Հայրս հաճախ էր խմած տուն գալիս, և նրա վրա շատ էին խոսում: Անտարբեր նրանց` իր շուրջը բարձրացրած աղմուկ-աղաղակին, պառկում էր թախտին ու ամբողջ ցերեկը քնում էր: Նա գյուղի գյուղատնտեսն էր:
Ցորենի դաշտերին խորշակն էր խփում: Գարու արտերը երաշտն էր տանում: Իսկ կարտոֆիլի դաշտերը լափում էին վագոններով սերմացու կարտոֆիլի հետ Ռուսաստանից եկած ճիճուները: Կոլտնտեսության հույսը հատավ, և նրա երկու-երեք տարվա աշխատանքային անհաջողություններն ապացուցեցին, որ նրա ծուլության համեմատ` օրինաչափ է, ու նրա` շրջկենտրոնում ոգևորված ինքնաարդարացման ելույթը բարբաջանք է:
Նրա ամենօրյա ճոճվելով տուն գալն ինձ շատ էր ուրախացնում, խոստանում էր մի գիշեր գողանալ քաղաքի բոլոր գույնզգույն կարուսելները ու նվիրել ինձ, ուզում էի, որ նա ամեն օր խմի:
Իմ հարցին, թե. «Գարեջուրն ի՞նչ համ ունի»: Համեմատում էր մեղրի քաղցրության ու գեղեցկության հետ: Գիշերները, համարյա ամեն օր, երազիս մեջ մի յոթ գլխանի դև էր թափառում: Մի շատ բարձր-բարձր սարի վրա աճում էր հրեղեն կապույտ ծաղիկը, որի տերը ես էի, դևը մագլցելով բարձրանում էր սարը` պոկելու ծաղիկը: Ես նրանից շատ էի վախենում, մանավանդ երբ նրա տաք շունչը արդեն դեմքիս էր կպչում ու չէի կարողանում նրա դեմ կռվել: Սարսափած վեր էի թռչում` աչքս չկտրելով միաժամանակ սենյակի բոլոր մութ անկյուններում գտնվող դևից ու արթնացնում էի հորս: Նա գիտեր դևի բոլոր թույլ ու խոցելի տեղերը ու չէր երկնչում նրա դեմ կռվելուց, ես այդ զգում էի նրա ձայնի փոփոխվող ու հուսադրող երանգից: «Դու քնի, տղաս, մարագից կբերեմ գերանդին ու նրա յոթ գլուխն էլ կքաղեմ»: Վառում էր ծխախոտը, քնիս մեջ քթիս էր կպչում ծուխը ու զգում էի, որ նրա ծխախոտը շատ դառն էր: Գիշերվա որ ժամին էլ զարթնեի, նա արթուն հսկում էր: Առավոտյան ամեն օրվա նման գնում էինք Պետրեի ջրաղացը: Նա գյուղի աղունը գարեջրով ու օղիով էր աղում և միշտ դինգի տակ` ջրհորդանում հոգեպահուստ էր ունենում: Պետրեն գարեջրի շշերն էր շարում սեղանին` հերթական անեծք-խրատը կարդալով, որ էս անտեր խմիչքի համար հորս հեռացրին աշխատանքից, որ գյուղի գլխավոր ագրոնոմ լինել քիչ բան չէր: Այնուհետև սկսվում էր իսկական կերուխումը: Նա ոգևորված պատմում էր Պետրեին իմ ամբողջ երազը, մանրամասնորեն, որը պատմել էր անցյալ, նախանցյալ օրը, շաբաթներ ու ամիսներ առաջ, պատմում էր կրկին իր անզիջում մենամարտերի մասին: Բոլորից շատ զարմացած էր նրանից, որ կարելի է անքուն մեկ ուրիշ երազի տերը լինել: Մի օր Պետրեի ջրաղացում, հարբած ժամանակ խոստովանեց, որ ինքը վաղուց, տարիներ է ինչ քնելուց երազ չի տեսնում, որ բոլոր նորմալ մարդիկ պարտավոր են երազ տեսնել… Եվ հետո, ինչպես միշտ, շփոթվում էր, զարմանում, որ արթուն ժամանակ, բաց աչքերով տեսնում էր իմ քնած ժամանակվա երազը… Միայն թե, ես չէի հասկանում, ինչու էր նա խաբում Պետրեին, իմ տեսածին ավելացնելով, որ այդ կապույտ, հրեղեն տերևներով ծաղիկը պատկանում է խարտյաշ անօգնական աղջկա, որ նա է ինձ խնդրել պաշտպանել ոսկեզօծ պոզերով յոթ գլխանի դևից: Ու երդվում էր, որ մի օր շանսատակ կանի այդ չար սատանային: Պետրեն հավատում էր նրա երդմանը, քանի որ լավ գիտեր աղջկան և ինքն էլ պատրաստ էր օգնելու: Խմում էին մինչև ուշ գիշեր, ու գիշերվա մեջ սկսում էր ճերմակել ջրաղացը, ալրաթաթախ սարդոստայնները, Պետրեն, ջուրը և գիշերը: Տան ճանապարհին հայրս աղերսագին պնդում էր, որ ես փորձեմ լավ հիշել, ախր տեսել եմ այն խարտյաշ աղջկան` ուղղակի մոռացել եմ. երկար ու հարթ մազեր ուներ, բարակ իրան, նուրբ շուրթեր, սպիտակ ոտներ, դաշնակահարուհու ճկուն, պարող ձեռքեր…
Խոստանում էի, որ մյուս անգամ անպայման կտեսնեմ նրան: Պատահաբար մորս պատմեցի այդ աղջկա մասին, ու նրա ժպիտը շատ պաղ էր, ասաց, որ այդ նույն երազատեսության խաղերը հինգ տարի առաջ հայրս հարմարեցնում էր ավագ եղբորս գլխին, զզվեցրեց նրան այդ աղջկանով ու կապույտ ծաղիկով երազներ տեսնելու քարոզներով: Համոզում էր, որ երազները թափառում են, ու եղբայրդ մի օր կգտնի… Ինչեր եմ դուրս տալիս, ես էլ գժվեցի, աստված իմ…
Ստիպված` տղան թողեց, փախավ քաղաք, հիմա` նորից…
Մորս` ճակատիս հպած շրթունքները շատ պաղ էին, ու աչքերը` անորոշ, մտածկոտ:
Հայրս քաղաքում սովորող եղբորս անունը աշխատում էր չտալ, խոսակցության ժամանակ ասում էր. «Նա»: Իսկ խմած ժամանակ գոռգոռում էր, որ Նա իրեն դավաճանել է… Քանի որ Նա մայրաքաղաքից նրան նամակ էր գրել, թե. «Աշխարհում կապուտաչյա, Նոյեմ անունով աղջիկ գոյություն չունի: Եղածներն էլ բոզ են կամ ամիսը մեկ նրանց սպիտակ սրունքները ներկվում են դաշտանի պղտոր արյունով: Ի՞նչ է, կնիկ ունեցող մարդուն ես պիտի սովորեցնե՞մ` ինչ բան է էգը…»:
Մի օր առավոտ վաղ մեր մարագի դռանը մեքենա էր կանգնած, մի մեծ տակառ տոմատ էին բերել, իջեցնող բանվորների ձեռքից սղացել, ընկել էր տակառը ու պայթել, կարմիրով ներկել մարագի պատերը, մինչև անսահմանություն ձգվող հողը, մեր այգին, իրար խառնված մարդկանց ու եկել թպրտում էր նյարդերիս մեջ: Այդ օրը մեր թաղի տղաների հետ խանութի պահեստից մի արկղ գարեջուր էինք գողացել: Իմ բաժին գարեջուրը շատ դառն էր ու չէի հավատում, որ այն մեղրի նման քաղցր ու գեղեցիկ է, փորձեցի մյուսները և այդպես էլ այդ օրը չկարողացա հարբել: Տարիներ հետո տոմատի պատմությունը կպատմեմ Պետրեին, կզարմանա, կհաստատի, որ ճիշտ է, մեքենա եղել է կանգնած, եղել է ամեն բան խեղդող կարմիր, բայց ի՞նչ տոմատ, ի՞նչ տակառի ընկնել-պայթել, կասի, որ այդ օրը հայրս մարագում կատաղի ու անզիջում կռվել էր դևի հետ, գերանդիով կտրել նրա երկու գլուխը, այնուհետև դևը խլել է գերանդին հորս ձեռքից ու մխրճել կուրծքը, իսկ ինքը` վիրավոր ու արյունաշաղախ, հեռացել ջրաղացի վրայով, ու ինքը իր աչքով է տեսել նրա վերքերից ծորացող արյան հետքերը: Հետո կտանի ցույց կտա դևի գլուխների` ավելուկի թփերով պատված թումբը և վստահ կասի, որ այդ գարշանքները թաղողը ինքն է եղել: Ծխախոտը վառելով կավելացնի, որ հորդ` դևի կողմից պարտվելու պատճառը միայն ու միայն երազներ չտեսնելն էր… թե չէ, ուզում է հազար գլխանի, հազար հատ դև լիներ, նա պարտվողներից չէր:
Ավագ եղբայրս մայրաքաղաքից հայրիկի թաղմանը չէր եկել: Նրա` դևի հետ կռվելը, համարում էր ամոթալի բարբաջանք ու մի ախորժալի կատակերգություն̀ տեսարաններ սիրող գյուղի բաց աչքի առաջ:
Ուսանողը դասերից հետո շտապ օգնության մեքենայի վրա սանիտար էր աշխատում: Գիշերվա այդ ուշ ժամին սանիտարների սենյակում բոլորը քնած էին: Մթան մեջ պայթեց դիսպետչերուհու ձայնը. «Վեցերորդ, կանչ ունեք» ու այն երկար ժամանակ չէր խեղդվում մթան մեջ, կարծես թիթեղյա տանիքին մարտյան կատվի տռփագին մլավոց լիներ: Մանր ձյուն էր գալիս, շտապ օգնության մեքենան դանդաղ ու զգույշ սողում էր` խարխափելով գիշերվա պատերը: Սերգոն` տարիքով ավագ սանիտարը, քթի տակ մռթմռթում էր, հայհոյում ավագ բժշկին, քանի որ նրան մի քանի անգամ ասել էր` ուսանողին իր հետ հերթի չդնի:
Ուսանողը խեղաթյուր դիակներ ու արյուն տեսնելիս սրտխառնուք էր ունենում: «Տո, շան ծիծ կերած, փողի համար քիչ է մնում` քեզ տուրը տաս, չես կարողանում` մի աշխատի, գնա մորդ փեշի տակ մտի»: Շտապ օգնության մեքենան կանգնեց ծննդատան դռանը: Ուսանողն ու Սերգոն պատգարակը քաշեքաշ տալով` մտան ներս: Մահացածը մերկ պառկած էր մահճակալին: Նա խարտյաշ, հարթ ու երկար մազեր ուներ, բարակ իրան, նուրբ շրթունքներ, սպիտակ ոտներ… լիքն ու պիրկ ստինքներ… Դեմքին տառապանքի հետք անգամ չկար, նա հաղթել էր ինչ-որ բանի, հպարտ ու վեհ պառկած էր, երբեք չպարտվածի նման: Սերգոն սպիտակ խալաթը հանեց ու ծածկեց նրա մերկությունը, մի քանի ակնթարթ պատի հայելու մեջ զննում էր իրեն, ասավ. «Անունը Անահիտ է»: Ուսանողը ժխտեց, նա ընկճված էր պատուհանի գոգին նստած, անթարթ հայացքով իրեն նայող տիկնիկից, հայելուց, որի մեջ սնկի նման ուռչում ու ուռչում էր Սերգոյի դեմքից փախչող անգիտակից ժպիտը, սենյակում տարածված կամֆորայի հոտից ու էլի ինչ-որ բանից: Երբ նրան տեղափոխեցին պատգարակի վրա, մարմինը դեռ տաք էր, անկողնուց նոր դուրս եկած մանկան նման: Ուսանողը մահճակալից բարձը վերցրեց, որ դնի պատգարակին` նրա գլխի տակ: Մոլորվեց, մի ակնթարթ թվաց, թե տարածության մեջ` և այստեղ է, և այնտեղ, բարձի տակ իրեն ծանոթ կապույտ, հրեղեն ծաղիկն էր, վերցրեց ու թաքուն խոթեց վերնաշապիկի տակ` ծոցը: Ասավ. «Անունը «կապուտաչյա» Նոյեմ է»: Սերգոն պատմում էր, որ Անահիտը հաստատ չորացրած թիթեռներ շատ է սիրում, տանը երևի հավաքածու կունենա: Ուսանողը ուշադիր լսում էր նրան: Հետո չէր կարողանում որոշել. ինքը մտքի մե՞ջ է ասել, թե՞ բարձրաձայն, որ նրա անունը «կապուտաչյա» Նոյեմ է: Մի անգամ էլ ասաց: Սերգոն երկար խոսում էր, ու պատգարակը չէին վերցնում: Հետո ասաց. «Դրսում ցուրտ է»: Ուսանողն իր խալաթն ու վերարկուն էլ հանեց, ծածկեցին նրան: Պատգարակը վերցրին, հայելու մոտով անցնելիս Սերգոն հապաղեց, ու նրա չպահվող ժպիտը փախչում էր հայելուց դուրս: Աստիճաններից իջնելիս ուսանողը կրկին չէր կարողանում որոշել` ինքը մտքի մե՞ջ է ասել, թե բարձրաձայն, որ նրա անունը «կապուտաչյա» Նոյեմ է, մի անգամ էլ ասաց, գայթեց: Սերգոն կատաղեց. «Տո, բիճ, չե՞ս կարող վերցնել, թող գնա, տո, խոմ մենք քո մշակները չե՞նք»: Հետո հայհոյեց շտապ օգնության գլխավոր բժշկին` ենթադրելով, որ կարող է ուսանողին հովանավորողը հենց նա է, հայհոյեց աշխարհի բոլոր բժիշկներին ու վերջում` այդ հիվանդանոցի բժիշկներին, անխտիր, տղամարդ թե կին, հետո աշխարհի մերը… Իրենց փողոցով անցնելիս Սերգոն վարորդին խնդրեց տան մոտ մի քանի րոպեով կանգնել: Հետո, դիահերձարան չհասած, նրանք կնոջը հագցրին Սերգոյի բերած սպիտակ շորը և ուլունքներով ու շղթայով զարդարեցին պարանոցը: Նրա վարսերից կորնգանի դաշտերը հիշեցնող օծանելիքի բուրմունք էր գալիս: Հետո, մի քանի օր անց, Սերգոյի կինը կռիվ կգնա շտապ օգնության դիսպետչերուհու վրա` պահանջելով իրենց հարսանիքի շորը, որ նվիրելու էր աղջկան, որ ինքը ոչ թե խանդից է եկել, որ նրանց կենակցությունների պատմությունը վաղուց է լսել քաղաքի բերանից, այլ այն, որ ինքը վիրավորված է, իր աղջիկն արժանի է այդ շորն ու ոսկե շղթան կրելու:
Վարորդը պնդում էր, որ նա դաշնակահարուհի է եղել և որ այդպիսի նուրբ, սպիտակ ձեռներ միայն դաշնակահարուհիները կարող են ունենալ, որ առանց կասկածի, նա հաճախ բեմից «Լուսնի սոնատ» է նվագել և ծափահարող դահլիճը սիրահարվել է նրան: Այդպիսիներին մի ակնթարթ տեսնում են, մի ամբողջ կյանք որոնում: Վարորդը հողմապակուն թափվող ձյան միջից նայում էր հեռուն: Ձեռքը քսեց դեռ անցյալ օրը սափրված դեմքին և շատ ափսոսաց, որ սափրված չէ: Լռությունը երկար, շատ երկար ձգվեց: Հետո ասաց, որ աղջկան ուղարկելու է երաժշտական դպրոց: Նրանք վերադարձան կայան, այլևս չգնացին քնելու: Սերգոն միշտ էլ մեքենայի նստարանների տակ օղի ու գարեջուր էր ունենում պահած: Ուսանողը հանկարծ զգաց, որ գարեջուրը մեղրի նման քաղցր ու գեղեցիկ բան է: Նա կռթնել էր պատգարակի բարձին, ու նրանից կորնգանի դաշտերի բուրմունքն էր գալիս: Նա հիմա հաստատ գիտեր, որ տարիներ առաջ հայրիկը մարագում իրեն չէր նետել գերանդու վրա ու կյանքին վերջ տվել ինքնասպանությամբ, այլ անզիջում ու կատաղի կռվել էր դևի դեմ: