Ս Պ Ա Ս ՈՒ Մ

 

Ս Պ Ա Ս ՈՒ Մ

 

ՊԻԵՍ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ

ԱՂԱԲԵԿ ՏԱՑՈՒ – պապը
ՏՂԱ
ՀԱՅՐԸ
ՄԱՅՐԸ
ՓՈՍՏԱՏԱՐ
ԴԱՏԱՎՈՐ
ԴԱՏԱԽԱԶ
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐ – Վելիխան, Զաքար
ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ
ԼՐԱԳՐՈՂ – շրջանային թերթից
ԿՈԿՈՐԴԸ ԲԻՆՏՈՎ ՓԱԹԱԹԱԾ ՄԻԼԻՑԻՈՆԵՐ
ԽՈՇՈՐ ԳԼԽՈՎ ՄԻԼԻՑԻՈՆԵՐ
ԵՐԿՈՒ ԲՈՒԺԱԿՆԵՐ
ԲԺԻՇԿ ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳ – գեղեցիկ կին
ՀԻՎԱՆԴ – որին բրդի գործարանի տնօրեն են ասում
ՍԵՐՄԱՆ – վրացի
ՀԱՄԲՈ ԵՎ ՄԱՅՐՈ – գյուղացի ամուսիններ
ՀԵՌԱԽՈՍԱՎԱՐՈՒՀԻ

Առաջին գործողություն

Գյուղական հողածածկ տուն: Խառնափնթոր վիճակ: Առավոտ: Աղաբեկը նախաճաշում է: Նստած է դեռ չհավաքած իր տեղաշորի վրա: Միայն շալվարն է հագել: Նախաճաշի սեղանը ցածրաոտ է: Ներս է մտնում փոստատարը:

ՓՈՍՏԱՏԱՐ – Եկել են Ախալքալաքից:
ԱՂԱԲԵԿ – /Ձուն կլպելով/ – Մի բան ճարի, նստի: /Գոռալով դռան կողմը/: – Աղջի, մի հատ բաժակ բեր: /Պատասխան՝ երկար լռություն: Ճակնդեղի թթվի ցողունը ծամելով, նստած տեղը, իր շուրջբոլորն ինքն է ման գալիս՝ գտնում: Օղի է լցնում: Բաժակները իրար են խփում/ – Բարի լուս:
ՓՈՍՏԱՏԱՐ – /Բաժակը շուրթերին տանելով/: – Բարի լուսը բարին տա: /Ձուն կլպելով/ – Աբլակատները կանչում են:
ԱՂԱԲԵԿ – /Վերնաշապիկը հագնելով/: – Ցորենի օղի էր:
ՓՈՍՏԱՏԱՐ – /Ձվի բրդուճը ծամելով/: – Փափուկ է խմվում: Էսօր ավելի շատ հոգով են եկել:
ԱՂԱԲԵԿ – /Բաժակները նորից է լցնում, խմում են: Դուրս գալով/: – Տղա, տես հայրդ գալի՞ս է: /Փոստատարը գնում է արտի ծայրամասում շինած զուգարանը: Աղաբեկը դռանը սպասում է: Տղան դուրս է գալիս տան ետևից/:
ՏՂԱ – Տացու, սխտորն է ջրում:
ԱՂԱԲԵԿ – /Մախորկա է փաթաթում՝ սպասելով փոստատարին: Տղային/: – Վազիր, գազեթ բեր, մախորկայի համար գազեթ չեմ վերցրել:
ՏՂԱ – /Բերելով թերթը/: – Տացու, նա սխտորն էր ջրում:
ԱՂԱԲԵԿ – /Թերթը ծալելով և քառակուսիների կտրատելով/: – Նա այսօր էլ, վաղն էլ, տարիներով սխտորն է ջրելու: Ամոթից չգիտի՝ որտեղ թաքնվի: /Փոստատարը գալիս է, գնում են: Առջևից Աղաբեկն է գնում: Գյուղացիք աթոռներով, իշոտնուկներով, ով տանը ինչ նստելու հարմարանք ուներ գցած ուսերին՝ շտապում են ակումբ: Գյուղի վրա տարածված է վառված լաթերի մրմռացնող սուր խանձահոտը/: – Վրացոց տղոցկան կանայք էսօր երեխա կունենան… /Տղան ու փոստատարը թիկունքից տեսնում են նրա երկար հասակի կծկվածությունը՝ զույգ հենակների վրա/:
ՓՈՍՏԱՏԱՐ – Աղաբեկ, լավ էլ փափուկ էր խմվում, ձեր քաշա՞ծն էր: Ինձանից չնեղանաս, ասին՝ գնա, ես եկա:
ԱՂԱԲԵԿ – /Նստելով քարե ցանկապատին, հենակները սեղմելով ոտների արանքը, մախորկա է փաթաթում: Հետո փոստատարին էլ է տալիս: Տղային/: – Գլխարկդ դիր տակդ, կմրսես:
ՏՂԱ – Չեմ մրսի:
ԱՂԱԲԵԿ – Ասի՝ գլխարկդ դիր տակդ, քարը պաղ է: /Փոստատարին/: – Չէ, Փաչուլայի օղին է, պարտքով մի քանի չարեք վերցրի: Քաշենք, կտանք: /Նրանք զրուցում են ու ծխում/:
ՏՂԱ – Բա դու ինչու՞ չես մրսում: /Գլխարկը դնելով տակը/:
ԱՂԱԲԵԿ – /Շտապող գյուղացիներից մեկին/: – Վարո, բա դու ինչո՞ւ ես շտապում:
ՎԱՐՈ – /Համարյա վազելով/: –Նստելու տեղ չի լինի:
ՏՂԱ – /Աղաբեկին/: – Կտեսնես, հայրիկը սխտորը կջրի ու կգա: /Գյուղի ակումբում դատը սկսվել է, ուշացածները դեռ գալիս ու գալիս են/:
ԴԱՏԱՎՈՐ – Նոր, լրացուցիչ փաստաթղթեր են ստացվել: /Աղաբեկին ու տղային չէ, դահլիճին է հարցնում/: – Վառվածի հոտ եմ առնում, չլինի՞ բան է վառվում:
ԴԱՀԼԻՃ – /Հարցումից ուրախացած/: – Չէ, ընկեր աբլակատ: Վրացի կանայք երբ երեխա են ունենում, չարին նրանցից քշելու համար չուլ են վառում: /Դահլիճը ուրախացած է անտեղյակ դատավորին բացատրելուց: Աղաբեկն ու տղան նայում են դռանը. նրանք ուզում են, որ տղայի հայրը գա/:
ԴԱՏԱՎՈՐ – Ուրեմն այսպես… Մեղադրյալը գյուղում հայտարարել է, թե ոտքը կորցրել էր Ստալինգրադի պաշտպանության համար, մի ուրիշ անգամ, թե Մոսկվայի պաշտպանության ժամանակ, թե գերմանացին կողքանց ավտոմատի համազարկ է տվել ոտքին, որ ինքը հերոս է… Ուրեմն այսպես… /Սեղանին որոնելով/ – Էս առաջին հատորն ո՞ւր է, մեր հարցումին ու մեր գործին նոր լույս սփռող փաստաթղթերն ասում են. «Բեռլինի այսինչ հոսպիտալի բակում թաղված է մեղադրյալի ոտքը, և գիտեք ինչո՞ւ. սապոգի կրունկը հարել է ոտքը…»: /Դահլիճը ծիծաղում է: Դատավորը տղային ու Աղաբեկին չէ, դահլիճին է դիմում/: – Էս ինչ սուր է գալիս վառվածի հոտը, ծխողները թող մի քիչ քիչ ծխեն, իրար չվառեք… /Նրանք երկուսով նայում են դռանը: Նրանք ուզում են, որ տղայի հայրը գա/:
ԴԱՏԱՎՈՐ – /Կիսականգնած, դահլիճում նստածների մեջ փոստատարին որոնելով/: Օվաննեսը ո՞ւր է: Օվաննես, մի գնա գրասենյակ, նախագահին տես՝ ի՞նչ է ասում, էսօր մալ մորթելո՞ւ են: Ասա՝ Ալոշը միս է ուզում, կնոջ հորքուրը հիվանդ է, թող մի տասը-տասնհինգ կիլո միս ետ առնեն: /Սեղանին որոնելով/: Էս առաջին հատորն ո՞ւր է… Էդ ո՞վ է դուռը բացում-փակում: Կամ ներս եկեք, կամ էլ մի խանգարեք, գործը գլուխ բերենք, վերջացնենք: /Տղային/: Հայրդ ո՞ւր է, հայրդ մի գար, տեսնեինք: Հորդ՝ մեղադրյալը ոնց էր ասել, թե՝ մորդ չկարողացանք պահել՝ իմ փայ պատերազմը վերջացնեի, գայի: Պիտի ամուսնանամ, ես մի ոտքով, կնկանդ հույսին մնացողը չեմ:
ՏՂԱ – Աղաբեկ տացուս մեր գյուղից քայլելով հասել է Բեռլին, ոտքը թողել է այնտեղ, մի ոտքով եկել է գյուղ, նա հերոս է…
ԴԱՀԼԻՃ – /Ծիծաղում է/:
ՏՂԱ – /Դատավորին և դահլիճին/: Հայրս սխտորն է ջրում, վերջացնի, կգա:
ԴԱՏԱՎՈՐ – Հայրդ ի՞նչ էր ասում:
ՏՂԱ – Ի՞նչ պիտի ասեր, վիճում էին: Ասում էր. «Այդ տարիքիդ պիտի ամուսնանա՞ս. հարս ունես, թոռ ունես, գյուղում խայտառակ կլինենք»: Համոզում էր, որ այդպիսի բան չանի, տնտեսությունն էլ երկու մասի բաժանելն էլ սխալ քայլ կլինի:
ԴԱՏԱՎՈՐ – /Դատախազին և ատենակալներին/: Խնդրում եմ նաև այս հանգամանքը հաշվի առնել, որ մեղադրյալը խաղաղ ընտանիքում պարբերաբար վեճերի առիթ է տվել ու քայքայողական դիրքորոշում ունեցել: