Ամբոխը

Ժողովուրդը վազում էր: Ջհուդ Մուկուչի Մորիկին տարել էին գոմերը խեղդելու: Գետի վրա արդեն սառույց էր կապել: Մեծահասակներն ու երեխաներս, սայթաքուն սառույցի վրա ընկնելով, սահելով ու սառցի կտորներ գցելով բերաններս, վազում էինք:
Ջհուդ Մուկուչը տեղափոխվում էր քաղաքում ապրելու, իսկ շանը չէր ցանկանում որևէ մեկին թողնել:
Հովիվներից մի քանիսը, խոր ձյունը լոք տալով, կոլտնտեսության մի տասնհինգ շուն ետևները գցած, հարայ-հրոցով, նրանց ոգևորելով, գոմերից գալիս էին դեպի գետը՝ ուզում էին ճանապարհը կտրել: Մորիկը, գյուղացիների առաջն ընկած, քշվելու նման, դարձդարձիկ պոչը բարձր պահած, հավասարաքայլ վազում էր:
Վազողներս կանգնեցինք: Մորիկը կանգնել էր, գլուխը բարձրացրած, ուշադիր նայում էր աղմկող հովիվներին ու իր ճանապարհը կտրել ցանկացող շներին: Կտրուկ ետ դարձավ, չգիտես՝ գյուղ էր ուզում գնալ, թե ժողովրդի հետ իր ետևից վազող տիրոջ մոտ՝ հպվելու նրա ոտներին: Ջհուդ Մուկուչը կռացավ՝ իբրև քար է վերցնում, նրան չթողեց մոտենա, մատների արանքում մամլած ձյունը գցեց բերանը, ասաց. «Էն օրն էլ Դշխուն մամին էր կծել…»: Նրա ներքևի շրթունքը աննկատելի դողում էր, լսողներից ոչ մեկս էլ չհավատացինք: Գետի ամբողջ սառցակալած լայնքով և ձյունառատ, սպիտակ ափերով՝ սև շղթա տված, լուռ կանգնել էր ամբոխը՝ վազքից հանգստանում էր ու սպասում: Մորիկը նայեց մոտեցող շներին, մի պահ գանգուր պոչը իջեցրեց ու նորից գետի հունով վազեց, այս անգամ լեզուն դուրս գցած, հալածվողի նման: Ամբոխն էլ վազեց:
Մորիկը ճանապարհը չէր ծռի, սառցակալած գետի հունից դուրս չէր գա, չէր շրջանցի իր թիկունքից հոսող ամբոխի սև շղթան ու կոլտնտեսության աշնանավար սև ու սպիտակ ցելերով պոչը իջեցրած չէր վազի դեպի տուն… Նրա մաքրամաքուր, սպիտակ գույնն ու երբեք չուղղվող դարձդարձիկ պոչը նրան վեհ ու անպարտելի տեսք էին տալիս: Հաբել տացուի պատմածից բոլորն էլ տեղյակ էին գայլերի պատմությանը, ասում էր. «Փայտի էի գնացել, աշուն էր, գիշեր էր, գայլերը վրա էին տվել»: Ասում էր. «Չգիտեմ՝ ում, բայց գոռում էի… չգիտեմ՝ ինչքան էի գոռացել… մեկ էլ տեսնեմ՝ ճերմակ-ճերմակ մոմի նման վառվող մի բան ընկավ գայլերի մեջ: Տիրումերը բոլորին ցիրուցան արեց, քշեց ծմակուտները…»:
Նրա բացառիկ սպիտակության համար կանայք ասում էին. «Սուրբ Սարգսի շանը շատ է նման»: Ասում էին. «Հողեղեն ոչ մի կենդանի այդպես ծաղկած բալենու ճերմակություն չի կարող ունենալ»:
Շրջկենտրոնից ոտքով գյուղ եկողները գիշերով, եթե «Քոռ կամրջի» մոտ երգող ջրահարսների էին հանդիպում ու ընկնում նրանց հմայքի տակ, Մորիկը մի ակնթարթում գյուղից հասնում էր, ջրահարսներին քշում ճահճուտների խորքերը, ազատում «Կորած ժամի» մոտ սատանաների շուրջկալի մեջ ընկած որսորդներին: Գյուղացիք ասում էին. «Քամին գրքի նման կարդացող շուն է»: Հովիվներն ու շները կտրեցին նրա ճանապարհը: Երկուստեք նայում էին իրար: Նրանք Մորիկին տեսնելիս միշտ էլ ճանապարհները փոխում էին՝ նրա անորոշության հասնող սպիտակությունից վախեցած: Հիմա նրանք կաղկանձում էին, իրար կծոտում ու չէին համարձակվում Մորիկին մոտենալ: Հետո նույն համաչափ քայլքով սկսեց վազել: Ամբոխն էլ վազեց:
Հովիվների հարայ-հրոցից շները քիչ էին բորբոքվում, իմիջիայլոց պարտականություն կատարելու պես վազում էին Մորիկի կողքով: Հովիվներից մեկը շտապով ձնագնդի շինեց ու խփեց: Կանգնեց, գորշավուն աչքերը հառած, մարդու հայացքով նայում էր խփողին: Ջհուդ Մուկուչը, բռան մեջ մամլած ձյունը բերանը գցելով, ասաց. «Ծերացել է: Էն օրը Մաղաք տացուս պատահական ոտքն էր կոխել՝ հարձակվել էր վրան…»: Նրա ներքևի շրթունքը աննկատելի դողում էր, լսողներից ոչ մեկս էլ չհավատացինք: Ամբոխը, կոլտնտեսության շների համար տարածություն թողած, գորշ պատի պես, գյուղի ճանապարհը փակած, լուռ կանգնել, սպասում էր: Շները, ձնագնդիից ոգևորված, նետվեցին: Մորիկը մի հարվածով երկուսին տապալեց, երրորդին կրծքով այնպես խփեց, որ այն երկար ժամանակ չէր կարողանում բարձրանալ: Ու դարձավ, չգիտես՝ գյուղ էր ուզում գնալ, թե ժողովրդի հետ իր ետևից վազող տիրոջ մոտ՝ հպվելու նրա ոտներին: Ջհուդ Մուկուչը կռացավ, իբրև քար է վերցնում՝ չթողեց: Բռան մեջ սեղմած ձյունը գցեց բերանը ու շրջված ամբոխից՝ սրթսրթալով միզում էր ձյուների մեջ: Շունը, դարձյալ համաչափ քայլքով, սկսեց վազել: Կարճատև հանգստացած ամբոխն էլ վազեց: Ջհուդ Մուկուչը, շալվարը կոճկելով, տրակտորիստ Զարմիկին գոռաց. «Քաղաք քաշվելու չլինեի…»: Ասաց. «Տիրումերը ծնած կովի հետ փոխողի»: Նրա կապտավուն ստվերը սպիտակ ձյան վրա բարակ ու երկար-երկար էր:
Զարմիկն ասաց. «Այ քեզ շուն, դրանց ոնց ավլեց, իստկեց…»: Ասաց. «Ուզում է դրանցից տասնհինգ հատ չէ, քսան էլ լինեն, բան դուրս չի գա, ախր վախենալու չափ ճերմակ է, դրա համար էլ աչք ու ատամ չի բռնում… մի հրացան լիներ…»: Ամբոխից փափախավոր մեկին ուղարկեց որսորդ Բագրատենց տուն: Ասաց. «Հավատացած եմ, գրազ կգամ, գյուլլա էլ չի բռնի»: Կոլտնտեսության տասնհինգ շները հովիվների տաք քըսքըսներից չէին ոգևորվում: Մի քանիսը կանգնեցին, արմտիքներ էին հոտոտում ու գուղձերին միզում: Հետո էլ ետ դարձան ու գնացին կոլտնտեսության գոմերի կողմը: Հովիվներից մեկն ասաց. «Ափսոս, քոլլո Զալիկը չկար, Զալիկը լիներ, ձեռաց հարցերը կլուծեր, էնի ետևից է խփում՝ ուղիղ ամորձիքին…»: Հետո ձեռը դրած ճակատին՝ նայեց գոմերի դիմացի գորշ սարին: Բոլորս էլ, ձեռներս վահանակի ճակատներիս դրած, նայեցինք գորշ, քարկիտուկ սարին: Ասաց «Այ, սատկես դու, մկների հետ է խաղում…»: Բոլորս նորից նայեցինք ու չտեսանք, բայց մեզանից ամեն մեկը հավատացած էր, որ նա այնտեղ մկների հետ է խաղում: Հովիվը երկու ձեռքի զույգ մատները դրեց բերանը՝ երկար, տաք, հույսով ու տագնապալի սուլեց մի քանի անգամ: Նայող՝ չտեսնողներիս ասաց. «Գալիս է…»: Ճակատի քրտինքը փափախով սրբեց: Մենք էլ ճակատներիս քրտինքը փափախներով սրբեցինք: Թքեց, ասաց. «Գալիս է… էնտեղ իր արհեստի վերաբերյալ դաս է սովորում…»:
Մորիկը վազում էր, ամբոխն էլ վազեց: Թիկունքում կապտավուն մշուշի մեջ մնացած գյուղը հազիվ էր նկատվում: Նա արդեն հասնում էր «Քոռ կամրջի» գունավոր գոլորշիներ արձակող տաք ճահիճներին, որի եղեգնուտներում ջրահարսներն էին բնակվում: Սաքոն վազքի պահին գոռաց. «Էս անտեր շունն էլ էնքան հպարտ է, որ ուրիշի տանը ապրողը չէ»: Նա հազիվ նկատելի գունատ էր, լսողներից ոչ մեկս էլ չհավատացինք:
Պոչատ Զալիկը ահագին տարածություն կտրած եկավ, հասավ հովիվներին: Դեպի գոմերը գնացող շները, նրա թափով վազքը տեսած, նորից եկան: Հովիվներից մեկը ճանապարհին հաստ մի ճյուղ էր ջարդել, գետի ափով Մորիկին համընթաց վազեց-վազեց ու վերևից ներքև հասցրեց մեջքին: Սայթաքուն սառցի վրա, հարվածի թափից, ոտները տակից փախան, կիսաընկած մի քիչ սահեց ու առանց կաղկանձի ոտքի կանգնեց: Հարվածից խրախուսված՝ պոչատ Զալիկը նետվեց առաջ: Նա սրընթաց հասավ, մտավ ետևի ոտների արանքը ու որսաց ամորձիքը: Մորիկը այդպիսի հարձակման չէր սպասում ու հանկարծակիի եկավ: Մյուս շներն էլ հարձակվեցին: Հետո դարձդարձիկ պոչը բացվեց, ու նա ընկավ: Ահագին ժամանակ՝ մի քսանհինգ-երեսուն րոպե, նրա երկինք պարզած ետևի ոտները դողում էին, իսկ ոհմակը գտել էր նրա քներակը, կոկորդը բերանն առած՝ խեղդում էր: Մորիկի գույնը փոխվեց, մարմինը ստվերի նման դարձավ՝ առանց ծավալի ու թեթևացավ…
Այդ ձմռան դեպի գյուղ փչող փոթորկոտ քամիներից հետո գարնանը ոչ մի սպիտակաթերթ բալենի չծաղկեց: Իսկ «Քոռ կամուրջը» լքած ջրահարսներն այլևս չվերադարձան եղեգնուտ: