Գնացին, եկան, ասին․ «Հիմա դուրս կբերեն»։
Ձմռան օր էր, բայց ձյուն չկար, տաք արև էր ու բոլոր հավաքվածները մրսում էին։ Առանձին խմբով կանգնած պաշտոնյաները ասում էին, որ դատախազը լավ մարդ էր։ Միջակներն էլ, գողերն էլ էին ասում։
Պաշտոնյաները միանման գլխարկներ էին դրել ու միանշանակ դժգոհում էին, որ միտինգներում արդեն բացարձակ իրենց գող են անվանում։ Ասին․ «Անգրագետների այդ խումբը ժողովրդին կործանում է տանում»։Բժիշկն ասաց․ «Ժողովուրդը իմաստուն է»։Գլխարկներն ասին․ «Ղեկավարության չեն հնազանդվում, դա իմաստություն է»։Բժիշկն ասաց․ «Արթնացում է, լույս»։Գլխարկները բժշկին կծու պատասխանեցին։ Մեկն ասաց․ «Չեմ հասկանում, ինչո՞ւ են ուշանում, դուրս չեն բերում»։ Նայեցին ժամացույցներին, ասին․ «Իսկապես որ, ուշանում են»։ Տաք արև էր, բայց դրսում կանգնածները մրսում էին։ Գլխարկները բժշկին ասացին․ «Մուսուլմանները մի գիշերում մեզ կուտեն»։ «Ազգային արժանապատվությունը կորցնել պետք չէ»,- ասաց բժիշկը։
Նվագախումբը հնչեցրեց փողային գործիքները, բերում էին դատախազին։ Խումբ-խումբ հավաքվածները միացան, թափոր կազմեցին։ Դատախազի հետևից գնում էր դատախազի սգավոր, ողբացող ընտանիքը, հետո քաղաքի երեք քարտուղարները, մնացածները` խառնիխուռն։ Փողային երաժշտությունը հնչում էր, թափորը սգվոր էր, տաք արև էր, քայլողները մրսում էին։ Թափորի մի ծայրը հասել էր հաջորդ փողոցի հատմանը, փողային երաժշտությունը լռեց, շենքերի բակից շուրջառով, խաչը ձեռքին դուրս եկավ քահանան, անցավ թափորագլուխ, խոնարհվեց դատախազի սգվոր ընտանիքին ու սկսեց բամբ ձայնով հոգեհանգիստ երգել։ Քարտուղարները իրար ականջի խոսեցին, գլխարկներն ասին․ «Էս ի՞նչ մեյմունություն է, տեղը շփոթել է մորուքավոր էծը»։ Գոռացին․ «Տո, քելեխ ուտող բոշա, գնա քեզ շրջապատ ճարի»։ Դատախազի լացակումած կինը, թաշկինակը սեղմած քիթ ու բերնին, շուռ եկավ, ասաց․ «Հանգուցյալի կամքն էր, հանգուցյալը այդպես է կամեցել, ներող եղեք»։ Քարտուղարները իրար ականջի խոսեցին։ Թափորը փսփսաց։ Գլխարկներն ասին․ «Դատախազը մեզ խաբել է, կենդանի ժամանակ կուսակցական էր, պարզվում է` մեռնելուց հետո հավատացյալ է, ո՞վ էր սպասում»։ Մի քանիսը ասին․ «Դրանից սպասելի էր»։ Թափորը մտնում էր հաջորդ փողոցը, դատախազի փոխա- կերպությունից հիասթափվածները ձեռները թափ տվեցին ու անջատվեցին երթից, շարեշար կանգնած զինվորները նրանց ասին․ «Իրավունք չունեք դուրս գալու, պարետային ժամ է»։«Ինչպե՞ս թե»,- զարմացան նրանք։ Զինվորներն ասին․ «Այդպես է հրամայված»։ Սպիտակավուն ներկված ուղղաթիռները գայլաձկների նման կտրեցին երկինքը, քաղաքի բարձրահարկ շենքերի ապակիները զրնգացին-զնգզնգացին, հողն էլ դողաց, այլևս իրար լսել հնարավոր չէր։ Քամին ամայի փողոցն ի վեր թերթերի կտորտանքներ, գունդուկծիկ քշեց, տարավ։ Հետո նորից լսվեց քահանայի բամբ, հոգեհանգիստ երգող ձայնը, հիասթափվածները ետ եկան, երթը գնաց, շարժվեցինք առաջ։ Պարզորոշ նկատում էինք, որ երեք քարտուղարները դժգոհ են։ Նրանց իրար ականջի խոսացածը փոխեփոխ մեզ էլ հասավ։ Ուզում էին սգո թափորից դուրս գալ ու գնալ․ հանգուցյսլ դատախազի հավատուրացությունը վիրավորել էր նրանց։
Թափորի դագաղը տանող առաջամասը կանգնել էր ու աղմուկ էր։ Նրանց դեմընդառաջ կանգնած զինվորները ասում էին, որ աջ կողմի փողոցը չի կարելի մտնել, անթույլատրելի է և վերջ, պիտի գնալ ձախի փողոցով։ Երթը շարունակվեց զուգահեռ փողոցով։ Երեք քարտուղարներ անջատվեցին թափորից, ուզում էին մոտակա շենքերի բակով դուրս գալ։ Շարեշար կանգնած զինվորներն ասին․ «Իրավունք չունեք դուրս գալու, պարետային ժամ է»։ Նրանք բացատրեցին, որ իրենք քաղաքի երեք քարտուղարներն են։ Զինվորներն ասին․ «Մենք ենթարկվում ենք քաղաքի պարետին»։ Թափորը դարձյալ կանգնել էր ու աղմկում էր։ Հողը դողաց, բարձրահարկ շենքերի ապակիները զնգացին, զրնգացին, սպիտակավուն ուղղաթիռ- ները կտրեցին երկինքը, քամին տրորեց, փռփռացրեց շենքից շենք լվացքապարանների վրա կախված հագուստները, այլևս իրար լսել հնարավոր չէր։ Հետո լսվեց քահանայի հոգեհանգիստ երգող ձայնը։ Քահանան երգում էր, զինվորների թիկունքում վնգում էին տանկերի մոտորները։ Քարտուղարները նրանց ասին․ «Կանչեք քաղաքի պարետին»,- ու իրենք միացան թափորին։ Երթը շարունակվեց, հուսահատվել էինք։ Քարտուղարներին շարքի մեջ մտցնելը մեզ ավելի ըմբոստացրեց հանգուցյալ դատախազի դեմ։ Գլխարկներն ասին․ «Այ, քեզ բան, պարզվում է` անպայման պիտի մասնակցենք թաղմանը ու շարքից դուրս չենք կարող գալ, ասում են, մահակներով ուղիղ գլխին են խփում»։ Քարտուղարներին մոտեցան սպան ու մի քանի զինվորներ։ Մենք դարձյալ կանգնել էինք։ Սպան հարցրեց․ «Էս ի՞նչ շուն է»։ Ժողովուրդն ասավ․ «Հանգուցյալի տանից դուրս ենք եկել, շունը, քարտուղարների պոչից կպած, գալիս է»։ Ասին․ «Երևի քարտուղարների շունն է»։ Սպան ասավ․ «Քարտուղարը շնով թաղում կգնա՞, կասկածելի շուն է, պոչը կտրած է, կտրած չէ, չես էլ հասկանում»։ Առաջին, երկրորդ, երրորդ քարտուղարները ասին․ «Մերը չէ»։Բոլորս միանշանակ զարմացանք․ «Իրոք որ, էս ի՞նչ շուն էր»։ Սպան քարտուղարներին ասաց․ «Ինձ կանչել ե՞ք, ես տեղամասային պարետն եմ»։ Նրանք ասին․ «Մենք քաղաքի պարետին ենք կանչել, մենք ուզում ենք գնալ»։ «Իրավունք չունեք, պարետային ժամ է։ Եվ հետո, այս տեղամասի, այս փողոցի համար ես եմ պատասխանատու»։Գլխարկների խմբից դուրս եկավ թոշակառու, երբեմնի մի կուսկոմ, սպային ասաց․ «Այդ շանը ես ճանաչում եմ»։Մենք թեթևացած շունչ քաշեցինք։ Սպան ասաց․ «Դատախազի դեմքին վերքեր կան»։Նրան բացատրեցինք, որ դատախազին ինֆարկտը զուգարանում, կանգնած տեղն է խփել, ընկնելուց դեմքը խփել է ջրատար խողովակին։ Սպան դարձյալ շանը նայեց։ Թոշակառու կուսկոմն ասաց․ «Մեր տան պատուհանից շատ անգամ եմ տեսել։ Դատախազը, որ տասին, տասն անց կեսին գործի էր գնում, շունը նրան կրնկակոխ հետևում էր»։Սպան հայացքը շնից չէր կտրում, մենք անհանգստացած էինք, ասաց․ «Աչքերը ոնց որ թռչնի կապտավուն աչքեր լինեն»։Մեզանից մեկն ասաց․ «Մեր առասպելների մեջ, թեկուզ հարալեզները վերցնենք, թռչնակերպ են եղել, օդով, ցամաքով հասել են` վերակենդանացնելու կորցրածը»։
Սպան բոլորիս նայեց, բոլորիս հարցրեց` ի՞նչ։
Մեկը հայերեն ասաց․ «Դուք դրան ինչ եք բացատրում` բոզի նման կոտրտվելով, մի աչքերի տակը տեսեք… Նա չի տեսել մեր երեխաներից և ոչ մեկի ծնունդը…»։ Գլխարկներից մեկը ծաղրանքով, մի քիչ էլ հեգնանքով ասաց․ «Ոգի է»։Մեկը գոռաց․ «Ճիշտ է, ինչո՞ւ չեք զարմանում, բա մինչև հիմա ինչո՞ւ շանը չէիք նկատում։ Որովհետև ուշադիր որ նայում ես, մեկ-մեկ ձուլվում է ասֆալտին»։ Սպայի հրամանով զինվորները շանը դրեցին վանդակի մեջ։Գայլաձկների նման ուղղաթիռները կտրեցին երկինքը։ Բարձրահարկ շենքերի ապակիները զրնգացին-զնգզնգացին, հողն էլ դողաց, այլևս իրար լսել հնարավոր չէր։ Քամին կամֆորայի ու էլի ինչ-որ դեղի բուրմունքը պոկեց դագաղից ու պտտեցրեց թափորի վրա։ Հետո նորից լսվեց քահանայի բամբ, հոգեհանգիստ երգող ձայնը։ Դագաղը տանում էին, երեք քարտուղարները հետևում էին, զինվորները վանդակի մեջ տանում էին կապտավուն աչքերով, փոշոտ, փոքր շանը, թափորը գնում էր։ Առջևից գնացողներին զինվորները ասացին․ «Չի կարելի Խաղաղության փողոցով մինչև վերջ գնալ»։Մտանք Ազատության փողոցը ու շուկայի հրապարակով բարձրանում էինք դեպի գերեզմանատուն։
Վերին գյուղերից` մեկը կնոջ հետ, շուկայի առևտուրը վերջացրած, պարկը շալակին, ուզում էր զինվորների շարքն անցնել։ Սպան ու զինվորները անզիջում էին։ Հարցրեց․ «Բա ու՞ր գնանք»։Սպան ասաց․ «Չգիտեմ»։Կնոջ հետ միացան մեր թափորին։ Ահագին տարածություն անցան մեր հետ, հետո գյուղացին հարցրեց․ «Ու՞ր եք գնում»։ Ասինք․ «Քաղաքի դատախազին ենք թաղում»։ Ասաց․ «Չէ, երևի չգամ ձեր հետ, գնամ, երեխեքին հաց հասցնեմ»։ Նրանք երթից դուրս եկան, գնացին դեպի զինվորների շարքը։ Քահանան երգում էր, դատախազին տանում էին, մենք գնում էինք Ազատության փողոցով։ Առջևից գնացողներին կանգնեցրին, ասացին․ «Այլևս չի կարելի առաջ գնալ, ետ դարձեք, մյուս փողոցով գնացեք»։Ասինք․ «Քաղաքի դատախազին պիտի թաղենք»։ Ասին․ «Պարետային ժամ է»։Դագաղը փոխանցեցին ետ ու ետինները դարձան առաջին, առաջինները` ետին։ Խաղաղության լայնատարած, լայնահուն փողոցի գազոնի մեջ, մեծ վահանակի վրա Քաղբյուրոյի անդամների խոշորադիր լուսանկարներն էին կախված, անցանք նրանց առաջով և մտանք հարևան փողոցը։ Զինվորները կանգնեցրին, ասացին․ «Չի կարելի, պարե- տային ժամ է»։Կանգնել, մնացել էինք։ Զինվորները ասում էին․ «Ե´տ դարձեք»։Մենք վրդովված, շփոթված էինք․ «Ինչպես թե, ետ դառնանք, ախր քաղաքի մեջ շրջապտույտ ենք տալիս»։ Զինվորներն ասացին․ «Մենք չգիտենք»։Քահանան բամբ ձայնով գոռաց․ «Գնացեք դեպի եկեղեցի, եկեղեցին փրկություն է, այնտեղ կթաղենք դատախազին»։Աղմուկ բարձրացավ, վիճում- դժգոհում էինք։ Հողը դողաց, զնգզնգացին-զրնգացին շենքերի ապակիները, սպիտակավուն ուղղաթիռները կտրեցին երկինքը, այլևս իրար լսել հնարավոր չէր, քամու պաղ ալիքը խփեց բոլորիս… Հետո քահանան գնաց` առաջնորդ, գնացինք քահանայի հետևից։ Եկեղեցի տանող փողոցը փակ էր, մեզ չէին թողնում, մեզ ասում էին․ «Պարետային ժամ է»։ Քարտուղարները, գլխարկները դժգոհում էին քահանայից։ Նրան դեմհանդիման ասացին, որ բոլոր դարերում էլ հոգևորականները ջուր պղտորողներ են եղել։ Ասացին․ «Պիտի նորից գնալ դեպի գերեզմանոց»։ Զինվորները դարձյալ մեզ փողոցից փողոց էին քշում, դարձյալ անցնում էինք նույն տեղերով` Խաղաղության, Ազատության, Բարեկամության փողոցներով, Քաղբյուրոյի լուսանկարների մոտով։ Հանկարծ մեկը գոռաց․ «Դիմանկարներից մեկը չկա, հարկավոր է տեղամասային պարետին իմաց տալ»։Նրան չպատասխանեցինք, բայց հայացքով տեսնում էինք բացակա դիմանկարի տեղը։ Ասավ․ «Իսկ ինչո՞ւ չեք հավատում, դիմանկարը կարող է գողացել են»։Հոգնել էինք, դագաղն այլևս ուսած չէինք կարողանում տանել։ Կափարիչը փակել էինք ու կողքանց` ձեռներիցս կախ էինք տանում։ Կանգնեցինք, ասին․ «Երրորդ կին քարտուղարը հոգնել է, բարձրակրունկ կոշիկները հարում էին ոտքերը»։ Դատաղազի կինն ու մի քանի կանայք ևս հոգնել էին։ Ասին․ «Քարերը պաղ են, թող դագաղին նստեն»։ Կորած դիմանկարը նկատողը ոչ մեկիս հանգիստ չէր տալիս, ասաց․ «Չլինի դավադրություն է, բա էդ տարօրինակ շունը մեր հետ ի՞նչ գործ ուներ»։Նրան չպատասխանեցին։ Ասավ․ «Բա ինչու էր պարետը շան պոչի վրա զարմացած, այս փաստը ձեզ ոչինչ չի՞ հուշում»։ Թափորին զինվորները ստիպում, շտապեցնում էին, որ քայլեն։ Ասում, բացատրում էին, որ այդքան շատ մարդկանց մի տեղում կուտակվել չի թույլատրվում։ Թափորը չէր առաջանում, դեմընդառաջ կանգնած զինվորներն առանց թմբկահարի չէին թույլատրում շարժվել։ Փողային գործիքների թմբկահարը նստել էր ու չէր բարձրանում։ Ասում էր, որ հոգնել է, էլ չի կարող քարշ տալ թմբուկը։ Նրան հորդորում, համոզում էինք, որ բարձրանա, գնանք, կօգնենք։ Ասինք․ «Թե չէ բոլորիս կպահեն»։Ասաց․ «Չէ, սա իմ պատն է, միակը ամբողջ քաղաքում, որ դիմացավ, կանգուն է մնացել, ես այս պատից չեմ հեռանա։ Դուք շան աչքերին լավ նայեցի՞ք։ Ես լավ եմ ճանաչում դատախազի հայացքը։ Տեսա՞ք, թե ինչպես է նա մեզ ներկայացել»։Դատախազի` սև, նոսր բեղերով կինն էլ լացակումած հաստատեց։ Ասաց․ «Ես շուտ էի նկատել, բայց դա ասելու բան էր, որ ասեի»։ Թմբկահարն ասաց․ «Ես վերջնականապես հասկացա, ինչքան էլ քայլենք, ուր էլ գնանք, տեղ չենք հասնի։ Շրջապտույտ է, կրկին գալու ենք միևնույն տեղը»։ Թերահավատները ծաղրում էին, որովհետև փողոցի մեջտեղում նա հենվել էր ինչ-որ երևակայական պատի։ Թմբկահարն ասաց․ «Այս ամենի պատճառն այն է, որ մեր միջից հեռացել է հավատի կապտավուն աչքերով թռչունը»։Ծիծաղողները ծիծաղեցին։ Մի քանի ուժեղ տղաներ մեզ հետ գալ չցանկացող թմբկահարին թևերի վրա վերցրին, ու դուրս եկանք երթի։ Թմբակահարը գոռում, աղաղակում էր մեզ լքած թռչնի մասին։ Ուժեղ տղաները նրան ցած չէին դնում։ Նրան տանում էինք մեզ հետ։ Փողոցն ի վար ծորում, հոսում էր թաց մարդաբոյ մառախուղը, դագաղը տանողներն այլևս չէին երևում, հետո մեզ ու զինվորներին էլ ծածկեց։ Ետիններս դագաղը տանողներից չէինք ուզում ետ մնալ, բայց նրանց չէինք տեսնում, մեզանից մի քանի քայլ առաջ գնացողների թիկունքները ուղենիշ վերցրած` գնում էինք նրանց կրնկա- կոխ։ Դժգոհում, զարմանում էինք մառախուղի վրահասությունից, չնայած բոլորս էլ գիտեինք, որ տարվա այդ եղանակին քաղաքի փողոցները միշտ էլ լցվում են սարերից իջած մառախուղով։ Մենք գնում էինք ու ոչ մի արգելքի չէինք հանդիպում, ոչ էլ թափորին էինք գտնում։ Մեր խումբը զգում էր, որ մոլորվել է, բայց ազատությունը մեզ հրապուրել էր ու գնում էինք` առջևինների թիկունքները ուղենիշ վերցրած։ Սկզբում լռությունից վախեցանք, հետո թե` այսպես ո՞ւր կհասնենք, չնայած բոլորս էլ մեր քաղաքին լավ էինք ծանոթ։ Հեռվից մետաղի ձայն լսվեց, զինվորները գոտիներից կախ սաղավարտներին էին հարվածում։ Ասին․ «Մեզ են կանչում»։ Որոշեցինք չգնալ։ Մեկն ասաց․ «Իսկ այսպես ո՞ւր ենք գնալու, լավ է գնանք նրանց միանանք։ Դուք թմբկահարին հավատո՞ւմ եք»։Հետո նա կծկվեց ու հետ տվեց։ Նրան չէինք ցավակցում, բայց գիտեինք, որ մեր մեջի վախկոտը նա է։ Վախկոտը թաշկինակով քիթ ու բերանը, աչքերի արցունքները մաքրեց, ասաց․ «Ինձ չեք լսում, բայց լավ իմացեք, ահավոր սխալ եք թույլ տալիս, թմբկահարները, որպես կանոն, միշտ էլ հավասարակշռությունը կորցրած մարդիկ են լինում»։ Մենք առաջանում էինք ու նրան չէինք հավատում, նա փսխել էր ու մենք հաստատապես գիտեինք, որ դա վախից էր։ Բայց քանի գնում էինք, սաղավարտների թակոցները սատկանում էին, ու դարձյալ միացանք թափորին։
Սգո թափորի մասնակիցները հոգնել էին, շուտ-շուտ սպիտակավուն թաշկինակներով ճակատների քրտինքն էին սրբում, ու նրանց շնչառությունը ընդհատ-ընդհատ էր։ Նյարդայնացած գլխարկները ասացին․ «Մենք պիտի գնանք, գործ ունենք, կալանակյացներ խոմ չե՞նք…»։Ապակիները զրնգացին-զնգզնգացին, հողն էլ դողաց, այլևս իրար լսել հնարավոր չէր, քամին ասֆալտի պաղ փոշին դեմքեդեմք, աչքեաչք լցրեց… Գլխարկները շփոթված ետ եկան, մտան թափորի մեջ, ասին․ «Պրծում չկա»։Թերթի լուսանկարիչը կքակզեց, նստեց ասֆալտին, գոռաց․ «Էլ չեմ կարող, ականջներս, ուղեղս պայթում են, կտրեք դրանց ձայնը, ուղղաթիռներին ասեք` էլ չանցնեն, խնդրեք սպային…»։ Տեղից ցատկեց, թռավ դեպի շենքերի բակը, բախվեց զինվորների շարքին, ընկավ, բարձրացավ, զինվորներին գոռաց․ «Սպային ասեք, ես իր մերը…, ասեք ուղղաթիռները էլ բաց չթողնի, ասեք՝ մի անգամ էլ անցնեն, ես կպայթեմ…»։ Քարտուղարները նրան կարգի հրավիրեցին։ Լռության մեջ բժիշկը հայտարարության պես բոլորիս ասաց․ «Ինչո՞ւ եք բոլորդ անպայման ուզում սովորական ճանապարհով գնալ գերեզմանոց, հարկավոր է շրջանցել զինվորներին։ Տեսնո՞ւմ եք այն փողոցը, որ Մասիսներն են երևում, հարկավոր է գնալ դեպի Մասիսները»։ Ետ էինք դարձել, առաջինները դարձել էին վերջին, վերջինները` առաջին։ Անցանք Խաղաղության, Ազատության փողոցներով, Քաղբյուրոյի մեծադիր լուսանկարների կողքով, անցանք շուկայի հրապարակով։ Դարձյալ հանդիպեցինք պարկը շալակին կնոջ հետ գյուղացուն, որ ցանկանում էր զինվորների շարքը անցնել։ Նրան ասում էին, որ պարետային ժամ է, իրավունք չունի։ Նա կնոջ հետ միացավ մեր թափորին։ Ահագին տարածություն եկավ մեր հետ, հետո հարցրեց․ «Ո՞ւր եք գնում»։Ասինք․ «Քաղաքի դատախազին, Մասիսները երևացող փողոցով, տանում ենք թաղելու»։ Ասաց․ «Չէ, երևի չգամ ձեր հետ, գնամ, երեխեքին հաց տանեմ»։ Կնոջ հետ դուրս եկան, գնացին դեպի զինվորների շարքը։ Բոլորս հոգնել էինք, դագաղը տանողներն ամեն առիթով դնում էին ցած ու վրան նստում, պատճառաբանելով, որ երրորդի կոշիկները հարում են կրունկները։ Չնայած բոլորս էլ գիտեինք, որ իսկական պատճառը երրորդի ցցված փորն է։ Երրորդը ակնառու հղի էր։ Բժիշկը հորդորում էր, որ գնանք։ Հոգնածները քայլեցին, մենք բոլորս գնում էինք, հետո զինվորները կանգնեցին մեր դեմ, նրանց թիկունքում տանկերի մոտորներն էին վնգում, ասին․ «Ետ դարձեք, իրավունք չունեք այդ ուղղությամբ գնալու, պարետային ժամ է»։Դագաղը փոխեփոխ փոխանցեցին։ Ետիններս դարձանք առաջին, առաջինները` ետին։ Գլխարկները բժշկին ասին․ «Քեզ շատ ես երևակայում, բոլ է խաբեք ժողովրդին»։Գոռացին․ «Գնացեք դեպի գերեզմանոց սովորական ճանապարհով, այլ ճանապարհ չկա։ Գերեզմանի ճանապարհը մեկն է, վերջապես դուք բոլորդ ե՞րբ պիտի հասկանաք»։Հնչեց փողային երաժշտություն, սպիտակավուն ներկված, գայլաձկան նման ուղղաթիռները կտրեցին երկինքը, քաղաքի բարձրահարկ շենքերի ապակիները զրնգացին-զնգզնգացին, հողն էլ դողաց, այլևս իրար լսել հնարավոր չէր, հետո վերահաս լռության մեջ թռչնի թևաբախություն լսվեց, մենք թռչնին չէինք տեսնում, նա հեռվում, ինչ-որ տեղ էր, բայց թևաբախության ձայնից զգում էինք, որ նրա հսկայածավալ թևերը ոչ թե օդն էին կտրում, այլ բախվում էին վանդակի ճաղերին։