Մուրացկանը,  Հարուստը

      Մի հարուստ մարդ առավոտյան, երբ երկնքում արևն սկսում է ծաղկել, սայլն է լծում, գնում է շուկա՝ տան համար առևտուր անելու: Էս ունևոր մարդը գրպանում մի ոսկի և մի կոպեկանոց է ունենում: Երբ սայլը կանգնեցնում է կայանատեղին, ուզում է շուկա մտնել, դռան մոտ նստած մուրացկանը նրանից ողորմություն է խնդրում: Համբոն ձեռքը գրպանն է տանում, որ մի կոպեկանոցը հանի տա, սակայն ոսկին է ձեռքը ընկնում, չի նկատում, տալիս է, քանի որ այդ օրը լուր էր ստացել, որ Ֆրանգստանի ճանապարհին ավազակները առևտրական քարավաններ են թալանել: Համբոյի հաշվարկներով` տարվա այդ ամսին իր քարավաններն էլ պիտի որ առևտրական այդ մեծ ճանապարհով անցնեին, ուստի ուշքն ու միտքը այս հարցերի շուրջն էին: Շուկայում առևտուր անելիս, երբ ուզում էր ոսպի արժեքը վճարել, տեսնում է ոսկին չկա: Գլխի է ընկնում՝ ինչ է պատահել:

Անմիջապես գալիս է շուկայի դռան պատի տակ, գտնում է մուրացկանին, ասում է. «Այ հայրիկ, էն ժամանակ շշկլվեցի, մի կոպեկանոցի փոխարեն ոսկի տվեցի, չի՞ լինի՝ վերադարձնես»: Մուրացկանը երդում, կրակն է ընկնում, թե չէ, իրեն ոսկի չի տվել: Համբոն խնդրում, աղաչում է, որ ոսկին վերադարձնի, ասում է, որ ինքը լուր է ստացել, որ Ֆրանգստանի առևտրական մեծ ճանապարհի վրա իր քարավանները թալանել են, ու մի ոսկին չկորցնելը իր համար շատ կարևոր նշանակություն ունի: Մուրացկանն ասում է՝ ինքը չի հիշում, որ իրեն ոսկի են ողորմություն տվել, ասում է. «Հրես, ուզո՞ւմ ես, նայիր, իմ հավաքած դրամների մեջ ոսկի կգտնես, վերցրու քեզ»:

Մաղախի մեջ հավաքած դրամները շրջում է հարուստի առաջ: Համբոն էլ բան չի ասում, լուռ հեռանում, թաքնվում է դիմացի ծառերի տակ, որ տեսնի, թե մուրացկանն ուր է գնալու:

Երեկոյան, երբ արևն արդեն մայր է մտնում, քամին էլ փոշին է պտտեցնում փողոցներում, աղքատը վեր է կենում պատի տակից, օրվա հաջող ողորմությունից ուրախ-ուրախ գնում է իր քողտիկը, Համբոն հետևում է նրան:

Մուրացկանը խրճիթի դռնակը պինդ փակում է, հողե պատի միջից՝ փալաս-մալասի տակից, երեք կճուճ է հանում: Համբոն, որ դռան ճեղքից էր նայում, մնում է զարմացած: Մուրացկանը մաղախի միջի փողերը դասդասում է՝ սև փողը գցում է մի կճուճի մեջ, սպիտակը՝ մյուսի ու նոր բերած ոսկին էլ ծլնգալեն գցում մյուս կճուճի մեջ ու խոսում է ոսկիների հետ, թե՝ վերցրեք, այսօր, ահա, ձեզ մի նոր ընկեր եմ բերել: Ժամերով զրուցում է նրանց հետ, համբուրում, շոյում է, ասում.

– Դուք իմ երեխեքն եք, մեծ տառապանքով, արևահարվելով, կարկտի ու անձրևի տակ մնալով, ցրտահարվելով եմ ձեզ ունեցել, – ասում է, – վաղը ջուր եմ տաքացնելու, որ բոլորիդ լողացնեմ:

Երկար մենախոսելուց հետո կճուճները դնում է տեղը, ծածկում, ինքն էլ փալաս-փուլուսի մեջ, հողե հատակին քնում է:

Մեծահարուստն էլ սպասում է մի քանի ժամ, երբ գիշերվա այն պահն է գալիս, որ քունը ավելի պինդ ու ինքնամոռաց է դառնում, անգամ շներն ու կատուներն էլ են քնում, դուրս է գալիս թաքստոցից, դանակով բացում է դռան սողնակը, մտնում, վերցնում է բոլոր կճուճներն ու հեռանում:

Լիալուսնի լույսի մեջ նրա ստվերը կապույտ-կապույտ էր:

Երբ աղոթարանը բացվում է, մուրացկանը դարձյալ գնում է ողորմություն հավաքելու, երեկոյան վերադառնում է, ցանկանում է բերած դրամները դասդասել, փալաս-փուլուսները ետ է տալիս, ուզում է կճուճները հանել, մնում է սառած. տեսնում է այնտեղ ոչինչ չկա: Սկսում է լացել, գլխին խփել, մազերը պոկել, ամբողջ գիշերը անցկացնում է աղիողորմ հեծկլտոցով:

Մի շոգ օր էս մուրացկանը շուկայի դռանը, դարձյալ իր տեղը նստած, ողորմություն էր հավաքում: Համբոն՝ մեծահարուստը, հենց նրան տեսավ, տառապյալի ու տանջվածի անքուն գիշերներ անցկացրած մարդու տեսքով, խղճահարվեց: Մանավանդ, որ հեռուներից եկած լրաբերները ավետիս էին հասցրել, որ ճիշտ է, տարվա այդ ամսին Ֆրանգստանի այդ ճանապարհի վրա թալանվել են քարավաններ, բայց այդ քարավանները նրանը չեն եղել. ավետիսը նրան ավելի բարի ու գորովալից էր դարձրել: Գնաց, մուրացկանին հրավիրեց ճաշարան, նրա համար համադամ խորտիկներ պատվիրեց, մի աման ճաշ էլ իրեն վերցրեց, դեմ դիմաց նստած՝ սկսեցին ճաշել:

Սակայն աղքատն ինչ անում, չէր անում, ինչքան չարչարվում էր, կերակուրը կոկորդով չէր իջնում:

Մուրացկանն ինքն իրեն միտք է անում. «Երևի սա իմ դրամն է, որ կուլ չի գնում: Կա, չկա՝ էս մարդն է կճուճներս գողացել»: Տեղից ցատկում, մեծահարուստի օձիքից է կախվում.

– Ախպեր, – ասում է, – իմ դրամները դու ես գողացել, տուր:

– Այ մարդ, այ Աստծու ստեղծած, – ասում է Համբոն, – ես քեզ լավություն եմ անում, կերակրում, իսկ դու դրա փոխարեն օձիքի՞ցս ես կախվում:

Աղքատը գոռում, աղաղակում է, գլուխը պատերին է խփում, ինքն իր երեսն է ճանկռոտում, բռունցքի հարվածներով իր քիթ ու բերանից արյուն է հանում և հեծկլտում է, թե.

– Չէ, իմ դրամները դու ես տարել, որ դու ես տարել:

Այդ պահին արքունի հազարապետության գործակալության[1] պաշտոնյաները շրջում էին շուկայում և պետական հարկերն էին գանձում: Մոտենում են նրանց՝ տեսնեն այդ ինչ է պատահել, ժողովուրդն ինչի՞ է հավաքվել: Երբ իմանում են եղելությունը, երկուսին էլ տանում են արքունիք, թագավորի ողորմածությանը հանձնում:

Թագավորը հարցնում է մուրացկանին, թե. «Ի՞նչ ես ուզում: Ի՞նչն էր քո աղմկելու պատճառը»: Մուրացկանը խոնարհվում է.

– Թագավորն ապրած կենա, էս մարդը գողացել է իմ դրամները, չի տալիս:

– Մուրացկան, իսկ դու որտեղի՞ց գիտես, որ ինքն է գողացել, չէ՞ որ նա հարգված մեծահարուստ է, վայել չէ, որ դու նրան այդպիսի մեղադրանք ներկայացնես:

– Թագավորն ապրած կենա, ես չեմ սխալվում, քանի որ առաջներում էլ, երբ ես իմ դրամով կերակուր էի վերցնում, կոկորդովս ցած չէր իջնում: Այսօր էլ, երբ էս մեծահարուստը ինձ տարավ շուկայի ճաշարանը՝ կերակրելու, չկարողացա ուտել, կուլ չգնաց, դրանից էլ հասկացա, որ ինձանից գողացած դրամները նրա մոտ են:

– Թե որ քո դրամները քեզ կուլ չեն գնում, – ասում է թագավորը, – գոնե մտածե՞լ ես, թե ինչից կլինի, կամ էլ քո ինչի՞ն են պետք, եթե չեն գործածվելու: Թող նա գործածի, ով բարիք կանի: Դու գնա, մուրացկան, գնա քո ողորմությանն սպասիր, այդ դրամները այս մարդը ճիշտ կօգտագործի, -ասում է թագավորը, կապած դատը համարում է ավարտված ու դուրս է գալիս:

 

 

[1] Հազարապետության գործակալություն – խնդիրը պետական հարկերը հավաքելն էր: Նրան էին ենթարկվում հարկահավաքները: