Թիթեղյա տուփով կոնֆետներ

 

    Երեկոյան ժամերին Ախալքալաքից եկող ավտոբուսը ժամանեց: Վերադարձողները ցրվեցին տները: Մենք, աչքներս դպրոցի պատի տակ կանգնած մուշտակավոր կնոջը, սահում էինք դիքից ու սահում: Իրար հրմշտելով ու քաշքշելով մոտեցանք: Նրանից դաշտային ծաղիկների բույր ունեցող օծանելիքի հոտ էր գալիս: Սապոգների ամուր քթերը խփում էինք սառցակալած ճանապարհին ու ձյունը շաղ տալիս միմյանց դեմքերին: Նա ասաց, որ կվճարի, եթե օգնենք նրան ճամպրուկները տանել հարևան գյուղ: Լեզուն մի թեթև սահեցրեց ներքևի շրթունքի վրայով ու գորշագույն շրթներկը խոնավացավ: Ժպտուն աչքերով պատասխանի էր սպասում: Մենք այդպիսի կին Ախալքալաքում էլ չէինք տեսել, միայն ֆիլմերում ու հեռու քաղաքներից արձակուրդներից տուն եկած ուսանողներից էինք լսել նրանց գայթակղիչ գեղեցկության մասին: Ճամպրուկները շատ ծանր էին, խփվում էին մեր ոտներին, ու խճճվում էինք մեր քայլերի մեջ: Ռեվազը նրա աջ կողմից էր քայլում, ես` ձախ: Հանդարտ, մանր ձյուն էր գալիս ու նրա ընձենուց մուշտակին փռված հարթ մազերի վրա հալվում: Ինստիտուտներից արձակուրդ վերադարձած տղաները պատմում էին, որ այդ կանայք օր ու գիշեր ռեստորաններում ու հյուրանոցներում քեֆ են քաշում, որ ընդհանրապես քաղաքի կանայք այդպիսին են: Ու նրանցից լսած պատմությունները մեզ հետ գիշերում էին մեր տաքուկ անկողիններում, բայց նրանց գինի հյուրասիրող տղամարդը միշտ մենք էինք լինում:

Երբ արդեն գյուղից դուրս էինք եկել ասաց. «Ձեզ նեղություն չէի տա, բայց հիվանդանոցից նոր եմ դուրս եկել. կույր աղիքս են հեռացրել, անհոգ եղեք փողն անպայման կտամ»:

Ասինք` փող պետք չէ, էն բանից ենք ուզում: Ասաց. «Ինչի՞ց…»: Ու անմիջապես կասկածոտ լռեց, որովհետև մի քանի քայլ ետ էինք մնացել ու սապոգների քթով ձյունը փորփրելով էինք գնում: Հանդարտ իջնող ձյունը չէր կարողանում ցրել նրանից եկող դաշտային ծաղիկների հոտ ունեցող օծանելիքի բույրը:  Նա կանգնեց, հետո շրջվեց, մի քայլ դեպի մեզ եկավ, մեր աչքերի մեջ նայելով ասաց. «Ինչից, ես ավելի լավ բան չունեմ, ազնիվ խոսք, հավատացեք, տղաներ»: Ռեվազը առաջ անցավ ու առանց ետ նայելու. «Ունես»,-ասաց: Գլուխս ետ գցած ձյան փաթիլներն էի որոնում բերանով, ասի. «Ունես»:

Ձեռքը ընձենուց մուշտակի թևքից հանեց, բարակ ու նուրբ մատը այտին դրեց, մտածկոտ ու ժպտուն նայեց. «Ախր ինչ եք ուզում, որ գլխի չեմ ընկնում, կարգին ասեք, հասկանամ»: Հետևից դժվարությամբ էինք հասնում, ճամպրուկները հարում էին սրունքներս և խճճվում էինք մեր երթի մեջ: Ասինք. «Ամոթ է»: «Ախր մարդ եք գժվեցնում, կարգին ասեք բան հասկանամ»: Ասինք. «Բոլոր կանայք էլ ունեն»: Ռեվազը կանգնած եղունգներն էր կրծում: Ոտքով ձյուն էր հավաքում ու մի հարվածով կրկին շաղ տալիս, զգացի, որ ճամպրուկից այդ նույն օծանելիքի հոտն է գալիս:

Աշխատում էինք ետ չմնալ, կողքերից նրան համաչափ քայլել: «Ուրեմն ձեր ուզածը յուբկա է, գլխների՞դ պիտի քաշեք, ինչ է: Չորս կիլոմետր էլ չի մնացել, դա ինչ է, որ չեք ուզում օգնել»:

Դիմացի սարի լանջին կոլտնտեսության շներն էին թափառում, ասինք. «Որ համաձայն չես, մենք էլ ետ կդառնանք: Վայ թե կողքի ձորում էլ վայրի կատուներ էլ լինեն»: «Չէ, չեմ հասկանում: Ուզածներիցդ ձեր քույրերն ունե՞ն»: Ռեվազը սղղալով առաջ անցավ: Ճամպրուկը ծանրացավ ու ինձ սայթաքեցնում էր: Դաշտի ծաղիկների բույր ունեցող օծանելիքի հոտը այնքան մոտիկից էր գալիս, ասի. «Հա»,- ու լեզվով ձյան փաթիլներն էի որսում, Ռեվազը հազում էր:

-Ձեր մայրերն ունե՞ն դրանից:

Լսեցինք, որ ձյունը ճռճռում էր մեր ոտների տակ: Ու նրա չոր ճռճռոցի մեջ վիրավորանք կար: Չքանդվող լռության մեջ մի կիլոմետրից ավելի էինք քայլել: Ճանապարհի եզրերից բռով ձյուն էինք վերցնում ու խոթում բերաններս: Ճամպրուկները ձեռքից ձեռք փոխանցելով սահում էինք: Նրան հազիվ էինք հասնում, իսկ ձյունը նրա վարսերին հալվում էր կաթիլ-կաթիլ: Ժպտալիս այտի փոսիկը ջրապտույտի նման ձգվում էր ու կլանում, մտածեցի, որ Ռեվազը, հավանաբար, այդ փոսիկը նկատել է ու կհամբուրի այն, դեռ դիքից սահելիս պայմանավորվել էինք, որ սկզբից կինը նրանն է լինելու:

Մտքիս մեջ «հա» ասի, Ռեվազն էլ մտքում այդպես ասավ, դա մատնում էր նրան ոտքերի տակ ճռճռացող ձյունը: Ասինք. «Հա»:

-Բա ինչո՞ւ նրանցից չեք ուզում:

-Կծեծեն:

Ճամպրուկները ծանր էին, քրտնել էինք ու ձյուն էինք լցնում ծոցներս: Ասաց. «Երևի ութերորդ կլինեք, ես էլ ութերին եմ դաս տալիս»: Չասինք, որ գուշակեց: Ռեվազն ասաց՝ ինքն ավարտել է, ընդունելության քննությունների ժամանակ քաղաքի հյուրանոցում է մնացել ու ռեստորան հաճախել: Ասաց. «Դա էլ տասում է սովորում»: Նրա կասկածոտ հայացքը ցրելու համար անհոգ ձևացա ու ատամներիս արանքից թքեցի, առանց շտապելու, թափվող ձյան տակ վարպետորեն վառեցի ծխախոտս: Հետո նստեցինք ճամպրուկներին ու էլ չէինք ուզում գնալ:

Ասաց. «Այդպիսի գործերը ձմռանը չեն անում, միայն գարնանը», երևի մենք դրանից չենք էլ հասկանում: Նորից գնացինք` հետևից ճամպրուկները քաշեքաշ տալով: Պատմեցի, որ մենք անատոմիայից անցել ենք ու այնտեղ մի նկար կա, որ աղջիկները այդ թերթը միշտ ծալում են: Ռեվազն ասաց, որ իր տեսած բոլոր ֆիլմերում այդ գործը ձմռանն էլ է եղել: Եթե համաձայն չէ, մենք ետ կդառնանք: Նա այնքան մոտիկ էր, որ նրա տաք շունչը մեր սառած այտերն էր տաքացնում: Հետո մեր հետևից գոռաց, մենք ետ եկանք ու կրկին ճամպրուկները վերցրինք: Նա մեզանից մի քիչ առաջ անցավ ու ասաց. «Ախր պիտի հասկանաք, ծանրությունից կարող է վիրահատած վերքը բացվել»: Գլուխս ետ գցած` լեզվով ձյան փաթիլներ էի որսում: Ճամպրուկները դրել էինք: Հետո ուսը գցած պայուսակից խոստացած փողը` յոթանասուն կոպեկը հանեց, տվեց ինձ ու հավելում` սկավառակի ձև ունեցող թիթեղյա տուփով կոնֆետներ` Ռեվազին:

Ասաց. «Տեսեք, որ չեմ խաբել»: Նա հիմա ավելի արագ էր քայլում, ու մենք հազիվ էինք հասնում: Ասացինք, որ այդպես է, գոնե թող պատմի, թե դա ոնց է լինում սկզբից, լույսը մարելուց մինչև վերջ, բոլոր մանրամասնություններով: Առանց ետ նայելու ասաց. «Գժվեցի, Աստված իմ, ախր անհնար է»: Լռությունը երկարում ու երկարում էր, մենք սպասում էինք, նա քայլում էր առանց ետ նայելու: Մեր թիկունքում լսվեց նրա հմայիչ ճիչը. «Ետ դարձեք, պատմելու եմ…»:

Տուն էինք վերադառնում իրար ձեռք բռնած, ձյուն էինք շպրտում մեկմեկու դեմքի: Հետո սկսեցինք վազել-վազել ու սահել: Նրա սարսափած ճիչը մի անգամ էլ հեռվում հասցրեց բռնել մեզ: Մթնոտ, ձմեռային երեկոյի մեջ հանդարտ ու մանր ձյուն էր գալիս: Ռեվազը կոնֆետը տվեց ինձ, տուփը իրեն վերցրեց: Ասաց` քրոջն է տալու, որ մեջը կոճակ լցնի: Կոնֆետի թիթեղյա տուփից ծանոթ օծանելիքի` դաշտերի ու ծաղիկների բույրն էր գալիս: Երևի նա խաբեց, թե տուփը քրոջն է տալու: