վախեցած՝ քիչ է մնում տղան թամքից ընկնի, որոշում է ետ դառնալ, ձին ասում է. «Մի վախեցիր, միայն դրանց գոռալ-աղմկելն է, ինձ առաջ քշիր»: Սրտապնդվում, սուրն է աջ ու ձախ քաշում, տանում-բերում, արևի դեմ պսպղացնում և հարվածում է անտառի թագավորին: Մյուս ծառերը, որ տեսնում են իրենց թագավորի սպանվելը, ձայներն ու գոռում-գոչյունը միանգամից դադարեցնում են: Տղան իջնում է ձիուց, մութ ծմակի թփերի մեջ պահած սնդուկն է վերցնում և սլանում դեպի լույսը՝ անտառից դուրս: Ծառերը նորից իրար են զարկվում, կանչում են նրան. «Տղա, դու հաղթեցիր մեր թագավորին, մենք հիմա կենթարկվենք քեզ, ետ նայիր, եթե չնայես, ծառ կդառնաս, շրջվիր»: Տղան հավատում, ուզում է շրջվել, սակայն ձին արգելում է: Հաղթանակած վերադառնում, հասնում է աղբյուրին, ձայն է տալիս աղջկան: Ջրերի թագավորը դուրս է գալիս, համբուրում է տղայի ճակատը: Սնդուկը տանում են, որ Լուսեղենը հագնվի, դուրս գա:

Երբ աղջիկը զարդարված բարձրանում է ջրերի միջից, տղան շվարում է այդպիսի գեղեցկությունից, նրա և իր երազների մեջ ապրող աղջկա այդչափ նմանությունից, հորինած կերպարին տեսնում էր առերևույթ, որին երկար տարիներ որոնել էր՝ երկրից երկիր շրջելով:

Միայն թե տղան վանքապատկան հիվանդանոցում էր պառկած և այս պատմությունը անում էր մյուս հիվանդների ու իրեն բուժող վանական բժշկապետի համար, որ ջրերի թագավորի Լուսեղեն աղջիկը իր կինն է, ինքը չի հորինել նրան, որ նա հիմա կա, իր տանն է ու իր անտառից բերած շորերով է շրջում:

Սակայն նրան ոչ ոք չէր հավատում, համարում էին, որ նա ցնորված է, ինչպես այդտեղի մյուս հիվանդները ու նրանցից ետ չմնալու համար, ինքն էլ բորբոքված ուղեղով այսպիսի մի հեքիաթ է հորինել ու պատմում է բոլորի համար: