Դատավորի մեռնելու երրորդ օրվա լիալուսին գիշերը թաղի թափառական ամենախոշոր Ստեփան անունով կատուն պատուհանից ներս մտավ ու բոլորի աչքի առաջ խփեց մեռելին:
Երկու ամսվա ընթացքում դա արդեն երրորդ հանգուցյալն էր, որոնց դագաղի վրա լիալուսին գիշերներին հարձակվել էր:
Գիշերվա կեսին հրավիրված պաթոլոգոանատոմը գունավոր փոշիներով, օխրայով ու կապույտ մածուկներով սարքեց դատավորի դեմքը:
Տոթից շնչահեղձվում էինք, վիճում էինք: Տարբեր առաջարկություններ կային: Ասում են. «Դատավորը…»: Կարևոր խորհուրդներով են գնում-գալիս: Լապտերները վառած` շտապ օգնությունն էլ եկավ, ներսից «վալիդոլ» է բուրում: Բժշկուհու կոնքերին եմ նայում: Ուշ ժամ է, գնում են տները: Հետո լռություն է:
Վաչիկը կատվի տեղը գիտեր, տրամվայի շրջադարձից այն կողմ` փողոցի ծայրամասում, սև տուֆե տների բակում, աղբյուրի մոտ է տեսել:
Ֆորմալինի հոտ է կանգնել տաք օդի մեջ: Մեկ-երկու հրացան են վերցնում, մի քանի հոգով դուրս են գալիս, դատարանի աշխատակիցներից մեկն էլ է նրանց հետ գնում:
Չորս-հինգ ժամ առաջ, այդպիսի ահարկու հարձակումից սարսափած` դատավորի ութ տարեկան տղան ուշագնաց եղավ, լեզուն կուլ գնաց, հիմա էլ լեզուն է բռնվել, տարել են հիվանդանոց, կինը` Սուսանն էլ է այնտեղ:
Դատավորը մեր բարեկամն է, մեզ հորեղբոր տղա է գալիս, մի քանի հոգոով մնացինք` վերջին գիշերն էինք նրա հետ անցկացնելու, եթե աղջիկն ու փեսան հասցնեին, հեռագրի համաձայն, Մոսկվայից գային:
Սուրենը` մեր հորեղբոր տղաներից ամենաավագը, մեզանից ոչ մեկի հետ ընդհանրապես համաձայն չէ: Ուզում է հուղարկավորությունը անպայման «պետական գործչին» վայել, փողային երաժշտությունով լինի:
Ասում է. «Տերտեր-մերտեր հրավիրեցինք` ես հաստատ գիտեմ` մարզպետը չի գա»: Ինձ ասում է. «Խոսիր, ի՞նչ ես սուսուփուս նստել, երբ որ խոսել է պետք, միշտ կողք ես կանգնում, մի բան ասա, գոնե ձայնդ լսենք,- ասում է, իսկ եթե տերտեր չհրավիրենք, կարող է մարզպետը գա: Կգա` բոլորիս պատիվն է, միայն ինձ համար չէ: Մի երկու երեխի էլ մի քանի բարձ-մարձ կտանք ձեռները, թող ետևից մեդալները բերեն: Ինձ որ լսեք, մինչև անգամ մարտական զենքը կարելի է բարձի վրա տանել»: Գալիս, կանգ-նում է իմ դիմաց, ասում է. «Հիմա էլ պրծում չկա, սկսիր խոսել,- ասում է,- ես դիպլոմ չունեմ, դիպլոմավորները դուք եք, մեր հավատարմությունը տեսնելով` ձեզ աշխատանք կտան, ինձ` չէ»: Ասում է. «Ի՞նչ վերին գոյություն, չկա բնությունը հավասարակշռող այդպիսի ուժ. չնայած բարձրագույն կրթություն չունեմ, բայց այս հարցի շուրջ դատավորի հետ էլ շատ եմ խոսել, ձեզ էլ ասեմ»: Առարկություն չի ընդունում, մանավանդ իմը, մի բառ անգամ չի թողնում խոսեմ, լռեցնում է: Ոչ մեկիս հետ համաձայն չէ, վիճում է: Ասում է. «Մեր աշխարհը, որտեղ ապրում ենք, խուփով ծածկված է, բնակվում ենք փակ համակարգի մեջ, ինչքան ուզում ես աղաղակիր, օգ-նություն կանչիր, ոչ ոք չի լսի: Ջրհորի միջից որ կանչես, քեզ դրսից կլսե՞ն»:
Պաթոլոգոանատոմն ընդհատում է աշխատանքը, ասում է. «Սուրճ կա՞, թե` չե՞ք կարող մի հատ սուրճ տալ,- Սուրենին թե,- այդպես չեն ասի, այդպիսի բան կասե՞ն»: Քանի որ հացը նման աշխատանքով էր վաստակում, մեր վերաբերմունքը արհամարհական էր, չարձագանքեցինք:
Սուրենը` մեր հորեղբոր տղաներից ամենաավագը, ծխախոտը վառել է, դրսում ցանկապատի երկաթե դուռն է բացվում-փակվում, ասում է. «Չնայած բարձրագույն կրթություն չունեմ, բայց այս հարցի շուրջ դատավորի հետ շատ եմ խոսել, հիմա էլ ասեմ: Նավը ձեզ օրինակ` մեր երկրագունդը օվկիանոսում կորած նավի նման է, միայն թե առանց ղեկի ու շարժիչի սլանում է, ոչ մեկն էլ չգիտի, թե` ուր: Հրեշտակ-մրեշտակ էլ չկա: Մոմ վառել, ծունկ ծալելն էլ իզուր է, երբ պիտի խելքի գանք ունայնության առաջ, դատարկություն, դատարկություն է: Նորիկիս ժամանակ ետառաջ եմ վազվզում գետի երկայնքով, օգնություն եմ կանչում, ձեռք եմ պարզում երկինք, աղաչում եմ, աղոթում եմ, ոչ մի բան… տասը տարեկան էր»: Նորիկին անցյալ տարի Կարմիր գետը տարավ: Երկու անգամ էլ կինը հղիությունը չպահեց, վիժեց, հետո հայտնի մի մարդու սիրուհին դարձավ:
Պաթոլոգոանատոմը օխրայով ու կապտագույն մածուկով դատավորի դեմքն է սարքում, ասում է. «Կռացած էնքան շնչեցի էս ֆորմալինի հոտը, ոնց որ արբած լինեմ, սուրճ չունե՞ք, մի հատ սուրճ տայիք, կամ եթե չկա` թունդ թեյ,- Սուրենին ասում է,- այդպես մի խոսիր, այդպես չեն արտահայտվի»: Սուրենն ասում է. «Քեզ ինչ կա, եղածը իմ հետ է եղել»: Նրա մասնագիտության վերաբերյալ շատ վատ բան է ասում: Ահագին ժամանակ վիճում են իրար հետ:
Ուշացած փողկապավոր տղամարդիկ, ծաղկեփնջերով կանայք են գալիս, մթից լույսի մեջ են հայտնվել, խոնավ պեծկլտացող աչքեր ունեն: Կանգնել են, նորից են գնում մութի մեջ, ասում են. «Դատավորը»: Հենց հեռանում են, Սուրենը շարունակում է իր խոսքը, ասում է. «Չնայած բարձրագույն կրթություն չունեմ, բայց այս հարցի շուրջ դատավորի հետ էլ շատ եմ խոսել»: Կրթության մասին նրա քամահրանքով արտահայտվելը իմ համալսարանական լինելուն էր վերաբերվում: Տանել չի կարողանում խոսելս, առավել ևս` ցանկացած հարցի մասին կարծիք հայտնելս:
Ձևացնում է, թե իրենց վեճին միջամտեցի, դրանից է նյարդայնացել, իրականում կնոջ` հայտնի մարդու սիրուհին լինելուց է անհաշտվողականությունն իմ հետ: Անընդհատ լռում եմ, որ հունից դուրս չգա, խուսափում եմ ուղիղ ինձ վերաբերվող խոսքին պատասխանել:
Հետո նորից է բոլորի հետ վիճում, կրկին անցնում է տիեզերական թեմային: Կնոջ անունն է տալիս, թե նրա միամսյա անհայտ բացակայության ժամանակ, թեկուզ լիներ որևէ առողջարանում բուժման նպատակով, ինքը գիշերուզօր երեսը բարձի մեջ խրած` խոսել է: Ասում է. «Անդունդի պես դատարկ է մեր շուրջբոլորը, և թող մարդը հույս չունենա որևէ տեղից,- ասում է,- ես այս մասին շատ եմ խոսել դատավորի հետ»:
Առարկություններ չի ընդունում, այդ թեմայով արդեն հայտնի, ձևակերպված օրենքներն ու հասկացությունները նույնպես մերժում է: Վեճը կիսատ է թողնում, ասում է. «Ախպեր, այո, եթե այդպես է, դե թող արձագանքի»: Աջ ձեռքի մատները ծալում է, ոսկրոտ մասով երեք անգամ հաստ պատն է ծեծում, ասում է. «Ահա, դե թող պատասխանի ձեր ասածը…»: Քննախույզ` մեր աչքերը դիտում, սպասում է, քմծիծաղ կա ներքևի շրթունքին:
Երեք անգամ, հատ առ հատ ընդմիջվելով, պատասխան թակվում է տան` դրսի, փողոցին զուգահեռ անցնող պատը:
Գիշերվա ժամը հինգին հայտնի լռությունն է, երբ քնում են անգամ ամենազգոն շները, տոթը պաղում է, մոմերի բոցի վրա դեռ գիշերային թիթեռներ են ճտտոցով պայթում:
Աթոռին քնած Հովանը զարթնում է քնից, հարցնում է. «Ի՞նչ»: Սուրենը` մեր ամենաավագ հորեղբոր տղան, ասում է. «Այդքանով պրծավ ու գնա՞ց, մենք էլ հավատացինք»: Հանկարծ ցատկում է տեղից, չորս անգամ դրսի պատն է ծեծում, ասում է. «Եթե կա, դե թող հիմա էլ չորս անգամ պատասխան խփի»:
Այդ պահին Վաչիկն ու նրա հետ գնացածներն են վերադառնում: Ասում է. «Մեծը կուրացած էր, չտեսավ էլ` ինչպես մոտեցանք, երևի դրանց սև կարիճն էր կծել, աղբյուրից չէին հեռանում, անընդհատ խմում էին, չորսին էլ տեղնուտեղը մեխեցինք պատին: Ձագերը շատ սիրուն էին` մեկը կարմիր էր, մյուսը` դեղին, էն մեկը` կապույտ»: