(Հատված)
ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Որտեղ էլ գտնվենք, դռան հակառակ կողմում ենք:
Ներսիններն այն` ելքի, դրսինները մուտքի դուռ են անվանում:
Սիրելի բարեկամներ, դեռ դպրոցական, ուսանողական, հետո էլ ասպիրանտական տարիներից միշտ երկյուղել եմ ազգային վեպի մասին բարձրաձայն խոսելուց:
Եթե փորձեի` անհեռատեսորեն, նախնիների հնագույն օրենքների, նրանց ժամանակի խորհրդավորության, հավատամք-կարգակառույցի, ծեսերի հեռավոր խանդաղատանքներն ու հուզումները, որ միայն բջիջներով էի ըմբռնում, զգայարաններով լսում, միայն նրանց` դեռևս անբացատրելի, դեռևս անիմանալի թրթիռները, այդ ամբողջը մարդկանց առաջ լռությունից բառի, նախադասության, ձայնի վերածել, համոզված էի` շատ ավելի կխճճվեի, իմ բոլոր որոնումները, այլուրային ազդակների կռահումներն այդպես էլ կմնային դարերի հեռվում, այլևս չէի կարողանա Մհերին գտնել, ամենամեծ վնասն ինքս հասցրած կլինեի ազգային վեպին:
Ճիշտ կլինե՞ր արդյոք բարձրաձայն դասախոսություններ կարդալ լսարաններում իմ ենթագիտակցային գուշակումների վերաբերյալ, մանավանդ գիտեի ձեր անթերի պատրաստվածության, համալսարանի լավագույն կուրսը լինելու մասին, երբ արդեն խորությամբ ուսումնասիրել եք տարբեր բարբառներով և խոսվածքներով գրված ազգային վեպի հարյուր հիսուն պատումները: Հնարավոր է և չհավատալով իմ ենթագիտակցական մշուշոտ խոսքին` վեճի բռնվեք, թե այդ ինչի մասին եք պատմում, երբեք էլ նման իրադարձություններ չեն եղել: Բայց երկար մտածելուց հետո հասկացա` զուր եմ երկմտում, եթե անգամ չընդունեն էլ, որ ազգային վեպը հայր նախնիներից մեզ հասած սահմանադրության, հավատամքի սրբազան գիրքն է, միևնույն է, անհամաձայնությամբ կնպաստեն ճշմարտությունը բացահայտելուն: Դասախոսություններով հանդես գալու մյուս պատճառներից մեկն էլ ազգային վեպի հիմքի վրա գեղարվեստական գիրք գրել չկարողանալս էր, սեփական շնորհքիս նկատմամբ հուսահատությունը և քանի գնացող, սոցիալ-կենցաղային հոգսերի սաստկանալը, որն այլ հնարավորություն չէր թողել, քան այդ եղանակով ապրելու միջոց գտնելը:
Կուզեի, որ այսուհետ, եթե անընդունելի լինեն իմ մեկնաբանությունները, միանգամից հայտնեիք ձեր անհամաձայնությունը: Կարծում եմ` վեճերն ազգային վեպի հոգևոր խորքին մոտենալու փորձ կլինեն: Անգամ, քիչ առաջ, որ հակառակ կարծիք էիք հայտնում դասախոսության սկզբի մասին թե` շատ քիչ դրվագների հետ եք համաձայն, միայն այն հատվածներն են ընդունելի, որ հաստատում են նաև ձեր կարդացած հարյուր հիսուն պատումները, թե ինչպես Մհերը գնաց Ագռավաքար փակվելու: Թեկուզ այդքանին հավատալով` արդեն ակամա հաստատում եք իմ ենթադրությունները, ուրեմն այսօր էլ նա պիտի կենդանի լինի, երկու հազար տարեկան, գուցե ավելի:
Դեռ դպրոցական տարիներին, հատկապես բարձր դասարաններում, ինձ համար արդեն անկասկած էր Մհերի կենդանի լինելը: Առաջին հայացքից իրականությունից հեռու թվացող իմ երկու հազար տարեկան ասելն ինքնանպատակ` ուսուցիչներին ու ծնողներիս անլուծելի խնդիրների առաջ կանգնեցնելու համար չէր: Չնայած նրանցից որևէ մեկը Մհերի կենդանությանը կամ տարիքին վերաբերող իմ հայտարարություններին լրջորեն չէր էլ մոտենում: Անկեղծ ասած, դժվար էլ էր նման բան երևակայել: Սակայն մինչև այսօր էլ նրա կենդանությանը հավատալու իմ այդչափ համոզվածության գլխավոր և անվիճելի ապացույցը հարյուր հիսուն պատումների համարյա թե բոլոր տարբերակներում, որպես անժխտելի վկայություն, կրկնվող այն դրվագն է, որտեղ տարին մեկ անգամ` Համբարձման գիշերը Մհերն Ագռավաքարից դուրս գալու, աշխարհի հետ կապվելու փորձեր է կատարում: Ամենահին ժամանակներից ժողովուրդն էլ էր հավատում նրա կենդանի լինելուն, գիշերը համախմբվելով Ագռավաքարի շուրջը` քրմերի գլխավորությամբ գաղտնախորհուրդ ծիսական երկրպագություններ կատարելով` փորձում էր Մհերի հետ լինել, միստիկ արարողակարգերով նպաստել քարայրից դուրս գալուն:
Բայց Համբարձման գիշերվա խորհրդի շփոթ մեկնությունները հետագա դարերում քրիստոնեության մուտքի հետ էին սկսվել, ինչքան էլ նախաձեռնությունը իր ձեռքը վերցրած հոգևոր դասը հասարակության մասնակցությամբ դարձյալ շարունակում էր Մհերին նվիրված զանգվածային արարողություններ կատարել, այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում արդեն խճճվել, աստիճանաբար կորցրել էր հնագույն հավատամքի թաքնագիտության բանալին, գնալով` սկսել էր ծեսը կրճատ, մասամբ
ներկայացնել: Մհերի` Ագռավաքարում` մի կետի սահմանում, հազար հինգ հարյուր- երկու հազար տարի կենդանի լինելը եկեղեցին անկարելի վիճակ էր համարում. նման բնույթը միայն քրիստոնյաների առաջնորդի երկրորդ գալստյանն էր վերապահված:
Այս դասաժամին նաև իմ վերջին երազի մասին եմ ցանկանում խոսել: Կարող է` ժամանակը նման բաներ պատմելով անցկացնելը ձեզ անփորձության կամ նյութին չտիրապետելու արդյունք թվա, բայց խոսելու ցանկությունը հատկապես երազի շատ իրական, շատ հասկանալի լինելուց է գալիս: Նույն երազը մի քանի գիշեր անընդմեջ կրակի տեսքով կրկնվում էր: Բոցն ինչ-որ բանով նաև պղնձե թիթեղից արևի անդրադարձի էր նման, հոսող կապտականաչագույն լույսի կամ ժայռի վրա արևի տակ պառկած պսպղացող երկգույն մողեսի:
Արթնանալուց հետո էլ շարունակվում էր զարմանքն ու զմայլանքը, երևակայությունս դեռ վառվում էր տեսածով: Տարօրինակը պղնձե թիթեղից անդրադարձող ճառագայթն էր, որ մեկ էլ հանկարծ անձևությունից կերպարանափոխվում, իմաստ էր ստանում: Կարծես հոսող լույսի մեջ Մհերի կյանքի ընթացքը պատմող արձանագրություն լիներ. թե ինչպես էր նա ցերեկը երկնքից` կրակ, գիշերը սառնամանիք թափող անապատով, կախարդվածի պես պտտվել. ասես այդքան ժամանակ առաջ տանողն իր ստվերն էր եղել, ստվերը գնացել, ինքն էլ էր գնացել, հետևից շրջապտույտներ տալով, երբեք նրան չէր հասել. ավելի ու ավելի էր հեռացել հայրենի տնից:
Տեսնում էի, թե ինչպես էր քաղցը, մյուս օրը ծարավը տանջել, էն մի օրը շնագայլերի սովահար ոհմակը չորս բոլորը կաղկանձել: Թե ինչպես էին երբեմն էլ ավազաբնակները հինգ-վեց հոգանոց խմբերով ձին ու զենքերը ձեռք գցելու նպատակով հետապնդել: Բայց ամենասարսափելին` բոլոր վտանգներից խույս տալուց, ապահով վայր հասնելուց հետո մեկ էլ հանկարծ պարզվում էր, որ հայտնվել էր այն նույն ճանապարհի սկզբին, որտեղից սկսել էր:
Հետո աշխարհի չորս ծագերում թափառել, հուսախաբված Սասուն վերադառնալն էի տեսնում. թե ինչպես էր ծնողների կողմից վտարվել Ագռավաքար` ընդմիշտ այնտեղ թաղվելու, թե ինչպես էր քարայրի պատերի ճեղքերից նրա մենությունը սաստկացնող ծղրիդների կանչերը լսվում, առաստաղից պաղ եղյամը փաթիլներով կաթկթում, և նա դամբարանի խավարից դուրս գալու միայն մի պայման ուներ, ցորենը` ալոճի, գարին մասուրի չափ պիտի դառնար, սպասում ու սպասում էր:
Քնի մեջ վախեցած, խեղդվելով վեր էի թռչում, քրտնքի ու դառը մի բանի հոտի մեջ կորած, երկար ժամանակ չիմանալով` որտեղ էի գտնվում:
Մի քանի օր տագնապների մեջ լինելով` չգիտեի` ում հետ էի խոսում, բայց անդադար հարցնում էի` ի՞նչն էր Մհերին բաժին հասած այդքան դաժան հալածանքների պատճառը, ինչի՞ պիտի տառապեր, որտեղից էին անողոք փորձությունները գալիս:
Նույն երազի իրար վրա կրկնվելը, միաժամանակ իմ` ազգային վեպի ընկալման ու մտածողության մեջ շատ բան էր փոխել: Կարծես ձեռքիս տարօրինակ մի բանալի էր հայտնվել, պիտի կարողանայի, առանց շփոթելու, նկուղի հարյուրավոր նուրբ դաջվածքազարդերով դռներից գանձարանի ճշմարիտ դուռը գտնել ու բացել:
Մհերի կամավոր գնալ, պաղ, մութ քարանձավում փակվելը հասկանալու համար փորձում էի այն մանկության տարիներին տեսած կենդանական աշխարհի ինքնապահպանության բնազդին նմանեցնել. ինչպես էին մսագործի ծնկի տակ մամլված ցուլը, խոյը կամ վարազը մորթվելու` շունչը տալու ամենավերջին ակնթարթին, էգի հետ զուգավորման նմանությամբ անգիտակից ռեֆլեքսային սերմնաժայթքումով հողը ողողում. տեսակը պահպանելու փրկության ակտ էին կատարում:
Գուցե Մհերն էլ զգացել էր կործանարար, իրար հաջորդող չարագույժ աղետների, խոշոր խառնակությունների, տեսակը բնաջնջող սև պատերազմների, որդեսերման սերմը փչացնող պտղաորդի մոտենալու ժամանակը: Գուցե հենց այդ պատճառով էր հրաժարվել իշխանական Մեծ տան գահից, երկրի առաջնորդը լինելու բոլոր իրավունքներից, անսպառ հարստությունից: Ժողովրդի դարերով կերտած մշակույթը իր մեջ ներառած` գնացել հազար ինը հարյուր տարի, երկու հազար տարի փակվել էր Ագռավաքարի նախամայր արգանդում, նյութական աշխարհից ամենայն ազգային վաստակած ունեցվածքը տեղափոխել էր հոգևոր ոլորտ` փորձելով իր հետ պահպանության տարած ժառանգությունը քսան դար հետո ապագա սերունդներին վերադարձնելով` փրկել մեր ինքնությունը:
Չնայած ազգային վեպի անտիպ պատումների մի քանի տարբերակներում հակառակն էլ կա: Մհերի հետագա կյանքի վերաբերյալ բոլորովին ուրիշ, մեկ այլ սյուժե էլ է պատմվում, թե ինչպես էր Ոստանակապանով անցնելիս մի իշխանի կողմից գերի վերցվել, հետո ինչպես են մտրակներով ստիպել միայն հաց ու ջրով երկար տարիներ քարհանքում ջորիների հետ ծանր աշխատանքներ կատարել, ինչպես է մինչև խոր ծերություն, տարեցտարի ատամնաթափվելով, ստրկության մեջ ապրել, ինչպես է մի օր էլ լուսադեմին մահկանացու ծերունու նման փլվել, հոգին ավանդել:
Սա է եղել Մհերը, մյուսներից ոչնչով չտարբերվող մարդը, ամբողջը, վերջը:
Բայց, սիրելի ուսանողներ, ավագանու կողմից Մհերի և հասարակ հողածինների կյանքերի միջև հավասարության նշան դնելու մտահաղացումը, ավելի ուշ` անհնազանդ երիտասարդների` Սասունը ոտնատակ տալու ժամանակ էր հատուկ նպատակներով հորինվել: Սակայն, կարծում եմ, բոլորդ էլ կհամաձայնեք, մեզ դեռևս դպրոցական տարիներին ուսուցանած Մհերի` Ագռավաքարում փակվելու պատմությունն է հարազատ, քանի որ բոլորիս նրան սպասելու հնարավորություն է տրվում: Մանավանդ, երբ նրա կենդանության, ստույգ այնտեղ գտնվելու փաստը նաև հորթի հետևից գնացող Կոգահովիտ գյուղի հովիվն էլ է հաստատում, թե Համբարձման գիշերը Ագռավաքարի մուտքի մեջ կանգնած մարդը Մհերն է եղել, որի հետ զրուցել էր ինքը:
Այդ խորհրդավոր խոսակցության բովանդակությունն էր, որ հետագայում հովիվը հինգ ցրտադիմացկուն խաղողի վազի ու ծնած կովը հորթի հետ ստանալու դիմաց Սասունի հասարակության և գիտնականների առաջ պատմեց: Նրա` Մհերի հետ գիշերային հանդիպման և զրույցի լուրը միանգամից հեռավոր գավառներ էր հասել, երիտասարդների միտքն ու երևակայությունը բորբոքող ազդակ էր դարձել:
Չնայած ազգային վեպում Մհերի փակվելուց հետո մի ուրիշ բանի մասին էլ է խոսվում: Ձայնը: Ձայն, որ արդեն մի անգամ էր հնչել և ամեն ուրբաթ էր հնչելու, բայց այն ոչ մեկին ծանոթ չէր, որովհետև լեռներից, անտառներից, ամպերից չէր գալիս: Ոչ եկեղեցական զանգերի, ոչ բնության աղետի, ոչ էլ գործիքներով արտահայտած մարդկային միջամտության արդյունք էր, այլ հողի միջոցով փոխանցվող, խորքի, ընդերքի ղողանջ էր, անընդհատ ուժգնացող թրթիռներով:
Քարայրի խորքից լսվող ձիու խրխինջի մասին ազգային վեպում հպանցիկ է հիշատակվում, բայց կարծում եմ` նրա ղողանջն էր, որ երիքովյան փողի անընդհատ ուժգնացող ձայնի պես Սասնո հասարակարգի և քաղաքական հետագա զարգացումների համար չափազանց վճռորոշ նշանակություն ունեցավ: Ագռավաքարի շրջակա բնակչության և երիտասարդների համար հատկապես ձայնն էր ցուցող եղել, որ գնային Սասուն: Գավառներից հենց նրանց զանգվածային տեղաշարժերն էին երկրի սոցիալ-հասարակական կառույցը կաթվածահար արել, իշխանությանը խառնաշփոթի էին մատնել:
Մեծ տան երիցավագները, քաղաքապետարանի ավագանու խորհուրդն ինչքան էլ փորձում էին ոստիկանական կարգապահ տեսուչների միջոցով աննախադեպ իրավիճակի դեմն առնել, ժողովրդի վրա ունեցած երբեմնի անվիճելի իշխանությունը ձեռքից չթողնել, արգելել մասսայական տեղաշարժերը, ինչքան էլ իշխանական խնամակալ հոգևոր դատավորները փորձում էին ըմբոստներին աքսորով, զնդաններով վախեցնել, միևնույն է, բոլոր ջանքերը զուր էին անցնում: Ամեն ուրբաթ Ագռավաքարից լսվող խրխինջը գյուղ գյուղի, ավան ավանի, քաղաք քաղաքի հետևից անդադար Սասուն էր ուղարկում` կանխելով իշխանության`ժողովրդին կրկին դեպի անցյալ տանելու բոլոր փորձերը:
Գիտե՞ք` ինչն է զարմացնում. քանի դեռ ձայնի հորդորով երկիրը տեղից չէր շարժվել, զանգվածները ոտքի չէին ելել, չէին հեղեղել փողոցները, Սասնո Մեծ տունը, քաղաքային իշխանությունը, հոգևորականներն անվերապահորեն ընդունում էին խրխինջի կենսական օգտակարությունը: Անգամ հայտարարում էին, որ ներքուստ ամրապնդում է թույլերին, կասկածամիտներին նվիրյալ քաղաքացիներ է դարձնում, իսկ իրենց սովորեցնում է ինչպես դիմակայել ամենածանր հարվածներին, թեկուզ դա երաշտի զարկ, թշնամու բանակի հարձակում կամ երկրաշարժի` հողի պատառոտել լինի: Բայց մեկ էլ հանկարծ նրանց վերաբերմունքը խրխինջի նկատմամբ շատ կտրուկ հակառակն էր փոխվել, երբ Մհերի փակվելու վեցերորդ օրը, երեկոյան Ագռավաքարի շրջակա գյուղերում մոխրագույն ավանակով, շիկակարմիր զգեստներով մի պատանի էր շրջել, ի զարմանս բոլորի հայտարարել էր, եթե ժողովուրդը Սասուն չգնար, ղողանջը հանգիստ չէր տա նրանց, կստիպեր տառապեին:
Ամենատարօրինակն այն է` Մհերի փակվելու գնալու օրվանից ժամանակի շրջանը խախտված լինելու պատճառով ոչ ծնունդ էր լինում, որ հոգի ավելանար, ոչ էլ մահն էր գալիս, որ շունչ պակասեր: Ոչ ինն ամիսը բոլորած տղոցկան կանայք էին պառկում` նոր մարդ լույս աշխարh բերելու, ոչ էլ արդեն մահամերձներն էին կարողանում հողագունդը լքել, ոչ էլ թռչունների ձվերն էին ճեղքվել` նոր կյանք բերելու համար: Տարեգիրն էլ վկայել էր, թե… Վեց օր շարունակ, երկրագունդը չէր պտտվել առանցքի շուրջը, աշխարհի մեկ կեսում անընդհատ գիշեր էր եղել, մյուսում` ցերեկ: Մարդիկ Վանա ծովի ափին ջրից դուրս թափված հայելու և արծաթի պես փայլատակող բազում ձկներ էին տեսել, ինչպես մայրի ծառերի փայտակույտեր, բայց մի ձուկ անգամ չէր սատկել մինչև վեցերորդ օրը, մինչև խրխինջի լսվելը, մինչև մոխրագույն ավանակով պատանու երևալը և ժամանակի շրջանը վերստին նորոգվելը, ձկները գետնի վրա ապրել էին ինչպես ջրի մեջ: Ոչ մահ էր եղել, ոչ կյանք էր ստեղծվել: Անգամ ամենաթունավոր սև օձի խայթոցից, անգամ փարախի դուռը խորտակած արնակալած աչքերով ցուլի պոզահարությունից, անգամ կատաղած առյուծի հոշոտելուց ոչ մի որսորդ չէր մահացել, ոչ էլ անկողնում` մահառաջի մեջ գտնվող ծանր հիվանդներն ու կյանքի օրերը ավարտած ծերունիներն էին մեռել: Խրխինջը լսվելու հետ գյուղերում ու ավաններում էլ տները նախկինի համեմատ փոխել էին դիրքերը, ծինը կորցրած կենդանիները հոտերով դեպի լեռներն էին հեռացել, փեթակներն էլ պարսերով մեղուներ էին լքել, հողի տակից էլ հարյուր հազարավոր մրջյուններ էին ելել, մեկ, երկու օր խելագար թափով պտտվել էին իրենց առանցքի շուրջը, երեկոյան մինչև վերջինն ընկել, ոչնչացել էին:
Քիչ ավելի ուշ որոշ ընտանիքներ արդեն հասկացել էին` պիտի հետևեին ձայնի պահանջներին. հաց ու ջուր, կահ-կարասին սայլերը բարձած` ճանապարհ էին ելել: Հենց այդ պահից էլ Մեծ տան երիցավագները, քաղաքային իշխանությունների խորհուրդը կտրուկ փոխել էին կարծիքը ձայնի նկատմամբ, բոլորովին հակառակ դիրքորոշում էին բռնել, ջանք ու եռանդ չէին խնայել տարհանվող բնակչությանը համոզելու` մնան իրենց տեղերում, թե իրականում նման բան չկա, չէր էլ կարող լինել, որ Ագռավաքարից ժողովրդին հասցեագրված ձայն լսվեր: Անհնար է, քանի որ Ագռավաքարից հարյուրավոր փարսախներ հեռու Ոստանակապանում է գերեվարվել խեղճ Մհերը, շղթաները թևերին` գիշեր-զօր եզների ու գոմեշների հետ իշխանի համար աշխատելուց հետո մահացել էր զառամյալ տարիքում, այնտեղ էլ թաղվել էր: Իսկ ամեն ուրբաթ խրխինջի գոյության մասին սուտ լուրը անորոշ միջավայրի մութ մասից եկած պատանին է ժողովրդին ներշնչում: Մեծ սխալմունք կլինի, եթե խառնակչություն գցելու համար ուղարկված թափառականին հավատան, հեռանան իրենց հազարամյա նստավայրերից:
Չխաբվելու և իրենց ասածի ճշմարտությունն ապացուցելու համար խորհուրդ էին տալիս ուշադիր լինել պատանու այլակերպ դեմքի նկատմամբ. իրենց աչքերով կտեսնեն` տակը էլի մի քանի դեմքեր կան` մեկ բոսորագույն բիբերով անգղի, մեկ էլ խաչաթև թռչնի է նմանվում:
Անտեսելով նախազգուշացումները, միևնույն է, երիտասարդները մեծ ու փոքր խմբերով դարձյալ Սասուն էին շտապել: Տեղ հասնելուն պես միանգամից փողոցներում, հրապարակներում, մարդաշատ տեղերում էին հայտնվել, վառվող ջահերը թափահարելով` աղաղակել, իրենց անհնազանդությունն էին հայտնել Մեծ տան երիցավագների միահեծան իշխանությանը:
Ինչքան էլ Մեծ տունը փորձում էր հակաքարոզչության միջոցներով պահպանել հասարակության մեջ հնուց ի վեր գոյություն ունեցող կարծիքը, որ ժողովրդին դարերի խորքից մեծ խառնակչությունների, տարբեր քաղաքակրթությունների և հասարակարգերի միջով անցկացնելու և լուսավոր ապագա հասցնելու գործում իշխանության անփոխարինելիությունն էր վճռորոշ նշանակություն ունեցել, բայց երիտասարդների ամենասկզբունքային հակադրությունը հենց այդ կարծիքի դեմ էր, և իր բողոքը նստակյաց տեղերից մասսայական տեղաշարժերով էր արտահայտում, որ աներևակայելի հարված էր իշխանական կառավարման համակարգին` դրանով իսկ Սասունը հասցնելով համարյա թե հեղափոխության եզրին:
Երիտասարդների հրապարակային անպատկառ ելույթները գնալով ժողովրդին ավելի էին գրգռում Մեծ տան ավագների դեմ, ինչն էլ խորացող թշնամության պատճառ էր դառնում: Նրանք, մինչև հոգիների խորքը վիրավորված երիտասարդների երախտամոռությունից, ճաշի սեղանի շուրջը գանգատվում էին իրար: Քանի որ ավերիչ խառնակության ամենամեծ մեղավորը Մհերին էին համարում, անթաքույց քենով պախարակում էին նրան. «Ուրեմն հազարամյակներ շարունակ քարը քարին դնելը, ոչինչից երկիր բարձրացնելը անշնորհակալ գործ էր: Պարզվում է` էս մոզիներին հասկացված լինելու համար անգամ թուլամիտ Մհերի չափ խելք չենք ունեցել, որ գլուխներս առած փախչեինք, որևէ քար ու քրջի մեջ թաքնվեինք»:
Ծերունիներից ամեն մեկն արդեն հարյուր տասը, հարյուր երսունն անց էր, թույլ և ավելորդ լինելու զգացողությունը չարացնում, ոխակալությամբ էր լցնում:
Բայց փողոցներն ու հրապարակները հեղեղած երիտասարդների միջամտությամբ քանի գնացող, հախուռն զարգացող իրադարձությունները, երևում էր` հսկողությունից դուրս էին եկել. այլևս երիցավագների ոչ գանգատներին, ոչ անցյալի հիշատակություններին հավատացողներ, ոչ էլ քաոսային իրավիճակը փրկելու նրանց հրամանները մինչև վերջ կատարողներ կային:
Երիտասարդների նոր գաղափարախոսությունը ծերունիներին շվարության, այնպիսի հուսահատության էր հասցրել, որ խռովածի պես կիսամութ սենյակներում փակված` օրերով մահառաջի լռություն էին պահպանում:
Չգիտեմ, կարող է երիցավագների հենց այս անօգնական վիճակն էր դեռ դպրոցական տարիներից հոգեհարազատ կապ ստեղծել ինձ հետ, որ ուղեկցեց ամբողջ կյանքի ընթացքում: Կարող է և նրանց սոսկալի ցավի, տխրության, վշտի, լքվածության մասին պատմող այս դրվագն էր գլխավոր պատճառներից մեկը, որ շաբաթներով ընկճվածության և դատարկության զգացողություն էի ունենում:
Բայց, սիրելի ուսանողներ, անձնական զգացմունքները կողմ դնենք, խոսենք սոցիալ-քաղաքական այն գլխավոր դրդապատճառների մասին, որ Մեծ տան երիցավագների և քաղաքային իշխանությունների կարծիքով երկիրը հասարակության ներկայացուցիչներով կառավարել պահանջող, իրենց «առաջադիմական գաղափարներով» երիտասարդներ հռչակած թափթփուկներին այդչափ համարձակության մղողը Մհերն էր:
Համոզված էին` երկրի առաջնորդը լինելու ժառանգական իրավունքից հրաժարվելը, գահը թափուր թողնելը, նախնիների սահմանած կարգից հետ կանգնելը, գնալ, Ագռավաքարում փակվելն ամենամեծ դավաճանությունն էր, որ Սասնո քաղաքական ժամանակի մեջ, մինչ այդ անհայտ, փողոցները լցված խաժամուժ զանգվածների համար մեկ ուրիշ` պահանջատիրական հարաբերությունների ասպարեզ էր բացել:
Նոր գաղափարախոսությանը հակադրվելու նպատակով էր, որ Մեծ տան երեցավագները, քաղաքային իշխանությունները, իրենց մհերյան ճշմարիտ վարդապետության հետևորդներ հռչակած լուսավոր երազանքներ իրականացնելու համոզմունքով քաղաք հասած երիտասարդների մեջ հեղինակավոր, իշխանական խնամակալ հոգևորականներ և հավատաքննիչներ էին ուղարկել: Նրանք ժողովրդին վերջնականապես հուսահատեցնելու համար ոչ միայն Մհերի անմահության գաղափարն էին ժխտում` հորինված, Ոստանակապանի գերության ստորացուցիչ պատմությունը տարածելով իշխանի կողմից երեներ որսալու ցանցով բռնվելու և քարհանքերում բանելու մասին, այլև վարձու բանասացների թատերախաղի միջոցով էլ մեկ ուրիշ, այլ սոսկալի պատմություն էլ էին ներկայացնում: Մհերին սպանած և մահվան դատապարտված հինգ գյուղերի հինգ գյուղացիների դատավարությունն էին խաղում: Մահվան դատապարտված ձեռնաշղթաներով գյուղացիները, որ չգիտեին` ինչո՞ւ և ո՞ւմ էր պետք իրենց կյանքը, մեղայական խոսքով անդադար պատմում էին` իբրև թե իրենք էին սպանել Մհերին, իսկ բանասացները թատերախաղով ցուցադրում էին ամբողջ սոսկալի տեսարանը, թե ինչպես էին հինգ գյուղերի ռամիկները գելխեղդ շներով պահակության կանգնել կորեկի արտի վրա, ինչպես էին երկաթեղենի զնգզնգոցներով փորձել Մհերի հրեղեն ձիուն վախեցնելով` հեռու քշել իրենց միակ ապրուստի միջոց կորեկի արտերից, բայց ոչինչ չէր ստացվել: Կախարդական լինելով` ձին էր հաղթել, շատ անգամ անտեսանելի էր դարձել, շատ անգամ էլ դյութանքով քուն էր իջեցրել նրանց աչքերին: Ծովային ձին ոչ սովորական լինելու պատճառով մեծ էներգիա էր ծախսել, դրա համար էլ ուժերը վերականգնելու համար մի գիշերվա մեջ միանգամից կորեկի հինգ դաշտ էր արածել: Հենց շատակերությունն էր եղել պատճառը, որ իրենց սովի և աղքատության դուռը հասցրած հակառակորդից ազատվելու համար հինգ գյուղերով դավադիր համաձայնություն էին կնքել, լուսադեմին մեծ ու փոքրով հարձակվել, քնած տեղը երկուսին էլ սպանել էին, հետո դիակները տարել, թաքցրել էին Ագռավաքարի խորշերից մեկում: Կասկած լինել չէր կարող. նրանց հաշիվն այնպես էին մաքրել, որ բացառվում էր` ամեն ուրբաթ այնտեղից կենդանի արարածի ձայն կամ խրխինջ լսվեր:
Բայց, սիրելի բարեկամներ, Մհերին նսեմացնող, մահվան տեսարաններով ներկայացվող այս քստմնելի պատմություններն իշխանություններն այնքան կարողացան պտտեցնել հասարակության մեջ, քանի դեռ ականատեսի վկայությունով չէր հաստատվել ճշմարտությունը, քանի դեռ Մհերը չէր խոսել Տոսպան լեռան Կոգահովիտ գյուղի հորթի հետևից գնացող հովվի հետ:
Երբ նոր էի սկսել ազգային վեպի ընթերցանությունը և առաջին անգամ հարյուր հիսուն պատումներից մի քանիսի մեջ հանդիպեցի բռնությամբ Մհերի` աշխարհից հեռանալու սահմռկեցուցիչ դրվագներին, հավանաբար ձեզանից մի չորս-հինգ տարով փոքր կլինեի: Հենց այդ ժամանակից էլ մահվան սարսափը միանգամից սկսեց հետապնդել: Անընդհատ թվում էր` ինչ-որ մարդիկ շներով ինձ էին որոնում` սպանելու համար: Քիչ հետո գլխի էի ընկնում, որ նրանք կորեկի արտեր ունեցող հենց հինգ գյուղերի բնակիչներն էին: Անթիվ բազմություն` տղամարդիկ, կանայք, երեխաներ` եղաններով, մանգաղներով, թաթակիշներով զինված, վառվող ջահերը թափահարելով` կորեկի կերած արտի եզրով գլուխ գլխի դավադիր փսփսալով` դեպի ինձ էր գալիս, քնած տեղս բոլորով` սուր գործիքները միանգամից մարմնիս մեջ էին մխրճում:
Հետո նրանց ուրվականները գիշերով սկսում էին տան չորս կողմը շրջել, զուգարանի ճանապարհին ինձ էին սպասում, մեկ էլ հանկարծ բակում որոճացող կովերին էին ծեծում: Երբեմն ընկալումներս այնքան էին սրվում` քնած կամ արթուն լինելս չէր տարբերվում: Մեկ էլ միանգամից ջրերի հատակն էր, որտեղից Սանասարը Ծովային ձին, զորությունն ու Թուր Կեծակին էր դուրս բերել:
Անսպասելի` գլխավերևս գարեհատիկի չափ խաչաթև մի թռչուն էր հայտնվում: Վազում եմ, քանի գնում, խոշորանալով հետապնդում է: Զգում էի` ծանր շնչառությունը ծոծրակիս էր հասնում: Հալածում էր սրիկան: Ամեն հետ նայելուց դեմքը մի անգամ անգղի, մյուս անգամ արծվի էր նմանվում: Մեկ էլ գլխի էի ընկնում, որ ինձ որսալ ցանկացող թռչունը իշխանական Մեծ տան հովանավոր Պատարազին էր: Այդ ժամանակ էլ ջրերի կապտականաչ մածուցիկ թանձրից Մհերն էր ընդառաջ գալիս: Աչքերի մեջ իմ նկատմամբ չարության, զայրույթի, ատելության նշույլ անգամ չկա: Մի ոստյունով բռնում է, ստիպում է` իր նման անմահ դառնալու համար պարզեմ աջս, որ խաչաթև Պատարազին իջնի:
Բայց պատումներից մի քանիսում նկարագրված սպանությունների զարհուրելի դրվագները այնպես էին ցնցել ու թուլացրել, որ անգամ օրը ցերեկով բաց աչքերով էի տեսնում, թե ինչպես էին աղքատության մատնված հինգ գյուղերի բնակիչներն իրենց` սովից փքված որովայններով երեխաների կյանքը փրկելու համար ամենադաժան ձևով դավադիր սպանում Մհերին ու ձիուն:
Պարզ տեսնում էի` դաշտամիջյան հողե ճամփեքի վրա իրար հետևից դխկդխկոցով ընթացող զույգ սայլերն ինչպես էին չորս լուծ կարմիր եզները շոգ օրվա միջով մնչոցով տանում Մհերին ու ձիուն` Ագռավաքարի խորշերում ընդմիշտ թաքցնելու, ինչպես էին սայլի հետնամասից կախված Մհերի երկար ոտքերը ծնկներից ներքև ճոճանակի պես դատարկության մեջ գնում ու գալիս: Սայլի տախտակների ճեղքերից ինչպես էր արյունը դեռ կաթկթում փոշոտ ճանապարհին: Հստակ տեսնում էի` վիրավոր, կիսակենդան ձին ինչպես էր դեռ խրխնջում, Ագռավաքարի այրերից ինչ ղողանջ էր տարածվում: Այս ամենին նաև Ոստանակապանի գերության ժամանակաշրջանն էր միախառնվում` շղթայակապ Մհերը ատամնաթափ, զառամյալ մի ծերունի է, օրնիբուն մտրակավոր մարդկանց հսկողության տակ ջորիների ու գոմեշների հետ խոշտանգվելով` բանում է արևից շիկացած քարհանքերում: Կաշի ու ոսկոր է, մեկ էլ հանկարծ ուժասպառ տապալվում է հնձած խոտի նման: Հսկիչներն արևով եփված նրա սև մեջքի վրա շառաչեցնում են դաբաղված մտրակների կաշեփոկերը, ստիպում են դարձյալ աշխատել:
Մհերի նկատմամբ հասարակության գործադրած զանազան դաժանություններով սպանության տարբերակներն այնպես էին սարսափեցրել, որ անգամ զորության նշան Պատարազիի` միայն երազում հայտնվելը բավական էր, որ հաջորդ մի քանի օրերի իմ հոգեվիճակը մատնվեր քաոսի:
Մհերի հետ իմ հակառակության պատճառն ինքնապահպանության բնազդն էր, վախը մարդկային հնարքների` սպանության զանազան ձևերի գործածության հանդեպ. դրանով էր պայմանավորված Պատարազիին դաստակիս տեղ չտալը, Մհերի բազուկները կծոտելը, գետնին ընկած տեղս ծնկներին հարվածելը:
Իսկ նա, օձիքս բռնած, շան լակոտի նման ոտքի էր հանում, ցնցելով պահանջում էր` ձեռքերս հանեմ ազդրերիս արանքից, աջս տամ իրեն, ասում էր. «Պարտավոր ես հնազանդ լինել,- ասում էր,- ինչպես մշակն է հողին ու ցորենին հասկանում, դու էլ պարտավոր ես ազգային վեպը հասկանալ: Ամենաբարի նախախնամությունը վեպի նպատակն այնքան զարմանալի ձևով է քո միջոցով իրագործելու, նվիրված շուն, ստրուկ, արհամարհված, զարկված պիտի լինես, բայց ՆՐԱ ոգու կողմից վաստակած այնքան ճշմարիտ հարգանքն ես վայելելու: Ուրիշ ինչպես պիտի քո երախտագիտությունը ազգային վեպին հայտնեիր, եթե թարգմանի այս կարևոր հնարավորությունը չօգտագործեիր, դուրս չգայիր ասպարեզ, չասեիր` այդպես չի եղել, ես մի այլ կերպ եմ լսում, տեսնում և մեկնում»:
Հողը չէր խոսում ինձ հետ, պատրաստ չէի ազգային վեպի մշակը դառնալով` արժանանալ Մհերի ճակատագրին: Չէի ուզում` գյուղացիները գային ու ոտքերի տակ գցած` քնած տեղս մանգաղներով, թաթակիշներով պատառոտեին: Չէի ցանկանում մտրակների մշտական շառաչների տակ, արևից շիկացած քարհանքերում գոմեշների ու ջորիների հետ բանելով` մեկնիչի կյանքով ապրել: Սովորական մահկանացուի յոթանասուն, ութսուն տարիների կյանքը շատ ավելի գերադասելի էր, քան զանազան բռնություններով ուղեկցվող անընդհատ տառապողի անմահությունը:
Մինչ Մհերը խոսում, պարտադրում էր, Պատարազին մեկ անգղի, մեկ արծվի, մեկ էլ հրագույն խաչաթև թռչնի կերպով պտտվում էր մեր գլխավերևները, զարմացած, կլորացած աչքերով Մհերին էր նայում, թե ինչպես էր քաշքշելով պահանջում` իրեն ընդունելու համար աջս պարզեմ:
Մի խոսքով, բարեկամներ, ամենացավագին, հակասական զգացմունքներով Մհերն իմ ներսում էր:
* * *
Իշխանական Մեծ տան վերակացու Տատուրը, չթաքցնելով ամենաչնչին մանրամասն անգամ, Ձենով Հովանին տեղեկացրել էր ազնվական տներում Սառայի ու Դավթի վերաբերյալ պտտվող բամբասանքներին:
Հովանը սպասել, երեկոյան ընթրիքից հետո խոսակցություն էր բացել: Դավթին ասել էր. «Սառան էլ ջահել չէ, հազար հիվանդություն ունի, մեջքի ցավերը չեն թողնում աչք բացի, քեզ շահել-պահելը դժվարացել է, էսպես որ գնա, նրան կսպանենք: Ճիշտ կլինի` գնամ քեզ համար կին ուզեմ, ինչ կասես` գնա՞մ»:
Դավիթը հա էր ասել, ասել էր` գնա:
Հովանը գլուխը բարձրացրել էր, էլ կասկած չէր մնացել, դեմքը հստակվել էր:
Հաջորդ օրը խնամախոսների շքախումբը Հովանի գանձարանից, ամբարների հարստությունից տեսակ-տեսակ նվերները, լայքա ներկով ներկված կարմիր մորթերը, շիկագույն վրանները, կարմիր փափուկ կաշիները, արծաթե զարդերը երկու ջորիներին բարձած` քշել, Կաղզվանի Խլիճ ամիրայի դուռն էր կանգնեցրել:
Պուզան իշխանի ընտանիքն էլ խնամախոսների գալու առթիվ, լուսնապաշտների օրենքի համաձայն, մինչև տանից չէր ելել, կապտակաթնագույն կատվին կենաց տիեզերական ծառի խորհրդանիշ իրենց այգու չինարուն չէր նստեցրել, հացի սեղանը չէր բացել:
Հովանը թե` քանի մտքինս չեմ ասել, բերանս բրդուճ, բան չեմ դնի,- ասել էր,- ես Դավթի հորեղբայր Ձենով Հովանն եմ, աստվածները բարեհաճ են եղել, նրան խոշոր զորություն են տվել, բնավորության մեջ էլ խավար գիծ չկա: Քաղաքի համար էլ մտածող է, միշտ կռվել է հարթավայրերից եկող վայրի ցեղերի դեմ, հեռու է պահել Սասնո սահմաններից: Արդեն երևի լսած կլինեք, որ ազնիվ մենամարտում սպանել է Մըսրա Մելիքին: Նրա բանակից բռնագրաված ամբողջ հարստությունը, գրաստները, սայլերը բաժանեց քաղաքին, աղքատներին լիացրեց: Անցյալ տարի աղբյուրի մոտ եմ տեսել Չմշկիկին, իսկական իշխանական Մեծ տան հարսնացու է, մենք հավանել ենք, դուք ի՞նչ կասեք:
Պուզան իշխանը թե` ճիշտ է, Դավթի մասին շատ բան պատահական անցնող-դարձողներից ու գուսաններից ենք լսել, բայց ոչ մեկի կողմից վատ արարքով չի հիշատակվել: Չմշկիկը թող Մհերի որդու համար կին լինի: Հարցրել էր. «Ձենով Հովանի եղբորորդուն կուզե՞ս, լսել ենք` արժանավոր է իր զարմին, բնավորության մեջ էլ խավար գիծ չկա»: Ասել է` կուզեմ:
Գիշերվա խնջույքից հետո, առավոտյան Հովանը տունդարձի ճանապարհն էր բռնել, խոստացել է տասնհինգ-քսան օրից Դավիթը կգա` հարսին տանելու: Սակայն խնամախոսները վերադարձի դեռ կես ճանապարհին էին` Դավիթն արդեն պատրաստվում էր մեկ ուրիշ ուղղությամբ գնալու:
Այդ նույն օրերին Մըսրա Մելիքին հաղթելու, նրա բանակը փախստական դարձնելու աննախադեպ լուրը Վանի Արծրունյաց արքունիքում բերնեբերան էր անցել, նորից ու նորից էր պատմվել:
Արքայադուստր Խանդութն էլ ուշադրության չէր արժանացրել տարբեր երկրներից իրեն ուզելու եկած, սխրանքներով ճանաչված և խոշոր ռազմական նվաճումներ գլուխ բերած զորավարներին ու մեծահարուստ ազնվականներին: Գողթան գավառի չորս համբավավոր գուսաններին էր վարձել, Սասուն էր ուղարկել: Դավթի առաջ դյութող արտասովոր պատմություններ էին երգել Խանդութի մասին:
Կաղզվանից նոր վերադարձած Հովանը, քեռի Թորոսը հասկացել էին, որ Դավիթը Վան է գնալու:
* * *
Սակայն, բարեկամներ, այդ ճանապարհորդության ընթացքում Դավիթը սկզբից Չմշկիկին, հետո էլ Խանդութին լքեց, նրա արարքի մասին պատմող ազգային վեպի հարյուր հիսուն պատումներից մի քանիսը իրարից տարբեր, երբեմն նույնիսկ մեկը մյուսին հակասող բովանդակություն ունեն:
Նրանցից մեկում պատմվում է` Եփրատի հովտով անցնելիս` Խանդութի մոտ գնալու ժամանակ, Դավիթը ճանապարհը ծռել է, մեղք է գործել Կաղզվանի Պուզան իշխանի աղջկա հանդեպ: Իբրև թե բարձրացել է, որ գնա Չմշկիկի մոտից, մնացել է, նորից ու նորից գինի է խմել: Նկատել է ժամանակի անցնելը, գնալով` գիշերվա խորանալը, առավոտվա բացվելը: Ուշ է սթափվել, միանգամից ձին է քաշել ախոռից, Չմշկիկը ձիու սանձն է բռնել, լացել է: Դավիթը գիշերվա մեջ մոլորվել, կատարվածի համար զղջացել է: Չմշկիկն էլ ասպանդակից կախված, ձիու կողքով հևասպառ վազելով` խնդրել է` իրեն խղճա: Դավիթը ձին քշել, թիկունքից դարձյալ նրա ձայնն է լսել` իրեն խղճա…
Սակայն դեռ չէր հասցրել հեռանալ, երբ Պուզան իշխանի արքունի դարպասների առաջ բանակը միանգամից շրջափակել է նրան: Ողջ թողնելու համար յոթ օր հետո վերադարձի` Չմշկիկի հետ ամուսնանալու երդում էին պահանջել:
Իսկ մեկ ուրիշ պատումի մեջ էլ նկարագրված է` ինչպես է Խանդութը մի կողով ընկույզով նրան փրկել աշխարհի չորս ծագերից իրեն ուզելու եկած մեծահարուստների և երևելի զորավարների ձեռքից:
Նրանք քամահրանքով էին վերաբերվել Դավթի զորությանը` Մելիքին ազնիվ մենամարտում հաղթելու քաջությանը: Գաղտնի համաձայնության գալով` որոշել էին արբեցնել, լուսադեմին սպանել:
«…Այդ գիշեր էլ,- նկարագրվում է պատումում,- Խանդութը մի քանի կողով ընկույզով տանիք է բարձրացել: Լուսադեմին, երբ Դավիթը արբած` գլուխն արդեն պորտին է գցել, Խանդութը ընկույզ է նետել պղնձե արձաններին, արծաթե սպասքին, այն ամենին, ինչը զնգացել, զրնգացել, մի ակնթարթով արթնացրել էր Դավթին, փրկել էր վերահաս մահից: Երեք-չորս կողով ընկույզով լուսացրել, նրան արևածագ էր հասցրել…»: Շարունակությունը պատմում է` գիշերային այդ դեպքից հետո, երբ սեղանատանը հանդիպել էր Խանդութին, Դավիթը, ուշադրություն չդարձնելով նրա հարվածներին, քիթբերանից թափվող արյանը, երևելի զորավարների աչքի առաջ շուրթերն էր համբուրել: Հետո արյունը թևքի վրա սրբելով` Խանդութից նեղացած ձին է հեծել, նա էլ ծնկներից է կախվել, խնդրել է` մնա, չի համաձայնել: Խանդութը ինչ հագուստով եղել է, այդպես էլ գնացել է հետևից. սկզբից մույկերի կարերն են քանդվել, հետո ներբաններն են թափվել, ոտաբոբիկ է մնացել, հետ չի դարձել: Դավիթը կեսօրին, հետո էլ մայրամուտին է շրջվել, տեսել է անդադար գալիս է: Սպասել է, Խանդութը թե` ուր էլ գնա` հետևելու է, ուզում է` աշխարհի վերջը գնա, միևնույն է, ձիու հետքը ու նրա հոտը բռնած, հետևելու է: Դավիթը չի դիմադրել, ձին շրջել, Վան են վերադարձել, արքունիքում հարսանիք են կատարել, ինն ամիս անց Մհերն է ծնվել:
Գիտեք, ինչպես որ Չմշկիկին վերաբերող առաջին պատումում էր, Խանդութին վերաբերող այս դրվագում էլ շատ բան անորոշ է: Երկու պատումներում էլ հստակ չէ` ինչն էր Դավթի` երկու կանանց էլ այդքան հապշտապ լքելու պատճառը: Ամենավաղ գրի առնված տարբերակներից մեկում Չմշկիկի մոտից հեռանալու զանազան պատճառներ են նշվում. 1) Անկողնում մի բան էր պատահել, որ այլևս չէր ցանկանա նույն անկողինը վերադառնալ: 2) Լուսաբացին` գինովությունը թողնելուց հետո, Դավիթը խայտառակվելու փաստի առաջ էր կանգնել: Իրեն թույլատրված էր կնության վերցնել լուսապաշտների տոհմի առաջնորդի աղջկան, բայց ոչ երբեք նրա հետ արտաամուսնական կապի մեջ մտնել: Նրա արարքն ավելի շատ գլխապատառ փախուստի էր նման:
Երբ Պուզան իշխանի արքունիքի առաջ բանակը եկել, շրջապատել էր նրան, վիճակից պրծնելու այլ ելք չունենալով` յոթ օր անց վերադառնալու պայմանով երդում տալուց հետո էր միայն Չմշկիկը թույլ տվել, որ դուրս գա Կաղզվանից: Այդ ժամանակ Դավիթը կարծում էր` հեռանալով Չմշկիկից կարող էր և իր որովայնի սերմից էլ փախչել. դրա անհնարինությունը նրա մահով ապացուցվեց:
Իսկ երրորդ պատումում Խանդութի մոտից այդքան անսպասելի հեռանալու պատճառ է նշվում Կաղզվանում Չմշկիկի հետ անցկացրած գիշերվա բացահայտվելը, այլ ոչ թե հրապարակավ` պալատականների և փեսացու զորավարների ներկայությամբ քիթ-բերանին ստացած ապտակը, ինչն իբրև թե նրան վիրավորել էր մինչև հոգու խորքը:
Մեկ ուրիշ տարբերակում էլ Դավթի հորեղբոր` Վերգոյի որդուն` Աստղիկ Պարոնին Խանդութի պատճառով սպանելու մասին է խոսվում, իբր թե այդ մեծ մեղքը հետագայում նրա մեջ աճել, Խանդութից հեռանալու պատրվակ էր դարձել:
Իսկ համահավաք գրքում էլ նկարագրվում է Խանդութին ուզելու համար Սասունից Վան հասնելու դեպքերը, իբրև թե տեղ հասնելուն պես, գնացել, արքունի պարտեզի ծաղկանոցների մեջ էր քնել, ձին էլ աջ ու ձախից արածելով` շատրվանները, ջրավազաններն էր ոտատակ տվել:
Խանդութին զայրացրել է նրա ռամկական վերաբերմունքն իր նկատմամբ, հրամայել է, վռնդել են քաղաքից:
Բայց կարծում եմ` դա դուք էլ նկատեցիք` բոլոր տարբերակներում էլ անորոշություն կա:
Լավ, ենթադրենք, թե այդպես էր, Դավթի` Կաղզվանում անցկացրած գիշերը բացահայտելու պատճառով էր Խանդութը հասարակության աչքի առաջ, խանդից ապտակելով, ծաղրուծանակի ենթարկել նրան կամ արքունի տան պարտեզների նկատմամբ արհամարհական վերաբերմունք դրսևորելու պատճառով էր վռնդել Վանից, այդ դեպքում ինչո՞ւ էր մինչև մայրամուտ նրա hետևից ոտաբոբիկ գնացել:
Կամ, եթե Կաղզվանում էլ արտաամուսնական կապի մեջ մտնելով Չմշկիկի հետ` պախարակել էր նրան ու հազիվ էր մազապուրծ փախել, կամ եթե, իրոք, անկողնում նրանց միջև այնպիսի մի բան էր պատահել, որ անտանելի, անհամատեղելի էր լինելու նրանց ապագա կյանքի հետ, և այդ անկողինն այլևս չէր վերադառնալու, եթե, իրոք, այդպես էր, այդ դեպքում ինչու՞ էր Չմշկիկը համառում, երբ հեքիմները բոլորի համար անցանկալի հղիությունից ազատվելու մի քանի անվնաս տարբերակներ էին առաջարկում, որով ընդմիշտ կազատվեր ամոթալի վիճակից, այլ, ի հեճուկս մերձավորների հրաժարումների, մեծից փոքրի արհամարհանքների, հասարակությունից հեռացված, հեռավոր սահմանամերձ գյուղերից մեկում, ենթարկվելով զրկանքների, մենության մեջ ծննդաբերեց` տասնվեց տարի լուռ ու մունջ ապօրինածին աղջկա հետ Դավթի վերադարձին սպասելով:
* * *
Տասնհինգ-տասնվեց տարի բացակայելուց հետո, հյուսիսի կողմերից Դավիթն էր վերադարձել: Հենց շաբաթվա սկզբից նրա գալուն առնչվող մի քանի դեպքեր էին կատարվել:
Երեկոյան իշխանական Մեծ տան խոհանոցում ծառաներն ալյուրի պարկ էին հայտնաբերել: Առաջինը թխած գաթայից մի կտոր խոզին էին տվել. միանգամից սատկել էր: Հարցմունքով պարզվել էր` Դավթի վերադարձի առթիվ տոնական սեղանի համար ալյուրը, գինին, չամիչը քաղաքապետարանի պահեստներից Վերգոյի կարգադրությամբ էին ուղարկել:
Ձենով Հովանն ու Թորոսը վախենալով, որ իշխանական Մեծ տան պառակտման մասին բամբասանքներ կտարածվեն, մեղքը ցորեն կալսողների, ջրաղացպանի վրա էին գցել թե` չէին կարողացել թունավոր կոդինտի հատիկները աղունից զատել, բոլորին էլ հրապարակավ մտրակով պատիժ էին նշանակել:
Բայց հասարակության վրա ավելի մեծ ազդեցություն էր թողել Դավթի վերադարձի օրը պատահած միջադեպը. իբրև թե Վասպուրական աշխարհի սահմանի վրա միմյանց չճանաչելով` Դավիթն ու Մհերը աղջկա պատճառով իրար էին զարկել:
Լուրն առած` Խանդութն էլ գնացել, տեսել է երկուսն էլ արյունոտ, երկուսն էլ կտրտված: Անունները գոռալով` վախեցած մեկից մյուսն է վազել: Մհերին քաշել, հոր դեմ է կանգնեցրել թե` ներում խնդրիր: Նա ինչքան էլ մեղա էր ասել, Դավիթը ծեծկռտուքից ընկճված, ամոթահար ասել է, որ Մհերի ամեն զարկի հետ նրան անիծելով` Աստված է կանչել:
Շուրջը գետնին թափթփված զենք ու զրահի մեջ կանգնած Մհերը զարմացել, նրա արնոտ, տխուր դեմքին է նայել, ցանկացել էր հասկանալ` ինչ է նրա ասածի իմաստը, չի կարողացել: Խանդութն էլ է սարսափած եղել, նրա վախեցած աչքերից էլ բան չի գուշակել:
Տարակուսանքի, անորոշության կիսատն էլ փրփրակալած, քիտինք կաթկթացող ձիով եկել, Հովանն էր լրացրել, մի հատ, երկու հատ խփել էր թե`«Դու հո՞ կոնդ չես, ինչո՞ւ ես հորդ հետ կռիվ մտել, էլ չմնաս իշխանական տանը, ել, գնա քաղաքից»:
Լուրերն ավելի ուշ, հետո էին հասել Սասուն թե` Մհերը` Վան, Վաչագան պապի արքունիք էր գնացել: Հոր հասցրած նզովքից այնքան էր վիրավորվել` օրն ի բուն արբեցողության մեջ էր, այն վիճակին էր հասել, անգամ էշը ձիուց չէր տարբերում:
Իսկ ովքեր Դավթի վերադարձի օրը նրա քարավանի հետ տեսել էին Երմոնեին, նրա գեղեցկության, սապատավոր ուղտի թամքին նստած լինելու, հրաշքների մասին էին պատմում. «Ամեն բանի նկատմամբ անտարբեր, աշխարհից հեռու, քնածի պես, ինքը սպիտակ բուրդ էր մանում,- ասում էին,- բայց իլիկի մյուս ծայրից կարմիր, սպիտակ, կապույտ թելեր էին դուրս գալիս,- ասում էին,- երկրորդ գալստյան օրերին ելնելու է իր գործած երեք գույն պատմուճաններով Հորը, Որդուն և Սուրբ հոգուն դիմավորելու»:
Ոմանք վստահեցրել էին` Դավթի ու Մհերի կռվի ու դեպքերի հետագա զարգացումների վրա Երմոնեն էր կարևոր ազդեցություն ունեցել: Թե` Մհերը միանգամից էր նրան տեսել ու սիրահարվել: Այդ պատճառով էր խփել, հա խփել վահանի տակ մտած հորը, անգամ Խանդութ տիկնոջ թախանձանքը հետ չէր պահել:
Նրա հափշտակված ինքնամոռաց կռվից, ոչնչացնելու տենդից, այրվող աչքերից Դավիթը սարսափել էր, գլխի էր ընկել` այդ ինչ խոշոր, անկասելի ուժի հետ էր զարկվել: Եթե Մհերն այդքան զորեղ էր, ապա ինչ էր լինելու նրա որդին, երկուսով գուցե և աշխարհը կործանեին:
Այս տարբերակի կողմնակիցները դարձյալ ասում էին. «Ահա թե որտեղից էր գալիս Դավթի` անմահ, անժառանգ մնալու այդչափ ծանր անեծք հասցնելը: Երմոնեն այդ ամենի հետ կապ չուներ, նրան կռվի պատճառ բռնելը հիմարություն է: Մի՞թե ամեն բանից պարզ չէր, որ Դավիթն ինքն էլ էր մղկտացել իր հասցրած նզովքի համար»:
Թերահավատները հակադարձած էին եղել թե` որ բարի հայրը աշխարհի լինել- չլինելու համար որդուն նզովելով` հավերժական տառապանքների կմատներ, ինչքան էլ նա զորեղ, չար ու անհնազանդ լիներ: Ասում էին. «Լավ, մյուս կողմից էլ, եթե Մհերն այդքան հակասական, անհնազանդ էր, այդքան սարսափեցրել էր Դավթին, բա Ձենով Հովանի` նրան լավ ծեծել, քիթ ու բերանից արյուն թափելն այդ ինչպե՞ս եղավ. որ մի ծեր Հովան եկավ ու կարողացավ ահռելի ուժի տեր մարդուն այդպես դնգստել»:
Մյուսները դարձյալ իրենցն էին պնդել, թե իրավիճակը միայն ու միայն Հովանի խորաթափանցության շնորհիվ էր փրկվել: Նա էր, որ գլխի էր ընկել, եթե Դավիթը, Մհերն ու Երմոնեն մի հարկի տակ ապրեին, կործանարար կլիներ իշխանական Մեծ տան համար: Այդտեղից էր գալիս իրականությունը կոծկելու, հենց իրենց կողմից էլ հորինված` իրար զարկելու ամոթալի միջադեպը և անեծքի պատմությունը մեջտեղ բերելը:
Երրորդ դիպվածը, որ իշխանական Մեծ տան տարակուսանքն էր առաջացրել, դարձյալ նույն շաբաթ էր կատարվել: Ուրբաթ օրն առավոտյան առաջինը Խանդութն էր նկատել` նրա բազկի Խաչ Պատարազին, կուտ գնացած հացի պես, սևացած էր եղել: Դավիթը միանգամից էր հասկացել Պատարազիի` իրեն լքելու և Մհերի զարկերի անարգել գլխին թափվելու պատճառը: Էլ ոչ մեկի խնդրանքը չէր լսել, ձի հեծել, Կաղզվան էր ճանապարհվել:
Ժամանելու լուրը Չմշկիկին սուրհանդակն էր տարել: Երկու օր Դավիթը գետափին զարկած վրանում նրան էր սպասել: Կեսօրվա շոգին մտել էր լողանալու: Մերկ, ոտքի թաթով ջրի տաք ու սառն էր փորձել, ուսի վրայով հետ էր նայել, քիչ հեռու մոխրագույն ավանակի վրա հրագույն հագուստով պատանուն էր տեսել: Դեմքն արծիվի, խաչաթև թռչնի է նման եղել: Մերկությունից ամաչելով` քանի գնացել, հեռացել է ջրերի մեջ: Միտքը դեռ չէր ավարտել, փորձում էր պատանու աչքերից հասկանալ` այդքան տարիներ իրեն ուղեկցած Պատարազին իրո՞ք նա էր եղել, միտքը որոնում էր, միաժամանակ եղեգների հետ գնալը, դարանած մեկի` աղեղը ձեռքին դուրս գալն էր տեսնում, նետը ուղղելը, իր ոչ մի բան չձեռնարկելը, միայն քամուց ծածանվող նրա վարսերին նայելը: Գիտակցում էր ցերեկ լինելը, բայց ջրերի մեջ և արևի, և լուսնի երևալը, միաժամանակ ջրերի վրա երկթև բզեզների սահելն էր տեսնում: Միանգամից էր տխրել, երբ թվացել էր` ձին, քարերը, ծառերը լողալով հեռանում են իրենից: Միտքն անդադար շարունակվել էր սրընթաց նետի զարկելու հետ, գետի հոսքի կանգնելն էր տեսել: Ջրերի, քամու, գորտերի լռելն էր լսել, թե նրանց մեջ ինքը ինչպես էր բոռում: Գոմեշների նախիրի բառաչի պես թնդացրել, կարկտի նման չորս կողմը ծեծելով էր ձայնը Սասուն հասել:
Քեռի Թորոսը թռել էր տեղից, հասկացել էր` Դավթին էին զարկել: Ազատանին ախոռներից ձիերն էր դուրս քաշել: Անսպասելի դեպքերի համար միշտ էլ նկուղներում եզան դաբաղած կաշի էին պահած ունենում, միանգամից բերել, Ձենով Հովանին էին փաթաթել: Սասունից Կաղզվան էր բոռացել, մինչև իրենց հասնելը Դավթին դիմանալ էր հորդորել: Քրտնքակաթ ձիերով կանգնել էին գետափին: Թորոսը նրա գլուխը ծնկներին էր առել, բժիշկը նետը հանել էր, տեսել էին` սայրը մահացու թույնով էր լցված եղել: Հովանը հարցրել էր. «Տղա, քեզ ո՞վ է զարկել»: Ումի՞ց են իրենք վրեժ լուծելու: Եղեգների մեջ որոնել, ջրագուղձերի վրա աչքերը բաց աղջիկ էին գտել: Դավթի բոռալուց վախեցած` սպանված էր եղել:
Նույն այդ ժամանակ Կաղզվանի ամիրա Պուզանի դաստակերտից էլ դիասայլերով ցեղապետեր, զինվորականներ էին սգալով եկել աղջկա մարմինը տանելու: Թորոսը Դավթին ասել էր. «Քո կորուստը քեզանից է,- ասել էր,- թիկունքից քեզ զարկողը Չմշկիկի դուստր Հրանույշն է եղել»:
Դեռ լեզուն չէր կորցրել, բայց շնչահեղձ հազից հասկացել էին` թույնը սկսել էր արդեն գլուխը բարձրանալ: Վրահաս հեքիմն էլ մինչև մայրամուտ դարձյալ դեղաթափության իր իմացած միջոցներն էր փորձել: Միանգամից էր մահացել: Բոլորը քարացել էին: Ձիու ներսն էլ աներևույթ մի բանից հանկարծ դող էր ընկել, ծառս էր տվել, թռել մինչև Սասուն, ճանապարհին ինչ արարածների, ինչ շարժվող բանի էր հանդիպել, խորտակել, թափել էր: Խանդութ տիկինը քրտնաթոր, ջարդուփշուր սմբակներից արյուն կաթացող ձիուն էր տեսել, նրա դողը միանգամից իրեն էլ էր փոխանցվել: Երմոնեի հետ ոտքի էին հանել դրանիկ ծառաներին, վառվող ջահերով ընկել դաշտերը, Դավթին էին որոնել:
Նույն այդ օրն էլ Սասնո ազնվականները, ագարակատերերը, վաճառականներն ականջներից կախած գինդերը, պարանոցի մանյակները, սամույրե թիկնոցները, ոսկյա ճարմանդները, արծաթե գոտիները, իշխանական պատիվ վարսակալները հանած` սգո արարողակարգ էին կատարել: Բոլորով մինչև Տնտեսի կիրակի օրվա վեցերորդ ժամը գնացել` Դերենիկ Քարնեղենցի կաթողիկոսի կողքին են նստել, առանց լվացվելու, հացի, առանց բառ փոխանակելու, երեք օր ամբողջական լռություն էին պահպանել:
Դավթի սպանության մանրամասներին ժողովուրդն էլ Կաղզվանից ժամանող վաճառականներից էր տեղեկացել: Ասել էին. «Մոր տառապանքի պատճառով էր, որ աղջիկը նետ էր արձակել: Շատ անգամ էր տեսել ապօրինածնության համար Չմշկիկի տարած նվաստացումները, անգամ ինքն իր վրա ձեռք բարձրացնելու փորձեր էին եղել,- ասել էին,- Չմշկիկը պատվախնդիր չլիներ, հարյուրավոր ուզողներ էին գալիս, կամուսնանար, բայց ինքը համառել, Դավթի վերադարձին էր սպասել,- ասել էին,-որպես ընդոծինի` Հրանույշին Խլիճ իշխանի պահանջով նույնիսկ արգելված է եղել բարձրաստիճան հասարակության հետ շփվելը»:
Դավթի մահվան գոյություն ունեցող մեկ ուրիշ պատճառի մասին էլ էին խոսել` իբրև թե Չմշկիկի առաջ երդմնազանց լինելու համար չէր, որ Դավիթը կյանքից զրկվել էր, այլ` լուսնապաշտների պատվիրանները հաշվի չառնելու: Արտաամուսնական կապով դուստր ծնելը խախտել էր հավատամքային կարգ ու կանոնով սահմանված տիեզերական գերագույն օրենքները:
Խանդութը Դավթին բերող սգո թափորը ավելի ուշ աշտարակից էր տեսել:
Քանի որ տարիներ առաջ Դավիթը մարտի դաշտում առանց ճանաչելու Աստղիկ Պարոնին էր սպանել, Վերգոն ոչ Կաղզվան` Դավթի դին բերողների, ոչ էլ Դերենիկ Քարնեղենցի կաթողիկոսի մոտ երեք օրով լռությամբ սգո արարողություն կատարողների մեջ էր եղել: Քաղաքապետարանից եկել, բարձրացել էր աշտարակ, Խանդութի կողքին կանգնած դիտել էր դռնամուտ դարպասներով եկեղ թափորը: Հեռվում խմբված ծառաներից ոչ ոք չէր հասցրել Խանդութին բռնել, ամենամոտը Վերգոն էր եղել, ոչ էլ նա էր փորձել արգելել, թողել էր` աշտարակից նետվեր: Բայց ծառաները լսել էին նրանց խոսակցությունը, թե ինչպես էր Վերգոն ստիպել Խանդութին իր կինը դառնալ: Ասել էր. «Ոչ թե Դավթից որդու վրեժը լուծելու համար, այլ` սիրուց»: Ասում էին. «Եթե սպառնալով այդպես չստիպեր` Խանդութ տիկինը երբեք ինքնասպան չէր լինի»:
Վերգոյի հեղինակությունն ուրիշ էր: Ուզածին հասնելու համար հրամանները կատարողների հանդեպ անասելի խստապահանջ էր: Ազնվականների, ագարակատերերի, հոգևորականների, զինվորականների մեծ մասը քծնում էին նրան: Անասելի ինքնավստահ էր դարձել, հատկապես, երբ Սասնո քարքարոտ հյուսիսում կարողացել էր լեռներից իջնող գետերը կուտակել ձորում, ոռոգման ջրերը կավե խողովակներով այգիներին ու դաշտերին էր հասցրել: Բանիմաց տնտեսի հաշվարկներով Ճապաղ սարի տասնհինգ հովիտները չնչին հարկերով տասնհինգ ագարակատերերի էր բաժանել, ինչքան էլ առաջին տարվա չտեսնված բերքի վրա հարավից եկած սև մորեխն էր հարձակվել, այնուամենայնիվ, հողատերերը դարձյալ կարողացել էին հացահատիկի խոշոր տուրքեր տալ պետությանը: Վերգոյի գլուխ բերած ոռոգման ցանցը մեկընդմիշտ լուծել էր Սասնո բնակչությանը և բանակին մշտապես չբավարարող հացի պահանջները:
Վանի թագավորության զանգերն էին քաշել, գյուղերից, ավաններից ժողովուրդ էր եկել: Միայն հարյուրից հարյուր հիսուն հազար դահեկան պատարագին էին տվել, գոդենոցներին, անկյալանոցներին, բորոտանոցներին վեց սայլ խաշած միս էին բաժանել: Քաղաքապետ Վերգոյի որոշումով Դավթի և Խանդութի թաղման արարողության ժամանակ երկու հազար դահեկանից ավելի հողադրամ էին ծախսել:
Իսկ Դերենիկ Քարնեղենցի կաթողիկոսը մահախոսականը դեռ չէր ավարտել, Երմոնեն տուն էր վերադարձել գերեզմանոցից, ընդմիշտ հեռացողի նման հրաժեշտ էր տվել դրանիկներին: Աղախինը, որ օգնել էր մաքուր սպիտակեղեն հագներ, նրա պահանջով պահարանի գաղտնարանից մի սրվակ վայրկենական ներազդող, զտված, մաքուր թույն էր տվել: Երմոնեն բոլորի ներկայությամբ ջարդել էր իլիկը, դադարեցրել էր կարմիր, սպիտակ, կապույտ թելերի մանվածքը, որ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն պատմուճաններ գործելու համար էր մանում: Քանի որ Դավթի հուղարկավորությունը դեռ չէր ավարտվել, առանց հրաժեշտ տալու Թորոսին ու Հովանին, դեպի լեռներն էր հեռացել, միանգամից անհետացել էր քարերից բարձրացող մշուշի մեջ:
Թաղման արարողությունից երկու շաբաթ անց շուկայում աղանդավորներից մեկին էին սպանել: Քաղաքում պարանոցներից հաստ շղթաներով արեգակի` պղնձե թևավոր կեռ խաչեր կախած` չորս պավլիկյաններ էին շրջել: Աննահանջ խոսել էին, որ ժողովուրդը երկնային հորն արժանանալու և փրկություն գտնելու մի ճանապարհ ունի` պիտի գահընկեց անի Վասպուրականի լուսավորչական կաթողիկոսին, պիտի դադարի նրան սրբացնել, երկրից դուրս պիտի քշի բյուզանդացված եկվոր հավատքը: Հետո խոսքը նրանցից նիհար, բարձրահասակ ծերունին է վերցրել թե` Գրիգորի հայր Անակը Պարսից աշխարհից եկել, սպանել է մեր բնիկ թագավորին, իսկ նրանք տիրասպանի որդի Գրիգորին հայոց աշխարհի լուսավորիչ են հռչակել, լինելո՞ւ բան է: Լուսավորիչը միայն Արևն է, նրանից բացի չկա ուրիշ գերագույն: Կփրկվեն, եթե վերադառնան նախնյաց, բնիկ տերերի աստվածավախ վարք ու բարքին: Մեղք են գործում, երբ Սասնա Մեծ տան իշխաններին աստվածներին հավասար են պաշտում կամ կիսաստվածներին վայել մեծարանքներով են թաղում` ինչպես Դավթին: Իրենք կասկած չունեն` թագավորները, ազնվականները Նեռի ուղեկիցներն են , ժողովրդին էլ իրենց հետևից պիղծ ճամփեքով են տանում:
Առաջին շարքում կանգնածները գոռացել են. «Քարոզիչները ճիշտ են, իրենց բնիկ թագավորների հին հավատքն են ուզում»: Իշխանական Մեծ տան դեմ անհանդուրժողական խոսքեր են աղաղակել, նրանց կարգը տապալելու կոչեր էին արել: Հավաքվածների խորքից մեկը միանգամից առաջ էր եկել թե` իրենց ինչին է պետք հին հավատքը, քարոզիչներն էլ հերձվածողներ են, Կաղզվանի վարձկան լրտեսները Դավթի հիշատակը պղծելու համար են ուղարկվել, նրանց զարկելու կոչ էր արել: Քանի որ ինքն էլ իշխանական Մեծ տան տոհմից էր եղել, առանց սպասելու ձիով մոտեցել, հենց սայլի վրա թռցրել էր ծերունի քարոզչի գլուխը: Մնացած երեքը փախել, թե ժողովուրդն էր թաքցրել, Վերգոյի կարգապահ տեսուչները որոնել, չէին գտել:
Դավթի թաղումից հետո, հայոց Հրոտից ամսին` շոգերը սկսվելուն պես, Աստծու հավատացյալ Քառասուն Ճուղ Դեղձուն Ծամը վախճանվեց:
* * *
Սիրելի բարեկամներ, նոր սերունդներ էին աշխարհ գալիս, հները անցնում, Մհերը դեռ թափառում էր: Երբ որևէ տեղ էր հասնում, մեկ էլ սարսափով նկատում էր` այդ քաղաքում, ավանում, փողոցներում, իջևանատանն արդեն եղել էր, հետո նորից մեկ ուրիշ ճանապարհի սկիզբ էր դուրս գալիս:
Բայց գիտե՞ք, դեռ Սասուն վերադառնալ, Ագռավաքարում փակվելուց առաջ նրա հետ նկատելի փոփոխություններ էին կատարվել: Անապատում անցկացրած տարիները շրջապատի նկատմամբ բոլորովին այլ էին դարձրել, կարծես զրուցակցին ոչ լսում, ոչ էլ ասածի իմաստն էր հասկանում: Անընդհատ լռում էր, ժողովուրդն էլ ենթադրում էր` լալկվել է: Բայց ավելի հավանական է` ճանապարհներին միայնակ լինելը լեռների, ջրերի, ավազների, անտառների լռության լեզուն էր սովորեցրել, նրանց էր լսում:
Քանի որ ճանապարհներն ի վերջո Մհերին ոչ մի տեղ չէին հասցրել, վերադառնալ, քարայրում փակվելուց հետո Սասունում գտնվել էին մարդիկ, որ նրա թափառումներին քամահրանքով և անարգանքով էին վերաբերվում, այդ ամենի անիմաստությունն իրենց կարճատև կյանքի հետ համեմատելով էին դիտարկում: Չէին կարողանում ընկալել Մհերի` նորից ու նորից միևնույն վայրերում հայտնվելու պատճառը կամ ավելի մենավոր ճանապարհներ որոնելու ձգտումը: Չէին հասկանում` ինչո՞ւ էր կյանքը մեկ այս, մեկ այն երկրում կամ որևէ աշխարհագրական խուլ տարածքներում մսխում: Ինչո՞ւ էր երթը մի տեղ կիսատ թողել և այնտեղից չէր սկսել, որտեղ ավարտել էր նախորդ օրը, խճճվել էր պարուրաձև պտույտների մեջ, ինչու՞մն էր նրա հեռավոր փակուղիներում մենության մեջ հայտնվելու իմաստը:
Հենց այդ անհասկանալիից էր առաջանում նրա և հասարակության մի հատվածի միջև հակասությունը:
Չնայած առկա հակադրությանը` երբեմն իմ մեջ էլ հարց էր առաջանում. գուցե նրանց միջև իրականում որևէ սկզբունքային կամ գաղափարական տարաձայնություն էլ չկար: Պարզապես ժողովուրդը բնազդով ընկալում էր Մհերի անմահության առեղծվածը, որից միաժամանակ պաշտամունքի և վախի զգացողություն էր ունենում, ինչպես հաճախ է պատահում վերև-ներքևներում գտնվողների միջև . հակադիր բևեռներն իրար ոչնչացնելու թշնամանքով են լցված լինում:
Եթե փորձենք Մհերին առաջնորդող մղումներին հետևել, միանգամից կերևա` պարբերաբար միևնույն ճանապարհներին և միևնույն տեղանքում հայտնվելը ոչ թե շփոթմունքի, մոլորվելու, թուլամտության կամ նպատակ չունենալու հետևանք էր, ինչպես թերահավատներն ու քամահրողներն էին ասում, այլ համամարդկային խիզախումներով բացված` միլիոնավոր տարիների հին ճանապարհներին ինչ-որ բանի թիզ առ թիզ մոտենալը զգալն ու անապատի անշարժության մեջ նրան կարողանալ սպասելն էր նպատակը: Փորձում էր տիեզերական շրջապտույտներում, մառախլածածկ անդունդներում հայտնված հուսալքված ազգային ոգին ամրապնդել, նեցուկ լինել, նրա համար ելքի դուռը որոնել:
Չգիտեմ, գուցե նման տեսակետները վիճելի են, բայց մինչև Մհերը, ոչ հայոց թագավորները, ոչ մեհենական քրմերը, ոչ քրիստոնյա վարդապետները, ոչ էլ հայեցող ուսուցիչները, դեռևս ոչ ոք հուսահատ ժողովրդին այդպիսի գեղեցիկ, համարձակ ու քաջասիրտ թռիչքի դեռ չէր տարել:
Մեր երկրի միակ պատմությունն է, որ ազգի առաջն ընկած` գնալու է, ինքն ավելի երկար է ապրելու, քան` ժողովուրդը:
Կարծում եմ` տեղին կլիներ` հաջորդ դասախոսության ժամանակ Մհերի անցած ճանապարհների վերաբերյալ նաև Վրվեռ Հեսվանեցի ուսուցչապետի` գիտության գործի գլուխ կանգնած իմացաբան աշակերտների մանրամասնորեն գծագրած քարտեզներն ուսումնասիրել: Անգամ լուսանցքներում տեղանուններն են նշված, որտեղ գիշերել կամ մեկ-երկու օրով դադար էր առել: Կախաղանի օղակի նմանվող Մհերի շրջապտույտներով դաջված ճանապարհների պատկերից այնպես էի տպավորվել, որ չէի կարողանում հասկանալ, թե որ ժամանակներում եմ գտնվում: Առաջին անգամ, երբ տեսա, տասնվեց-տասնյոթ տարեկան էի, Նա` իմ մի ես-ը, այնտեղ էր, բայց այս ներկայում հո ես ես էի: Երկուսին էլ հավասարաչափ իրական էի ընկալում, միաժամանակ զգում էի իմ երկվությունը: Շատ պարզորոշ մի հսկայի էի տեսնում` ջրապտույտի մեջ ընկած, ծառի բնի պես անընդհատ իր առանցքի շուրջն էր պտտվում: Լուսնալույս է, ավազե բլուրների արանքով, զենք ու զրահը ձիու մեջքին է բարձած, մի քանի քայլ ձիուց առաջ միայնակ գնում է Մհերը` մշտապես ծարավ, ճաքճքված շրթունքներով, խռիվ մազերով: Թվում էր` ներսից բացելու համար խարխափելով դուռն էր որոնում, կամ էլ չգիտեմ` ճիշտ կլինի՞ համեմատությունը` կանգառից շուտ էր ցանկանում իջնել ավտոբուսից: Գուցե նրա արածը մեկ ուրիշ արագությամբ շարժվող իրականության մեջ փոխանցվելու փորձ էր, չգիտեմ, չգիտեմ:
Նրա մենակությունն ինձ էլ էր անցնում, տխրության և ունայնության զգացողությունը սեղմում էր, թվում էր` օրերով ներսիս մեջ լացած լինեի: Ծնողներս, բարեկամները, հեծանիվս, առարկաները, որոնց հետ կապված էի, միանգամից անհարազատ էին դարձել, չէի ցանկանում նրանց հետ խոսել, աչքերին նայել կամ դիպչել, ընդհանրապես միասնություն կամ տաքություն չէի զգում: Հեռվում` միայնակ ու վայրի:
Բայց շրջադարձը ավելի ուշ, տարիներ հետո Մհերի` թափառումներից ձեռնունայն վերադառնալ, Ագռավաքարում փակվելուց հետո էր կատարվել, երբ ձայնի ղողանջը երիտասարդներին նոր երկրի ու ապագայի երազանքներ տալով` զանգվածներով սկսել էր Սասուն ուղարկել: Նրանք էլ եկել, ամենուր հայտարարել էին, որ այլևս չէին ցանկանում որդոց որդի իշխանական Մեծ տան օրենքներով կառավարվել, մշտապես նրանց տոհմի ենթական լինել: Հենց այդ պահից էլ երկրում սկսվել էր խոշոր հուզումների խառնակիչ ժամանակների շրջանը:
Այն ամենը, ինչ հազարամյակներ շարունակ Սասնո աշխարհի գոյատևման հաջողակ խարիսխն էր եղել, պահպանվել էր իշխանական Մեծ տան ճկուն մտքի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ. մի ձեռքին զենքը, մյուսին` արծաթն ու ոսկին` մրցակցելով գերհզոր տերությունների հետ, զարկվելով և զարկելով ոխերիմ թշնամիների հետ, հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք` աշխարհի չորս ծագերին, նշանավոր և տարանցիկ ճանապարհների հանգույցներին, Սասունի իրավունքները հաստատող, մարտավարական կարևոր նշանակություն ունեցող արծվի զինանշաններով չորս իջևանատներ էին կառուցել:
Քարքարոտ երկրի նեղլիկ հովիտներում քսանյոթից ավելի արդեն հռչակավոր դարձած, բազմամարդ, ծաղկող քաղաքներ, տասնվեցից շատ ավաններ, բերդեր էին բարձրացրել, իշխանական Մեծ տունն իմաստուն քաղաքականության շնորհիվ դարերի ընթացքում կարողացել էր այդ ամենը տարբեր վարք ու բարքով` ժողովրդով, արվեստագետներով, առևտրականներով, դրամատեր վաշխառուներով, փախստական ճորտերով, վարձկան գյուղացիներով բնակեցնել, բոլորին խաղաղության մեջ պահելով` իշխել:
Վերգոյի` բնատուր տնտեսի հնարամիտ մտքի շնորհիվ հողահարթակներ հիմնելով` խոշորացրել էին աշխարհիկ և տաճարապատկան կալվածքները, հարկատվության դրամական ձևը հավասարաչափ, համընդհանուր էին դարձրել, զարգացրել էին արհեստագործությունն ու հանքարդյունաբերությունը, հարևան պետությունների հետ խոշոր շահավետ առևտուր էին ծավալել:
Այդքանից հետո ամենաթանկ գնով ձեռք բերվածի նկատմամբ երիտասարդների արհամարհանքն էր, որ զայրացնում էր Մեծ տան երիցավագներին` հակամիջոցների մեջ դարձնելով ավելի դաժան ու անխնա: Նրանց ցուցումով արտոնված իշխանական խնամակալ հոգևոր դատավորներն ու հավատաքննիչներն էլ ոչ մի բանի առաջ կանգ չառնելով` մհերյան գաղափարախոսությունը նսեմացնելու նպատակով վարձու բանասացների միջոցով մարդաշատ տեղերում թատերականացված` Մհերի` Ոստանակապանում գերության մեջ մեռնելու կամ հինգ գյուղերի գյուղացիների կողմից ձիու շատակերության պատճառով սպանվելու խաղն էին ցուցադրում:
Երիցավագների խորհուրդը հակադարձելով` երիտասարդներին ասում էր`ուրեմն ի՞նչ, սերնդեսերունդ իրենց բերած տնտեսական, մշակութային, սոցիալական ու բարոյական արժեքները չե՞ն հաստատում նոր արթնության, նոր կյանքի գալը, այլ Ագռավաքարի դատարկության վրա հիմնավորված նրանց պոռոտախոս հայտարարություններն են ճշմարիտ ճանապարհ ցույց տվողը:
Ընդամենը կույր պիտի լինել` չտեսնելու համար ծաղկող քաղաքների հոյակերտ շինությունները, քթների տակ փռված Սասնո բազմամարդ ու բազմազգ շուկաները, տաճարների առջև բացվող հրապարակները, սահմանաբերան մաքսատները, գետնահարկ պետական ամբարները, ջրատարներ ունեցող ապարանքներն ու բաղնիսները, քաղաքի հոյակերտ միջնաբերդը, պարիսպներից դուրս տարածվող արվարձանները, ընդարձակ, արձանակերտ գերեզմանատները, հացի փռերը, բացօթյա տարատեսակ գինու պանդոկները և հասարակաց տները: Իշխանական Մեծ տունն այդ ամենը հազարամյակներ շարունակ մի աչքը փակ, մյուսը` բաց, մշտարթուն զգոնությամբ է հսկել, պահպանել է լավագույն զավակների կենաց-մահու մաքառումների գնով, մեկ էլ հանկարծ, որտեղից որտեղ մի նոր սերունդ է հայտնվել, պարզվում է` եղածը նրա համար որևէ արժեք չունի, ստեղծողներին քամահրանքով և արհամարհանքով է վերաբերվում:
Քաղաքային իշխանությունների խորհուրդը և Սասնո տան ավագները միանգամից էին զգացել պետական համակարգին սպառնացող վտանգը: Սակայն աղետը ոչ միայն օր օրի քաղաքը լցվող, կյանքը քաոսի վերածող անհնազանդ երիտասարդներից էր գալիս, այլև հենց իշխանական Մեծ տան ամենակարևոր հենասյուներից մեկի` կալվածատերերի ոստաններից մասսայական փախչելուց: Երիտասարդների զանգվածային երթերը, հրկիզումները, դատաստանները, անտիրասեր ոտնձգություններն այնպես էին սարսափեցրել նրանց, որ կահ-կարասին սայլերը բարձած` նստակյաց տեղերից դեպի խոշոր քաղաքներն էին քոչում, անգամ Թրակիա էին հասնում:
Այնինչ Մեծ տունը հազարամյակներ շարունակ ռամիկներին զսպող առանձնահատուկ օրենքների և կալվածատերերի զորության վրա հենվելով, գավառների նկատմամբ իշխանություն էր ունեցել:
Միայն այդքանը չէր. նրա իշխանությունը խարխլող մեկ ուրիշ հակառակորդ էլ կար: Մահացու թշնամին ոչ ազնվական առևտրականներից, դրամատեր վաշխառուներից, մանր ագարակատերերից, վարձկան գյուղացիներից կազմված հետադիմական ուժ էր:
Հին ժամանակներում ավագանու խորհուրդը նրանց նախնիներից, որպես պետական գերակա շահ ունեցող հողեր, սեփականություն հանդիսացող արծաթի, զարեկի, պղնձի, աղի հանքերն էր բռնագրավել: Համարյա մի դար, դար ու կես էր անցել, բայց նրանց սերունդները ժառանգական իրավունքները վերականգնելու համար երկրի խառնակ ժամանակներում պարբերաբար զենքը ձեռքներին խռովություն էին բարձրացրել Մեծ տան դեմ:
Նրանց ըմբոստությունը կոտրելու համար երբեք չէր ուշացել պետական խարազանը: Սակայն տարիներ ու հիսնամյակներ անց նրանք վերադառնում էին աքսորներից, զնդաններից, քարհանքերից և նորից էին գնում տերերի դեմ:
Այն նույն օրերին, երբ ձայնի ցուցումով առաջնորդվող երիտասարդները լցվել էին քաղաքի փողոցները, հետադիմական ուժերի մեջ կրկին արթնացել էր մխացող, վաղեմի թշնամությունը:
Նրանց ավելի վճռական էր դարձրել Մհերի` Ագռավաքարում փակվելը: Գլխի էին ընկել, որ դրանով ավարտվել էր Մեծ տան իշխանությունը` հպատակներին զենքի գերբնական ուժով պահելու ժամանակաշրջանը:
Հետևելով ձայնի ցուցումով առաջնորդվող երիտասարդների անհնազանդությանը, ժամ առ ժամ արդեն երերացող Մեծ տան օրհասական վիճակին, հասկանում էին, որ եկել է իրենց բեկումնային թռիչքի պահը: Արդեն հստակ նշմարում էին հարվածի ենթակա գոտիները: Պատրաստվում էին ամենաչնչին ուժերով վաղեմի հակառակորդի հաշիվները միանգամից մաքրել:
Քար քարի հետևից սկսել էին երկրի հնամենի պատերը պահող սոցիալական կառույցը քանդել: Ոչ միայն իրենց երբեմնի ժառանգությունն էին հափշտակում, այլև իշխանական Մեծ տան հեղինակությունը թուլացնելու նպատակով դիտավորյալ հրապարակայնորեն ծաղրուծանակի էին ենթարկում ավագանու խորհրդի` պետական ունեցվածքը պաշտպանող որոշումները: Արհամարհելով իշխանական խնամակալ հոգևոր դատավորների և կարգապահ տեսուչների կանխարգելիչ բոլոր ձեռնարկումները` կենսական նշանակության տարածքների վրա խոշոր շինարարություններ էին ծավալում:
Տան ծառաներին ու վարձկաններին զինած` գիշերները տիրակալների ապարանք-նստոցների վրա էին գնում, հրկիզում էին գործատները, հասարակական շինությունները: Պետական` աղյուսի, պղնձի, կրի, աղի, ոսկու հանքերը, չորս-հինգ քարանոց ջրաղացները, անտառներն ու լճերը բռնագրավում, իրենց սեփականությունն էին հռչակում:
Երկուստեք բախումները հաճախ մասսայական մարդասպանություններով էին ավարտվում:
Իսկ իշխանական Մեծ տունը չորս կողմից գլխին թափվող արհավիրքների պատճառը միայն ու միայն Մհերի փախչելուն, թաքնվելուն, օտարվելուն և դավաճանությանն էր վերագրում:
Սիրելի բարեկամներ, ահա այդ պահից էլ հավատաքննիչների և իշխանական խնամակալ հոգևոր դատավորների միջոցով հասարակական վայրերում սկսվում է հակաքարոզչությունը Մհերի անմահության, Ագռավաքարից լսվող ձայնի գոյության և նրա երկրորդ գալստյան դեմ: Բոլոր հնարավոր միջոցներով փորձում էին ապացուցել, որ նրա կենդանության մասին խոսվող կեղծ լուրի հեղինակը մոխրագույն ավանակով անհայտ տեղից հայտնված պատանին էր: Թող ոչ ոք չխաբվի, նրա դեմքի անառողջությանը ուշադիր նայելու դեպքում տակից միանգամից ոմանք` արծիվ, ոմանք` անգղ, ոմանք էլ խաչաթև թռչուն կտեսնեն: Կասկած չկա` հենց նա է հրապարակներն ու փողոցները լցվածներին ձայնի գոյության ստերով ուղղորդողը: Իրականում այդ թափթփուկների մեծ մասը մեր ժողովրդի` հարկերից խուսափող, զորակոչից փախած և վարձկան դարձած գյուղացիների վատագույն հատվածն է:
Բարեկամներ, գիտե՞ք և շատ դեպքերում նրանց հաջողվում էր վարկաբեկող օրինակներով նսեմացնելով մհերյան խորհուրդը` հետ պահել քաղաքային հասարակությանը երիտասարդներին միանալու մտադրությունից:
Միաժամանակ օր օրի մաքուր ոսկով ավելի էին մեծացնում մոխրագույն ավանակով շրջող պատանու գլխագինը:
Ինձ թվում է` Մեծ տան և նոր կյանքի երազներով քաղաք հասած երիտասարդների անհաշտ վեճին հասարակ ժողովուրդն էլ յուրովի էր մասնակցում: Իրականում այնպես չէր, թե բոլորովին անտարբեր հետ էր քաշվել կամ չէր գիտակցում` ինչու էր իր շուրջն իրարամերժ, անխնա վարկաբեկումներով իրադարձություններ ծավալվում:
Համբարձման օրերին Ագռավաքարի չորս բոլորը հավաքված ժողովուրդը Մհերին նվիրված սրբազան քատակ պարեր էր պարում և մի քանի օր շարունակվող միստերիաներով ուղեկցվող արարողություններից, թեկուզ աղոտ, բայց գլխի էր ընկնում, որ հենց Ագռավաքարով անցնող միջօրեականն էր բաժանում տիեզերքը և քաոսը, անգամ կյանքն ու Մեծ խառնակչությունն էր իրարից զատում: Հավատացած էին` այնտեղ գտնվող Մհերը կարող էր երկու` անդրաշխարհի և արտաշխարհի միջով անցնել և նրանցում բնակվող ուժերի հետ շփվել:
Ժողովուրդն էլ հրապարակներն ու փողոցները լցված` երիտասարդների նման հավատում էր` Մհերի` անգոյությունից դուրս գալով էր կործանվելու հին երկիրը և տիեզերքում վարդի պես բացվելու էր նոր դարաշրջանի սկիզբը հայտարարող, վերևից ներքև սոցիալական և հոգևոր կյանքի հիմքերը վերափոխող աշխարհը:
Բարեկամներ, ինձ թվում է` ժողովրդին ու լուսապայծառ ապագային հավատացող երիտասարդներին Մհերի երկրորդ գալստյանը սպասելու միևնույն իղձերն էին միավորել: Իսկ իշխանություններին էլ հենց այս միաբանությունն էր սարսափեցրել, կարծում էին` երիտասարդներն իրենց ճանապարհին հեղեղի նման սրբել-տանելու էին դարեր շարունակ վառվող երկրի ճրագը: Այդ պատճառով էր, որ ջանք չխնայելով` կեղծ մարգարեների, խնամակալ հոգևոր դատավորների և հավատաքննիչների միջոցով փորձում էին ապացուցել Մհերի` Ոստանակապանի գերեվարությունը կամ հինգ գյուղերի գյուղացիների կողմից սպանված լինելը: Անառարկելիորեն հերքում էին Ագռավաքարից հնչող խրխինջի գոյությունը: Պետական զինանշանով իրենց կառքի հետևից շղթայակապ տեղից տեղ տարվող հինգ գյուղացիները, մարդաշատ տեղերում երեսներին խաչ քաշելով, հաստատում էին նրանց ասածները թե` հենց իրենք էլ` այո, այն հինգ գյուղի ռամիկներն են, որ առանց խնայելու Մհերին քնած տեղը սպանել են ձիու հետ:
Նրանցից հետո անմիջապես խոսքը Վերգոն էր վերցնում, Աստղիկ Պարոնի սպանության համար Դավթից վրեժ լուծելու պատճառով ոչ մի միջոցի առաջ կանգ չէր առնում, ծաղրանքով ասում էր, որ անգամ հինգ գյուղերից մի մարդ չէր գտնվել, որ Մհերին սիրեր, գնար, նրան քնից արթնացներ կամ իշխանություններին զգուշացներ սպասվող սպանության մասին: Ասում էր. «Հենց սրանից էլ պարզ երևում է` այնպես չէ` իբրև թե Մհերը ժողովրդի սերն է վայելում, իրականում հասարակության համար միևնույն է` նրան կորեկի համար կսպանեի՞ն, թե Ոստանակապանում հավերժ գերության մեջ կմնար,- ասում էր.- սթափվեք վերջապես: Ոչ մեռած մարդը, ոչ էլ նրա սատկած ձին երբեք չէին կարող ուղղորդել կամ հրահանգավորել երիտասարդներին, այդ ամենը չգիտես որտեղից մոխրագույն ավանակով հայտնված թափառական պատանու հորինածն է»:
Ոխը Վերգոյին թույլ չէր տալիս գիտակցել` ինչը կարող էր Մհերին ոչնչացնել, նրա հետ միասին նաև իրեն կկործաներ:
Բարեկամներ, այսօրվա դասախոսությունն ամբողջացնելու համար կարևոր է նաև Համբարձման այն գիշերվա մասին խոսել, երբ Մհերն անհետանալուց ուղիղ երկու տարի հետո առաջին անգամ նյութական անգոյությունից մեր աշխարհի մարդու` Կոգահովիտ գյուղի հովվի հետ խոսեց:
Նա էլ ցրտադիմացկուն հինգ խաղողի վազի և հորթը հետը ծնած կովի դիմաց սասունցի բանագնացներին, հետո էլ ժողովրդին և գիտության գործի գլուխ կանգնած վանական իմացաբաններին պատմեց Մհերի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, թե իրեն ասել է, երբ ինքն Ագռավաքարից ելնի, կկործանվի գոյաբանական անարդար աշխարհը: Նոր կյանքի, նոր սկզբի փուլեր կսկսվեն, Սասնո աշխարհը և ժամանակի շրջանը կնորոգվեն վերստին, վերից վար կփոխվեն ժողովրդի ապրելակերպը և հոգևոր ուղիները: Ճիշտ է, հողը հիմա չի դիմանում, ճզմվում է նրա ոտքերի տակ, բայց շուտով ցորենը` ալոճի, գարին էլ մասուրի չափ է դառնալու, հենց այդ օրն էլ աշխարհը նրանն է լինելու, դուրս գալու հրաման է ունենալու: Մհերը դարձյալ ասել էր. «Եթե մարդիկ հավատային հողին, երբեք պատերազմներ չէին բռնկվի, չէին ձգտի մեկմեկու գոյությանը վերջ տալուն, մարտակառքերի անիվներով, ռումբերի զարկերով նման դաժանությամբ չէին պատառոտի երկրագունդը»: Վերջում հովվին ասել էր. «Թող սպասեն տիեզերքում ցորենի նման նոր աշխարհի, նոր Հայաստանի աճելուն»: Ահա այս երկխոսության իսկությունն էր, որ կտրականապես ժխտում էին Մեծ տունը, քաղաքային իշխանությունները և Վերգոն: Ամեն կերպ հակառակն էին ապացուցում` պնդելով` նման մտքերը ոչ թե վաղուց արդեն հող դարձած Մհերինն են, այլ Վասպուրական աշխարհում մեծ խառնակություն գցելու նպատակով անորոշ տեղից հայտնված մոխրագույն ավանակով պատանունը. նրա ցուցումով է կաշառված հովիվը եկել, շփոթմունք առաջացնող կեղծ վկայություններ է տալիս:
Սակայն երիտասարդներն անտեսելով նրանց բոլոր հակաճառությունները` ձայնի ղողանջին ունկնդիր, գավառներից խմբերով անդադար Սասուն էին գալիս, հրապարակներում և մարդաշատ տեղերում վառվող ջահերը թափահարելով` աղաղակում էին. «Մենք Մհերի ճշմարտությունը մեր որդիներին ենք տալու, նրանք իրենց զավակներին են փոխանցելու, և այն երբեք չի կորչելու»:
* * *
Դեռ մարդիկ կային, որ արդեն զառամյալ ծերունիներ էին, բայց հարյուր-հարյուր հիսուն տարի առաջ պատահած դեպքերը մանրամասնորեն էին հիշում, անգամ Մեծ Մհերի` առյուծների դեմ կռվելը գիտեին` երբ էր եղել, նրա ամուսնանալուց հետո՞, թե` առաջ:
Նրանցից մեկը, որ իշխանական տան դրանիկներից էր և Մեծ Մհերին առաջին անգամ ինքն էր տեսել վատահամբավ թաղամասի տներից մեկի պատի տակ կանգնած, ասում էր, որ այդ օրերին ազնվականներն էլ էին զայրացած եղել Մեծ Մհերի անպարկեշտ վարքից: Հովանին համարյա ստիպել էին`ամուսնացնի նրան: Իրենք նկատել էին` ժամերգությունների ժամանակ էլ ինչ վատ հայացքով էր նայել վերին դասի կանանց ու աղջիկներին: Սակայն դրանիկը պնդում էր` չնայած առյուծների պատճառով էր աննախադեպ արհավիրքներ թափվել Սասնո աշխարհի գլխին, բայց եթե Փարվանան չօգներ Մեծ Մհերին, երբեք նա չէր հաղթի առյուծների ընտանիքին:
Ազնվականների հետ վիճաբանություններից հետո էր, որ Հովանն ու Թորոսը Քառասուն Ճուղ Դեղձուն Ծամին տեղեկացրել էին Մանազկերտի Թևաթորոս իշխանի` Արմաղան անունով հարսնացու աղջիկ ունենալու մասին, բայց ինքը` դրանիկը, կարող է անսխալ վկայել` Մհերը, երբ կռվեց առյուծների դեմ, դեռ ամուսնացած չէր և երկրորդ անգամ ևս, երբ յոթ օր որոնել, չէին գտել, դարձյալ ինքն էր Քառասուն Ճուղ Դեղձուն Ծամի կառքի դեմից վազելով` տարել վատահամբավ թաղամասի տունը: Տեսել էր, թե ինչպես է նա Մեծ Մհերին Փարվանայի անկողնուց հանել:
Այդ միջադեպից հետո էր, որ խնամախոսներ էին ուղարկել Մանազկերտ, իսկ Մհերը երրորդ անգամ էր գնացել վատահամբավ թաղամաս:
Դրանիկը, չնայած արդեն զառամյալ ծերունի էր, սակայն մանրամասնորեն հիշում էր, թե ինչպես հարյուր-հարյուր երեսունվեց տարի առաջ Պարսից Խորասան աշխարհում բռնած երաշտի և ցամաքած գետերի պատճառով առյուծների քսան-երեսունի հասնող ընտանիքը, ծարավից ոչնչանալու սարսափով բռնված, ջուր գտնելու համար իր ճանապարհին խորտակելով ամեն բան` Սասնո լեռներն էր անցել: Փակվել էին հացահատիկ հասցնող առևտրական բոլոր ճանապարհները: Հացի վաճառքը սև շուկայում խաբեբաների ձեռքն էր անցել:
Ճիշտ է, առյուծների պատճառով էր, որ խոշոր արհավիրքներ թափվեցին Սասունի վրա, բայց այդ օրը, եթե Փարվանան չօգներ, Մեծ Մհերը երբեք չէր հաղթի առյուծին: Առյուծների առաջնորդը, ծանր քայլքով օդն ու գետինը դողացնելով, միայնակ Մհերին ընդառաջ էր գնացել: Դաշտային թռչունները միանգամից լռել էին, հետո ձիերը պահնորդներից արձակվել, ցիրուցան փախել էին: Ժայռերի արանքից գալարվող փոշու մեջ իրար բռնած` առյուծն ու Մհերն էին երևացել, անհետացել: Փարվանայի երգի ելևէջն էր լսվել: Առյուծն իր տեսակը պահպանելու` լեռներից իջնող ջրերի, Մհերն այդ տարածքում գոյատևելու համար էին կռվել:
Նույն օրը ժողովուրդը, երբ Մեծ Մհերի հետևից գլխամուտ դարպասից դուրս էր եկել, Փարվանան էլ ամենավերջից` քթի տակ երգ երգելով, դաշտի ճանապարհով Մհերի համար կողովի մեջ գինի, տապակած տատրակ էր տարել: Տափաստանի եզրին երկու գույներ էլ էին եղել` կարմիր, կրկնակի կարմիր և սև մուգ` սև վարագույրի նման վերից վար իջնող, Մհերի և առյուծի միջև:
Այդ ժամանակ տափաստանում խորհրդավոր մի երգ է տարածվել: Սկզբից բոլորը կարծել էին` հողն է շնչում, որովհետև ամբողջ տարածքում միայն այդ հևքն է լսվել` համաչափ, նույն ելևէջով: Ինչպես լինում է`քարհատի մուրճը սեպին զարկելուց քարի խորքից տնքոց է գալիս: Այդ օրը Փարվանան Կարմիր արևի և Սև արևի երգն էր երգել: Նույն դադարներով մշտապես կրկնվող մեղեդին հմայել, անշարժության մեջ գամել էր առյուծին, քուն էր իջեցրել դյութված ուղեղին:
Դրանիկը հստակ հիշում էր` յոթերորդ ժամին դեռ լսվել էին Փարվանայի երգի ելևէջները: Իսկ Մեծ Մհերը մայրամուտին արդեն հաղթել էր Առյուծին, պանծալի դին պառկեցրել էր ջրառվույտների մեջ` ճանապարհի եզրին:
Ինքը չէր մոռացել, երբ մոտեցել էին Մհերին վերքերը խնամելու, վրայից դեռ եկել էր առյուծի տաք հոտը: Իսկ Սասունում խոսակցություն էր պտտվել` իբրև թե Մհերը, ծնոտներից բռնած, վերից վար ձևել էր առյուծին: Իսկ մեկ ուրիշ խոսակցություն էլ պնդել էր, իբր թե այդ ամենը Փարվանայի գործն էր. Մհերին զորացնելու համար շալակի կողովով ոչ թե գինի ու տապակած սև տատրակ էր տարել, այլ` ադամանդ անունով կախարդական զորությամբ բույս, որ եթե այն մոտեցնեին ցանկացած գազանի` կտապալվեր` երախը բաց:
Իսկ Քառասուն Ճուղ Դեղձուն Ծամն այդ օրը Սանասարի զենքերը և Քուռկիկ Ջալալին անձամբ ինքն էր Մեծ Մհերին ընդառաջ տարել:
Զառամյալ ծերունիները և իշխանական Տան դրանիկը, որ հարյուր-հարյուր հիսուն տարի առաջ պատահած դեպքերը մանրամասնորեն էին հիշում, գրեթե համոզված էին` առյուծների` Սասնո աշխարհ մտնելը խոշոր արհավիրքների դուռ բացեց: Ասորի վաճառականները գնացել ու Մելիքին հայտնել էին թե` զինված ջոկատը կողքին է եղել, բայց միայնակ է կռվել երկու հարյուր-երեք հարյուրի հասնող առյուծների դեմ:
Մելիքի բանագնացները մի ձիափոխով Սասուն էին հասել, սպիտակ դրոշները գլխներից վեր պահած` ապարանք-նստոց են գնացել թե` Սասնո երկրում կենվորները թող գիտցած լինեն` հողը, ամեն շարժվող կամ կանգնած բան Մսըրինն է, եթե կարող են, պատրաստ լինեն Մելիքի զարկին:
Նույն օրը միանգամից քաղաքային իշխանությունները և երիցավագների խորհուրդը որոշման են նստել: Աչքերի տակով Վերգոյին են նայել, ասել են. «Հովանը հո չի՞ կարող իշխանական Տան ավագի տեղը զբաղեցնել: Վերգոն զարմի իրավունքների ժառանգորդն է, նախնյաց կարգով թող զորքին պատերազմելու տանի: Մանավանդ` քաղաքի կառավարիչը, իմաստունը, աստղաբաշխը, տոմարագետը, երկնային քարտեզներ մեկնողն ինքն է, հարմարը նա է:
Ասել է. «Չգիտեմ` այդպես ճի՞շտ կլինի, բանակի հրամանատարությունը վերցնողը ձի պիտի նստի, պիտի ծանր սպառազինվի, շաբաթներ, ամիսներ շարունակ ճանապարհ պիտի գնա, պահ է լինելու ոտքով ճահիճներ, անապատներով է անցնելու,- ասել է,- բայց չծիծաղեք, չեմ կարող` ճողվածք ունեմ, մի քանի տարի առաջ փորձի համար Սանասարի գուրզը վերցրի, տակը ճողվեցի, բանակ առաջնորդելն իմ բանը չէ»: Ափսոսացել էր, որ չի կարող իրենց էն կարմիր հովատակը նստել, թե չէ ինքն էլ նրանց հետ կգնար, իր խոսքը կասեր Մելիքին:
Տեսել են` պատերազմելը չի ստացվի, դեսպանորդների խմբով հասել են Մսըր` Մելիքի պայմանները մեղմելով ընդունելու:
Զառամյալ ծերունիները և իշխանական Տան դրանիկը, որ հարյուր-հարյուր հիսուն տարի առաջ պատահած իրադարձությունները մանրամասնորեն էին հիշում, համոզված էին` Սասունի վրա թափվող այդքան փորձությունները գրեթե անմիջապես Խորասանից եկած առյուծների առաջնորդին սպանելուց հետո էին սկսվել: Ասում էին. «Դիվանագիտության նրբություններին տիրապետողներն էլ մեկնելուց առաջ Մեծ Մհերին սովորեցրել էին որ կողմից`աջից, թե ձախից մոտենա Մելիքի ճաշի սեղանին, գավը երբ վերցնի, ինչ խոսքերով մեծարի, երբ գլուխ տա, երբ խոնարհվի»:
Մելիքը դահլիճ մտնողներին իբրև չի նկատել, դեպի Մհերն է շրջվել թե` Մսըրի հողի մեջ նստողներ այդ նրա՞նք են: Եթե իր դեմ կանգնածը Մհերն է, բա ինչո՞ւ հարկերը չի տալիս: Սասունը` եղած հողերով, շինություններով հո՞ իրենն է:
Մհերն իրեն այնպես չի պահել, ինչպես հանձնարարել էին Հովանը, Վերգոն, դիվանագիտական նրբություններին տիրապետողները, ոչ գահի աջ, ոչ էլ ձախ կողմից է մոտեցել Մելիքի պարզած ձեռքը համբուրելու, ոչ էլ թիկունքից Հովանի հուշելուն է ուշադրություն դարձրել:
«Սասնո երկիրը մերն է,- ասել է,- իմ զարմից Սանասարն ու Բաղդասարն են շինել»:
Լռության, երկար ու պաղ լռության մեջ Հովանը խմբից ելել` նվերներն է դրել Մելիքի ոտքերի տակ: Մելիքը շրջվել, Մհերին ասել է` որ այդպես է, առավոտյան իրար զարկենք:
Թրերի շառաչն օդն էր դաղել, մետաղի չոր զնգոցն ահաբեկել էր հավաքվածներին: Ամբողջ օրը` լույսով և մթնով կռիվը չէր դադարել: Իրար չէին հաղթել: Հետո ճաշկերույթի սեղանի շուրջը կատակելով, իբրև ոչ մեկը չէր կարողացել հիշել` նրանցից ով առաջինը կանգնեց, առաջարկեց բարեկամանալ: Երկար էին մտածել, այդպես էլ իբր չէին հիշել` ով էր առաջինը ձիուց իջել: Մելիքն ամիրայական կնիքված գրություններով Սասուն քաղաքը` քսաներեք հովիտներով, չվճարված հարկերն էլ Մհերին էր նվիրել: Մսըր քաղաքից վկա բերված տասը ծերունիների աչքի առաջ եղբայրության ծիսական երդումով արարողակարգ էին կատարել: Մայրամուտի մեջ գլխների վրա պահված կրկնակի լայնություն ունեցող երկբերան սրի տակ մինչև գոտկատեղերը մերկ` կուրծք կրծքի տված պարել էին:
Սրտերն իրար հպելու ծեսով հազարամյակների օրենքն էին կատարել. վաղաժամ, որևէ մեկի կյանքից հեռանալու դեպքում մյուսը պարտավորվում էր մեռած եղբոր կնոջ ամուսինը դառնալ, վերցնել թագավորությունը և այդ ամենի համար պիտի կրեր տերունական պատասխանատվություն: Տասը սպիտակամորուս ծերունիները հաստատել էին սրբազան ուխտի ճշմարտացիությունը:
Դեսպանորդները, երբ Սասուն էին վերադարձել, արդեն ձմեռ էր եղել, Մարերի ամսի վերջը:
Հաջորդ տարի որսից վերադառնալու ժամանակ Մելիքը Բինակ-Դաշտի ճահիճների մեջ էր սուզվել: Թիկնազոր գնդի զինվորները, ոտքերին տախտակներ կապած, այն տեղին էին մոտեցել, որտեղ ջրոտ ճահիճը բխկբխկալով օդ էր կուլ տվել, չէին գտել: Քանի որ հափշտակվելու պահին Մելիքի աջ բազկի վրայից հասցրել որսաբազեն երկինք էր բարձրացել, հավատացել էին` նա բազեի էր վերափոխվել, աշխարհում շրջելուց հետո ուր որ է կվերադառնա:
Քառասուն օր, մի տարի հայացքները երկնքին` սպասել էին, չէր եկել:
Վաղ գարնանը Մեծ Մհերը երկու նամակ էր ստացել Իսմիլ խաթունից` առաջինը ոչխարի ծնի օրերին էր հասել, որով տեղյակ էր պահում Մելիքի ընտանիքին և պետականությանը սպառնացող վտանգի` մի քանի տաք գլուխ իշխանների խռովություն բարձրացնելու փորձերի մասին: Լավ կլիներ, եթե Մհերը մահացած եղբոր վիշտը սրտում գնար, խաղաղեցներ նրանց:
Նամակը կարդալուց հետո գարնանային այդ գիշեր միայնակ, երկար էր թափառել հանդի ճանապարհներին: Երկրորդը ավելի ուշ, քունջութի ծաղկելու օրերին էր ստացել: Մհերի դանդաղկոտության, գնալ չցանկանալու վերաբերյալ էր գանգատվել, եթե այդ հնարքներով հրաժարվում էր տերունական պատասխանատվությունից, ապա նրանց ուխտին մասնակից տասը վկա սպիտակամորուս ծերունիներին տասը ջորիներով Սասուն էր ուղարկելու` քաղաքային հրապարակում պատմելու Մհերի երդմնազանցության մասին: Նամակի հետ լաչակ-գոտին ուղարկելով էլ ուզեցել էր հայտնել Մելիքի ննջարանի դռների` նրա առաջ բաց լինելու մասին:
Երիցավագների խորհրդում էլ միակարծիք էին եղել թե` Ձենով Հովանի միտքն այնքան պայծառ է, աչքերն էլ գիշերով այնպես պարզ էին տեսնում, անգամ խավարամութի մեջ մարգագետնում արածող սև ու սպիտակ ձիերը կարող էր իրարից տարբերել: Թող առաջին կարծիքն ինքը հայտնի:
Հովանը համաձայն չէր եղել, որովհետև Մհերի չգնալու դեպքում կարող էր աստված խղճալ, իրենց զավակ պարգևել: Իշխանական Տան հոգևորականն էլ հակառակ կարծիք էր հայտնել. եթե հնարավոր է նրանց երկիրը բռունցքի մեջ պահել, ինչու չգնար: Վերգոն էլ միանգամից համամիտ էր եղել` գնար, տիրանար, լցներ Սասնո ամբարները. «Մսըրն էլ այդ ինչքան է հեռու որ», իրենց քթի տակ` կգնար, կգար:
Բայց զառամյալ ծերունիները և իշխանական Տան դրանիկը, համոզված էին` միևնույն է, Սասունի վրա թափվող արհավիրքների դուռը Խորասանից եկած առյուծների ընտանիքն էր բացել: Իսկ եթե Փարվանան չցանկանար օգնել Մեծ Մհերին, նա երբեք չէր հաղթի առյուծ-առաջնորդին. այդ հարազատության համար էլ գիշերը Մեծ Մհերը դարձյալ նրա մոտ էր գնացել: Իսկ իշխանական Տունը յոթ օր նրան որոնել, չէր գտել: Դրանիկը պնդում էր` Դեղձունի երկրորդ անգամ վատահամբավ թաղամաս գնալու ժամանակ դարձյալ ինքն էր արծվի զինանշանով կառքի առջևից վազել: Ինքը, որ հարյուր-հարյուր հիսուն տարի առաջ պատահած դեպքերը մանրամասնորեն էր հիշում, հավատացած էր` Փարվանան անկասկած այդ օրն էր հղիացել, քանի որ լուսինն էլ տասնհինգ օրական էր, պահը բարի էր ամեն բանի` հատկապես սերմանելու, տնկելու, մանուկներին ուսման տալու, ավագների մոտ մտնելու, ընդունելություն գտնելու համար:
Ասել էր` ինքը հավատացած է Փարվանայի վիճակի փոխվելու մեջ. «Որովհետև Լուսինը ջրային է, գիշերային: Իշխում է մաղձին, ուղեղին, ձախ աչքին, թաց տեղին: Տասնհինգերորդ օրն է բույսերի, կենդանիների, մարդկանց մեջ հյութը առաջացնում: Այդ օրը ոչ մի բան այնքան խոնավ չէ, ինչքան կնոջ ներսը: Լուսինը երբևէ որևէ տեղ իր շարժումն այնքան հասկանալի չի բացահայտում, ինչպես կնոջ արգանդում և ջրերի մակընթացությունների ու տեղատվությունների պահին, այդ օրն է ուռցնում կանանց զավակատունը և օվկիանոսները,- ասել էր,- ազնվականներն էլ նկատել էին հասարակական վայրերում զբոսանքների կամ ապարանք-նստոցներում խնջույքների ժամանակ ինչ վատ հայացքով էր Մեծ Մհերը նայել կանանց ու աղջիկներին: Այդ օրը Հովանին տարբեր սպառնալիքներով համարյա ստիպել էին` նրան ամուսնացնի կամ վռնդի Սասունից»: Դրանիկը պնդում էր, որ չնայած հարյուր-հարյուր հիսուն տարի էր անցել, բայց ինքը հստակ էր հիշում. խնամախոս դեսպանորդները Մանազկերտ, Թևաթորոս իշխանի դստերը` Արմաղանին ուզելու իրականում գնացել էին այդ դեպքերից հետո: Սակայն նրանց ամուսնության մեկ տարին նոր էր բոլորել, երբ Մեծ Մհերը ստիպված Մսըր գնաց` դեռևս հազարամյակներ առաջ հաստատված պարտադիր օրենքը կատարելու:
Ընթրիքի ժամանակ երկուսն էլ լռել էին, Արմաղանը մտամոլոր, երկար հեռավոր լեռներին էր նայել: Քառասուն Ճուղ Դեղձուն Ծամը հորդորել էր բերանը մի բան դնի, հազար ու մի հիվանդությունների անուններ էր թվարկել, որ չուտելուց էր առաջանում: Արմաղանն աթոռից կրկին վերցրել էր Մհերի` ճանապարհի համար ասեղնագործած վերնաշապիկը, հետո նորից նետել էր: Դեղձուն Ծամն արդեն հարյուր քսաներեք տարի իշխանական Տանն իր ապրելու մասին էր խոսել, թե ինքն ինչքան լավ գիտեր` նրանց տոհմի տղամարդու համար առաջնայինը նախ աշխարհի գործն էր, իսկ կնոջ կարծիքն ամենավերջում` ստրուկի խոսքից էլ հետո էր հաշվի առնվում: Ինքը հասկանում է, որ Արմաղանը սպասում է Մհերի Մսըր գնալուն իր արգելք դնելուն, որը ոչ մի բանով չի օգնելու: Բայց հավատացած է` միևնույն է, նա մի օր փոշմանած, փորոտիքը թափված` կվերադառնա:
Արմաղանը նորից էր վերցրել ճանապարհի համար ասեղնագործված շապիկը: Դեղձուն Ծամն ասել է` ճիշտ կանի` փորձի նրանց հասկանա: Նա շապիկը կոլոլել, նետել է բազմոցին: Անընդհատ «հաստակող, հաստակող» էր ասել:
* * *
Մեծ Մհերը յոթ տարի էր մնացել Մսըրում: Վերադարձի օրը Ձենով Հովանը, քեռի Թորոսը շքախումբ չէին կազմել, շեփորահարները փողեր չէին փչել, ընդառաջ չէին ելել: Գնացել, սգվոր Արմաղանին մի կերպ համոզել էին` Մհերի երեսին փակած դարպասները, գերանակապ դռները բացի, մահճակալներին փռած և լուսամուտներին կախած սև քաթանները հանի:
Հանել էր, սակայն ինն ամիս հետո, երբ տղա էր ծնվել, կնունք, թեժ կերուխում էին կատարել: Հաջորդ օրը առավոտյան, արևն արդեն ահագին բարձրացել էր, ծառաները մտել, տեսել էին` Դավիթն օրորոցում աղեկտուր լացում էր: Արմաղանն ու Մեծ Մհերն անկողնում, դեռևս տաք, բայց մահացած էին եղել: Սասնո աշխարհին սուգ էր բռնել: Թաղման արարողության համար իշխանական Տունը միայն հազար դահեկան հողադրամ էր ծախսել, ութսուն դահեկանից ավելի պատարագին ու մուրացկաններին էր տվել:
Քառասուն Ճուղ Դեղձուն Ծամն էլ այդ օրվանից սևը կապել, հրաժարվել էր արևի լույսից, փակվել էր ննջարաններից մեկում:
Ծանր սգից հետո Ձենով Հովանը, Վերգոն, Քեռի Թորոսը, երիցավագների խորհուրդը հավաքվել, Դավթի խնամակալության հարցն էին քննարկել: Տաճատ քահանան Վերգոյին հարցրել էր. «Դու Դավթին կտանես, թե` չէ: Սասնո իշխանական մեծ Տան ավագության իրավունքի ժառանգորդն ես, երեխան քեզ է հասնում»: Վերգոն լռել էր: Քեռի Թորոսը հորդորել էր Վերգոյին թե` թող տղային վերցնի, քանի որ ամբողջ քաղաքն է կառավարում, տիրապետում է քրմերի գիտությանը, անսխալ գտնում է բոլոր մարդկանց աստղերի տեղը, ճշմարտացի մեջբերումներ է անում հին ու նոր կտակարանների վարդապետություններից: Վարագույրը քաշած` առանց դեմք տեսնելու` աշխարհիկ և հոգևոր, արդար դատեր է վարում, անգամ ազնվականներին և վարդապետերին մեղադրելու իրավունք ունի, իրենք բոլորն էլ մինչև այստեղ հավաքվելը մտածել են` Դավիթը նրա տանը ճշմարիտ կրթություն ստանալով` լուսավոր մարդ կդառնա:
Վերգոն հրաժարվել էր թե` իր իրավունքները Հովանին է տալիս, ինքը զավակ ունի, Սառայի արգանդն է գերեզմանոց, ճիշտ կլիներ` Հովանը տաներ, սիրտն ուրախանար: Երիցավագների խորհուրդը վկայել էր` Հովանը Դավթին հոգեզավակ էր ընդունել: Բայց խորհրդում քննարկվող երկրորդ հարցն էլ էր կարևոր եղել. Դավիթը ծնված օրվանից որևէ կնոջ ստինքներին բերան չէր զարկել, չէին կարողանում որևէ լուծում գտնել: Անգամ լեռները մարդ էին ուղարկել. մարերի կաթի յուղոտ լինելու պատճառով նրանցից էին ծծմայր բերել, դարձյալ չէր կերել, այնքան էր նիհարել, վախեցել էին` մեռնի:
Այդ օրը զանազան առաջարկություններ էին եղել` մինչև անգամ Քաղդեացոց աշխարհից կախարդ ու գրբաց հրավիրել:
Վերջում որոշել են Մսըր ուղարկել. Իսմիլ խաթունի հոտը հարազատ կլիներ Դավթին, նրա կաթը կուտեր. Մհերը յոթ տարի նրա հետ էր ապրել:
Արժանավոր մարդկանցից շքախումբ էին կազմել: Հովանն էլ ճկուն մի նամակ էր գրել. «Մեր հարս, Իսմիլ թագուհի, Մհերը Սասուն վերադառնալուց հետո տղա ունեցավ, բայց ինքն ու կինն անմիջապես վախճանվեցին` դժբախտացնելով մեզ: Խսրի վրա մնացած տղան ծիծ չի վերցնում: Մենք էլ գիտենք` Մհերի ու Մելիքի ուխտի համաձայն որբ երեխային կարող ենք ավագ կնոջ մոտ բերել: Հավատացած ենք` սիրտդ խնդալու է Մհերի հիշատակը տեսնելով: Մեր ավագը` Վերգոն էլ մորթե քսակներով թանկագին քարեր, երկու սայլ` սրեր կռելու համար լավ ձայն հանող մաքուր խալիբ պողպատ, անուշահոտ յուղեր, թուլիմ արծաթ է նվեր ուղարկում: Մհերի սիրույն ընդունիր տղային, մինչև ծնկները ջլապնդվեն»:
Իսմիլ խաթունը նվերները չէր ընդունել, մինչև որ Մոալի ջրհորի սրբազան քարի մոտ Մհերի հոգու հանգստյան համար աղոթքներ չէր արել, այդ օրը արևամուտից մինչև բոլորակ լուսնի խամրելը ոտքի չէր կանգնել, ձեռքերը երկինք պարզած` ողբալով անընդհատ նրա անունն էր կանչել:
Հաջորդ օրն այնպիսի շորեր էր հագել, ինչպիսիք հղի կանայք են ծննաբերելու ժամանակ կրում: Կիսապառկել էր, տատմերերը Դավթին գիրկն էին տվել, մոր պարտականությամբ ստինքները հանել, նրան տալով` ծիսական արարողությամբ հաստատել էր Մելիքի եղբոր` Մեծ Մհերի որբ երեխայի` երկրորդ անգամ իր տանը ծնվելու կարգ ու կանոնը:
Դեսպանորդների հետ էլ Քեռի Թորոսին, Հովանին թուղթ էր ուղարկել, թե ծծերից կաթ կհանի, կապրեցնի որբ տղային:
Դավիթն ինը տարի էր ապրել Մսըրում, բայց ազնվականների զավակներին ծեծելու, քաղաքական բամբասանքների, ավագ եղբոր` Մելիքի ատելության պատճառով Իսմիլ խաթունն այլևս չէր կարողացել նրա անվտանգությունը պահպանել:
Ձենով Հովանը գիշերը քնած, թե արթմնի հստակ տեսել էր` հնարավոր էր, որ շուտով Դավիթը Սասուն վերադառնար, արդեն ոտք էր կոխել սահմանային հողին: Խավարամութի մեջ մի քանի անգամ «Սառա, Սառա» էր կանչել:
Հենց առավոտյան էլ, մարգագետնից հորթարածները, բլուրներից նախրորդները, հովիվները, ամեն մեկը մի տեղից նկատել էր, վազելով եկել, իրար գլխի էին հավաքվել, ամենաարագավազին էին ընտրել, հանձնարարել էին, որ թռչի Սասուն, Ձենով Հովանին ասի` գալիս է: Իրենք նրա խոշոր հասակից էին հասկացել` իշխանական Մեծ տանից Դավիթը կլիներ: Ասել էին` աչքալուսանքի դիմաց տասը մարդ էին, թող ամեն մեկին մի խոյ նվեր տա:
Ձենով Հովանը տնով մեկ ծառաներին էր կանչել, որ երկարաճիտ կոշիկները բերեին, ճարմանդավոր գոտին հանեին, բերեին, ձին թամբեին, հրապարակում փողեր էին հնչեցրել, մեծահարուստները, հոգևորականները, հնձաններում աշխատող այգեգործները, քաղաքային շուկա առևտրի եկած գյուղացիները շքախումբ էին կազմել, Հովանի, Քեռի Թորոսի, Վերգոյի գլխավորությամբ ընդառաջ էին գնացել:
Առաջինը շեփորահարներն էին լռել, հետո ծնծղա զարկողներն էին քարացել, աղավնի թռցնողները կարկամել էին, բայց ամենաառաջինը Ձենով Հովանն ինքն էր պապանձվել սփրթնած, կաթվածահարի նմանվող դեմքը տեսնելով. մեկ Քեռի Թորոսը, մեկ Վերգոն նրան հուսադրող խոսքեր էին ասել:
Նրանք կարծել էին` Դավթին Մհերի տեսքով, պայծառակերպությամբ կտեսնեին, բայց կորնգանի դաշտի ճանապարհով եկող, աջ ու ձախից խոտ պոկող ավանակին ճիպոտով մոլորյալ մի տղեկ էր քշում:
Ձենով Հովանի դատողությունը քիչ-քիչ տեղն էր եկել, որպեսզի ժողովուրդն իրենց հիասթափությունը չնկատեր, կատակել, բարձր կանչել էր Քեռի Թորոսին թե` ճամփից դուրս ծուռ-ծուռ եկող էն տղան, վայ թե ծուռ Դավիթը լինի, իրենց ցեղի քայլվածքով է գալիս:
Եկել, հասել, կանգնել է: Այդքան մարդկանց ներկայությունից շվարած է եղել: Սկզբից դեռ գլխի չէր ընկել, որ ժողովուրդը խոնարհվել` գլխարկները հանելով միայն իրեն էր պատվել: Ճիպոտը ձեռքից գցել, նորից էր վերցրել: Հուզված ասած էր եղել` ինքը ծարավ, հոգնած է, թող ճանապարհը ցույց տան, թե ինչպես է Սասուն հասնելու:
Այդ խոսքի վրա նրա աջը համբուրողները թողել էին ձեռքը, իրար երեսի էին նայել, խնդմնդացել էին քթների տակ:
Ձենով Հովանը Քեռի Թորոսի ականջին ասել էր. «Փառք Աստծու, մեր զարմի զավակը վերադարձավ, համա ոնց որ թե միամիտ է,- ասել էր,- Մհերի որդու զորացած գալստյանն էինք սպասում, ափսոս տղան շատ է շիվար: Փառք մեր Աստծուն»:
* * *
Սիրելի ուսանողներ, ինքնըստինքյան հարց է առաջանում` պատճառն ի՞նչն էր` աշխարհի չորս ծագերին այդքան երկար թափառելուց հետո Մհերն այդ ինչ ենթագիտակցական մղումներով, կամ ինչ մտահղացումներով էր կրկին այն երկիրը վերադառնում, որտեղից գնացել էր, երբ արդեն Սասնա լեռներին հասավ, արդյոք գիտե՞ր, որ ըստ հին շումերների` այդտեղից էին սկսվում սրբազան Արարատ երկրի դարպասները, կամ, որ Վանա լեռները գտնվում էին հողագնդի 44-45 լայնության վրա և հայտնի էին որպես արարչության հետ կապ ունեցող նվիրական լեռներ և քրմապետերի կողմից որպես գալակտիկայի կենտրոն-գաղափար էին հասկացվում, որ աշխարհի մայր խորհրդաբանությունն էր արտահայտում: Թե՞ թափառումների ճանապարհներին ունայնությունը ցմրուր ճաշակելուց հետո, ինքնապահպանության բնազդով, կուրորեն, առանց որևէ հետին մտքի վերադառնում էր հայրենի երկիր:
* * *
Ճանապարհներին. ձմեռանոցներում, հովիվների խարխուլ խրճիթներում էր գիշերում: Հողե հատակին վառած կրակի շուրջը մինչև լուսաբաց երբեմն մի բառ, երկու խոսք ասելով` հովվի հետ դեմ դիմաց էին նստում:
Հրոտից ամսին երեկոյան արդեն Մարութա վանքին էր հասել: Ծնողների գերեզմանների կողքին էր, հանկարծ առանց որևէ պատճառի դարձյալ ներսում պաղ բանն էր արթնացել: Ոտքից գլուխ դողէրոցքն էր ցնցել: Քաղցի, քնելու զգացողության հետ միաժամանակ քիչ հեռվում պղնձագույն ժայռի վրա անգղ էր տեսել: Սկզբից մտածել էր` վիրավոր է: Հետո իրար աչքերի էին նայել, խոշոր, կարմիր բիբերը մինչև խորքը տեսանելի պարզ էին: Գլխի էր ընկել` ոչ թե սովորական անգղ էր, այլ դեմից գնացող, առաջնորդող արծիվ: Հեռու տարածքներ կտրելու համար ուռուցիկ կուրծք, չափից լայն թևեր ուներ: Անսովոր հրագույն փետուրները երամի առջևից գնացողի վստահություն էին հաղորդել: Այդպիսի արծիվ առաջին անգամ էր տեսել: Միանգամից հասկացել էր` հողագնդի վրա նրա նմանը այլևս չկար: Միմյանց էին զննել: Ուշադիր դիտելիս դեմքի տակից մեկ ուրիշ, երբեմն կարմիր բիբերով արծիվ, միաժամանակ թռչնակերպ խաչ Պատարազին, երբեմն էլ` շիկակարմիր հագուստով պատանու դեմքն էր դուրս լողացել: Հետո ձուլվել էր երկնքին: Լռության միջից թևաբախության համաչափ ձայնն էր լսվել, հեռացել էր: Մհերը զգացողությամբ էր ընկալել` մոտ է նրան, ում անդադար որոնել էր հեռավոր ճանապարհներին:
Երկրպագել էր լույսի դեմ, երկու պատուհանների նման փակված գերեզմաններին: Արդեն գուշակում էր` ներսի չենթարկվող մեծ ուժը, ում հետ մշտական բախումների մեջ էր, երկրաբնակ մենությունից վերջնականապես կերպարանափոխություն էր կատարում, բայց միաժամանակ նրանից բացի, մի որևէ այլ բան չկար, որ այդքան անորոշ, անորսալի լիներ: Քունն էր իջել, քնում էր, թմրությունը տարածվել էր խոտերի, քարերի, ծառերի մեջ: Կարծել էր` չդադարող դողէրոցքը ցրտից կամ քաղցից էր, բայց նույն պահին քնի մեջ արթուն լինելը գիտակցել էր, նկատել էր իր բոլոր շարժումները:
Այդ ժամանակ էլ կարծես պատուհան էր բացվել, հասկացել էր` խոսողը մայրն էր:
Մհերը տենդի, դողէրոցքի, զառանցանքի, անորոշության մեջ գիտակցել էր` իրեն տեսնողը մարդ չէր, այլ ոչ սովորական շունչ, որ անվերջությանը, երկնքի կապույտինը, խոտինը, թափանցիկ օդինն էր: Նա էր առաջ տանողը, չգիտեր` ուր, բայց հանձնվել էր նրան: Ինքն էլ մոր ձայնի հետ էր խոսում, բայց արդեն դադարել էր, այլևս չէր լսվում: Միաժամանակ նաև հասկանում էր` այդ ամենը երազ չէր, քանի որ գիտակցում էր արթնությունը, մի տեղից լսում էր ծղրիդների չոր ճռռոցը: Գլխի էր ընկնում` վերափոխության խորհրդի միջով մինչև վերջ անցնելու համար հարկավոր էր չվախենալ ներսի հակասական ուժից, որ երբեմն թշնամի դառնալով` նաև իր դեմ էր դուրս գալիս:
Հետո Դավթի ձայնն էլ էր լսվել: Մհերն էլ շատ էր խոսել, նրան պատմել էր աշխարհում միայնակ շրջելու մասին, որ ոտքերն էին մրմռում, ասես բոբիկ քայլած լիներ բորբ ածուխների վրա: Դավիթն էլ ասած էր եղել, որ Մհերի տեղը Ագռավաքարն էր: Հետո խավարամութի մեջ գիշերային թռչունն էր կանչել: Երկար էր սպասել` մտածելով, որ նրանք իրեն անորոշության մեջ չէին թողնի, այդպես էլ այլևս չէին արձագանքել:
Բայց ի՞նչ բան էր այն, հենց նա, որ քիչ առաջ թափանցել էր ներս, բռնել գիտակցությունը: Ի՞նչ էր` ներկա՞, անցյա՞լ, ապագա՞, թե՞ երեքի թնջուկը միաժամանակ… Ի՞նչ ձայներ էին իր հետ քիչ առաջ խոսողները, գուցե դյութանք… մտքում կանչում էր առեղծվածին, որ երևա… Կարո՞ղ է արդեն գտել էր որոնումների սկիզբը:
Արդյոք դա հենց ա՞յն էր, ում որոնել էր ճանապարհներին, թե՞ իր մեջ ապրող հակասական զորությունն էր, որի դեմ մշտապես կռիվներ էր մղել. առեղծված, որ պիտի գնար հետևից, բայց նրան հասնելու ճանապարհները տիեզերական անդունդներում էին կորչում:
Փնտրելով էր հասել լեռները. գուցե սկիզբը, մեն-միակ վայրը այդտեղ էր, որտեղ ծագումների արարումն էր դարձյալ հունցվելու, այն, ինչը քիչ առաջ թափանցել էր ուղեղը, դյութել միտքը, փորձել էր նրան գիտակցելով հպվել` դարձյալ չէր կարողացել, հազիվ էր հասցրել ավելի թանձր մշուշի մեջ աղոտ նշմարել նրան: Պետք է, որ այն կենդանի միտք լիներ, բայց թե ինչպիսին` չէր կարողանում բացել, բնազդով պտտվել էր նրա չորս կողմը, սակայն գլխի էր ընկել, թեպետ քիչ առաջ հասնելու էր ճշմարտությանը, բայց ոչ կարողացել էր ամբողջությամբ բովանդակել այն, ոչ էլ դրոշմել մտքի մեջ:
Նրա կորուստն այն ժամանակ էր զգացել, երբ դարձյալ սկսել էր ծղրիդների չոր ճռռոցը, ծառերի շնկշնկոցը լսել:
Կրկին ճանապարհ էր ելել, չէր էլ հասկացել նպատակը` ինչո՞ւ դեպի Ագռավաքար: Ցրտերի հետ ձիու փորին հասնող լեռնային պաղ գետերը կտրելով` զառիթափերով Մարութա անտառածածկ լեռներից Վանա լճի դաշտավայրերն էր իջել: Հենց ափամերձ արահետի վրա դարձյալ ներսի հակասական զորության պաղն էր արթնացել, արդյոք ինքը ունայնությունը հաստատելո՞ւ համար էր ծնվել, հողագնդի վրա միայն մի վայրկյան երևալո՞ւ և հետո հարյուր հազարավոր մարդկանց հետ աննշմար և վերջնականապես անհետանալո՞ւ էր ժամանակների խորքերում: Չնայած ինքը Սասնո իշխանական Մեծ տան տոհմի սովորույթներով, կրքերով և ախտերով ավելի կամ պակաս չափով էր վարակված և դեռ շարունակում էր մոլորվածի նման խարխափելով քայլել, բայց անապատի ճանապարհները սովորեցրել էին` անկարելի է կորչի նա, ով կամենում էր մնայուն լինել: Չէր կարող չքանալ նա, ով գոնե մի անգամ որոնել կամ զգացել էր առեղծվածի խորհրդավորությունը, անհնար էր` այն դյութանք կամ խաբկանք լիներ:
Չնայած ներսի հակասական զորությունը, որ անընդհատ առօրյա կյանքի դեմ էր, մշտապես հանգիստ չէր տալիս, հակառակություններով մղում էր նրան դեպի իշխանական Մեծ տուն: Հիմա էլ իշխանական Մեծ տան նկատմամբ այնպիսի պաղ օտարություն էր գուժել, որ այլևս ոչ կարողացել, ոչ էլ ցանակացել էր շարժվել, լեռնային արահետին` մի կետի վրա, մի դիրքով քարացել, մնացել էր:
Արևամուտին ձին ճանապարհից քիչ հեռու` խոտերի մեջ, ինքը միայնակ, աստիճանաբար տիրապետելով մտքին` ամբողջ հոգով կենաց-մահու մի կռիվ էր ցանկացել կամ իրեն կամավոր գրավ տալու մասին էր տենչացել:
Ավելի ուշ չոր հողին սմբակների զարկ էր դոփել: Յոթ ձիավոր եկել, մինչև լուսաբաց կռվել էին նրա դեմ: Մհերն աջ ու ձախից մոտեցողներին զարկել էր, բայց թուրը ոչ մեկին չէր կարողացել բռնել: Կռիվն ամբողջ գիշեր էր շարունակվել, մինչև լուսաբացի հետ անտառի շնկշնկոցն էր լսվել:
Յոթ ձիավորները նրան ասել էին, որ արշալույսն արդեն ծագում է, իրենց վերադարձի ժամն է, թող կռիվը դադարեցնի, իրենք գնան իրենց տեղերը: Չէր թողել, ավելի էր սաստկացրել զարկերը: Հեծյալները տեսել էին` ուժգնացող կռվի պատճառով չէին կարողանում հեռանալ, հասկացել էին` պրծնելու համար պիտի կատարեին նրա կամքը:
Նրանցից մեկն իջել էր ձիուց, ուր Մհերի նժույգն էր կանգնած եղել, բռնել էր հողից, այդ պահից էլ սկսել էր ձիու ոտքերի տակ գետինը փլվել: Որտեղ թիկնոցը փռել էր, հենց այդտեղ, այդ չափով էլ հողը ծերացել էր: Մհերը նկատել էր` ձիու ոտքերը սկսել էին չմնալ գետնի վրա, որ մի սմբակը զարկել էր, խրվել էր մինչև ծնկները: Երբ իջել էր մենամարտը հետիոտն շարունակելու, տեսել էր` հողն իր ոտքերի տակ էլ էր խախտվել: Սկզբից մի, հետո մյուս ոտքը, մեկը մի քիչ խորը, մինչև կոճերը, մյուսը մի քիչ ծանծաղ խրվել էին լավ ծեծված արահետի ամառային չոր գետնի մեջ:
Ձիավորներն ասել էին, որ լույսն արդեն գալիս էր, չեն կարող մնալ, թող մենամարտը դադարեցներ, իրենք գնային և այսուհետ իմացած լիներ` նրա կռիվը հողագնդի վրա միայն մարդկանց հետ չէր եղել: Չէր թողել, պահանջել էր մնային, մինչև որ իրար չհաղթեին կամ ինքը գրավ չվերցվեր: Հեծել էր ձին, նորից էր առել քրտինքի հոտը, զարկվող սրերի մետաղային չոր զրնգոցը, յոթ լռակյաց կռվողների տնքոցը: Հեռանալու հնարավորություն չտալու համար աշխատել էր բոլորին զարկի տակ պահել, սակայն արշալույսի ճերմակելու հետ նկատել էր` այլևս չէին եղել: Լվացվել, սրբել էր արյունոտ հագուստը: Ձին գնացել, բայց շատ էր տանջվել, ամեն քայլափոխի հողը փլվել էր ոտքերի տակ: Մհերը չէր տեսել, բայց զգացել էր լույսի մեջ մեկի լինելը: Շուրջը թրթռացող օդի հաղորդումից, ձիու մեջ ընկած դողէրոցքից, արևի շողերի կտրտվող տատանումներից, չորս կողմը լողալով` պտտվող հոտից գլխի էր ընկել, որ հենց նա էր այդտեղ, ով լուսադեմին բռնել էր գետնից, հիմա էլ ձիու ոտքերի տակ թիկնոցը փռելով` խախտում էր հողը, առաջնորդելու պես գնում էր դեմից: Գնալով` լճի արևելյան ափին էր հասել, դուրս էր եկել Տոսպան լեռան ստորոտը: Ճանապարհին բոլոր կասկածները ցրելու համար` արդյոք ինքը մեղավո՞ր էր, որ չէր հաղթել յոթ ձիավորներին, կամ գուցե զորությունն էր վերցվել իրենից, թրատել էր դիմացի ժայռը: Վերից վար հենց առաջին հարվածից էլ երկփեղկվել էին կտրված ապառաժները: Չէր իջել, այդպես` ձիով էլ ներս էր մտել:
* * *
Մհերի Ագռավաքարում փակվելը Տոսպան լեռան քերծերում ապրող ճգնավորներն էին տեսել:
Կենդանի-կենդանի քարե դամբարան մտնելու և առանց մեռնելու մշտատանջության դատապարտված լինելու լուրը հասարակության մեջ տարակուսանք ու շփոթություն էր առաջացրել: Հողագունդն էլ էր զանազան ձևափոխություններ ստացել, այլագունել էր երկինքը, խորխորատները բարձրացել էին, բարձունքները ձորեր էին դարձել:
Ժողովրդի մեջ միանգամից կասկած էր առաջացել, գուցե այդ ամենի հետ կապ ուներ Մհերի չար բնավորությունը, կամ լեռան ոգիները նրան հափշտակել էին` մարդկության դեմ համագործակցելու նպատակով:
Վերգոյի կողմից շուկայից վարձված մի քանի օտարական էլ պայծառատեսներ ձևանալով` հին տեղեկություններ էին տարածել, թնջուկը ավելի խճճելով, թե Մհերի ծնվելու օրը ափի մեջ մի պուտ արյուն լինելն արդեն նրա` աշխարհ կործանելու կանխորոշված նշանն էր: Ոմանք էլ հնարավոր էին համարել` այրերում բնակվող տիեզերական խավարը կառավարող Մեծ ուժն էր նրան իր մոտ ծառայության վերցրել:
Այդ ժամանակ դեռ չէր խախտվել ժամանակի շրջանը, դեռ չէր լրացել Մհերի փակվելու վեցերորդ օրը, և ոչ էլ ժայռերի հետևից խրխինջն էր լսվել, երիտասարդների զանգվածներն էլ չէին հեղեղել քաղաքի փողոցները, դեռ անորոշ տեղից չէր եկել մոխրագույն ավանակով պատանին, բայց Մեծ տան ավագները, քաղաքային իշխանությունների խորհուրդը և հոգևոր հայրերը, վերլուծելով խառնաշփոթ իրավիճակը, գլխի էին ընկել` ժողովրդի մեջ ծայր առած հակաքրիստոնյա անառողջ խոսակցությունները, հախուռն, այս ու այնտեղ ծագող հեթանոսական ծեսերի բռնկումները ինչ կործանարար ազդեցություններ կարող էին ունենալ իրենց իշխանության և հեղինակության վրա: Այդ ամենի դեմն առնելու համար Վասպուրական աշխարհի եկեղեցիները իրար հետևից շտապեցին Դերենիկ Քարնեղեցի կաթողիկոսի կոնդակով Մհերին սրբերի դասին հավասարեցնել: Պահանջել էին, որ բոլոր եկեղեցիները Ահեկան ամսին` Զատկի նախընթաց ճրագալույցի երեկոյից մինչև հոգեգալուստ, քառասունինն օր շարունակ Տիրոջ հարության տոնի հետ Մհերի հարության օրն էլ նշեին, շարականների և սաղմոսների մեջ Տիրոջ անվան հետ միաժամանակ անընդհատ նրա անունն էլ հիշատակեին:
Քաղաքային իշխանությունների խորհրդի որոշումով էլ պետական գանձատան հաշվին կատարածուն ամեն Ավագ հինգշաբթի Կուզ կամրջին նստած բոլոր մուրացիկներին Մհերի սիրուն կեսական լումա էր բաժանելու:
Շաբաթվա վերջում Սասունի փողոցներում չորս արիոսական քարոզիչներ էին երևացել: Մեկը սկզբից քաղաքամուտ դարպասների առաջ, հետո էլ շուկայում բարձրացել, վուշի հակերի վրայից ժողովրդի հետ էր խոսել թե` երկնքից Վանա ծովի վրա նետված նշանը, ժամանակի շրջանը խարխլվելու երևույթը սուտը և կեղծիքը խարազանող գավազանն էին: Իմացած եղեք` ավագանու խորհուրդը, Մեծ տունը և եկեղեցին չարի գործիքներ են: Մի նրանց հարցնող լիներ, թե ի՞նչ գործ ունեն Աստծու մտահղացումների հետ, ինչի՞ են խառնվում նրա որոշումներին, երբ անգամ ռամիկին էլ է հասկանալի. ճիշտ է, Մհերը շատ արժանիքներ ուներ, բայց սովորական մահկանացու էր, ինչ կարիք կար սրբերին հավասարեցնել: Ինչո՞ւ են նրան Աստծու համբարձված որդուն հավասարեցնելով` կեղծիք մտցնում երկնային համակարգի մեջ, այդքանից հետո դեռ մեզ էլ աղանդավոր են անվանում: Ասել էր. «Սրանց մեջ էլ հին ժամանակներից Աստծու դեմ չարագործություն կատարած, անիծյալ խոշոր գնդի նման մի դաս կա. Մեծ տանը, քաղաքի ավագանու խորհրդին, կաթողիկոսին` առաքելական եկեղեցով հանդերձ, սատանայի հետ համագործակցելու, հոտը Նեռի ճանապարհով առաջնորդելու համար նզովքով հավասարեցնում ենք չարագործների դասին: Թող ևս մի անգամ նզովյալ լինեն նրանք և Մանին` ով Աստծու երկու բնույթն ընդունեց: Նրանից հետո չորսով միասին անիծում ենք Նավատիոսին, որ չի ընդունում ապաշխարությունը: Սրանց հետ նզովում ենք չար Սաբելոսին, որ հավատում էր` Սուրբ Երրորդությունը մեկ դեմք է: Թող Ֆորտինոսին էլ անիծյալ լինի, որ ժողովրդին էր մոլորեցնում: Չորսով դարձյալ նզովում ենք Սասնո առաջնորդներին և Նեստորին, հայանուն Սարգսին` իր շան և էշի հետ հանդերձ, թող շների ու էշերի հետ մասնակից դառնա վերջին դատաստանի օրվան… Եվ ով հավատա նրանց, թող այսուհետ նզովյալ լինի…»:
Նրանց ելույթի բովանդակությունը թաղեթաղ ժողովրդին, իշխանություններին էր փոխանցվել. քաղաքը գվվացել, եփվել էր:
Հոգևորականների ուղեկցությամբ կարգապահ տեսուչները առավոտվանից չորս արիոսականներին էին որոնել: Հավաքվածների բազմությունը ճեղքելով` եկել, հենց վուշի հակերի վրա էլ նզովքի խոսքերը բերանին բռնել էին պատանուն, որպես հերձվածողի, անմիջապես կախել էին բազմության աչքի առաջ: Մնացած երեքին էլ որոնել, չէին գտել. ժողովուրդն էր փախցրել: Առանց դատ ու դատաստանի պատանու անմիջական պատիժը սարսափեցրել էր հասարակությանը: Այդ պահին դեռ չէր լրացել Մհերի փակվելու վեցերորդ օրը և ժայռերի հետևից չէր լսվել խրխինջը, երիտասարդների զանգվածներն էլ դեռ չէին հեղեղել փողոցները, ոչ էլ անորոշ տեղից մոխրագույն ավանակով պատանին էր հայտնվել. դեռ չէր նորոգվել խախտված ժամանակի շրջանը: Վասպուրական աշխարհում ոչ մարդ էր ծնվել, ոչ էլ մեռել էր: Այդ պատճառով էլ լուսաբացին փուռ գնացող հացթուխը նկատել էր` երեկվանից ծառից կախված արիոսական պատանին տակավին կենդանի, ճոճվել էր պարանի վրա:
Իսկ բնական կյանքը միայն վեցերորդ օրը Ագռավաքարի շրջակայքից էր սկսվել, երբ ժայռերի հետևից խրխինջն էր լսվել, երբ անորոշ տեղից մոխրագույն ավանակով պատանին էր հայտնվել և երիտասարդներին ցուցում էր տվել, որ գնային Սասուն: Երբ վերստին վերականգնվել էր խախտված ժամանակը, կարգապահ տեսուչները կախաղանից իջեցրած, չորս օր զնդանում պահած պատանուն բերել, երկրորդ անգամ էին մահապատժի ենթարկել:
Այդ նույն օրը, հայոց Սահմի 23-ին, Սոլիթաղեցի Կունդուկ տերունական խոստովանահայրն էլ մի ոսկով աղքատ հարևանի տասը տարեկան աղջկան էր գնել` հետը ամուսնանալու նպատակով:
Ամբողջ մի շաբաթ Մհերի ողջ կամ մեռած լինելու մասին բերնեբերան պտտվող խոսակցությունները ավելի էին ակտիվացել, անընդհատ նոր տարբերակներ էին պատմվել: Փողոցներում Բարձր Հայքից եկած գուշակներ էին թափառել: Գլուխները մտցրել էին երեք գույն աղով լցված կճուճների մեջ, անդրաշխարհի ոգիների հետ էին խոսել: Այլուրից լսված խոսքերը բարձրացնելով կճուճներից` ժողովրդին էին փոխանցել, թե Մհերի ոգին այդ պահին երկու Մասիսներից մեկի տակ է գտնվում. քանի դեռ կլինի երկգագաթ լեռը, գոյություն է ունենալու Մհերը:
Հաջորդ երկու տարին էլ կախարդների, մարգարեների, տեսիլքատեսների` իրար հաջորդող երթուգալով էր անցել, մինչև որ արտառոց, բայց արժանահավատ մի լուր կաթվածահար չէր արել քաղաքը, թե Մհերը քարայրի մուտքին էր կանգնած եղել, երբ խոսել էր հորթի հետևից գնացող հովվի հետ:
Նրանց զրույցի բովանդակությունն այնքան ճշմարտանման էր: Լուրը հեղինակավոր այնպիսի մարդիկ էին քննարկել, հավատացողներն այնքան շատ էին եղել:
Հովվի պատմածների մեջ Մհերի անձին վերաբերող այնպիսի գաղտնիքներ էին սկսել երես ելնել, որ դրանց մասին միայն ընտանիքի անդամներն էին իմացել:
Երկար լռություն պահպանելուց հետո իշխանական Մեծ տան ավագներն էլ չէին դիմացել, որոշել էին օրեցօր գունազարդվող լուրերը ստուգել:
Հեղինակավոր մարդկանցից պատվիրակություն էին կազմել, Տոսպան լեռան ստորոտներին գտնվող Կոգահովիտ գյուղը հովվի հետ հանդիպելու էին ուղարկել: Պատվիրակներին առաջին բանը, որ զարմացրել էր, Մհերի արտաքինի ճշգրիտ նկարագրությունն էր, անգամ հովիվն աջ այտի հազիվ նկատելի խալի տեղն էր ասել: Ստուգումների արդյունքը պատվիրակությանը այնքան անթերի էր թվացել, որ հովվին խաղողի հինգ ցրտադիմացկուն վազ և մի ծնած կով հորթի հետ խոստանալով` Սասուն էին բերել:
ՍԱՍՈՒՆՈՒՄ ԿՈԳԱՀՈՎԻՏ ԳՅՈՒՂԻ ՀՈՎՎԻ ՊԱՏՄԱԾԸ ԽԱՂՈՂԻ ՑՐՏԱԴԻՄԱՑԿՈՒՆ ՀԻՆԳ ՎԱԶԵՐԻ ԵՎ ՄԻ ԾՆԱԾ ԿՈՎ ՀՈՐԹԻ ՀԵՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄԱՑ
Հովիվը շուրջբոլորը հավաքվածներին սկզբից Համբարձման ծեսի արարողությունն էր նկարագրել` ինչպես էին սայլերով աղջիկներն իրենց հավգիր վիճակները` յոթ աղբյուրների ջրով լցված` գույնզգույն ծոպերով զարդարված կարասների մեջ գցած մեծ հանդիսությամբ լեռները հասցրել, երկնային ուժերի ներգործությունը ստանալու համար գիշերը դրել էին ժայռերին փորագրված աստղային պաշտամունքի աղոթքների հովանու տակ: Ասել էր` ինքն այդքան էլ լավ չգիտի սասունցիների սովորույթները, նրանց կողմերում արդյոք հավատու՞մ են Համբարձման գիշերվա որոշյալ ժամին: Օրինակ` իրենց մոտ լեռնային գյուղի ամեն տուն, ժայռե տախտակներին փորագրված, նախնիների աղյուսակից գիտե` գիշերն այնքան է կենդանանում, որ սկսում է բնությունը տեղաշարժվել. լեռը, անտառը, քարը, երկինք-գետինը սկսում էին հոսել, իսկ ամպերը, քամին, ջրերն անշարժանում են: Հովիվն ասել էր` ինքն Էլիզբարի կորած հորթի հետևից գնացել, Ագռավաքարի կողմերն էր հասել: Քարերը հետ էին գնացել, Մհերն էլ ձեռները կրծքին խաչած, մուտքին էր կանգնած եղել, կողքով էլ անընդհատ գիշերային թռչուններ էին ելումուտ արել: Մեկ էլ այդ պահին հարության որոշյալ ժամն էր եկել, մեղեդին շնչավոր և անշունչների, լույսի և ստվերների վրա էր հոսել: Միանգամից բույսերի, ծառերի մարմինները սկսել էին սմքել, նրանց ոգին էր բարձրացել բոլոր տեղերից: Հավաքվածներին հավատացնելու համար արևելքի կողմն էր շրջվել, խաչակնքել էր երեք անգամ, թե Աստված է վկա` Մհերին տեսել է: Նրանց հետաքրքրող մանրամասները բավարարելու համար ավելացրել էր` երբ Մհերին հարցրել էր` երբ է լինելու նրա քարանձավից դուրս գալը, ասել էր, որ ցորենի ու գարու հատիկին է սպասում, որ մեկը խոշորանա, քան ընկույզն է, մյուսը` մասուրի չափ դառնա, ինքն էլ այդ ժամանակ կելնի անարդար, հին աշխարհը կործանելու, նոր փուլի, նոր շրջանի սկիզբը դնելու:
Հովիվն ասել էր. «Մինչև մենք զրուցում էինք, Համբարձման գիշերվա ավարտն էր հնչել, ամեն գոյ իր նախնական կարգին էր վերադարձել»: Հավաքվածները շփոթության, տարակուսանքի մեջ էին մնացել:
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ԳԼՈՒԽ ԻՄԱՑԱԲԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գիտության գործի գլուխ իմացաբանները, հավատաքննիչները հովվին չհավատացող, նրա հետ վիճաբանողներին սաստել էին, թե պատմածի ճշմարտությունը պարզելու համար նախ համոզվել է պետք` իսկապե՞ս հովիվը զրուցել է ինչ-որ մեկի հետ կամ, եթե անգամ զրուցել է, արդյոք հասկացե՞լ է իրենց զրույցի բովանդակությունը: Հովվին հարցրել էին` կարո՞ղ է ասել` ինչ են նշանակում գարու և ցորենի մասին Մհերի ասածները: Նրանք այդպես էլ չէին կարողացել պարզել` հովվի զրուցակիցը արդյոք Մհե՞րն է եղել, բայց մի բանում հաստատապես չէին սխալվել` Ագռավաքարի շեմին խոսակից եղել էր, միանշանակ էր` հովիվն այդքան բարդ բովանդակությամբ երկխոսություն չէր կարող հորինել:
Երկրորդ մարդու ով լինելը վերջնականապես պարզելու համար որոշել էին` Վրվեռ Հեսվանեցու Մհերի մասին թողած բնութագրի և հովվի խոսակցի դատողությունների միջև համեմատական զուգահեռներ անցկացնել:
Այդ նույն երեկոյան Կոգահովիտ գյուղի հովիվն էլ, պարանով պոզերից կապած կարմիր կովն ու հորթը հետևը գցած, խաղողի հինգ ցրտադիմացկուն վազերը թաց ճիլոպով փաթաթած, Սասնո փոշոտ փողոցներով լեռներն էր վերադառնում:
* * *
Սիրելի ուսանողներ, չնայած գիտնականների և ճգնավորների գործադրած մեծ ջանքերին, որ փորձում էին քաղաքապետարանի ցուցումով ժողովրդին ապացուցել, թե Ագռավաքարի շեմին հովվի հետ զրուցած մարդը ոչ թե Մհերն էր, այլ շատ հավանական է` իրեն Մհերի տեղը ներկայացնող հենց ինքը` մոխրագույն ավանակով թափառաշրջիկ, արկածախնդիր պատանին: Միևնույն է, ժողովրդի մեջ դարձյալ կասկած ու թերահավատություն էր թողել: Սակայն Մհերի կենդանության մասին` երկու տարի անընդհատ տագնապների մեջ պահած անորոշությունը, այնուամենայնիվ, տրամաբանական ինչ-որ սահմանի էր մոտեցել:
Մհերին լիարժեք ընկալելու համար հասարակությանը` դեռ նրա երիտասարդության տարիներից մտավոր թերզարգացության, հակոտնյա լինելու վերաբերյալ ձևավորված անվստահությունն էր խանգարում:
Երբ սկսեցի առաջին անգամ կարդալ ազգային վեպի պատումները, ինձ վրա էլ ցնցող տպավորություն էին թողել Մհերի հակասականությունները, որ երբեմն ինքս էլ էի կասկածում նրա առողջ բանականություն ունենալուն:
Սասնո հասարակության մեջ հաստատված կարծիք կար` իբր թե հենց ամենավաղ տարիքից էր նա ինքն իր դեմ դուրս եկել: Չէին մոռացել` ինչպես էր մի օր ապակեգործների թաղամասով հոսող գետի վրա կամուրջ կապել: Հետո անցնողներին ծեծել էր, թե հո կամուրջը նրանց համար չի՞ շինել, որ անցնեին: Չանցնող, ջրով ափ հասածներին էլ դնգստել էր թե` բա որ հանկարծ գետում խեղդվեի՞ք: Նրանց մահվան մեղքն իր վրա էր ընկնելու, ինչ պատասխան էր տալու ավագանու խորհրդին: Հենց նույն այդ տարի, մեկ ուրիշ, ապշելու միջադեպ էլ էր կատարվել. լորենու ճիպոտն առած` բլուրների հետևից էր ընկել: Զարկել, հա զարկել էր, որ դեմից հեռանային, արևամուտը տեսներ:
Նման իրավիճակներից պարզորոշ երևում էր` ներսի մեջ աճող երկակի զորություն ուներ, որ մեկ էլ տեսար ինքն իր դեմ հակադիր կեցվածքների էր վերածվում: Մեկը ներհակ, անհնազանդ խռովարարի ընբոստությունն էր, որ հանում էր բոլորի դեմ, անհաշտ էր պահում աշխարհի հետ, երկրորդը` ստիպում էր կյանքը, անգամ իրեն անհասկանալի, անհայտ ինչ-որ բանի նվիրաբերել, լինել անընսդհատ շրջապտույտ ճանապարհների վրա: Մի զորությունն օտարում էր աշխարհից, երկրորդը անապատներում թափառական դարձնելով` նպաստում էր անտեսանելի աշխարհի դռները որոնելուն:
Ինձ թվում է` պատանեկության տարիներին հենց այս, դեռ չձևավորված երկու հակադիր ուժերն էլ նրան քամահրանքով էին լցնում աշխարհի դեմ, ստիպում երբեմն անուղակի, երբեմն էլ որոշակի արարքներով անհավատարիմ լինել ժողովրդին, ձեռք բարձրացնել նրա վրա: Ճիշտ է, ուղղակի չի ասված, բայց պատումների մի քանի տարբերակներում պարզորոշ երևում է` անհավասարակշռությունը Մհերին, մինչև Դավթի նզովքը, ուղեկցել է, դրանից հետո էլ նզովքի հետ կապված նոր հակասություններ են ծագել. անպտղության զգացողությունն անասելի տառապանքներ է պատճառել, գնալով ներսն անապատ է դարձել:
Ինձ թվում է` թափառումների դուրս գալու պատճառը հենց սկզբից էլ անհաղթահարելի ցավի զգացողությունն էր: Ինչքան էլ փորձել էր մեծ ճիգերով չենթարկվել Դավթի կանխորոշած ճակատագրին, սակայն դիմադրությունն ավելի մեծ բախումների էր հասցրել ինքն իր և իշխանական Մեծ տան հետ: Բայց տարիների ընթացքում, ճանապարհների լույսի և ստվերների գաղտնիքներին հանդիպելով, սկսել էր այլուրային միջավայրի գոյության մասին մտածել, կռահել էր նրա` մեկ ուրիշ տեղում գտնվելը, որ նրա անիմանալիությունից, անտեսանելիությունից էր սկսվում կյանքի մյուս կողմը:
Գիտեք, իմ այս մտքերը դեռ չեն նշանակում, թե վերջնական ճշմարտություններ են: Անքուն գիշերներ եմ անցկացրել, հարց տալով` ի՞նչ բան էր կյանքի մյուս կողմ ասածը, գուցե նորից վերադա՞րձ էր նյութական անգոյության կամ գուցե Մհերի վերադարձն էր բացահայտում նախաստեղծ արարման միջավայր:
Երկար տարիներ աշխարհի և հեռվում բոցկլտացող այլուրային միջավայրի միջև խարխափելուց հետո վերադարձել էր Ագռավաքար` ճանապարհների սկզբին, որտեղից սկսել էր, ճիշտ է, ընկճված ու ձեռնունայն, բայց եթե անգամ նորը չէր գտել, այնուամենայնիվ, կռահել էր նրա գոյության մասին: Գիտեք, ինձ թվում է` Ագռավաքարը ոչ զնդան, ոչ էլ քարե դամբարան կոչելն է ճիշտ, ինչպես ազգագրագետներից ու բանասերներից ոմանք են անում: Կարծում եմ` ավելի շատ բնության արգանդի է նման` նյութական անգոյություն ծնող: Կարելի է ժողովրդի ողնաշար, քրոմոսոմ, հոգևոր բանականություն էլ անվանել կամ էլ` հավերժական արժեքների, նպատակների և երազանքների խորհրդաբանություն, որտեղ ազգը, միլիոնավոր տարիների ընթացքում մեղվի նման աշխատելով, հոգևոր հարստություն էր կուտակել:
Հենց Ագռավաքար վերադառնալով` Մհերը նրա բնակիչներին լուր հասցրեց, որ հնարավոր է` նրանցից հեռու մեկ ուրիշ, առեղծվածային այլ աշխարհ էլ գոյություն ունենա:
Մհերի բերած լուրից հետո ամեն մի նոր սերունդ մեկ էլ հանկարծ ենթագիտակցության ծալքերում նրանից ժառանգած առեղծվածային երկրի կանչն էր հայտնաբերում և ինքն էլ մի օր գնում էր դյութական անհայտ աշխարհը որոնելու: Այսօր մի քարտեզ եմ բերել` Վրվեռ Հեսվանեցի ուսուցչապետի վանական աշակերտներն են գծագրել: Նայեք կանաչ սլաքներին, նրա անցած ճանապարհների նշաններն են, կարմրով խարիսխները այն տեղերն են, որտեղ թեկուզ մեկ կամ երկու օրով իջևանել է: Օղակ օղակի հետևից պտտվող սլաքների պատկերից երևում է` ջրապտույտի, հողմաքամու պես անընդհատ ինքն իր շուրջն է գալարվել: Այդ ի՞նչ խորհրդավոր զորություն կարող էր լինել նրան ուղղորդողը, ինչո՞ւ էր լուսնոտի բնազդով մի քանի անգամ հայտնվում նույն ճանապարհներին, նույն քարավանատներում: Ինչ-որ մի բան համառորեն նրան միևնույն բնակավայրերի, պետությունների, ազգությունների հետ էր հանդիպեցնում: Այդ ամենը հուշում է, գրեթե համոզված եմ, ուրեմն շատ մոտ էր գտնվել ժամանակի շրջադարձին: Նրան անընդհատ թվացել էր` առաջին, երկրորդ, երրորդ անգամ վրիպելուց հետո գտնելու էր մի տեղ` այս աշխարհի կեղևը հատող ելքի դուռը:
* * *
Մի ժամանակաշրջան եղավ, հիմա լավ չեմ հիշում, համալսարանի վերջի՞ն կուրսում էի, թե՞ նոր էի ասպիրանտուրա ընդունվել, որ հողի փլուզումների հետ կապված երևույթները չհասկանալու պատճառով ազգային վեպի իմաստն այլևս չէի ընկալում: Կասկածները, հակասությունները, ինքնակեղեքումները հանկարծակի դեմս անհաղթահարելի պատ էին դարձել, վերջ ի վերջո, այդ պատը վերափոխվեց բանտի: Հարկավոր էր խորտակել պատնեշները, դուրս ելնել ամբողջ մի տարի կաթվածահար անող անկումային տրամադրության վիճակից, հասնել անհատականության վտանգավոր ճանապարհներին:
Մտածում էի` այդ ինչպես էր, որ հողն իր վրա չէր պահում Մհերին, ամեն քայլափոխի փլվելով ոտքերի տակ` փորձում էր կուլ տալ ձիուն, ժողովրդի աչքի առաջ աղավաղվում էին գույները, կենդանիների, ծառերի ստվերները: Հափշտակվում էին մարդկանց պատկերները, անգամ Վանա լճի վրայից ձկնորսները Ագռավաքար փակվելու գնացող Մհերին հեռվում մեկ որպես բլրանման հսկայի էին տեսել, մեկ էլ` հայացքների դեմ փոխակերպվող` ցածրահասակ, գաճաճ մարդու:
Չէի կարողանում ըմբռնել` այդ ամենը` նրա հեռանալու հետ կապված, ըստ Մհերի վարդապետության հետևորդների մոտ` նրա հեռանալու հետ կապված, կրոնապաշտամունքային հոգեբանության հետևանքով առաջացած տեսողական խաբկա՞նք էր, թե` և տեսիլները, և հողի` ծերությամբ խախտվելը պարզապես տարերային աղետի հետևանքով առաջացած գործընթացների արդյունք էր:
Իրավիճակը ճիշտ հասկանալու, երևույթները սթափ գնահատելու համար երկրաշարժին նախորդող ժամանակաշրջանի մասին ամբողջ մի տարի մասնագիտական գրականություն էի կարդում, երկրաբանության ինստիտուտ էի հասնում` գիտնականների կարծիքը լսելու: Երբեմն ինձ թվում էր` հողի փլուզումները, խորքային անկայունությունը նախաերկրաշարժային գործընթացների հետ կապված երևույթներ էին, այլ ոչ Մհերի` Ագռավաքար գնալու ժամանակ` առջևով գնացող յոթերորդ ձիավորի` նրա և ձիու ոտքերի տակի հողը բռնելով` խախտելու արդյունք: Մյուս կողմից` հանգիստ չէր տալիս նաև պատմիչի վկայությունը թե` Մհերի փակվելու գնալու օրը` երկրաշարժից առաջ, Վասպուրական աշխարհի երկնակամարում ինչ-որ բան էր երևացել, իսկ երկրաշարժը միայն այդ նշանի երևալուն էր հաջորդել, թեքելով շուռ էր տվել Վանա ծովը, ձկները ջրի հետ դուրս էր թափել:
Արդյոք երկնակամարում ցոլցլացող նշանը Մհերի` Ագռավաքարով անցնող միջօրեականի հատե՞լը չէր ազդարարել, որն աշխարհի արարչության սրբազան խորհրդաբանությունն էր: Արդյոք Մհերի` աշխարհը և քաոսը բաժանող պորտալար միջօրեականը կտրելու ակնթարթից նշանի ցոլցլացող բռնկումով Սասունում ոչինչ չպատահելու սկի՞զբը չէր դրվել: Արդյոք դրանով չէ՞ր հաստատվել տարեգրի այն վկայությունը, թե երկրագունդը չէր պտտվել իր առանցքի շուրջը, վեց օր աշխարհի մի կեսում շարունակ գիշեր էր եղել, մյուսում` ցերեկ: Անգամ նախկինի համեմատ տներն էին տեղերից գնացել: Վեց օր ոչ ծնունդ էր եղել, որ հոգի ավելանար, ոչ էլ մահն էր կարողացել շունչ պակասեցնել: Ոչ ինն ամիսը բոլորած, արդեն պտղաջրերը գնացած տղոցկան կանանց ծննդաբերությունն էր սկսվել, ոչ էլ մահառաջի մեջ շունչ փչողներն էին կարողացել հոգիները տալ: Քանի անցյալ, ներկա, ապագա չէր եղել, ոչ մի բան սկիզբ կամ ավարտ չէր ունեցել, դրա համար էլ դրախտի անժամանակի պես` ով որտեղ, ինչ տեղում գտնվել էր դրախտային երջանիկ դյութանքի մեջ էր եղել, մինչև որ վեցերորդ օրը երեկոյան ժամանակի շրջանը վերստին չէր նորոգվել, մինչև որ Ագռավաքարից խրխինջը չէր լսվել, մինչև որ մոխրագույն ավանակով պատանին չէր երևացել:
Երբեմն էլ թվում էր` հողի փլուզման երևույթը ոչ մեկով, ոչ էլ մյուսով էր սկսվել, այլ ավելի կենցաղային, ավելի պարզունակ խնդիրներով էր պայմանավորված: Գուցե հետադիմական ուժերի հին վրեժը լուծելու գործունեության հետ էր կապված: Նրանք արհամարհում էին օր օրի կառավարման լծակները ձեռքից բաց թողնող Մեծ տան և քաղաքային իշխանությունների որոշումները: Պետական ունեցվածքին վնաս հասցնելու նպատակով, փայտ արտահանելու պատրվակով, հսկայածավալ անտառներ էին հատում` բացելով մշտապես փչող հյուսիսային քամիների դեմը, որ սրբում, տանում էին մերկացած բարեբեր շերտը, հողը էրոզացվում, կաթվածահար էր լինում:
Երկար ժամանակ նաև այս տարբերակն էր ճշմարտացի թվում, բայց քիչ ավելի ուշ գլխի ընկա` Մհերի ոտքերի տակ հողի փլվելը տարերային աղետների, երկրաշարժի, հետադիմական ուժերի կողմից անտառածածկույթները ոչնչացնելու կամ էրոզիայի հետևանքների հետ կապելը կնշանակի համագործակցել նրա դեմ հակաքարոզչություն տանող քաղաքային իշխանությունների, հոգևորականների, Մեծ տան, Վերգոյի և արիոսականների հետ: Կամ ակամայից նրանց ջրաղացին ջուր լցնելով` կհաստատեի, որ հինգ գյուղերի բնակիչները կորեկի հինգ արտի համար որպես շատակերի` նրան ու ձիուն սպանել, թաքցրել էին Ագռավաքարի այրերում, կամ էլ համամիտ էի լինելու նրանց հետ, թե ամբողջ կյանքը Ոստանակապանում իշխանի ձեռքին գերի էր մնացել, մինչև խոր ծերություն գոմեշների հետ աշխատել էր նրա քարհանքերում, վերջում էլ` ստրուկի պես շղթաները թևերին` մահացել էր երկրավոր մարդու ծերունական մահով:
Անընդհատ մեկը մյուսից ծագող իրարամերժ տարբերակները, հակասությունները, կասկածները կամազրկել, թուլացրել էին տրամաբանությունս, թվում էր` խառնաշփոթի մեջ ինչ-որ բան էի կորցրել, նրա պատճառով ներսիս մեջ կարևոր հույս էր մեռնում:
Մհերի հետ կապող թելը նորից գտնելու համար ինքս ինձ հարց էի տալիս. «Այդ դեպքում ի՞նչն էր Համբարձման գիշերը Ագռավաքարի դռների բացվելու պատճառը, բա ինչո՞ւ էր Մհերը հայտնվել հովվին, խոսել ցորենի ու գարու մասին: Ինչո՞ւ էին լեռները, ծառերը` ջրերը որոշյալ ժամի շունչ առած, իրար հետ խոսել: Այդ ի՞նչ միստիկ պաշտամունքային ծեսեր իրականացնելով էին քրմերը նպաստելու Մհերի` քարայրից դուրս գալուն, որ բերեր հին աշխարհի կործանումը, դներ նոր փուլի, նոր ժամանակաշրջանի սկիզբը»: Երբեմն թվում էր` հենց այս հարցերի մեջ պիտի որոնեի Մհերի` մինչև այժմ էլ կենդանի լինելու խորհուրդը:
Բայց երբ սկսում էի մտածել` Ագռավաքարի դուռը հետևից փակվել է, ջրերը հոսել են, ամպերն անցել են երկնքով, քամիները լեռներ են մաշել, քաղաքներ են անհետ անցել, անտառն է շնկշնկացել, ամեն մարդ իր գործին է գնացել-եկել, իսկ Մհերն այդ ընթացքում Ագռավաքարի խավարամութի, խոնավության, մենության մեջ հազար, երկու հազար տարի սպասել ու գոյություն է ունեցել, փշաքաղվում էի:
Մտածում էի` քրոմոսոմի հյուլեի նման ընկած է եղել օրինակը չունեցող աշխարհարարման նախաստեղծ մայր արգանդի մեջ` սաղմնային պտղի պես ոտքերը փորի տակ ծալած: Բացակա տարածության, ժամանակի միջից, որտեղ մի ակնթարթը երկրի մի տարվան է հավասար ոչ խավար, ոչ լույս է. հարյուրավոր տարիների միջով պորտալարի նման ձգված է Ագռավաքարը, Մհերին է հասցնում տիեզերքի շշուկները, թե ինչպես են հանգչող մի պաղ աստղին մյուս տաքերը փոխարինում, տերությունները երերալով գետին թափվում, մշակույթները մշակույթների փոխարեն բարձրանում, դարերը դարերից հետո գալիս, ժողովուրդները` ժողովուրդներից, պետությունները` պետություններից հետո, քարտեզները քարտեզներով փոխարինվում` երկրագունդը շարունակ ձևափոխությունների ենթարկում: Բայց միաժամանակ Համբարձման գիշերը հովվի հետ ուղարկած պատգամը թե` միայն գարին` ընկույզի, ցորենը մասուրի չափ դառնալուց հետո էր դուրս գալու, աշխարհի կոտորածը դնելու` մտքիցս դուրս չէր գալիս: Այս ինչ ուղերձ էր. մեր ժամանակների ոգի՞ն էր` ատոմային ռումբի կոճակը սեղմելու նմանությունը, թե՞ տիեզերքի` բնական ընթացքով խոշորանալ, անընդհատ ծավալվելու ճանապարհով ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ գալուստն էր վկայում, որ կործանելու էր երկրագունդը, հետո նոր միայն քանդվել` վերակառուցվելու օրենքի համաձայն, կրկին դեպի ամբողջը` մեկ միասնական երջանիկ մոլորակի, վերստին նորոգված նոր փուլի, նոր սկզբի ժամանակաշրջանում էինք ապրելու:
Սակայն օրըստօրե սաստկացող կասկածները, իմ նկատմամբ անվստահությունն ու անքնությունը ջլատել էին սթափ դատելու կարողություններս: Մի անգամ լուսադեմին պատից պատ քայլելիս մտքովս անցավ` Մհերի հետ կապված իրադարձությունները և խորհրդաբանությունը հասկանալու համար ինչ-որ գիտեի բավարար չէին, չպիտի այդքանով սահմանափակվեի:
Սկսեցի ազգային վեպի հայուր հիսուն պատումները նորից վերընթերցել` հուսալով, թե պատմական, ավանդական, ուրարտական, հեթանոսական, քրիստոնեական շերտերի խորքում այս անգամ, նախորդ ընթերցումների ժամանակ երկրորդական կարևորություն ունեցող իրադարձություններ թվալու պատճառով, ուշադրությունիցս վրիպած` շատ կարևոր մի բան կգտնեի:
Գիտական աղբյուրներից ականավոր ազգագրագետների, բանահավաքների, պատմաբանների կարծիքներն էի համառոտագրում` Դավթի և Մհերի կերպարին վերաբերող հակասությունները հասկանալու համար: Փորձում էի աներևույթ խարիսխը գտնել, որ Մհերին հարյուրավոր դարեր Ագռավաքարում անխորտակ էր պահում …