Կալանավորները

   Բաց պատուհանից երևաց ճաղատ կապիտանը:

– Ծերուկ, նց պայմանավորվել ենք: Անձամբ կհանձնես մեր Ինգային: Իմացա՞ր:

– Ճիշտ այդպես:

– Մոտեցիր դռանը, վերցրու:

Ծերունին ուսապարկի ծանրությունից գնաց հետ-հետ `սրունքների չոր ոսկորներին ճիպոտահարված ստացած եզան նման:

«Խոզի ծնունդ, ամբողջ ճամբարը կերցրեց բոզերին, բա դրա կպչուն ժպիտը, մեր Ինգային … թյու, հիմա էլ այդ շան քածը: Նրա զզվելի շփոթ ժպիտը: Իբր թե այս քոսոտ կալանավորին էլ խղճալուց է ուղարկում հոսպիտալ: Դե արի, երեք ժամ ճանապարհ գնա այս շոգին … այս բեռով … այս կաղ շանորդու հետ … »:

Կալանավորը և ուղեկցողը ճամբարից դուրս եկան: Առջևից կաղալով գնում էր կալանավորը, ու ճանապարհի փոշու մեջ խեղդվում էր ձեռնափայտի բութ ու անտարբեր կտկտոցը: Ծերունին քայլում էր փութաջան դանդաղկոտությամբ` ոտքերը չռած: Նա կյանք, պատերազմներ տեսած ծերունի էր: Հասկացավ, որ կալանավորի լայն ուսերի մեջ, վզի մկանների տակ, իրեն վախեցնող, չհաշտվող, դարանած ուժ կա: Նա ըղձական եղանակով կծու հայհոյեց կապիտանի մորը: Միշտ այդ ակնոցավոր կապիտանին որձ ձիու էր նմանեցնում: Հիմա էլ, սննդամթերքով բեռը շալակին, երեք ժամ ճանապարհ պիտի գնար, որ հանդիպեր Ինգային: Կալանավորը կռացավ և շփեց վիրավոր ոտքը: Ծերունին նրա ձեռնաթաթի լայն երակների մեջ այնպես պարզ տեսավ ջեռ արյան աշխույժ հոսքը: Նրա ատլետիկ ուսերի մեջ իրեն վախեցնող հաղթանակի ճիչ կար: Նա դողդոջ մատներով արձակեց բաճկոնի կոճակի վերևի խեղդող կեռիկը:

Կապուտակ երկնքից կախվել էին արտույտները` հրաձգարանի խաղալիքների նման: Կալանավորը տեսել էր, թե ինչպես ծերունին ճամբարից մի քանի հոգու տարել էր, ու նրանք էլ չէին վերադարձել: Ճամբարում բոլորը սարսափով էին նայում ծերունուն ու աշխատում էին չտեսնել նրան:

Նիհար արահետը, պոչը ցից քերծե շան նման, վազում էր նրանց առջևով ու մտնում տայգայի խորհրդավոր, մութ լռության մեջ:

Ծերունին զգուշավոր աչքերը չկտրելով կալանավորից` ծանոթ շարժումով արձակեց ատրճանակի պատյանի կոճակը: Կալանավորը ուշադիր էր անտառի նոսր օդի մեջ խաղացող ամեն մի շշուկի նկատմամբ ու առանց ետ նայելու զգաց, որ այդ փոքրիկ, վտանգավոր չրթոցը թաքնված էր կոճակի տակ: Գայթեց: Մտածեց, որ պարկուճում քնած գնդակը քիչ է ապրում: Ընդամենը մի թիթեռի կարճ կյանք, թիթեռի նման կթռնի ձգված պորտալար տարածության միջով ու մեջքին կարմիր ծաղիկ կորոնի: Իր արճճե թևերի ծանրությամբ և մահվան անթոթափելի թեթևությամբ ինքը սկզբից կիջնի ծնկներին, հետո փորին շուռ կգա ու երևի աչքերի տաքությունը սառելուց առաջ մի քանի կաթիլով կթրջի շալվարը: Եվ ոչ ոք չի իմանա, որ իր հետ պատահած դեպքը լրիվ պատահական էր, այդ չարաբաստիկ կրակոցը: Գուցե ծերունին մտածում է, թե ինքը թույլ է, տեղ չի հասնի: Ձեռնափայտը  գցեց ու վիրավոր ոտքի հեծկլտացող ցավը կապտած շրթունքների հետ ծամելով` քայլեց:

Ծերունին, հայացքը չկտրելով նրանից, մաքրեց քրտնաթոր ճակատը, աջ ձեռքով քշեց մոծակների պարսը: Վտիտ ուսերը վառվում էին փոկերի տակ: Ուսապարկի` մետաղյա տուփերով սննդամթերքն այնպես անխղճորեն էր տրորում քրտնած, ոսկրոտ ողնաշարը: Եվ այդ սառը բեռը, կլանելով իր ուժերը, ավելի էր ծանրանում: Սիրտը, մի ակնթարթ, կարծես դուրս էր թռնելու կոկորդից: Ծերունին երկար տրորեց անհավատարիմ կուրծքը: Նկատեց, որ իր և կալանավորի միջև եղած տարածությունը մեծացել է:

Կալանավորի և´ մոտիկությունն էր վտանգավոր, և´ հեռավորությունը: Եթե նա փախչի, մոտերքում կբռնեն: Եվ այդ ձիադեմ կապիտանը քաղաքական իմաստ կտա դեպքին, ատրճանակի փողը բերանը կխոթի, չի նայի, որ ինքը ծեր է, բեռների տակ փորի պատռվածք ունեցավ: Հիմա էլ Ինգան, գոնե ուրիշը լիներ: Թյու, խոզի ծնունդ:

Դողացող մատների դաշնը ատրճանակի սառը կոթի հետ այնպես համոզիչ էր: Կապիտանին խաբելը դժվար չէր…

– Ուզեց փախչել, դե ես էլ … Նա դեզերտիր է, դիտմամբ կրակել է ինքն իր վրա…

Խաբելը դժվար չէր, դե ես էլ… պրծավ, գնաց:

Գերին առանց ետ նայելու, շիկացած օդի լռության մեջ, տեսավ նրա շարժումը, որ հիմա դուրս կքաշի… ու արճճե թիթեռն իր կարճ կյանքի տարածությունը կթռնի:

Եվ թպրտացող սիրտը երկար ժամանակ չէր հաշտվում վախի հետ:

– Քանի՞ երեխա ունես:

– Վեց:

Իր ունեցած երկուսին էլ չորսը ավելացրեց: Ծերունին կխղճա, չի համարձակվի, կխղճա երեխաներին…

Ջահել ես երևում, մինչև այստեղ գալդ որտե՞ղ էիր աշխատում:

– Դպրոցում դաս էի տալիս: Այդ պատմությունը պատահական էր, ախր որսի ժամանակ կպատահի, չէ՞:

Ծերունին չասաց, որ ուսուցիչը մեղադրվում է ինքնախեղության, դեզերտիրության համար:

– Ուսուցիչ էիր ու հայտնվեցիր այստեղ… Էն էլ պատերազմի այս խառը ժամանակ:

Չուզեց հավատալ ծերունին: Նա տեսավ նրա կծկված բռունցքներում կուտակվող ուժը: Հասկացավ, որ շատ են մոտեցել: Հիմա կալանավորը շուռ կգա ու նրա ջեռ մատների մեջ կսառի իր կոկորդի տաք շունչը: Սիրտը կրկին ծակեց, ձեռքն իջեցրեց պատյանին: Դիմացի ծառի տակ որձ կաքավն իջավ էգի վրայից ու թևերը քսելով ծառերի սաղարթներին` թռան, գնացին: Կալանավորը չկարողացավ հիշել, թե երբ էր երգել (արծաթ գոտի ուներ մեջքին):

«Հայ, կքելեր, ոնց կքելեր,

Ծամեր ուներ` ոսկի թելեր»:

Նվագողները քրտնել էին, Աշխենի փեշն էր փռփռում քամու բերանին:

Ծերունին վարտիքի թաց, կպչուն տաքությունը զգաց ամուլ ամորձիներին, փորի գազերի հետ կեղտոտել էր: Ազդրերն այրվում էին այդ թացության անընդհատ քսվելուց, ու նա ոտքերը լայն էր դնում: Ուռած ոտքերի ամբողջ տրփացող ցավը կարծես ոսպնյակով հավաքվել էր մի կետում` կոշտուկների մեջ: Հոգնած ոտքերն առանց ծնկները ծալելու էր տեղափոխում:

Ուսապարկի ծանր բեռը քերել էր չոր ողնաշարն ու քրտինքի աղիությունից մրմռում էր: Մոծակները պարսերով լցվում էին աչքերի մեջ, ու նրա զայրույթը կրկնապատկվում էր: Նա ուսապարկն իջեցրեց: Կարմրած, քրտնաթոր դեմքը գլխարկով մաքրեց: Ծոցագրպանից հանեց դեղահաբն ու դրեց լեզվի տակ: Չնստեց: Գիտեր, որ եթե նստի, այլևս չի կարողանա վեր կենալ:

Չարչարվեց, չարչարվեց ու չկարողացավ բեռը շալակել: Հայհոյեց կապիտանին` այդ որձ ձիուն: Երբ հարբած գալիս էր Ինգայի մոտ, ինքն ինչու չխեղդեց այդ դահիճին: Ախր, ինքը քանի անգամ էր որոշել պայթեցնել տունը:

Չարչարվեց ու չկարողացավ բեռը շալակել: Նա պատերազմներ տեսած ծերունի էր, իր թիկունքը չվստահեց կալանավորին: Մի քանի քայլ հեռու գնաց բեռից: Կալանավորը շալակեց իր ուսապարկը և ուսապարկից մեջքին զգաց ծերունու քրտնաթոր տաքությունը: Նրան ուրախացրեց հակասական հաշտությունը. բեռով կպաշտպանվի ծերունուց:

Ինչ էլ լինի, հարկավոր է բեռը տեղ հասցնել: Ծանրությունը մտավ երակների մեջ ու մխոցի նման սեղմում էր արյունը, քամում: Զգաց, թե ինչպես է թրջվում վիրավոր ազդրին կապած վիրակապը: Այդ կպչուն կաթիլները, մրջյունների նման` ոտքի մազերի մեջ վազ տալով, լցվում են սապոգները, տրորվում ներբանների տակ, ու ինքը քայլում էր իր արյան մեջ: Գիտեր, որ պետք է զգույշ լինել, թփերի արմատները կդավեն, քարշ եկող ոտքին տիրապետել է պետք: Գիտեր, որ եթե ընկնի, ծերունին չի տանի, մի գեղեցիկ կյանք էր անցել, աշակերտներ ուներ, որոնք իրեն սպասում են, հիմա եթե ընկնի, ծերունին այդ ամենից ուժեղ կլինի: Երկնքում լայնատարած սև ամպերը ուր որ է անձրև էին տեղալու: Մոծակները պարսերով հարձակվում էին նրանց վրա, որը և նեղում էր նրանց, մղում վճռականության…

Ծերունին նկատեց, որ նրա մաշկը կորցրել է նախկին փայլը, վզի երակները սմքել են, ուսերը կծկվել են, ու բեռն աստիճանաբար երկարել, կախվել է: Նա կյանք, պատերազմներ տեսած ծերունի էր, հասկացավ, որ նրա ցամաքող երակները ներսում խեղդում են ամբողջ մարմինը ու իր պարտությունը: Կալանավորի կապտող շուրթերն իր հաղթանակի սկիզբն է: Դա իր հաղթանակն էր, արյունով ու քրտինքով տարած իր հաղթանակը, դա իր վախկոտ հաղթանակն էր… Ռոզայի` իր սիրելի կնոջ մահը… դա իր բեռն էր… և իրեն բաժին ընկած պատերազմն ու սպանությունը… Իսկ կալանավորը նրան պատմում էր խաղողի հնձանների ու գինու կարասների մասին: Թե` իբրև, գիշերը լուսնյակը արծաթ կափարիչ է` գինու կարասի բերանին: Ձեռքդ տանում ես, որ բացես այն, գինու մեջ երերում է` աղջկա` ծոցից հանած ստինքի նման: Կալանավորն իրենց տան երգն էր հիշել. «Հայ, կքելեր, ոնց կքելեր, մազեր ուներ` ոսկի թելեր»: Ծերունու մոտ փակ դռան ժանգոտված մի բանալի էր մնացել, և այն միտքը, որ ինքը տունը մի օր կպայթեցնի: Ինգան` իր սիրելի աղջիկը, զինվորների հետ էր քարշ գալիս…

Կալանավորը զգաց, որ այլեւս չի կարողանում գնալ, քայլերի մեջ մինչ այդ եղած վստահությունը ճապաղում էր բեռան տակ: Վիրավոր ոտքը ետ էր մնում: Հարկավոր էր նրան տանել: Քաշել էր պետք `առանց խնայելու, մի քիչ բարձր … Ներսից` դատարկ ստամոքսից, ինչ -որ բան բարձրանում էր, ուզում էր փսխել: Բարձրանում էր մինչեւ կոկորդն ու չկար, բարձրանում էր մինչեւ կոկորդն ու քաղցրահամ արյունը լցվում էր բերանը: Ուղեղի ծալքերի ցանցում մոլորվել էր արճճե թիթեռը: Ծնկները հիմա կծալվեն … Եթե քամին չլինի, երեւի տեղատարափ անձրեւ կսկսվի …

Քամին, եր երեխայի նման, ընկել էր մասրենու փշերի մեջ, արյունոտված մարմնի ցավը չէր կարողանում զսպել ու աընդհատր:

Հեռվում `լուսարձակի վրա, երևաց կարմիր խաչը … երկուսի խաչը …

Ինգան այդ հոսպիտալում բժշկուհի էր …