Շաբաթ օրը լրացավ մեկ տարին, երբ Սարգիսը կերավ Աստվածաշունչը:
«Արմյան, արմյան»,- կաթսայատան առաջ կանգնած, գոռում էր Միտկան: Ասաց. «Յուլկան է եկել»: Ասի. «Արձակման թերթիկ ունեմ, պիտի քաղաք հասնեմ»: «Շտապում ես, զինվոր, դու չգիտես չէ՞, թե ով է Յուլկան»: Ասաց. «Վերջացրու, մարդավարի խոսենք»: Ես դարձյալ սապոգի քթով քանդում էի պնդացած ձյունը ու նյարդայնացնում Միտկային: Ասի. «Չէ, չեմ ճանաչում»: «Հենց հարցն էլ դա է, որ չգիտես: Գնանք ներս, կիմանաս»: «Այսօր մի տարին լրանում է, ինչ Մարգարը պառկած է հիվանդանոցում, նրան պիտի տեսնեմ: Նրա մոտ գնալ է պետք»: «Բարեկամ, քանի անգամ փող ես պարտք վերցրել, ծխախոտ ես ուզել, ճիշտ է, քո փողով, բայց չեմ մերժել, քաղաքից բերել հասցրել եմ: Դե վերջացրու, բոլ է քեզ անհասկացողի տեղ դնես…»:
Մի քիչ պինդ հարվածից ձյունը շաղ էր գալիս, հասնում Միտկայի ծնկներին, ու նա զայրանում էր. «Գիտես ինչ, Յուլկան մեզ հյուր է եկել, պատահում էր հատակը կլվայինք կամ ապրանք կդատարկեինք, Յուլկան մեզ օղի կտար: Մինչև բռնվելը Յուլյաննա Վասիլևնան N2 խանութի վարիչն էր: Թե հնար լիներ, մենք էլ նրան չէինք մերժի: Արի, դու քաղաք մի գնա, լավ էլ չեֆիր ունենք, տղաները խոմ չեֆիր չեն սարքել: Յուլկային էլ հասկանալ է պետք: Լավ իմացիր, թե հնար լիներ, քեզ էսքան թախանձագին չէինք խնդրի»:
Ներսում կաթսաները կարմրտակած վառվում էին, էլի երկուսը սեղանի վրա ապխտած ձուկ էին մաքրում, Յուլկան էլ այնտեղ էր ու ինձ ժպտաց: Միտկան մեզ ասաց. «Դուք գնացեք բաղնիք, դուրս գաք կխմեք, օղին Յուլյաննա Վասիլևնան է բերել, օղին բոլ է»: Կաթսայատան օդը ֆոսֆորահոտ էր, ես չեֆիր ուզեցի, Յուլկան դարձյալ ինձ ժպտաց: Միտկան ասաց. «Չէ, հիմա չէ, դուրս գաք, նոր»: Մյուսները պնդեցին. «Թող խմի, երակները լայնանան»: Ես կում-կում էի խմում, Միտկան ստիպում էր, որ միանգամից խմեմ, մյուսները նրան միջամտում էին: Միտկան ասաց. «Չե՞ք զգում, որ մուկ ու կատու է խաղում»: Հետո կաթսայատան աղմուկի մեջ մեր հետևից ինձ գոռաց. «Բարեկամ, դու քեզ չխնայես»:
Դառնահամ թեյի թանձրությունը կանգնել էր կոկորդիս, ոչ կարողանում էի կուլ տալ, ոչ էլ որոշել, թե որտեղից է գալիս Միտկայի ձայնը: Կաթսայատան բաղնիքը փայտյա ճաղերով էր սարքած, ու դրսից` սեղանի մոտ խմողները, եթե ցանկանային, մեզ կտեսնեին: Մերկանում էինք ու համարյա իրար չէինք նայում: Հետո Յուլկան ձեռքը երկարեց, ասաց. «Արի»:
Ցնցուղից արդեն ջուրը թափվում էր: Ասաց. «Մի վախենա, արի»: Ցնցուղի ջուրը ընդհատ-ընդհատ հուժկու խփվում էր սալերին ու ցփնվում: Կաթսայատան շարժիչների հռնդյունից տատանվում էր տաք ու խոնավ օդը: Փորը, պորտից մի քիչ ներքև, հորիզոնական կտրված էր, սպին ծանոթ մեկին էր նման: Ասաց. «Դրանից մի վախենա, կեսարյան հատում է, կանանց հետ դա պատահում է: Ձեռքդ տուր, դնենք վրեն, ծիտ կամ լոր բռնելու նման ափդ դիր ու կտեսնես, որ վախենալու բան չկա, սովորական կտրվածք է: Մարդ` գորտ, մուկ, օձ էլ բռնում ու չի սարսափում: Տուր ձեռդ, մատներով միասին շոշափենք, կհամոզվես, որ վանող ոչինչ էլ չկա: Դու զինվոր ես, սպին ի՞նչ է, որ սպիից սարսափում ես»:
«Մարգարը հիվանդանոցում է, արդեն մի տարի է, այսօր նրան պիտի տեսնեմ»: «Զինվոր, հիմա չէ, վաղը կհասցնես նրան տեսնել: Ինձ թվում է, դա պատճառ է, դու կտրվածքից ես վախենում: Պատահե՞լ է երեխա ժամանակ երդիկից իջած արևի շողքին սենյակում հետապնդես: Հաստատապես պատահած կլինի: Տուր ձեռդ, շողքի հետ խաղալու պես հպվենք ու ափիդ տակ ջերմություն կզգաս»: «Մարգարի հետ մեր երկրից տասնյոթ օր գնացքով միասին ենք եկել: Հետո Աստվածաշունչը կերավ ու նրան տարան հոգեբուժարան»:
«Ապուշ: Ինձ թվում է` կատարյալ ապուշ ես, տղաները սկզբից ինձ հայտնեցին, որ քեզ մոտ ինչ-որ բան այն չէ, չէի հավատում: Մի հատ խելքիդ զոռ տուր, ինչպե՞ս թե Աստվածաշունչը կերավ, նորմալ մարդը Աստվածաշունչը կուտի՞»: «Չի ուտի, բայց Մարգարը զենք չէր վերցնում ձեռքը, դրա համար դասակի հրամանատարը չարչարում էր նրան: Գիշերները զուգարաններն էր մաքրել տալիս, օրը մի անգամ էին կերակրում, ու նա անքնությունից ու սովից ճոճվելով էր ման գալիս»: Ասաց. «Ինչպես կարող է պատահել, Մարգարին ոչ ոք չէր օգնու՞մ»: «Դասակի հրամանատարը բոլորին խոստացել էր, որ մի ամսում Աստծո գաղափարը կճզմի Մարգարի մեջ, ու նա, կանոնադրությանը վայել, զենքը ձեռքին, կընդունի զինվորական երդումը»: «Թող դու խորհուրդ տայիր, Մարգարին ասեիր` զենքը վերցնի»: «Գիշերը դասակի հրամանատարը արթնացրեց ինձ, տարավ լենինյան սենյակ, կանգնեցրեց անքնությունից ուժասպառ Մարգարի առաջ, նրան ասաց. «Հայրենակցիդ մի անգամ ապտակիր և կգնաս քնելու»:
Երբ նրա հարվածից ընկա, հրամանատարն ասաց. «Բարձրացիր, բարձրացիր նրա վրա»: Նա սապոգներով տրորում էր: Հրամանատարը կապույտ աչքեր ուներ, Մարգարը` կարմիր: Ասում էր. «Էլի, էլի»,- ու Մարգարը չէր կանգնում: Հետո նրանք իրար կողք նստած ծխում էին: Ձկան պահածո էլ կերան, մինչև շտապօգնությունը եկավ ինձ տանելու: Դասակի հրամանատարը առավոտյան զանգել էր հոսպիտալ, հետո Մարգարին ասել. «Քիչ էր մնացել հայրենակցիդ սպանեիր, ուղեղի ցնցում ունի, համ էլ ոտիդ տակ կողերն ես ջարդել»: Մարգարը լուրն առնելուն պես Աստվածաշունչն էր կերել, որ իր մեջ մտած չարին դուրս քշի»: Յուլյան ասաց. «Տհաճ պատմություն, մորդ առաջնեկն ե՞ս»: «Մոտավորապես: Եղբայր եմ ունեցել, կեսարյան հատումից մահացել է, հետո ես եմ ծնվել»: «Համարյա մորդ հասակին եմ, լավ որ հաշվարկենք, հասակակիցներ դուրս կգանք: Հավատա ինձ: Քոռանամ` դու մեղք չունես Մարգարի հոգեբուժարան տանելու հարցում: Հետո մենք շորներս էինք հագնում, ու ես նայում էի Յուլկայի դեռևս չծածկված, կապտավուն սպիով կտրված փորին: Ասի. «Ինձ հետ էլի բան է պատահել»,- ու չէի ուզում խոսել: «Ի՞նչ»,- երկու անգամ հարցրեց Յուլկան: «Մարգարին հոգեբուժարան տանելու օրվանից միևնույն երազն եմ տեսնում, մի մարմին է վազում, իմ նմանակը, զանգակը վզից կախված: Մարմինը վազում է, եկեղեցական զանգակի ձայնը աստիճանաբար ուժեղանալով, հպվում է ինձ, ու այդ պահին երազախաբ եմ լինում: Պատկերացնու՞մ ես, կանացի կամ սեքսուալ ոչ մի պատկեր չկա երազումս, իսկ ծանրացած մարմնիս մեջ արթնանում է պտուղը»: Յուլյան մի քանի անգամ Միտկային գոռաց. «Եզ»: Միտկան մեզ ճաղերի արանքից ծխախոտ տվեց: Կիսամերկ նստած ծխում էինք, խոնավությունը խանգարում էր, ծուխը առատ չէր: «Դու մորդ կհավատայի՞ր»,- ասաց Յուլկան: Ես ուզում էի, որ Յուլկան չծածկի կապտավուն սպիով փորը: Ասաց. «Դե, իհարկե, կհավատայիր: Ուրեմն ինձ էլ վստահիր, դու մեղք չունես…»:
Ես նայում էի Յուլյայի դեռևս չծածկված կապտավուն սպիով կտրված փորին ու չէի ուզում, որ ծածկի: Ասի. «Աշխարհում Մարգարը միայնակ էր ու Աստծո հետ, Մարգարը որբանոցից էր զորակոչվել»: Յուլյան հագնվում էր, ես էլ էի հագնվում ու չէի ուզում, որ նա հագնվի: Բաղնիքից դուրս եկանք: Միտկան Յուլյայից հարց ու փորձ արեց: Յուլկան ասաց. «Գոհ է»,- ասաց. «Ամեն ինչ կարգին է»: Ես Միտկային չէի նայում, նա հասկացել էր ու չէր ուզում ինձ օղի տալ: Ասաց. «Տղերք, չի խանգարի, եթե սրա քիթ-մռութը ջարդենք»: Մյուսներն էլ չէին ուզում, որ ես իրենց հետ մնամ, անընդհատ իրար իմ դեմ էին հրահրում:
Յուլկան նրանց ասաց. «Իզուր»: Հետո մենք թափով խմեցինք, ու ես հարբել էի, համարյա հարբել էի: Ասի. «Պիտի քաղաք գնամ, պիտի հոգեբուժարան հասնեմ»: Ասին. «Հարբած ես, քեզ չի կարելի, պարեկները կբռնեն»: Յուլկան ասաց. «Իրոք, նա պիտի գնա: Մարգարին դուք չգիտեք: Նրանք Մարգարի հետ տասնյոթ օր գնացքով միասին են եկել»: