Անձրև

    Գործակալը զանգահարեց նրանց տուն ու հայտնեց, որ խաղարկության ժամանակ նրանց խնայդրամարկղի գրքույկը շահել է: Ամուսնության երրորդ ամսին բաժանվել էին ծնողներից ու Ախալքալաքից եկել մայրաքաղաք: Հազար ռուբլի ծնողներն էին տվել, հազար էլ` աներանք: Այստեղ իրար հաջորդող հաջողություններն այնքան շատ էին, Մելիքը զարմացած էր, թե  ոնց էին գյուղում մեծ քաղաքից ահաբեկված, իրեն հորդորում ետ կանգնել մայրաքաղաք գնալու մտադրությունից: Ձեռնափայտին կռթնած ծեր ուսուցիչը լուռ էր, երբ ինքը վերջնական հայտարարեց, որ գնալու է: Նա դարձյալ գլուխը կախ խորհում էր ու ոչ մի բառ չասաց` գնաց տուն:

     Վարձով տունը, հեռախոսն էլ մեջը, այնքան հեշտությամբ գտան, որ նույնիսկ կարելի էր զարմանալ: Մտածում էին, որ մայրաքաղաքում շուտով ծանոթներ կունենան ու իրենց էլ զանգահարողներ կլինեն: Մի թաղամաս այն կողմ իրենց կողմերից մի պաշտոնյա էր բնակվում, երկու օրում կարգավորեց Մելիքի աշխատանքի հարցը, ու նա երկուշաբթվանից պիտի աշխատեր, այն էլ քաղաքի ամենաեկամտաբեր երթուղու վրա: Նինելի աչքերը երջանկությունից շողում էին, խնայդրամարկղում հազար ռուբլի շահել էին, ու իրենց ունեցած գումարը կդառնար երեք հազար: Նա առաջարկեց այդ գումարից մի քիչ առանձնացնել ու իրենց երկրացի պաշտոնյայի լավության տակ չմնալու համար մի լավ նվեր առնել: Կամ նրան կնոջ հետ հրավիրել իրենց տուն` խորովածի, վերջում նվերը մատուցել: Մելիքը մտածեց, հետո ասաց, որ խելացի բան չի խոշոր գումարից մի քանի հարյուր ռուբլի նվերի համար ծախսելը: Նվերը հնարավոր է աշխատավարձից կամ կողքից եկած եկամուտից էլ առնել: Նինելը առաջարկեց գոնե մարդամեջ դուրս գալու համար գնալ դերձակի մոտ ու իրեն կապույտ ու լայն շրջազգեստ պատվիրել: Հետո ինքն էլ հրաժարվեց` մտածելով, որ եղածները կարող է ձևափոխել և լավ մտածելու դեպքում` գնալու տեղ էլ չկար: Մելիքը շատ էր երջանիկ, ականջը սեղմած Նինելի կլորիկ փորին, շշուկով հայտարարեց, որ մինչև գարուն էլի մի հինգ հարյուր ռուբլի ետ կգցեն ու կգնեն ամենաէժան մեքենաներից: Եկող տարի մեքենայով կգնան գյուղ, մինչ այդ երեխան էլ մի տարեկան կդառնա: Նինելն այնքան էլ կապված չէր գյուղի հետ: Մելիքին չտխրեցնելու համար համաձայնեց, մտածելով, որ մեկնելու ժամանակը որ գա, գուցե և ծովափ գնան: Գյուղում Մելիքի սիրած աղջիկը ամուսնացել էր ուրիշի հետ ու նա անձրև օրերին շատ էր տխրում: Դրա համար էլ գյուղից դուրս գալու գաղափարին բոլորից շատ Նինելն էր կողմնակից: Եվ ճիշտ դուրս եկավ, Մելիքը այլևս չէր թախծում արցունքավորվելու աստիճան: Այստեղի անձրևները մի քիչ ուրիշ տեսակ էին` խշշոց ու բուրմունք չունեին, տաք էին և չէին էլ կերպարանավորվում:

     Մինչև երկուշաբթի  մի օր էր մնացել, ու նրանք փորձարկում էին կանգառների անունները, որ Մելիքը բարբառային պայթեղ խուլ բաղաձայնները չխոթի ամեն բառի մեջ ու երթևեկողների մեջ ծիծաղ չառաջացնի: Մելիքը կանգառների անունները ցուցակավորել էր թղթի վրա ու քայլում էր խոհանոցից սենյակ, սենյակից խոհանոց` հայտարարելով կանգառները. «Հարքելի քաղաքացիներ, շամփայն գինիների գործարան, խնդրում եմ տոմսեր վերցրեք, ընգերներ, ով է բանալի կորցրել, թող մոտենա ինձ»: Նինելը մի քանի անգամ ուղղեց, որ արտասանվում է ոչ թե «հարքելի», այլ` «հարգելի», ոչ թե «շամփայն», այլ` «շամպայն», արտասանվում է «ընկերներ», կ-ի շեշտադրությամբ և շատ հնարավոր է, որ բանալիի փոխարեն կորցրած լինեն փողի քսակ, հարկավոր է հայտարարել` «Ով է դրամապանակ կորցրել, թող մոտենա ինձ»: Դրամապանակը արտասանել անպայման պ-ով: Ու հայտարարությունը  հարկավոր է մի քիչ էլ վստահ տոնով անել, որ քաղաքաբնակների կողմից ուշադրության արժանանա: Արդեն երկու շաբաթ էր, որ նրանք ամեն օր, առավոտից մինչև իրիկուն կրկնում էին երթուղու տասնհինգ  կանգառների անունները` զտելով բարբառային պայթեղ բաղաձայններից:

     Նինելը հետո հիշեց շահած հազար ռուբլին, հիշեց, որ բուրմունք և կերպարանափոխություն ունեցող անձրևից կարողացել են խուսափել, սիրտը թրթռաց, համբուրեց Մելիքի այտը: Պատկերացրեց, թե նա ոնց կնստի տոմսավաճառի բարձր աթոռին, մազերը խնամքով փայլեցրած, կողքի սանրած ու առանց բարբառային պայթեղ խուլերի կհայտարարի` «շամպայն գինիների» կանգառը: Այս հաջողությունը, որ իրենց վրա է թափվել, գուցե և օգնի, որ Մելիքը մի տեղ հեռակա բաժին ընդունվի սովորելու ու գիտեր, որ ինքը Մելիքին կօգնի, մարդ կդարձնի:

     Երկուշաբթին` աշխատանքային օրը ավարտվում էր: Մելիքը մի քիչ երջանիկ էր, մի քիչ` հոգնած: Պլանը կատարել էր, մի բան էլ ավելի: Վերջին երթուղին էլ կկատարեին ու տուն կգնար: Սկսեց տաք անձրև տեղալ, մարդիկ շտապով լցվում էին խանութներն ու ավտոբուսը: Այդ պահին տանը Նինելը բազմոցին ննջում էր: Սարսափահար նա վեր թռավ, վախեցած`  մանկան հանկարծակի շարժումից… Մայթերին ծաղիկների նման բացվեցին գունավոր անձրևանոցները: Հետո բարձունքի կանգառներից մեկում Մելիքը նկատեց, որ ներքևում, գույնզգույն լույսերի մեջ փռված քաղաքը անսահմանորեն գեղեցիկ է: Ավտոբուսը ուզում էր շարժվել, հանկարծ մեկը կանչեց, ձայնը շատ էր ծանոթ: Նայեց ավտոբուսում եղածների դեմքին, նայեց շուրջը: Կանչը կրկնվեց, թիկունքից` իրենց գյուղացիների ձայնային ելևէջներով. «Մելիք, Մելիք…» արտասանողը ավտոբուսի մեջ չէր: Գլուխը դուրս հանեց, տեսավ` անձրևն էր: Ավտոբուսի դռները փակվեցին, սլացող բեռնատարը, թափքով հպանցիկ բախվեց դռների արանքից դուրս մնացած Մելիքի գլխին: Խշշացող, տաք ու հորդառատ անձրև էր գալիս: