Ուսանողը սովորություն ուներ ամեն օր դասերից հետո մի ժամ քնելու: Ժամը երեքին արթնանում էր, լվացվում, սանրվում, որովհետև երեքն անց կեսին նրանց ճաշի ժամն էր: Ճաշում էին: Այնուհետև ուսանողը դասերն էր պատրաստում, իսկ տարեց կինը նստում էր բազմոցին ու խեղդվում լռության մեջ: Թարթիչներն էին, որ մատնում էին նրա կենդանությունը: Դա կանանց մոտ հակասություններով լի այն շրջանն է, երբ վերջանում է դաշտանը, և նրանք թևակոխում են ծերության մատույցները, և ոչ մի կին առանց դրամատիկական փոփոխությունների դուրս չի գալիս, դեռևս արյան հոսքի մեջ մնում է երիտասարդության խելագար ճիչը:
Մանրակրկիտ խստության հասնող տան ամանեղենի մաքրությունը ուսանողին աննպատակ էր թվում, ինչ-որ զայրույթ էր առաջացնում: Մինչև ուսանողի գալը տարեց կինը կարծես ավելի սիրալիր էր ամանեղենի նկատմամբ, իր մենությունը կիսում էր նրանց հետ և դեռևս իր մեջ մնացած ջերմությամբ գուրգուրում նրանց: Հիմա ուսանողի գալուց հետո ավելի զայրացկոտ էր նրանց նկատմամբ ու երբ ամեն անգամ ամանեղեն էր վերցնում ձեռքը, ուսանողին թվում էր, թե նրա ոսկրացած ձեռքերը խեղդում են նրանց` երբեմնի հավատարիմ գաղտնապահներին, ետ պահանջելով տարիներ շարունակ նրանց երկաթյա մարմինների մեջ պահ տված իր ջերմությունը:
Ժամը իննին պառավը մելամաղձոտ ձայնով հայտարարում էր` ջուրը կտրեցին: (Ամեն օր ժամը իննից հետո կտրվում էր ջուրը): Այդ հայտարարությունը անորոշ էր, ոչ ոքի չուղղված` ցավատանջ մի ծնունդ, բարեկամի կորուստ, ողբի անտերություն: Թեև ուսանողը մի ներքին զգացումով գիտեր, որ այդ ժամին կհայտարարվի ջուր չլինելու մասին, բայց ամեն անգամ լսելիս դեմքը քարանում էր, շուրթերը ձգվում էին, ներքին տագնապը հաղթահարելու համար ամբողջ մարմնով լարվում էր: Ու ամեն ինչ լռության էր մատնվում: Եվ լայնատարած սենյակներում բնակվող ունայնությունը չղջիկի նման դուրս էր թռչում վայրկյանի ծոցից ու կառչում նրանց դեմքերից, որ վերջում հայելիները զվարճանան նրանց կնճիռներով:
Նա, մինչև ուսանողի իր մոտ բնակվելը, ճաշելիս սեղանի մոտ դնում էր ևս մի վերանորոգված աթոռ: Ամուսնունն էր եղել: Նա ամուսնու մասին խոսում էր քնքշությամբ, այնպիսի փաղաքուշ տոնով, որ ուսանողին թվում էր, թե Հայր Գրիգորը (նա այդպես էր կոչում ամուսնուն) գնացել է խանութ, հիմա ուր որ է ներս կմտնի և իրար հետ կծանոթանան: Հայր Գրիգորը տասը տարի առաջ մահացել էր, երբ նրա դագաղը տարան, «Հայր Գրիգորը չգնաց, մտավ իր աշխատասենյակն ու մնաց ներսի սենյակում»: Կինը ապրեցնում էր նրան իր ապրած և չվայելած սերերի կերպարներով, անպտղաբեր ամուսնությունից երազած մանկիկի տեսքով: Ճաշելիս առանց ուսանողին նայելու` ասաց.
– Քո բնավորության տղամարդիկ կնամոլ են լինում:
Այդ օրվա ճաշին նույնիսկ օղի կար, նա մի հոգատար, կանացի ուշադրությամբ օղի լցրեց ուսանողի բաժակը, ներսում արթնացած կինը, իրեն հատուկ բնազդով գտել էր խճճված արահետների արանքում կորցրած անցյալի սկիզբը: Ուսանողի մեջ տագնապ կար, կինը տեսել էր իրեն: Առավոտյան դասի գնալիս նրան տվեց կարդալու Օմար Խայամի քառյակները: Վրիժառության այս յուրահատուկ ձևը, որ նման էր մահվան խայթոցին, ամբողջ օրը հաճույք պատճառեց տղային:
Երբ նա վերադարձավ, արդեն երեկո էր, գիրքը դրված էր իր սեղանին: Կինը նստած էր մշտական տեղում` բազմոցին, մոռացել էր լույսը վառել: Այլևս կիսաբաց թևերով զգեստ չէր հագած: Մշտապես օգտագործվող շրթներկը չկար: Միաձուլվել էր աղջամուղջի մեջ կապտող ստվերներին: Ուսանողը նկատեց, որ նա սովորականից ավելի էր կծկվել, կուչ եկել, կարծես ներսում մեկը խեղդում էր նրան: Նա վերցրեց դասագիրքն ու տեղավորվեց կնոջ դիմաց` բազկաթոռին` վայելելու հաղթանակը:
Գազի վառարանը, միալար բզզոցով, պայքարում էր ցրտի դեմ: Միայնությունը, որ հաճախ խորհրդատու է բարեկամի նման և դաժան` թշնամու պես, սարդի նման իր ոստայնի թաքստոցում սպասում էր զոհերին: Կինը հանկարծ խախտեց լռությունը, ներքին տառապանքի և հպարտության արտահայտություն կար դեմքին:
– Մենք գնացել էինք ռեստորան, և այնտեղ աղջիկներ կային, ահա այսպես հագնված…
Նա «մենք» ասաց, ու ինքն էլ չիմացավ, թե ինչու այս անգամ ամուսնու անունը կուլ գնաց, խեղդվեց իր մեջ, ու զգեստի փեշը բարձրացրեց վերև: Ուսանողը տեսավ նրա սպիտակ սրունքները, ազդրերը, որոնք չէին կորցրել հմայքը, ջերմությունը վազ տվեց հոդերի մեջ: Կնոջ դեմքը չէր փոխել, սառն արտահայտությունը պահում էր մշտական լարվածությունը, աչքերի խորքում թույլ առկայծող արցունքանման լույս կար, որը թաքցնում էր նրա տառապանքը: Այն տառապանքը, որը միշտ սիրո հրապարակներում խաթարված դեմքով հուշարձաններ է կերտում: Բայց հաջորդ ակնթարթին ուսանողի հայացքն ընկավ նրա ձեռքերին, որոնց երբեմնի թարմությունը տարել էր ժամանակը, սմքած ձեռնաթաթերի վրա երևում էին կապտավուն երակները, գաղջ ասֆալտի վրա ջղաձիգ հոգեվարք ապրող անձրևաորդերի նման:
Ուսանողն աչքերը փախցրեց կնոջից, որպեսզի մոլոր հայացքի ծանրությունը մատչելի լինի: Կնոջ վերջին ճիգը, որն իր մեջ խեղդում էր վաշխառու անցյալը, այնքան բնական թվաց ուսանողին:
Մի անգամ, երբ փոքր էր (այս պատմությունը հիշելիս միշտ իրեն փոքր էր պատկերացնում, երևի այդպես են նաև աշխարհի բոլոր մարդիկ, երբ գրպաններում փող չեն ունենում, իրենց հիշողության մեջ հետո փոքրի տեսքով են կերպարանավորվում), տնից փախել էր, քաղաքի երկաթուղու կայարանում աշխատել, ու ամբողջ օրվա աշխատանքի դիմաց քսանհինգ կոպեկ էին տվել… Նա կեղտոտ էր, հոգնած: Տակը թրջել էր, թույլ էր, որովհետև երրորդ օրն էր, որ ոչինչ չէր կերել: Սպասարանում ալեհեր մուրացկանը իր մոտ կանչեց: Երբ ինքը կուշտ կերավ նրա կեղտոտ ձեռքերով ու նույնքան կեղտոտ տոպրակից հանված հացը, հետո ամբողջ գիշեր գլուխը դրած մուրացկանի միայն ծնկներից վերև գոյություն ունեցող ոտքերին` քնեց, հաջորդ առավոտվանից նա երբեք մուրացկանների մեկնած գլխարկների մեջ դրամ չգցեց:
– Ձմեռը մի տեսակ սահմռկեցուցիչ է, գայլաձկան փայլ ունի, ձմեռը որ անցնի, գարունը հեշտ կլինի,– ներքին վախին չհավատալով` հայտարարեց պառավը:
Ձայնի այս երանգը ճաք տվեց, զանգակի ողբի նման, հնչեց երկուսին բաժանող տարածության մեջ ու, կախաղանի օղակից կախված մարմնի նման, սովորական չափից ավելի երկարեց, մնաց ուսանողի ներսում: Նա ծանր բարձրացավ տեղից ու գնաց դեպի իր սենյակը:
Գիշերվա կեսն էր, կինը չոր հազաց իր անկողնու մեջ, և նրա հազը հալվեց մենության մեջ ու մեծ հարցականի նման կախվեց ուսանողի վրա: Նա կծկվեց անկողնու տաքության մեջ, ջղաձգվեց իր ներսում, նրա ննջարանը իրենից հեռու չէր, ուզում էր բարձրանալ անկողնուց, բարձրանալ վախից էլ վերև, բայց երկուսի միջև եղած տարածությունը սուտմեռուկ աղվեսի նման դավված էր ծերությամբ:
Միացումը ծնունդ է կամ ավերում:
Ուսանողն ինքն իր ձայնը հազիվ լսեց, ձայնի մեջ թաքնված համաձայնություն զգաց: Վախեցավ, այս անգամ գոռաց հրամայաբար:
Կինը լարվել էր: Չպատասխանեց իր սենյակի մեջ ճչացող ուսանողին: Նա այդ ձայնի մեջ ուրիշ բան էր որոնում: Շատ վաղուց լսողությամբ հատակի տախտակների վրա հետևում էր իր սենյակին մոտեցող տղամարդու բոբիկ ոտքերի շրշյունին և ուժին, որն իր սենյակի շեմին կորցրեց: Սպասեց, նորից որոնեց… հասկացավ, որ քոռկապ ճանապարհը արձակել է պետք: Հագավ գիշերանոցը, ուսանողի հետ նստեցին պատշգամբում: Դրսում թարմ ձյան վրա տղամարդու ոտնահետքեր կային: Տարեց կինը գուցե ուրիշ ժամանակ Ռուզանին դուրս աներ թեկուզ գիշերվա կեսին, քանի որ սենյակը վարձով տալուց առաջ նախազգուշացրել էր նրան` «տղամարդ չբերել»: Բայց այս անգամ հայացքն ընկել էր ձյան վրայի պաղ ոտնահետքերի մեջ ու չէր պոկվում: Մի քանի անգամ աչքերով ոտնահետքերի վրայով ետ ու առաջ գնաց մինչև դարպաս ու հարևան սենյակի դուռը: Ռուզանի մոտ տղամարդ կար:
– Գուցե տղամարդու ոտնահետքե՞ր չեն:
Կինը նայում էր ուսանողին, նրա դեմքի վրա ինչ-որ բան էր որոնում: Ուսանողը նկատեց, որ ժպտալիս կնոջ երկարավուն քիթն ավելի է կախվում շուրթերի վրա: Ուզեց բարձրանալ ու գնալ իր սենյակը:
– Կա, – ասաց ուսանողը:
Կինն իր երկար որոնածը այդ միակ կարճ բառի մեջ գտավ:
Կանացի նուրբ բնազդը արթնացել էր նրա մեջ, և հասկացավ, որ ուսանողը քիչ առաջ իրեն արթնացնում էր ոչ միայն ոտնահետքերը ցույց տալու համար, այլ հասել էր ճանապարհի քոռկապին: Հանկարծ վանդակի մեջ գեղեցկուհին թևերը թափահարեց ու կռնչաց.
– Հայռ Գռիգոռը…
Ու խլացուցիչ լռություն տիրեց, ուսանողը չդիմացավ լռությանը:
– Էլի էս բմբլաթափ ապուշը:
– Ամբողջ կյանքն այդտեղ ապրեց, որձ չունենալուց էր, բմբուլները թափվեցին:
Կնոջ ձայնի մեջ մորմոք կար:
Նա պատմում էր, թե թութակը տարիներ առաջ մարդու նման խոսել գիտեր, ինքն էր սովորեցրել, ու Հայր Գրիգորի մահից հետո օր ու գիշեր իրար հետ զրուցում էին: Տարեցտարի բմբուլները թափվեցին, պարանոցը մերկացավ, վերքոտվեց, փետուրների գույնը կորավ: Օր օրի խոսելը մոռացավ: Կինը ասում էր. «Ծերացավ, խելքը թռցրեց»: Միայն մի նախադասություն էր մնացել հիշողության մեջ` «Հայռ Գռիգոռը»: Կինն ամեն անգամ լսելիս մտովի հարցնում էր` «Ի՞նչ, Հայր Գրիգորը, ի՞նչ» ու պատասխանը չէր ստանում, չէր կարողանում գտնել:
Կնոջ տանը չլինելու պահերին ուսանողը հաճախ էր թութակին սովորեցնում «պառավ» արտասանել: Փորձերը զուր էին անցնում: Գեղեցկուհին նույն պահին արտասանում էր, երբ կինը տուն էր գալիս, արդեն մոռացած էր լինում` ուսանողին զրկելով հաճույքից:
– Գեղեցկուհուն Հայր Գրիգորը բերեց, որտեղի՞ց, աստված իմ, հիմա չեմ հիշում, սիմպոզիումի էր գնացել, այսօրվա պես հիշում եմ` վանդակը ձեռքին ներս մտավ, կատա՞կ էր, թե՞ լուրջ: Կնիկ, ասավ, քեզ երեխա եմ բերել, խոսել սովորեցրու: Ու մինչև հիմա էլ չեմ հասկացել` կատակ էր, թե լուրջ:
Կինը նստած տեղից վեր կացավ, մտավ իր սենյակը, մի հին ճամպրուկ բերեց:
– Օժիտս է, մայրս է կարել: Տես ինչքան նուրբ է, բատիստե կտորից: Գիշերանոց` մի անգամ եմ հագել: Սրանք չհագա, կոնքաթելերին նայիր, աստիճանաբար լայնացնելու համար էր, մինչև ինն ամիս: Ամեն ինչ տեղը տեղին, երեխայի չամչիկներ, շորեր: Է¯հ, ինչ անեմ:
Ու նորից սկսեց հերթականությամբ, զգույշ, կարծես մանկիկի էր քնեցնում, դասավորել ճամպրուկի մեջ: Մայրական հոգատարությունը ուսանողին դեռևս նրա կանացիությունն էր հուշում:
– Մարդու մեկը մոտիկ ընկերուհուս էր ուղարկել մոտս: Նրա ընկերներից մեկն էր, վա ̃յ, հողեմ գլուխդ, դու ո՞վ ես, որ քո հետ ամուսնանամ, մի ինձ նայի, հետո` քեզ: Կամ` նրա հիշատակը կկորցնե՞մ:
Գիշերանոցի փեշը սահեց ծնկից, ուսանողը որսաց շարժման դիտավորությունը: Տարեց կինը, նա էր ասում, չէր տալիս ամուսնու անունը, որ Հայր Գրիգորը դուրս չգա իր աշխատասենյակից, չնստի վերանորոգված աթոռին, գեղեցկուհին արթնացրել էր նրան: Կինը դեռևս մտովի կրկնում էր նրա բառերը` «Հայռ Գռիգոռը», «Ի՞նչ, Հայր Գրիգորը, ի՞նչ թարախոտ լեշ, լեզվիդ տակինն ասա»:
Մինչև ուսանողի գալը, իր տանը բնակվելը, թութակին մի քանի օր չկերակրեց, վանդակը ցուրտ տեղ տարավ, որ այդ միակ բառն էլ ջնջի նրա հիշողությունից. իզուր: Մի օր վանդակը թռչնավաճառի խանութ տարավ, երրորդ օրը` խանութ, սարսափում էր, որ հանկարծ գեղեցկուհուն վաճառած լինեն, վերքոտ թութակին ո՞վ է առնողը: Կինը աչքերը չէր կարողանում պոկել ձյան վրայի ոտնահետքերից: Ուսանողը տեսավ, որ տարեց կինը մթան մեջ կին է, որ բաց ծնկները տաք կլինեն, որ իր արդուկված վերնաշապիկների ու ամեն օր հարդարվող անկողնու մեջ նրանից մնացած կանացի ջերմություն կա:
Ուսանողը տրորվեց բազկաթոռի մեջ, նրա շարժումները ավելի զգաստացրին կնոջը:
– Իբրև ինձ ոսկու մեջ կպահի, վայ, հիմարի մեկը, խաբվող գտար: Ես իմ ունեցածը չգիտեմ` ինչ անեմ: Դու գիտես, չէ, սպասի ծննդյանդ օրը թող գա: Խելացի մեկը լիներ, ես գիտեի` ինչ անեմ:
Ուսանողը գիտեր, երբ ամեն ամսվա սկզբին ինքն ու Ռուզանը տան վարձն էին տալիս, տարեց կինը գնում էր մոտակա խանութը (նա այդպիսի պահերին էր գեղեցկուհուն սովորեցնում պառավ արտասանել), մեծացնում, քսանհինգանոցներ էր դարձնում, հետո մեծ, սևացած արդուկով արդուկում էր մեկ-մեկ ու պահում:
– Հիշո՞ւմ ես այն գիշեր անկողնուդ տակ լացում էիր, առավոտյան գնացիր ու երկու օր չկայիր, իսկ ես այդ երկու օրը սպասում էի քեզ, տորթ էի թխել, օղի առել: Եկար մագնիտոֆոն նվիրեցի:
Ուսանողը բազկաթոռի և մթան մեջ կծկվեց, որ չերևա: Ուրեմն կինը գիտեր այն օրվա պատմությունը:
Վերջապես մի օր համարձակվեց գիշերվա կեսին ծեծել հարևան սենյակի դուռը: Մերկ մարմնի բույրը հասավ ուսանողին, հետո գիշերանոցի տակ տեսավ իրենց ծանրությունից երերացող ստինքների ուրվագիծը: Հետո դռների մեջ կորցրել էր իրեն ու չէր գտնում: Ռուզանի այդչափ մոտիկությունը շատ հեռու էր թվում:
– Ատամիս ցավից չեմ կարողանում քնել, օղի կունենա՞ս` թրջոց դնեմ:
– Երևում է` աչքերդ կարմրած են:
Նա ներս գնաց` բերելու, իսկ ինքը չէր կարողանում շարժվել, գնալ ետևից, միայն հայացքով հասավ Ռուզանին ու նրա հետ ներս մտավ:
Իր սրտի թփթփոցն էր լսում ու ներսում բաժակի մեջ լցվող օղու քլթքլթոցը:
– Առ, ինչ է` նա չունի՞, և գլխով ցույց տվեց տարեց կնոջ մութ պատուհանը: Ուսանողը հանկարծակիի եկավ, ու չգիտես ինչու ժպտում էր:
– Բամբակ ունե՞ս, թե՞ տամ:
– Գամ ներս, մի բաժակ էլ իրար հետ խմենք:
Ինքն իր դեմքի ապուշ ժպիտի պատճառն էր որոնում, երբ դուռը շրխկաց քթի տակ: Հետո լվացքի պարանից վերցրեց Ռուզանի կրծկալն ու ամբողջ գիշեր պահեց անկողնու մեջ: Տարեց կինն ասում էր, թե ինքը լացել է այդ գիշեր:
Կինն զգաց, որ ուսանողն ինքն իր ներսում սայթաքում է:
– Ուսանող ու հրշեջ չե՞ս, առածդ փողը հարյուր ռուբլի չէ՞, ես քեզ տրիկո եմ խոսք տվել, ֆիզկուլտ դասերի համար չունես, իսկ նա պաշտոնավոր է:
Բարձրացավ նստած տեղից, մի քիչ աշխուժություն տալով շարժումներին, որ այդպիսի խորամանկության հասնելու համար հոգեկան մեծ տառապանքներ է հասցրել միայնությունը:
– Արի, արի հիմա կտեսնես:
Գեղեցկուհին վանդակի մեջ թափահարեց թևերը, որ կպան ճաղերին, ու կռնչաց հիշողության մեջ մնացած միակ բառը.
– Հայռ Գռիգոռը:
Լռություն տիրեց երկար ու պաղ: Հետո կինը շուռ եկավ դեպի վանդակն ու կյանքի մեջ առաջին անգամ մտովի ասածը բարձրաձայն ասաց.
– Ի՞նչ, ի՞նչ Հայր Գրիգորը, ցնդած: Կրքերից ցնդած: Ի՞նչ, Հայր Գրիգորը, ասա լեզվիդ տակինը:
Ու քիչ մնաց ինքն ասեր իր լեզվի տակինը, անեծքի նման մի բան ու շշմեց: Կինը մոտեցավ պատին, ուր մի փոքրիկ անցք կար, նրան ձեռքով արեց:
Ներսում` բազմոցի վրա, երկու վառվող ծխախոտի կրակներ երևացին, հետո` աղոտ, երկու մերկ մարմիններ: Ուսանողը կամաց-կամաց պարզ տեսավ տղամարդուն, որը Ռուզանին հաճախ էր մեքենայով զբոսանքի տանում: Հետո նշմարեց աղջկան` ամբողջ իր մերկությամբ: Ու ինչ-որ բան կոկորդին կանգնել, խեղդում էր, կուլ չէր գնում:
Տարեց կինը թեք ընկավ մահճակալին, գիշերանոցը սահեց, ու սպիտակ սրունքները դավեցին ուսանողին:
– Ո՞ր աղջիկը իմ մաքրությունը կունենա, հողեմ դրանց գլուխը, թեկուզ ոտից գլուխ նայենք: Բաղնիքում ինձ նայողները զարմանում են:
Ուսանողը` նրա ոտքերի մոտ, նստեց մահճակալին: Նկատեց, որ անցքին մոտիկ մի փոքր տեղ պատի ներկը թափված է, կինը հաճախ էր ուսով հենվել պատին: Ցերեկները սպառնացել էր Ռուզանին, որ դուրս կանի, իսկ գիշերները նրա երիտասարդ կրքերի թաքուն վկան է եղել ու տանջվել:
Կինը բոլոր ուժերը հավաքեց` թաքցնելու չոր, խեղդող հազը ու խեղդվելով` չոր հազաց:
Ուսանողը ձեռքը երկարեց, նրա ոտնաթաթերը սառն էին: Փշաքաղվեց, ձեռքը կպել էր ոտնաթաթերին ու այլևս չէր բարձրանում վերև, ու մի սահմռկեցուցիչ պաղություն էր լցվում իր երակների մեջ, ծերության նման մի բան… պաղ էր սավանը, սենյակը… պաղ էին տարեց կնոջ արցունքները, որ թափվում էին իր գլխին…
Իր սենյակը գնալիս` հանկարծ թիկունքում թևերի հարված լսեց վանդակի պատերին ու կռինչը գեղեցկուհու…
– Պառավ…
Ուսանողը սարսուռով շփեց դեմքը, կարծես կնճռոտված լիներ…
Առավոտյան կինը թարմ մեխակներ ու վանդակի մեջ` գեղեցկուհուն էր տանում Հայր Գրիգորի գերեզմանին: Ուսանողը անկողնու կապոցն ու գրքերը թևատակին` նոր տուն էր որոնում: