Ժամանակին աշխարհի վրա ապրում էր Խոսրով թագավորը: Նա հարուստներից հարուստ թագավոր էր և չուներ իրեն հավասարը: Շատ գործերի էր ձեռնամուխ եղել՝ պալատներ ու ապարանքներ էր կերտել, պտղաբեր այգիներ էր տնկել, պարտեզներ ու ծաղկանոցներ էր շինել: Մայրիների խիտ անտառներ ուներ և դրանք ոռոգելու համար ջրամբարներ էր կառուցել: Գերեվարած ծառաներ և աղախիններ ուներ, որոնք նրա համար ընդոծիններ էին ունենում: Եվ այնքան շատ էին տափաստաններում արածող նրա նախիրներն ու հոտերը, որ արևելքի, արևմուտքի թագավորները միասին այդքան հարստություն չունեին:
Իսկ հարավի և հյուսիսի հզոր թագավորներին ու տերություններին հարկատու էր դարձրել, նրանցից գանձած արծաթը, ոսկին անհամար չափերի էր հասնում:
Արքունիք՝ ճաշի հյուր կանչված մեծատոհմիկ ազնվականներն ու իշխանները, նրա շուրջը չորս հարյուր բարձերի էին նստում, իսկ ստրկության բերված տղամարդ, կին մատռվակները արծաթե ու ոսկեղեն սպասքով սպասարկում էին նրանց: Գուսանները, երգիչները և երգչուհիները, կաքավելով ուրախացնում էին մեծամեծերին:
Եվ նա ավելի մեծ էր թագավորների մեջ, ովքեր եղել էին իրենից առաջ ու նաև նրանցից, ովքեր հիմա էին թագավորում:
Մի օր դրանիկ ծառաները փող են հնչեցրել, հանել են արգելափակոցներից որսկան շներին ու բազեներին, երեներ որսալու ցանցեր են վերցրել, արքունի դարբինները պայտեր են կռել՝ պայտ գցած ու չպայտած ձիերի համար:
Եվ Խոսրով թագավորն իր լավ բարեկամ Ֆահրադ դյուցազնի հետ որսի է ելել: Ֆահրադ դյուցազունն ամբողջ արևելյան աշխարհին հայտնի էր որպես իմաստուն զորավար: Դեռևս ոչ մի ճակատամարտ տանուլ չէր տվել: Դեպքեր էին եղել, որ, անգամ փոքրաթիվ զորքերով, կռվել էր վայրի, լեռնական ցեղերի դեմ: Նույնիսկ ամենահզոր տերությունների վրա, իրենց հանկարծակի հարձակումներով, ահ ու սարսափ տարածող խիտիոններին, մազքուտներին ծնկի էր բերել, հարկատու դարձրել, և նրան անվանում էին պատերազմների հերոս:
Խոսրով թագավորն ու Ֆահրադ զորավարը՝ երկու բարեկամներով, դուրս էին եկել երկիրը շրջելու և որս անելու: Հոգնեցրել էր նրանց պալատական միօրինակ, զեխ կյանքը:
Քամու թեթևությամբ թռչող խելահեղ նժույգների սմբակների տակ էին տալիս սարեր ու ձորեր: Եղնիկներ, ինձեր, լորեր և կաքավներ էին նետահարում:
Իսկ հոգնաբեկ, դիպվածալի օրվա վերջում արքունի զինանշանով վրանն էին խփում դրանիկներն1 ու ծառաները. նրանք նստում էին խարույկի կողքին ու մինչև լուսաստղի ծագելը զրուցում էին և հարցեր մեկնում:
Այդպիսի մի գիշեր Խոսրով թագավորը՝ դեմքին տարօրինակ թախիծ ու տխրություն, Ֆահրադին էր պատմում անցյալ օրը իր տեսած երազը: Ասում էր. «Խորհրդավոր մի երազ էր, հիմա էլ, որ հիշում եմ, քրտինք է իջնում մեջքովս, – ասում է, – մի գեղեցիկ եղնիկի հետևից էի ընկել, քարքարոտ մի տեղ հասա, քաշեցի նետ-աղեղը ու խփեցի. եղնիկը թավալվում էր արյան մեջ և այնպես էր բառաչում, որ սարսափից ճչացի, արթնացա քնից»:
«Երազդ ի բարին, արքա, – ասում է Ֆահրադը, – բայց գիտե՞ք՝ ինչն է զարմանալի, որ դուք պատմում էիք, ես կարկամել էի, թե ինչպե՞ս է հնարավոր, որ երկու մարդ նույնանման բաներ տեսնեն, – ասում է, – իմ երազում էլ մի եղնիկ էր հայտնվել, սուրում էր անծայրածիր դաշտերով, ես էլ՝ ետևից, այնքան հետապնդեցի՝ գնաց մի սարի դեմ առավ ու այլևս տեղ չուներ գնալու, հանկարծ գեղեցկուհի աղջիկ դարձավ, ասաց.
-Որսորդ, դու վերադարձիր տուն, ուղարկիր մորդ, թող գա, ինձ քեզ համար, ուզելու:
Խոսրով թագավորը հոնքերն է կիտում, ընկնում մտածմունքի մեջ: Ֆահրադն ասում է. -Թագավոր, իզուր տխրեցիր, ընդամենը երազ է, որի նմանը մարդ հազար է տեսնում, – ասում է, – մեզ մնում է, որ ասենք՝ երազն ի բարին»:
Թագավորի երեսին ծիծաղ է գալիս, զրույցների ու պատմությունների ընթացքում աստիճանաբար խաղաղվում են: Երբ լույսը բացվում է, Խոսրով արքան հրամայում է, ծառաները սայլերն են լծում, որսը բարձած՝ վերադառնում են մայրաքաղաք: Իսկ իրենք Ֆահրադի հետ գնում են Սպեր գավառ՝ երկրի հանքատների վիճակն իմանալու և ժողովրդի ապրելակերպի հետ ծանոթանալու: Մինչև մութն ընկնելը մտնում են մի փոքրիկ քաղաք, երբ իջնում էին փողոցով, տեսնում են դարպասից մի գեղեցիկ աղջիկ է դուրս գալիս: Աղջիկ, բայց ի՞նչ աղջիկ, թե արև ասես, արևն ի՜նչ, թե լուսնյակ ասես, լուսնյակն ի՜նչ:
Այդպիսի գեղեցկուհի նրանք դեռ երբեք չէին տեսել: Երկու որսորդներն էլ ձիերի վրա մեխվել էին, չէին կարողանում շարժվել: Երբ ուշքի են գալիս, Խոսրով արքան սկսում է ձին խաղացնել, ծառս հանել, դոփել տալ, խոնարհեցնել աղջկա առաջ:
-Հողագնդի գեղեցկուհի, ի՞նչ է անունը քո,և հարցնում է արքան:
-Բամբիշ:
-Աննման ես, և գեղեցիկ է անունը քո, Բամբիշ, թագավորը խոնարհվում է քո առաջ: Որս էի արել, հիմա էլ գնում էի երկրի դրությանը ծանոթանալու, բայց քեզ տեսնելուց հետո անիմաստ են դառնում որսն էլ, երկիրն էլ, արդյոք չե՞ս դառնա իմ աշխարհի թագուհին»:
Ժպտում է Բամբիշը, ծիծաղելով ասում է. «Արքա, ճշմարիտ է, երբ որ մարդ սիրահարվում է, կորցնում է գլուխը: Բայց զարմանում եմ, ինձ դեռ չես էլ ճանաչում, թագավոր ես, ինչո՞ւ ես թեթևանում և սիրտդ այդքան շուտ բացում: Չնայած բազում ծառաներ, աղախիններ, հարճեր, պարուհիներ ունես, որոնք շատ ընդոծիններ[1] են ունեցել քեզ համար, այնուամենայնիվ, թագավոր, երևում է՝ դու կին չես տեսել: Սիրտը որ չսիրեց, նրա համար անգամ թագավորը կամ հող է կամ ցեխ»:
Բամբիշի գեղեցիկ, խորիմաստ պատասխանը զարմացնում է Ֆահրադին, բայց մտքի մեջ մի քանի անգամ ասում է. «Խոսրով, երազն ի բարին»:
Իսկ թագավորն էլ նկատում է, թե աղջիկն ինչպես է հմայլվել դյուցազնով, ինչպես է նայում Ֆահրադին: Խոցված՝ բաց է թողնում սանձը, փոքրիկ քաղաքի սալարկված նեղ փողոցներում պայթում է սուրացող նժույգի խելահեղ վազքը:
Ֆահրադը ոսկեկուռ, զինանշանով, վարազագիր իր մատանին է թողնում Բամբիշին: Դա նշան էր, թե նա իրեն պիտի սպասի:
Իսկ Խոսրով արքան վերադառնում է մայրաքաղաք, փակվում արքունիքի առանձնասենյակում: Դրանիկները, ծառաներն ու պալատականները գիտեին՝ այդ մենությանը ինչ զայրույթ է հետևելու, և բոլորն իրար հետ շշուկով էին խոսում: Ծեր սենեկապետը[2] մտնում, խոնարհվում է նրա առաջ, ասում է. «Արքա, դու իմ ծնկների վրա ես մեծացել, քո ծնված օրից մինչև այսօր քեզ չեմ տեսել այդչափ զայրացած, ի՞նչ է պատահել: Կիսիր ինձ հետ մտահոգությունդ, որ քո բեռը թեթևանա»:
Եվ Խոսրով արքան ամբողջ կատարվածը պատմում է իր ուսուցիչ Վզըրմիր սենեկապետին:
Ծերունին ուշիուշով լսում է նրան, պատմության վերջում կիտում է հոնքերը, ճակատն է շփում, ասում է. «Թագավոր, միանշանակ պարզ է՝ աղջիկը սիրել է Ֆահրադին, սակայն դու քո հույսը չպիտի կտրես,- ասում է,- իմաստունները նաև այսպիսի միտք են ասել, թե. «Որտեղ որ ուժն է, սերը վազ է տալիս այնտեղ»: Իմացած եղիր, թագավոր, դարեր այսպես է եղել, դարեր այսպես կլինի»: Ասում է. «Թույլ մի տուր, որ քո մեջ տարակուսանքը հաղթի, հստակ է քո նախնիներից ժառանգած դաստիարակությունը, դու գլուխն ես, Ֆահրադը՝ ոտքերը: Դե հրամայիր, տեր արքա, ուր ուզես, նրանք կգնան այնտեղ»: «Միանգամայն ճիշտ ես ասում, Վզըրմիր սենեկապետ: Եթե դուրս գամ նրա հետ կռվելու, չի լինի, կմնամ ամոթով, դեռ մանկուց քանի-քանի անգամ, խաղերի ժամանակ, մեջքս գետին է դրել: Իսկ եթե սպանել էլ տամ, դարձյալ չի լինի, որովհետև, երբ թագուհին, կաթ չունենալը պատճառ բռնած, ինձ այլևս կուրծք չէր տվել, Ֆահրադի մայրն է կերակրել, կասեն՝ կաթնեղբորը ոչնչացրեց: Ի՞նչ անել, խորհուրդ տուր, Վզըրմիր ուսուցիչ»: «Չէ, Խոսրով արքա, դու ոչ դյուցազնի հետ կկռվես, ոչ էլ նրան սպանել տալով՝ քո կերած կաթը կհարամես, պարզ է նաև, որ մի կինը երբեք երկու ամուսին չի ունենա,- ասում է,- արքա, կանչիր Ֆահրադին և պայման դիր»:
Խոսրովը այդպես է անում, հրավիրում է նրան արքունիք: Ճաշում են միասին, դուրս են գալիս պարտեզ զբոսնելու, մայրիների պուրակով հասնում են շատրվաններին. աշխարհի ու երկրի քաղաքականության մասին են խոսում, հետո թագավորն ասում է. «Ֆահրադ, դու իմ կաթնեղբայրն ես, չեմ ուզում մի աղջկա պատճառով այդ կաթը պղծել: Եկ, ամեն մի հարց խաղաղ լուծենք. քեզ տասներկու ամիս՝ երեք հարյուր վաթսունհինգ օր ժամանակ, վերցրու քլունգ ու բահ ու գնա Բիսութուն սարը ծակիր: Եթե այդ ժամանակաընթացքում ծակեցիր-անցար, աղջիկը քեզ լինի, չկատարեցիր պայմանը, կմնա ինձ. ճիշտ կլինի՝ համաձայնվես, Ֆահրադ զորավար»: Ասում է. «Արքա, այդպիսի պայման դնելու համար, երևում է, որ դու միայնակ չես մտածել, խորհրդատուներ են եղել: Բայց Բամբիշի սիրո համար ինչ պայման էլ լինի, ինձ համար ընդունելի է»:
Հեռանում է արքունիքից Ֆահրադ դյուցազունը. մի տարվա պաշարն ու գործիքները բարձում է սայլերը, գնում, վրան է խփում Բիս սարի ստորոտում: Գիշերը ցերեկ է անում, ցերեկը՝ գիշեր: Տաքին պաղն է փոխարինում, ամռան բերքահավաքն է լինում, աշուն է գալիս, պաղ անձրևներն են սկսվում, արագիլները տաք երկրներ են չվում, Ֆահրադի մորուքն էլ երկարում, արդեն գոտուն է հասնում, իսկ նա դեռ էլի գիշերն ու ցերեկը մեկ արած՝ փորում է:
Մի օր նրա մոտ է գալիս ծերունի համհարզը, ով նրա հետ անապատներ և ջրեր էր կտրել, ազգեր ու ցեղեր խոնարհեցրել, պարզկա ցուրտ գիշերներին կրակի մոտ էր նստել, հուսահատության պահին մտքի ուժ էր տվել, սրի կտրած վերքերին սպեղանի էր դրել: Նրան ասում է. «Ֆահրադ, որդի, երկար տարիներ քեզ եմ ծառայել ու մարտի դաշտում քո մտքի թռիչքն ու բազկի զարկն եմ տեսել: Տեսել եմ, թե ինչպես քո խելքի շնորհիվ լեռնական վայրի ցեղերի առաջ փակեցիր Ճորա պահակը[3]: Բերդերի ու ամրակուռ պարիսպների խորտակվելն եմ տեսել քո խորաթափանցության առաջ, բայց հիմա, որդիս, զարմանում եմ քո կարճամտության վրա՝ թե դու այս ինչ ես անում: Մի ինքդ նայիր, շուտով տարին կլրանա, իսկ դու կեսն էլ չես փորել: Մի՞թե չես հասկանում, որ այս լեռը ծակել հնարավոր չէ, որովհետև ավազից է. դու փորում ես, ինքը նորից լցվում, քո առաջ է կանգնում: Նույն աշխատանքն ես կատարում անընդհատ, մի տարի չէ, ուզում ես հարյուր տարի փորիր, ավելին չես առաջանա: Ֆահրադ, քաջ զորավար, սթափվիր և դուրս եկ լեռան միջից, մի՞թե չես զգում, որ այս ծորացող, հոսող ավազը ունայնությունն է՝ մարդու ժամանակը: Վզըրմիր սենեկապետի խորամանկության շնորհիվ Խոսրով թագավորը բանտարկել է քեզ ժամանակի մեջ: Իսկ ինքը բերել է Բամբիշին ու իրեն կին է դարձրել: Ահա մի տարին կլրանա, ինչ դու փորում ես, իսկ նա թագավորի կինն է: Նրանք, երբ քեզ այստեղ էին ուղարկում, գիտեին, որ ինչքան դու փորես, այդքան էլ ծորալու է. մի լեռ փորես՝ մի լեռ է կանգնելու քո առաջ, հենց սա այն ժամանակն է, որի ընթացքում Բամբիշը հաշտվելու է Խոսրով թագավորի կինը լինելու մտքի հետ, իսկ դու էլ խաղաղվելու ես, որովհետև քո կորուստը, փորելու ընթացքում այս ժամանակի, ծորացող ավազների մեջ ես թաղելու: Վերադարձիր, որդի, վերադարձիր աշխարհ, քաջ դյուցազուն, սահմանագլխին քո կայազորերը քնով են անցնում, թշնամին անվախ ելումուտ է անում մեր երկիր»:
«Նա խաբեց ինձ»,- ասում է Ֆահրադը՝ գլուխն ափերի մեջ առած. լուռ նստում է ավազների վրա, հետո բարձրանում է տեղից, «մնաս բարով» է ասում ծերունուն, մերկանում է մինչև գոտկատեղը, սուր բահը նետում է վեր, երկարացնում է վիզը, բահը իջնում է քներակին, արյունը նետում է, ավազը ներկվում է կարմիր:
Ծերունի համհարզը վերադառնում է մայրաքաղաք, դյուցազնի մահվան լուրն է տանում արքունիք: Թագավորը հրաման է տալիս, որ երեք օր դրոշակները խոնարհած պահեն, հացի կրպակներն ու վաճառականների խանութները փակ լինեն: Եկեղեցիները զանգեր խփեն, հերոսին վայել հուղարկավորում կազմակերպեն: Բամբիշը, որ լսում է եղելությունը, նույն օրը թույն է խմում:
Ասում են՝ իբրև թե որսի գնալիս, Խոսրով թագավորն էլ, երբեմն մթագնումների պահեր էր ունենում. կանգնում էր լեռների ու ձորերի դիմաց, ձայն էր տալիս. «Ֆահրադ, Բամբիշ», նրանց անուններն էր աղաղակում, ճանկռոտում դեմքը:
Մենք էլ արդար մեռնողներին ասենք՝ ողորմի: Ամեն:
[1] Ծառայի կամ աղախնու զավակ, որ ծնվում է տիրոջ տանը: [2] Սենեկապետը հսկում էր գրագրության վրա:Նա միաժամանակ թագավորի անձնական քարտուղարն էր. պետական արխիվի պահպանությունը նրա վրա էր դրված: [3] Ճորա պահակ- լեռնանցք